HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղթանակ երրորդ

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Չզարմանաք, բայց նորից դատական հաղթանակ ունեցա…

Գիտեք, որ դատարանը, բավարարելով իմ դիմումը, պարտավորեցրել էր «Նուբարաշենի» վարչակազմին վերացնել իմ տեսակցությունների սահմանափակումը, նաև հստակ պարզաբանել էր, որ իմ ցմահ բանտարկության սկիզբը՝ փախուստների հետ կապված, որևէ կերպ չի փոխվել, և ես փաստացի արդեն 21 տարի ազատազրկված եմ: Սակայն անկախ դատարանի որոշումից, ինձ տեսակցություններ չէին տրամադրում. 3 անգամ իրար հետևից հարազատներիս հետ տեսակցելու մերժում ստացա: Պատճառաբանությունն այն էր, թե իբր դատական որոշումը դեռ ուժի մեջ չի մտել:

Դարձյալ օգտագործելով իրավագիտության ֆակուլտետում 5 տարի ուսանելու արդյունքում ձեռքբերածս գիտելիքները՝ վկայակոչեցի քրեական դատավարության օրենսգրքի 427 հոդվածի համապատասխան մասն ու կետը, ըստ որի` միջանկյալ դատական ակտերը ուժի մեջ են մտնում հենց կայացման պահից:

Ստիպված եղա նորից դիմել դատարան: Ներկայացրի դիմումս: Դատախազը, թե՝

-  Հիմա ի՞նչ`նստելու ենք՝ Ենոքյանի դասախոսությունը լսե՞նք քրեական դատավարության թեմայով:

-Հարգելի՛ դատարան, հարգելի՛ պարոն դատախազ, առաջարկում եմ նայել քրեական դատավարության օրենսգրքի 427 հոդվածի առաջին մասը, որտեղ հստակ նշված է՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը կայացման պահից ուժ մեջ են մտնում:

Մարդ-դատավորը բացեց օրենսգիրքը, բարձրաձայն ընթերցեց նշածս հոդվածը, մեկուսարանի ներկայացուցչին նայելով՝ ասաց.

  • Դատապարտյալը գերազանց սովորում է իրավաբանություն, աշխատում է, դատական ակտ կա, ինչու՞ օրենքով չեք առաջնորդվում` դատական ակտը չեք կատարում, չե՞ք ուզում, որ ընտանիքի հետ շփվի, փոխանակ ճիշտ հակառակն անեք` խրախուսեք:

Պետք է մեկ այլ դատական նիստ սկսվեր, իմ դիմումի քննությունը հետաձգվեց: Հաջորդ նիստը մի քանի օր հետո կայացավ: Այս անգամ մեկ այլ՝ երիտասարդ դատախազ էր ներկայացել: Ի զարմանս ինձ.

  • Հարգելի՛ դատարան, դատախազությունը գտնում է, որ Ենոքյանի դիմումը հիմնավոր է: Օրենքի պահանջից է բխում, որ նման դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում և ենթակա են կատարման կայացման պահից:

Դատարանը հերթական անգամ բավարարեց իմ դիմումը և մեկուսարանի վարչակազմին պարտավորեցրեց կատարել դատական ակտը, նաև շեշտեց իմ իրավունքների խախտման փաստը:

Այս հարցը փակված է: Ինձ արդեն տրամադրվում են տեսակցություններ: Այսուհետ  մեկուսարանը նաև փաստաթղթերում իրավունք չունի իմ ցմահ ազատազրկման սկիզբը քմահաճորեն նշել իբր 2009 թվականը, այլ պարտավոր է նշել 1996 թվականը:

Իմ իրավունքներն այսպիսով վերականգնվեցին, բայց ինչպե՞ս պատասխանատվության կանչել նրանց, ում պատճառով մեկուկես տարի խախտվել են իմ իրավունքները, բարոյական, հոգեբանական, վնաս են հասցրել ինձ և ընտանիքիս իրենց անօրինական որոշումներով: Չնայած սրանք հարցեր էին, որոնք նույնիսկ դատարան չպետք է հասնեին, այլ քրեակատարողական համակարգի, անգամ բանտի ներսում պիտի լուծվեին:

Իսկ պատկերացնու՞մ եք` քանի հարյուրավոր, հազարավոր մարդկանց իրավունքներ են խախտվում, հատկապես ազատազրկման վայրերում, բայց շատ ազատազրկված քաղաքացիներ չունեն, օրինակ՝ համապատասխան իրավական գիտելիքներ, որ հիմնավորված պահանջներ ներկայացնեն, հաճախ էլ ոմանք պարզապես խուսափում են բողոքել պաշտոնատար անձանց հակաօրինական գործողությունների դեմ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բարոյական վնաս հասկացությունը բացակայում է, կան միայն զրպարտություն և վիրավորանք եզրույթները: Քաղաքակիրթ աշխարհը վաղուց նախատեսել է փոխհատուցում նաև բարոյական վնասի համար, քանի որ ակնհայտ կերպով այդ վնասն ուղղված է մարդու պատվի և արժանապատվության դեմ: Նման հարցերն իրենց լուծումը կարող են ստանալ առայժմ միայն ՄԻԵԴ-ում: Իսկ Հայաստանում օրենսդրության մեջ, կարծում են, մտածված չեն ներառում բարոյական վնաս հասկացությունը, քանի որ դիմումները շատ կլինեն ընդդեմ պետական կառույցների, հետևաբար՝ իշխանությունը ստիպված կլինի պետական բյուջեից ահռելի գումարներ վճարել պաշտոնյաների կողմից քաղաքացիների իրավունքները խախտելու դիմաց:

Մեկնաբանություններ (1)

Գագիկ
Մհեր ջան անհամբեր սպասում եմ(ենք) քո ամենակարևոր հաղթանակին եղբայր, բանտը լքելու հաղթանակին։ Քո բոլոր հաջողություններով ել ուրախանում եմ(նք) բայց քո ազատականի հաղթանակին ամենաշատն ենք սպասում ու ամենաշատը կուրախանանք։ Մի քիչ ել դիմացիր լավալինելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter