HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դավիթ Հարությունյանը լիահույս է՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» փաթեթը ներկա տեսքով կբավարարի բոլորին

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին», և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հաստատվել է Կառավարության կողմից և ուղարկվել խորհրդարան։ Նախագծերի փաթեթը Կառավարության որոշմամբ որակվել է անհետաձգելի, առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։ Հիշեցնենք, որ Արադարադատության նախարարության կողմից օրենքի նախագծերի փաթեթը ներկայացվել էր իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» վերտառությամբ։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված օրենքի անվանման փոփոխությունը, Հարությունյանը մանրամասնեց, որ անվանումը թարգմանել են անգլերեն «domestic» բառից։

«Տարբերակներ շատ կային, այս պահին դա համարեցինք առավել համապատասխանող բուն տերմինին։ Փորձ  է արվել ընտրել առավել ճշգրիտ թարգմանությունը։ Չեմ կարող ասել, որ բառացի թարգմանություն է, բայց համարվել է որպես առավել հաջողված»,- ասաց նա։

Նախագծի ընդունման անհրաժեշտության մեջ հղում է կատարվում պաշտոնական վիճակագրությանը, ըստ որի՝ 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ընտանիքում բռնության 602, 2016-ին՝ 756, 2015-ին՝ 784, 2014-ին՝ 678, 2013-ին՝ 729, 2012-ին՝ 728 միջադեպ:

Նախագծում նշվում է, որ գործող օրենսդրությունն ունակ չէ համարժեք պատասխան տալ ծագած մարտահրավերներին, քանի որ այն չի ապահովում ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար անհրաժեշտ գործուն իրավական կառուցակարգեր: Նշվում է նաև, որ ՀՀ կառավարությունը 2014թ. փետրվարի 27-ին հաստատված` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրում ընդգծել է միջազգային չափանիշներին համապատասխան` ընտանիքում բռնության դրսևորումների կանխարգելման և պատասխանատվության գործուն իրավական մեխանիզմների նախատեսման անհրաժեշտությունը:

Ընտանիքում բռնության տեսակներն են՝

Ֆիզիկական` ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը,  ինչպես նաև դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը։

Սեռական` ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ։

Հոգեբանական` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մոտ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը։

Տնտեսական` անձի հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ նրան իշխելու նպատակով վերջինիս գոյության համար անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականություն իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը։

Անտեսում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից երեխայի կեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, կրթություն) դիտավորությամբ չբավարարելը:

Հիշեցնենք, որ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 17-ին այս թեմայով հրավիրվել էին խորհրդարանական լսումներ, որտեղ հնչեցին թե՛ քննադատություններ փաթեթի հետ կապված, թե՛ կոչեր որոշ դրույթների՝ ավելի խստացման պահանջով։

Նկատենք, որ վերջին շրջանում նախագծի ընդդիմախոսներին էին միացել նաև որոշ ՀՀԿ-ականներ, օրինակ ՀՀԿ մամուլի խոսնակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խնդրահարույց էր համարել նախագիծը՝ նկատելով, որ ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է։

Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ առաջարկվող փոփոխությունները արդյոք կբավարարե՞ն ՀՀԿ-ական այն գործընկերներին, որոնք դեմ էին նախագծին, նախարարն արձագանքեց, որ օրենքում մի շարք հստակեցումներ են կատարել այն հարցերի վերաբերյալ, որոնք մտահոգիչ են գնահատվել թե՛ ՀՀԿ-ականների, թե՛ իր այլ գործընկերների կողմից։

«Հուսամ՝ այս տարբերակը կբավարարի»,- ասաց նա։

Նախարարը հստակեցրեց՝  դեռ ի սկզբանե  չէր նախատեսվում երեխային տանել ընտանիքից, ինչպես շատերն էին մեկնաբանում։

«Պարզապես նախատեսվում են այլ մեխանիզմներ, որոնք այսօր էլ երկրում գործում են, և նախատեսված են ընտանեկան օրենսգրքով, հստակեցրինք, որպեսզի տարընթերցում չլինի»,-ասաց նա։

«Եթե ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս կամ անգործունակ անձ է, և պաշտպանական որոշումը կիրառվում է նրա հետ համատեղ բնակվող միակ օրինական ներկայացուցչի  (կամ ներկայացուցիչների) նկատմամբ,  դատարանը խնամակալության և հոգաբարձության մարմնին հանձնարարում է լուծել երեխայի կամ անգործունակ անձի ժամանակավոր խնամքի հարցը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ առաջնորդվելով նրանց շահերով» (Ընտանիքում բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի հոդված 8-ի մաս 8):

Նախագծում նշվում է նաև, որ ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ՝ առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի:

Նկատենք, որ նախագծով ընտանիքի անդամներ են համարվում հետևյալ անձինք՝ ամուսին (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող), նախկին ամուսին, ծնող (այդ թվում՝ խորթ ծնող, որդեգրող ծնող, խնամատար ծնող), երեխա (նաև՝ որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսին, ամուսնու ծնողներ, նախկին ամուսնու ծնողներ՝ անկախ համատեղ բնակության հանգամանքից: Ընտանիքի անդամ են համարվում նաև՝ համատեղ բնակվող տատ, պապ, քույր և եղբայր (նաև՝ համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաև ամուսնու ծնողների, քրոջ և եղբոր համար՝ փեսան և հարսը։

Ըստ նախագծի՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներն են` նախազգուշացումը, անհետաձգելի միջամտության որոշումը  և պաշտպանական որոշումը: Ըստ պաշտպանական որոշման՝ կարող է լինել նման իրավիճակ, ըստ որի՝ ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա կարող է դրվել պարտականություն՝ ընտանիքում բռնության ենթարկվածի հետ կիսելու իրենց համատեղ անչափահաս կամ չափահաս անաշխատունակ երեխաների, ինչպես նաև իրենց համատեղ խնամքի տակ գտնվող անձանց խնամքի ծախսերը՝  ընտանիքում օրենսգրքով սահմանված ալիմենտային պարտավորությունների համար վճարման ենթակա գումարի չափով: Դատարանը կարող է ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել հոգալու ընտանիքում բռնության ենթարկվածի այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք ծագել են գործադրված բռնության պատճառով.

Նշվում է նաև, որ եթե ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ է, ապա պաշտպանական որոշման համար դատարան կարող են դիմել նրա մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչը և խնամակալության և հոգաբարձության մարմինը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս նախագծում կարող է բռնություն գործադրած և բռնություն ենթարկված անձանց միջև լինել հաշտություն, այն իրականացվում է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների գործողության ընթացքում՝ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

«Հաշտեցումն իրականացվում է ընտանիքում բռնություն գործադրած կամ ընտանիքում բռնության ենթարկված անձի դիմումով՝ ուղղված Աջակցության կենտրոնին: Մինչև գործընթացը սկսելը Աջակցության կենտրոնը ստանում է հաշտեցմանը մասնակցելու՝ մյուս կողմի գրավոր համաձայնությունը: Աջակցության կենտրոնը դադարեցնում է հաշտեցման գործընթացը, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որի ընտանիքում բռնության ենթարկված անձը դրան մասնակցում է սպառնալիքների ազդեցության ներքո:

Պաշտպանական որոշման գործողության ընթացքում հաշտություն կնքելու դեպքում ընտանիքում բռնության ենթարկված կամ բռնություն գործադրած անձը կարող է դիմել դատարան՝ որոշումը վերացնելու նպատակով:

Հաշտեցում չի իրականացվում, եթե ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս կամ անգործունակ անձ է»,- նշված է նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter