Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Գնդապետը դիմել է դատարան՝ վիճարկելով քրեական գործ հարուցելու մերժման որոշումը



Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում քննվում է 20 տարի ուժային կառույցներում աշխատած գնդապետ Արմեն Գալստյանի բողոքը՝ ընդդեմ Քննչական ծառայության՝ իր կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշման դեմ։

Արմեն Գալստյանն իր նկատմամբ հետապնդումների եւ անօրինականությունների վերաբերյալ 2017թ.-ի օգոստոս ամսին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչպես նաեւ իր նկատմամբ կատարված գործողությունների վերաբերյալ տեղեկություններ է հայտնել «Հետք»-ին, որի հիման վրա հրապարակվել է «Գնդապետի պնդմամբ՝ ՔԿ քննիչներն իրեն շանտաժի են ենթարկել և անհիմն մեղադրանք առաջադրել» հոդվածը։ Արմեն Գալստյանը հայտնել էր, որ Քննչական կոմիտեի քննիչներն իր հանդեպ ծանր հանցագործություն են կատարել՝ անհիմն, առանց որևէ փաստի իրեն մեղադրանք առաջադրել, շանտաժի միջոցով իրենց մոտ 100 հազար դոլար պահանջել։

Հոդվածի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քննել է հրապարակման մեջ առկա հանցագործության հատկանիշները. վիճարկվել է քննչական կոմիտեի առանձին աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը։ Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում կատարված նախնական ուսումնասիրությունից հետո գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, որն էլ մերժել է քրեական գործ հարուցել՝ փաստերի բացակայության պատճառաբանությամբ։ 

Այսօրվա դատական նիստի ընթացքում իր բողոքի մեջ Արմեն Գալստյանը նշեց, որ «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» քննիչ Վ. Մինասյանի 26.08.2017թ. որոշումը եւ «Բողոքը մերժելու մասին» գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանի 02.10.2017 որոշումը կայացվել է օրենքի խախտումներով, անհիմն պատճառաբանությամբ։

Ըստ գնդապետ Արմեն Գալստյանի՝ վարույթն իրականացնող քննիչը համապատասխան գործողություն չի կատարել, որեւէ փաստ պարզելու նպատակով միջոցներ չի ձեռնարկել, իսկ կատարած գործողությունները կրել են ձեւական բնույթ։

«Նյութերը նախապատրաստող մարմնի հարցադրումներն ուղղված չեն եղել հանցագործության մասին հաղորդման մեջ նշված փաստերը պարզելուն, չեն պահանջել բացատրություններ այն գործողությունների եւ անգործությունների վերաբերյալ, որոնց պատասխանելիս քննիչ Ամբակում Գրիգորյանը, Բագրատ Ադամյանը եւ փաստաբան Հրանտ Ավետյանը ստիպված կլինեին ընդունել իրենց կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը կամ էլ ստիպված կլինեին ստել»,- հայտնեց Արմեն Գալստյանը։

Թոշակի անցած գնդապետը հայտնեց նաեւ, որ քննիչը գործերի նախապատրաստման ընթացքում բացատրություն չի վերցրել ՀԿԳ քննիչ Արա Մկրտչյանից, ով հանդիսացել է իրենից գումար պահանջող անձ։ «Բացատրություն տալու պարագայում, կաշկանդված լինելով իրավապահ մարմիններին ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու պարտականությամբ՝ բնականաբար պետք է հայտներ ողջ ճշմարտությունը կամ կատարեր հերթական հանցանքը»,- նշեց Արմեն Գալստյանը։ Նա նաեւ հավելեց, որ նյութում առկա չէ բացատրություն այն մասին՝ ինչու իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում ավելի վաղ չի կայացվել։

Արմեն Գալստյանը նշեց, որ նյութերում առկա են նաեւ հակասություններ, օրինակ՝ ինչպես է ինքը նախքան քննիչի սենյակում հայտնվելը խոսակցություն ունեցել Աղվան Հովսեփյանի հետ, որից հետո միայն ցուցմունք տվել։ Բողոքաբերի դիտարկմամբ՝ քննիչը որեւէ գործողություն չի կատարել իր կողմից ներկայացրած ձայնագրությունների հետ եւ այնտեղ ներկայացված տեղեկատվության ճշմարտացիությունը պարզելու համար որեւէ գործողություն չի կատարել։

Ըստ Արմեն Գալստյանի ներկայացրած բողոքի՝ քննիչը քրեական գործը մերժելու մասին որոշումը կայացնելու փոխարեն պետք է բացատրություն վերցներ փաստերի վերաբերյալ տեղեկատվություն ունեցող անձանցից, նշված գումարի շարժի վերաբերյալ տեղեկատվություն ստանար, կատարեր հեռախոսազանգերի վերլուծություն։ «Այս գործողությունները այն նվազագույն գործողություններն են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում սովորաբար կատարվում են, սակայն այս նվազագույն չափանիշները վարույթն իրականացնող քննիչի կողմից չեն պահպանվել»,- հավելեց Ա. Գալստյանը։

Այսօրվա նիստը կայացավ առանց քննիչ Վլադիմիր Մինասյանի: Քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնակատար Էդ. Հակոբյանը դատարան գրություն էր ուղարկել, ըստ որի՝ Քննչական ծառայության ավագ քննիչ Վլադիմիր Մինասյանի մասնակցությունը հնարավոր չէ ապահովել դատական նիստին, քանի որ վերջինս ազատվել է զբաղեցված պաշտոնից։

Այս գործով հաջորդ նիստը կկայանա 2018-ի հունվարի 12-ին։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Armen Galstyan22:34 - 29 նոյեմբերի, 2017
ՀՀ Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության անհեթեթությունները այժմ շարունակվում են նաև դատարանում։ Դժվար չէ գուշակել, թե քանի տարի պիտի ձգձգեն՝ նիստից նիստ նշանակելով, գործին սահմանված ժամանակահատվածում լուծում տալու փոխարեն։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ