HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վանաձորի ավագանու կայացրած որոշումները կարող են գործել մինչ 2018-ի մարտի 31-ը

Սահմանադրական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության հարցով որոշում է կայացրել: 

ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող է ճանաչել ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը, որը ներկայացնում ենք ստորև.

«Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա, տարիքով ավագ անդամը»։

ԱԺ 26 պատգամավորների դիմումում ներկայացված ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ ՍԴ-ի, համապատասխանում է Սահմանադրությանը.

Այն է՝ «ավագանու որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով»:

Պատգամավորները վիճարկում էին նաև ՏԻՄ օրենքի հոդված 69-ի առաջին մասը։ Տեղեկացնենք, որ համաձայն այս հոդվածի՝ կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում։ ՍԴ-ն այս կետը համարեց Սահմանադրությանը համապատասխան։

2017 թվականի մարտի 31-ին կայացած նիստում Վանաձորի ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ընդունել էին  համայնքի բյուջեն, 2017-21 համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը, ինչպես նաև 2016 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը (N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումներ)։ Այս որոշումները կորցրեցին իրենց իրավաբանական ուժը։

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ հաշվի առնելով վեճի առարկա դրույթների՝ դրանք Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև իրավական անվտանգությունը չխաթարելու հանգամանքը, ուժը կորցրած նորմերի վերջնաժամկետ համարել 2018 թվականի մարտի 31-ը՝ հնարավորություն տալով խորհրդարանին «ՏԻՄ մասին» օրենքը համապատասխանեցնել Սահմանադրության պահանջներին։

ՍԴ-ում պատգամավորների ներկայացուցիչ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ն այս կերպ ժամանակ է տվել խորհրդարանին` օրենքը համապատասխանցնել ՍԴ որոշման պահանջներին։

«Պետությունը պետք է ունենա պոզիտիվ պարտականություններ՝ ապահովելու համար ՍԴ որոշումը. կոլեգիալ մարմնի նվազագույն սահմանը հաստատվել է, որ ըստ Սահմանադրության պետք է լինի ոչ պակաս, քան ավագանու անդամների կեսը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Վանաձորի ավագանու կայացրած որոշումներին և մասնավորապես համայնքային բյուջեին, Զեյնալյանն ասաց. «Բյուջեն և բոլոր իրավական ակտերը, որոնք ընդունվել են, հակասահմանադրական են,  որովհետև իրենք նման լիազորությամբ օժտված չեն եղել»։

Զեյնալյանը, սակայն շեշտեց, որ հակասահմանադրական իրավիճակներից երկրի համար ավելի վտանգավոր է տևական քաոսը, ուստի հետաձգվել է ՍԴ որոշման ժամկետը մինչ 2018-ի մարտի 31-ը:

«Ուժը կորցնելու վերջնաժամկետ է  սահմանված այդ օրը»,-ասաց նա։

Խնդրեցինք հստակեցնել՝ ստացվում է, որ բյուջեն և մյուս որոշումները կարո՞ղ են  գործել մինչև 2018-ի մարտի 31-ը, երբ ՏԻՄ օրենքում համապատասխան փոփոխություններ արված կլինեն, Զեյնալյանն ասաց, որ մինչ այդ օրը կարող են գործել, սակայն եթե մինչ մարտի 31-ը ներառյալ ՏԻՄ օրենքում փոփոխություններ չլինեն, ավագանու կայացրած որոշումներն իրենց ուժը կկորցնեն։

ՍԴ էին դիմել ԱԺ «Ելք» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների 26 պատգամավորներ։

2016 թվականի հոկտեմբերի 10-ին փակ գաղտնի քվեարկության արդյունքում Վանաձորի քաղաքապետ է  ընտրվել ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը։ Ընտրություններից առաջ, սակայն, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները համատեղ հուշագիր էին ստորագրել, ըստ որի պաշտպանելու են «ԼՀ»-ի ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին։ Ընտրության արդյունքներից մինչև հիմա նիստերին մասնակցում են միայն ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter