HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կենտրոնական բանկը չի փոփոխում վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը երեկվա նիստին որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 6%:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Տեսականորեն դրա նվազումը որոշ ժամանակ անց (սովորաբար դա ամիսներ է տևում) հանգեցնում է բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը ու տնտեսությունը սկսում է ավելի ազատ շնչել։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը հանգեցնում է փողի էժանացմանը։ Իսկ տոկոսադրույքի աճի դեպքում թանկանում են վարկերն ու հետևաբար՝ փողը։

Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ի հրապարակած ցուցանիշներից, այս տարվա փետրվարի 14-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6% է։ Այն անփոփոխ էր մնացել նաև նախորդ որոշման ժամանակ՝ սեպտեմբերին։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին տարիներին ամենաբարձր մակարդակում է գտնվել 2015 թվականի կեսին։ Օգոստոսին այն հասել է 10.25%-ի։ Հետո աստիճանաբար նվազել է։

Նվազումն առավել ինտենսիվ էր հատկապես 2016 թվականին։ Սակայն, ինչպես երևում է, Կենտրոնական բանկն այս տարի ավելի «ժլատ» է փող էժանացնելու հարցում։

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների

«Չնայած ԿԲ Խորհուրդը գնահատում է գնաճային միջավայրի և գնաճային սպասումների որոշակի ընդլայնում, այնուամենայնիվ, դեռևս նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային ներկա խթանող պայմանները: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ:

2017 թ. հոկտեմբերին Հայաստանում արձանագրվել է 0.8% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 1.2%: Ընդ որում, շարունակվում է վերջին ամիսներին գրանցվող 12-ամսյա բնականոն գնաճի արագացումը, որը հուլիսի 0.7%-ից հոկտեմբերին հասել է 2.4%-ի: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր գնաճը դեռևս ցածր է մնում մրգի և բանջարեղենի սպասվածից քիչ գնաճի տեմպերի հաշվին, որի ազդեցությունը մոտակա ամիսներին կչեզոքանա և գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter