HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները ձախողվեցին Եվրոպայի առաջնությունում

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները: Միանգամից նշենք, որ թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք մրցանակային տեղեր չզբաղեցրին:

Հատկապես սպասելիքները մեծ էին տղամարդկանց հավաքականից: Մինչև 5-րդ տուրը ներառյալ Հայաստանի ընտրանին իրական պայքար էր մղում չեմպիոն դառնալու համար և ընթանում էր առաջատարների թվում, սակայն 6-րդ տուրում` Ադրբեջանի հավաքականից կրած պարտությունից հետո, չեմպիոնական շանսերը զգալիորեն նվազեցին, իսկ 7-րդ տուրում` Գերմանիային պարտվելուց հետո, Հայաստանի հավաքականը զրկվեց իր հավակնություններից: Այսօր՝ նոյեմբերի 6-ին, կայացած վերջին տուրում հայ շախմատիստները ոչ-ոքի (2:2) խաղացին Սերբիայի ընտրանու հետ:

Ընդհանուր հաշվով 9 տուրերում տղամարդկանց հավաքականը տարավ 3 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի և կրեց 2 պարտություն, վաստակեց 10 միավոր ու ևս 4 հավաքականների հետ բաժանեց 12-16–րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հանգրվանեց 12–րդ տեղում: Եվրոպայի տղամարդկանց առաջնության հաղթող դարձավ Ադրբեջանի հավաքականը, որը Ռուսաստանի հետ վաստակեց 14 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց մրցակցին: Նախկինում ադրբեջանցիները նման հաջողության հասել էին նաև 2009 և 2013 թվականներին:

Հայաստանի տղամարդկանց հավաքականում իր անհաջող ելույթներով աչքի ընկավ հատկապես Սերգեյ Մովսեսյանը, ով մասնակցեց 7 հանդիպման՝ գրանցելով 4 ոչ-ոքի և 3 պարտություն: Ազգային ընտրանու կազմում դրական կողմով աչքի ընկավ Գաբրիել Սարգսյանը: 34-ամյա գրոսմայստերը մասնակցեց բոլոր 9 խաղերին՝ տանելով 4 հաղթանակ: Եվս 5 անգամ էլ նա խաղաղ դաշտ կնքեց մրցակիցների հետ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցեց 7 պարտիայի՝ տանելով 2 հաղթանակ և գրանցելով 5 ոչ-ոքի: Հրանտ Մելքումյանը իր հաշվին գրանցեց 6 ոչ-ոքի, 1 հաղթանակ և 2 պարտություն: Իսկ Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը մասնակցեց ընդամենը 4 խաղի՝ 2-ական անգամ հաղթելով և պարտվելով:

Ի տարբերություն տղամարդկանց հավաքականի՝ սպասելիքները կանանց հավաքականից ի սկզբանե մեծ չէին: Վերջին՝ 9-րդ, տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց դեռևս նախորդ տուրից հետո Եվրոպայի չեմպիոնի կոչումը ապահոված Ռուսաստանի հավաքականից:

Ամբողջ առաջնության ընթացքում հայ շախմատիստուհիները տարան 5 հաղթանակ, կրեցին 3 պարտություն և խաղացին 1 ոչ-ոքի: Վաստակած 11 միավորով շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակում ևս 3 թիմերի հետ բաժանեց 6-9-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:

Կանանց հավաքականում ընդգրկված էին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը:

Լուսանկարը՝ euroteams2017.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter