Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Մի շարք միջնորդություններ «Սասնա ծռերի» գործով նիստին



ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա նիստին փաստաբանները մի շարք միջնորդություններով հանդես եկան: Թեև նախորդ նիստի ընթացքում դատավորը նշել էր, որ գործը շարունակելու է, այնուամենայնիվ նիստին ճշտվեց ամբաստանյալների ինքնությունը, ներգրավվեցին փաստաբանները: Սակայն մինչև նիստը սկսելը փաստաբան Մուշեղ Շուշանյանին դատական կարգադրիչները նորից արգելեցին մուտք գործել նիստերի դահլիճ: Պատճառը զննության ժամանակ մետաղորսիչ սարքի արձանագրած ձայներն էին: Փաստաբանը կարողացավ նիստերի դահլիճ մտնել միայն առանց պայուսակի և, դիմելով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին, նշեց, որ չի կարողանում իր գործը լիարժեք կատարել, քանի որ իր հետ չի բերել աշխատանքային գործիքները: «Մենք պահանջում ենք, որ զննությունը կատարվի օրենքի պահանջներին համապատասխան՝ սարքավորման միջոցով»: Արտուշ Գաբրիելյանն էլ ի պատասխան փաստաբանի հայտարարության՝ նշեց, որ շուտով դատարանում կլինի սկանավորման սարքավորումներ, և խնդիրը կլուծվի:


Դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Հիշեցնենք, որ կառավարության որոշման համաձայն՝ 2017 թվականի կառավարության պահուստային ֆոնդից դատական դեպարտամենտին կհատկացվի 51 միլիոն դրամ՝ դատարաններում տեղադրվելիք ռենտգեն հսկողության սարքերի ձեռքբերման համար:

Մուշեղ Շուշանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալ Գառնիկ Հովակիմյանին չեն թույլատրել դատապարտյալների հիվանդանոցում տեսակցել 5-ամյա դստերը` պատճառաբանելով, որ Հովակիմյանն ամուսնալուծված է, իսկ երեխան մոր հետ միայն կարող է տեսակցել:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ ինքն անձամբ կմիջամտի, և Հովակիմյանին հնարավորություն կտրվի տեսակցել երեխային:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով  նախապես երկու գործ էր քննվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, սակայն վերջինս որոշեց այդ երկու գործերից մասեր անջատել: Արդյունքում՝ այս պահին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվում է այս դեպքի առնչությամբ երեք քրեական գործ: Այսօրվա նիստին քննվում էր ամբաստանյալներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիշչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի գործը:

Այսօրվա նիստի ընթացքում փաստաբաններ Արայիկ Պապիկյանը և Արա Ղարագյոզյանը դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրին, որին միացան նաև մյուս փաստաբանները: Արայիկ Պապիկյանը նշեց, որ դատավորը անաչառ չէ, և ողջամիտ կարծիքներ ունեն, որ դատարանը չի կարող արդարադատություն իրականացնել: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց բացարկի միջնորդությունը:

Հաջորդ միջնորդությունը ներկայացրեց Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանը նշեց, որ գործում երկու մեղադրական եզրակացությունները պիտի մեկ հատ դառնան, որտեղ առանձին-առանձին կնշվի յուրաքանչյուր ամբաստանյալի  վերաբերյալ մեղադրանքը:

Կարո Եղնուկյանն էլ, միանալով իր պաշտպանի ներկայացրած միջնորդությանը, նշեց. «Մեղադրական եզրակացության մեջ ինձ վերաբերող հատվածը միայն 40 էջն է, որը պիտի առանձնացնել 40 հազար էջից. ոչ վկաներ կան իմ դեմ, ոչ առերեսում կա, ոչ ցուցմունք, 40 էջը երկու նիստով կվերջացնենք»: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ միջնորդությանն ավելի ուշ կանդրադառնան:

Կարո Եղնուկյանի և նրա պաշտպանի ներկայացրած հաջորդ միջնորդությունը վերաբերում էր մերձավոր ազգականների հետ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վերացնելուն, դատարանը որոշեց թույլատրել և արգելանքը վերացնել, թեև դատախազներ Արթուր Չախոյանը և Արամ Արամյանը պնդում էին, որ այն պետք է մերժել:

Դատարանը վերացրեց նաև Խաչատուր Գիշչյանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա եղած արգելքը՝ ընտանիքի անդամների և մերձավոր ազգականների հետ կապը վերականգնելու համար:

Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց նաև Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն և նշեց, որ  որևէ հիմնավորում չկա Եղնուկյանի գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ: Դատարանը մերժեց միջնորդությունը, ինչպես նաև մերժեց Եղնուկյանի գործը առանձնացնելու միջնորդությունը: Փաստաբան Արայիկ Պապիկյանը ևս միջնորդություն ներկայացրեց  իր պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, որը նույնպես մերժվեց, իսկ Արա Ղարագյոզյանի ներկայացրած միջնորդության որոշումը կհրապարակվի հաջորդ նիստին:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ