Երկուշաբթի, 11 դեկտեմբերի

Աշոտ Պետրոսյանը պոկել է պատանդառված Վալերի Օսիպյանի ուսադիրները. ՊՊԾ գնդի տարածքում կատարված գործողությունները՝ ըստ մեղադրանքի



Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող ամբաստանյալների մեղադրանքների հրապարակումը: 

Հիշեցնենք, որ Արտուշ Գաբրիելյանի վարույթում են գտնվում գնդի գրավման գործով անցնող ամբաստանյալներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի և Կարո Եղնուկյանի վերաբերյալ գործերը: Եղնուկյանն, ի տարբերություն մյուս ամբաստանյալների, մեղադրվում է խմբին օժանդակելու մեջ: 

Այս գործով անցնող գրեթե բոլոր անձանց մեղադրանքների եզրափակիչ մասերը նույն են` չնչին տարբերություններով: 

Այսօր մեղադրողն ավարտին չհասցրեց բոլոր ամբաստանյալների մեղադրանքների եզրափակիչ մասերի հրապարակումը, սակայն նկատի ունենալով գրեթե կրկնվող մեղադրանքները՝ ստորև ներկայացնում ենք այն հանգամանքները, որոնք դրվել են ամբաստանյալների մեղադրանքի հիմքում: 

Այսպիսով, ըստ մեղադրանքի, ամբաստանյալները, 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել են շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով: Ըստ մեղադրանքի` խմբի անդամները նույն եղանակներով պատանդ են վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որի նպատակը եղել է` զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելը: Բացի այդ, ըստ մեղադրանքի` խմբի անդամները հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտի միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափերի վնաս։ 

Ըստ մեղադրանքի՝ խմբի անդամները քննությամբ չպարզված հանգամանքներում, ապօրինի կերպով ձեոք են բերել և պահել հրազեն հանդիսացող հետևյալ զինատեսակները. 

 «ԱԿ-74-Ս» տեսակի 5,45մմ տրամաչափի՝ 12 հատ, «ԱԿՄ» տեսակի 7,62 տրամաչափի՝ 2 հատ ինքնաձիգներ՝ ռազմամթերք հանդիսացող 840 հատ 5,45մմ տրամաչափի և 552 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտներով,  հրազեն հանդիսացող «Ռևոլվեր» տեսակի 5,6մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող նռնակներ՝ «Ֆ-1» տեսակի՝ 12 հատ, «Ո-ԳԴ-5» տեսակի՝ 4 հատ, «ՌԳ-42» տեսակի՝ 1 հատ, «Մ-75» տեսակի՝ 1 հատ, «Ջ-1» տեսակի՝ 1 հատ, ինքնաշեն նռնակ «ՈւԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով՝ 1 հատ, փշրտող գործողության համար նախատեսված պայթուցիկ նյութ պարունակող ռազմամթերք հանդիսացող տրոտիլային պայտադյուս՝ 400 գր տրոտիլային խորանարդ՝ 1 հատ, ձեռքի նռնակների պայթեցման համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող պայթուցիչներ՝ «ՈւԶՌԳՄ» տեսակի՝ 14 հատ, «Մ-75» տեսակի՝ 2 հատ, ինչպես նաև 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացանի համար նախատեսված 58 հատ փամփուշտներ։ 

Նախատեսված օրը՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, կազմակերպված խմբի անդամներն, ըստ մեղադրանքի, կրելով և փոխադրելով վերը նշված հրազենն ու ռազմամթերքը, մեքենաներով, որոնց թվում՝ բեռնատար, հասել են Երևանի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդն, ապա ժամը 5:00-ի սահմաններում, զինված հարձակում են գործել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա, բեռնատարով հարվածելով՝ կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության  աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավռր բռնությամբ, ներխուժել են գնդի տարածք և զավթածն ազատելու պայմանով պետությանը գործողություն կատարելուն հարկադրելու նպատակով զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող 24 ոստիկանական ու 11 քաղաքացիական տրանսպորտի  միջոցները։  Հիշյալ գործողությունները զուգորդվել են շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով և դրանց փաստացի վնասումով։ 

Դրանից հետո, ըստ մեղադրանքի, խմբի անդամներն իրենց մոտ եղած զենքերի գորադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բոնաթյամբ պատանդ են  վերցրել և պահել գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներ Խաչատուր Մուրադյանին, Վլադիմիր Սիրեկանյանին, Տիգրան Դանիելյանին, Արթուր Հարությունյանին, Արամայիս Մարտիրոսյանին, ինչպես նաև նույն ժամանակ հարակից թաղամասերում ծառայություն իրականացնող և ոստիկանների օգնության կանչով գնդի տարածք մտած ոստիկանության աշխատակիցներ Դավիթ Գևորգյանին, Գարիկ Մաթևոսյանին և Վիգեն Մարտիրոսյանին: 

Ապա, խմբի անդամներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը և Արայիկ Խանդոյանը կյանքի և աոողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են Արթուր Հարությունյանին ամրակցված, հրազեն հանդիսացող մեկ հատ 5.45մմ տրամաչափի «ԱԿՍՈԻ֊-74» տեսակի ինքնաձիգը և մեկ հատ «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով։ 

Դրանից հետո կազմակերպված խմբի զինված անդամներ Պավել Մանուկյանը, Մխիթար Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Սեդրակ Նազարյանը, Թաթուլ Թամրազյանը, Տիգրան Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Արեգ Կյարեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արթուր Մելքոնյանը, Արթուր Սողոմոնյանը, Էդգար Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Գևորգ Մելքոնյանն, ըստ մեղադրանքի, զենքի գործադրմամբ ներխուժելով ՊՊԾ գնդի հերթապահ մաս` հերթապահ Խաչատուր Մուրադյանի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով բացել են զինանոցի մետաղյա դուռը և այնտեղից հափշտակել գնդի սպառազինության մեջ մտնող, հրազեն հանդիսացող հետևյալ զինատեսակները.   

9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի 216 հատ ատրճանակ, 5,45մմ տրամաչափի «ՊՍՄ» տեսակի 1 հատ ատրճանակ, «ԱԿՍ-74-ՈԻ» տեսակի 5,45մմ տրամաչափի 5 հատ և «ԱԿՄՍ» տեսակի 7,62 տրամաչափի 4 հատ ինքնաձիգներ, «ՏՈԶ֊-8Մ» տեսակի որսորդական ակոսափող 1 հրացան, ռազմամթերք հանդիսացող 240 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ իրենց 8 հատ փամփշտատուփերով, 720 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ իրենց 24 հատ փամփշտատուփերով և 8.902 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, իրենց փամփշտատուփերով, ինչպես նաև ՊՊԾ գնդի հրամանատար Խաչիկ Ավետիսյանի հրազեն հանդիսացող որսորդական հրացանն ու հրամանատարի տեղակալ Հայրապետյանի հրազեն հանդիսացող ատրճանակը։ 

Ըստ մեղադրանքի՝ գնդի սպառազինության մեջ մտնող զենքի, ռազմամթերքի հափշտակությունից հետո, Պավել Մանուկյանը հրահանգել է մյուսներին չվնասել ոստիկանության աշխատակից Խաչատուր Մուրադյանին՝ առավել կարևորելով վերջինիս՝ որպես  պատանդ պահելու հանգամանքը,  սակայն վերջինս կարողացել է փախուստի դիմել: 

Հարձակման ընթացքում, ըստ մեղադրանքի, զինված խմբի անդամ Արմեն Բիլյանի կողմից հրազենային վիրավորումից սպանվել է գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից, ՊՊԾ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, իսկ խմբի մյուս անդամ Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը։ 

Մեղադրանքում նշված է նաև, որ խմբի անդամներն իրենց կոչել են «Սասնա ծռեր» և սոցիալական ցանցում  և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել են «Մենք  զինված ապստամբություն ենք սկսել, միացե՛ք» վերնագրով հայտարարություն, որում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ մտցնելով, թե, իբր, զինյալները վերահսկողության տակ են առել Երևանի էրեբունի թաղամասը և դրան հարակից  հատվածները, ոստիկանության մի քանի բաժիններ և զինվորական զորամասեր՝ կոչ են արել քաղաքացիներին զինվել, միանալ իրենց նախաձեոնած զինված ապստամբությանը, գրավել ոստիկանական բաժինները, փակել փողոցները, զինաթափել ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել՝ ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության։ 

Վերը նշված գործողություններից հետո, ըստ մեղադրանքի, կազմակերպված խումբը ՊՊԾ գնդի զավթած վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտային  միջոցներն ու պատանդներին ազատելու պայմանով պետությանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև, ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին  և մի շարք այլ անձանց  ազատ արձակելու պահանջներ: 

2016թ. հուլիսի 17-ին՝ ժամը 10-ի սահմաններում, գնդի տարածքից դուրս գալով՝ խմբի անդամներ Պավել Մանուկյանը, Սեդրակ Նազարյանը և  Աշոտ Պետրոսյանը,  պատանդներին ու զավթած շենք, շինությաններն ազատելու շուրջ բանակցություն վարելու նպատակով ներկայացած ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի հետ հանդիպման են գնացել, սակայն առանց բանակցելու,  կյանքի համար վտանգավոր բռնության սպառնալիքով, զենքի գործադրմամբ նրանց ևս պատանդ են վերցրել, տեղափոխել ու պահել գնդի տարածքում։ Այս ընթացքում, ըստ մեղադրանքի, Աշոտ Պետրոսյանը պոկել է պատանդառված Վալերի Օսիպյան ուսադիրները: 

Զավթվածն, ինչպես նաև պատանդներին պահելու նպատակով, խմբի անդամներից ոմանք փոխհրաձգության մեջ են մտել իրավապահների հետ և հրազեններից արձակված կրակոցներից մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ պատճառել ոստիկանության մի խումբ աշխատակիցների, այդ թվում՝ ոստիկանության լրատվական վարչության աշխատակից, ոստիկանության ավագ լեյտենանտ Ռոբերտ Հայրապետյանին, ինչպես նաև իրենք՝ խմբի անդամներն են ստացել մարմնական վնասվածքներ: 

Բացի այդ, խմբի անդամներն, ըստ մեղադրանքի, պատանդ են վերցրել ու գնդի տարածքում պահել նաև փոխհրաձգության հետևանքով վիրավորված անձանց բժշկական օգնություն ցույց տալու նպատակով այնտեղ ժամանած բժիշկներին:

Նույն օրը բժիշկներին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներից ոմանց խմբի անդամներն ազատ են արձակել, իսկ  Վարդան Եղիազարյանին, Վալերի Օսիպյանին, Արթուր Հւսրությունյանին և Գարիկ Մաթևոսյանին, ըստ մեղադրանքի, շարունակել են պահել պատանդի կարգավիճակում: 

Վերջիններիս ազատելու պայմանն, ըստ մեղադրանքի, եղել է բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականն ու  քրեակատարողական հիմնարկներից մի շարք անձանց  ազատ արձակելը, ինչը չի արվել: 

Ապա պատանդառվածներին ազատ արձակելու պայմանը փոխել է.  գունդը գրաված անձինք, ըստ մեղադրանքի,  պահանջել են  ՊՊԾ  գնդի տարածքում մամուլի կենտրոն ստեղծել, իրենց ապահովել անխափան հեռախոսակապով և ինտերնետով:

Մամուլի կենտրոնը ստեղծվել է, և ոստիկաններն ազատ են արձակվել: 

Ըստ մեղադրանքի՝ խմբի անդամները նաև հրկիզման միջոցով ոչնչացրել են ոստիկանության մի քանի, ինչպես նաև մեկ այլ քաղաքցու պատկանող մեկ մեքենա՝ ընդհանուր առմամբ պետությանն ու քաղաքացուն պատճառելով   61.301.211 ՀՀ դրամի վնաս, իսկ խմբի որոշ անդամներ  գնդի տարածքում տեղակայված բանկոմատից հափշտակություն են կատարել: 

Այսօր ընթերցվեց նաև ամբաստանյալ Կարո Եղնուկյանի մեղադրանքն, ով մեղադրվում է վերը նշված խմբին օժանդակելու մեջ: 

Եղնուկյանն, ինչպես նախորդ, այնպես էլ այս նիստի ընթացքում դահլիճում չէր: Միայն իր մեղադրանքն ընթերցելիս ուղեկցող ոստիկանները նրան ներկայացրին, ապա մեղադրանքի եզրափակիչ մասի հրապարակումից հետո նորից ուղեկցեցին դահլիճից դուրս:

Նշենք, որ Եղնուկյանի առողջական վիճակը դահլիճում  վատանում է, և վերջինս հայտարարել է, որ չի ցանկանում ներկայանալ դատական նիստերին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ