HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Սասնա ծռեր»-ի վերաբերյալ մյուս գործից ևս մաս անջատվեց. դատարանում երեք գործ կքննվի

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը «Սասնա ծռեր-1»-ից ևս մաս անջատեց:

Այսպիսով՝ ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործն այլևս Գաբրիելյանը չի քննի:

«Սասնա ծռեր-1»-ով անցնող մյուս ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիշչյանի վերաբերյալ գործը, փաստորեն, մնաց Արտուշ Գաբրիելյանի վարույթում: Վերջինս որոշում կայացրեց այս չորս ամբաստանյալների վերաբերյալ գործը միացնել իր վարույթում քննվող և նույն հանգամանքներին առնչվող մյուս գործին:

Այսինքն՝ այս պահին ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, կքննվի երեք գործ:

Այս գործերից մեկը՝ մասնակցությամբ ամբաստանյալներ Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանի, Տիգրան Մանուկյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Թորոս Թորոսյանի, Գևորկ Իրիցյանի, Հովհաննես Հարությունյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, կքննվի դատարանի նախագահ Արթուր Օհանյանի վարույթում:

Երկրորդը՝ մասնակցությամբ ամբաստանյալներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիշչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, կքննվի Արտուշ Գաբրիելյանի վարույթում:

Իսկ մյուս ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը դեռևս հայտնի չէ, թե ում կմակագրվի:

«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբան Նինա Կարապետյանցը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով տեղի ունեցածին, նշեց, որ դժվար է պատկերացնում այս գործերի ավարտը:

«Ի սկզբանե այլ պլաններ ունեին, որը չստացվեց իրագործել. չէին սպասում նաև փաստաբանների նման դիմադրության: Թող ինձ ներեն իմ գործընկերները, բայց ցանկանում էին հանրային պաշտպաններ ներգրավել գործում, որը նույնպես չստացվեց, և հիմա փորձում են գործը մասերի բաժանելու միջոցով այն հասցնել ավարտին»,- ասաց Կարապետյանցը, ով, սակայն կարծում է, որ այս գործերի քննության ժամանակ դեռևս շատ խնդիրներ են առաջանալու:

Կարապետյանցի խոսքով՝ նույն հանգամանքների վերաբերյալ գործը մասերի բաժանելու միջոցով քննելն արդյունավետ միջոց չէ:

«Մի աշխատանքը մենք անելու ենք 150 անգամ, ինչպես սիրում է ասել Արտուշ Գաբրիելյանը»,- նշեց Կարապետյանցն ու կարծիք հայտնեց, որ փորձ է արվելու այս գործերից մեկով իշխանությունների համար արդյունավետ դատավճիռ ստանալ, ապա դրանում առկա փաստական հանգամանքները որպես ապացույց օգտագործվել այլ դատարանների կողմից քննվող գործերում:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը նկատեց, որ դատարանում հերթական անգամ դատավորի փոփոխություն տեղի ունեցավ' առանց դատարանի կողմից ինքնաբացարկ ընդունելու:

Նպատակն, ըստ Վարոսյանի, այն է, որ այս գործերը հնարավորինս տարանջատված ու միմյանցից հեռու իրականացվեն:

Փաստաբանը չբացառեց, որ գործերը ոչ միայն առանձին դատավորի վարույթներում, այլ նաև առանձին դատարաններում կքննվեն:

Թե իրավական տեսակյունից ինչ սկզբունքով են տարանջատվել գործերը, Վարոսյանը չգիտի. գործերը տարանջատելու և միացնելու որոշումները դեռևս չի ստացել, ամեն դեպքում, փաստաբանը կարծիք է հայտնում, որ տարանջատման սկզբունքն իրավական չէ.

«Կարծում եմ՝ առաջնորդվել են այն սկզբունքով, թե որ մասն Արտուշ Գաբրիելյանն ավելի հեշտ «յոլա կտանի». այլ սկզբունք չկա. ոչ մեղադրանքների տարբերություն կա ոչ ենթադրյալ դերակատարման»,- նշեց Երվանդ Վարոսյանը:

Վերջինս կարծիք հայտնեց, որ անհնար է համարում, որ նույն գործը երեք տարբեր տեղերում արդյունավետ կքննվի:

«Պատկերացրեք` մի վկան գալիս է առաջին դատարանում հարցաքննվելու, հետո պիտի գնա մեկ այլ դատարանում հարցաքննվելու՝ արդեն իմանալով, թե ինչ հարցեր են իրեն տալու»,- օրինակ բերեց Երվանդ Վարոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter