HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկ միավորով է զիջում առաջատարին

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ընթացքի մեջ է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները: Մրցաշարը արդեն հատել է հասարակածը, տեղի են ունեցել առաջին 5 տուրի պարտիաները:

Այսօր՝ նոյեմբերի 1-ին կայացած 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Հունգարիան էր, որը այս տուրից առաջ, ինչպես և Հայաստանի ընտրանին, առաջատարների թվում էր: Բոլոր 4 խաղատախտակներին էլ պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի: Լևոն Արոնյանը միավորը կիսեց Պետեր Լեկոյի, Սերգեյ Մովսիսյանը՝ Վիկտոր Էրդոշի, Գաբրիել Սարգսյանը՝ Ռիչարդ Ռապորտի, իսկ Հրանտ Մելքումյանը՝ Ֆերենց Բերկեշի հետ: Արդյունքում գրանցվեց 2:2 հաշիվը:

Նշենք, որ 1-ին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով պարտության էր մատնել Շվեյցարիայի ընտրանուն, 2-րդ տուրում 3,5:0,5 հաշվով ջախջախել էր Հունաստանի երկրորդ թիմին, 3-րդ տուրում ոչ-ոքի՝ 2:2 էր խաղացել Խորվաթիայի հետ, իսկ 4-րդ տուրում 2,5:1,5 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների հավաքականի նկատմամբ:

Կայացած 5 տուրերից հետո առաջնության մրցաշարային աղյուսակը 9 միավորով միանձնյա գլխավորում է Խորվաթիայի հավաքականը, ինչը մեծ անակնկալ է շախմատային հանրության համար: Միանգամից 4 հավաքական 8 միավորով բաժանում են 2-5-րդ հորիզոնականները, այդ թվում՝ Հայաստանը: Լրացուցիչ ցուցանիշներով մեր ընտրանին 5-րդ տեղում է, սակայն հարկ է նշել, որ առաջնության ավարտին դեռևս 4 տուր կա, և Հայաստանի հավաքականը ընդամենը 1 միավորով է զիջում առաջատարին, այսինքն՝ դեռ պահպանում է բոլոր շանսերը հաղթող դառնալու համար:

Ի տարբերություն տղամարդկանց հավաքականի՝ կանանց հավաքականը անհաջող է հանդես գալիս: Արդեն ավարտված 5-րդ տուրում Հայաստանի կանանց ընտրանին ջախջախիչ 4:0 զիջեց Վրաստանի ընտրանուն: Պարտություններ կրեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան:

Նախորդ 4 տուրերում Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիները գրանցել էին հետևյալ արդյունքերը. 1-ին տուրում 3,5:0,5 հաշվով հաղթել էին Հունաստանի երկրորդ հավաքականին, 2-րդ տուրում 3:1 հաշվով զիջել էին Ռուսաստանին, 3-րդ տուրում 3:1 հաշվով առավելության էին հասել Սերբիայի նկատմամբ, իսկ 4-րդ տուրում 2,5:1,5 հաշվով պարտության էին մատնել Հունաստանի առաջին ընտրանուն:

5 տուրերից հետո Հայաստանի կանանց հավաքականը իր հաշվին ունի 6 միավոր ու ևս 7 թիմերի հետ բաժանում է 7-14-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 13-րդ տեղը: Միանձնյա առաջատարը միայն հաղթանակներ տարած Ռուսաստանի ընտրանին է, որը վաստակել է 10 միավոր:

Ըստ առաջնության օրացույցի՝ նոյեմբերի 2-ին դադար է նախատեսված, իսկ նոյեմբերի 3-ին մրցաշարը կշարունակվի, տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները:

Լուսանկարը՝ euroteams2017.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter