HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը հանձնարարեց սննդամթերքի արտահանման և ներմուծման պահանջվող փաստաթղթերի, փորձաքննության կարգի հստակեցում կատարել

Կառավարության հերթական՝ դեկտեմբերի 7-ի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներով սկսեց, որոնցից մեկը վերաբերում էր արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգի հստակեցմանը

«Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող վարչարարության շահառուների լայն զանգվածը գործարար միջավայրի ներկայացուցիչներն են, այս տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը, փորձաքննության տրամադրվող պահանջները և կարգը լինեն հստակ և կանխատեսելի։ Ներկայումս գործող Կառավարության մի շարք որոշումներով սահմանված սննդամթերքի անցկացման կարգերում, չնայած  կատարված աշխատանքերին, դեռևս ամբողջությամբ  չեն տեղայնացվել միջազգային նորմերը, արդյունքում` գործարարների մոտ օբյեկտիվորեն կարող է առաջանալ տարընկալում՝ մասնավորապես սննդմաթերքի ներմուծման և արտահանման վարչարարության դեպքերով»,- ասաց վարչապետը։

Կարեն Կարապետյանը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը նախ երկամսյա ժամկետում, ապա մինչև տարեվերջ հանձնարարական տվեց համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այս խնդրի վերաբերյալ։

«Մինչև տարեվերջ ներկայացնել սննդամթերքի արտահանման և ներմուծման  դեպքերով պահանջվող փաստաթղթերի փորձաքննության կարգի հստակեցման, միջազգային նորմերի տեղայնացման, Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, նամանավանդ որ վերջերս մամուլում տեղ են գտել հավի մսի ներմուծման որոոշակի պրոբլեմներ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել ներկրված սառեցված հավի մսի 9 արտադրատեսակ, որոնցից միայն 4-ն են համապատասխանել սահմանված նորմերին։

Գործադիրի ղեկավարի մյուս հանձնարարականը վերաբերում էր մարզպետարանների գործունեությանը։

«Ներկայումս մարզպետների կողմից մշակվում է 2018  թվականի գործունեության ծրագիրը, ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել այն հիմնական ցուցանիշները և ուղղությունները, որոնք պետք է տեղ գտնեն համապատասխան ծրագրերում։ Ելնելով վերնոշյալից հանձնարարում եմ` մարզպետներին քսանօրյա ժամկետում մշակել և Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեության ծրագիրը, որում առնվազն հետևյալ ցուցանիշները պետք է արտացոլված լինեն

  1. Մեկ շնչին բաժին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը 2017-ի համեմատությամբ

  2. Համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ մակարդակի գանձումներ ապահովող միջոցառումներ ու ցուցանիշներ

  3. Մարզում գյուղատնտեսական կլաստերների տարանջատում և դրանց հիման վրա ժամանակակից տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիների հիմնման, գյուղատնտեսության հակակարտային ցանցի ներդրման

  4. Սպանդանոցային կառույցների թիվը մարզում և այդ ուղղությամբ իրականացված ծրագրերը, տոհմային անասնաբուժական ստեղծման ծրագրերի իրականացում, գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի մակերեսների աճը՝ 2017-ի համեմատ

  5. Մարզերում չօգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքի նպատակային օգտագործումն ապահովող ծրագրերի իրագործում, այդ թվում՝ պետական և համայնքային գույքը մասնավորին փոխանցելու, ինչպես նաև մասնավոր գույքը օգտագործման  նպաստելու տարբեր միջոցների կիրառմամբ, օրինակ` սահմանելով հստակ չափորոշիչների ներդրումների չափի, նոր ստեղծվող աշխատեղերի և այլնի վերաբերյալ»,- ասաց նա։

Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր հանրապետական գործադիր մարմինների 2018 թվականի գործունեությանը

«Կառավարության գործունեության հնգամյա ծրագրում հստակ նախանշված է յուրաքանչյուր գործադիր մարմնի այն հիմնական գերակա խնդիրների լուծումները, որոնք պետք է իրականացվեն 2018 թվականին, միաժամանակ 2017 թվականի ընթացքում մշակվել են նաև նոր միջոցառումների ծրագրեր և գերակա խնդիրներ, որոնց կատարումը ակնկալում ենք 2018-ին։ Ելնելով վերոնշյալից հանձնարարում եմ՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին քսանօրյա ժամկետում ամփոփել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի ըստ ոլորտի գործունեության միջոցառումների ծրագրերը և ակնկալվող արդյունքները՝ նշելով կատարման հստակ ժամկետները, նաև ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերը»,-ասաց Կարապետյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև նախորդ նիստի ժամանակ տված իր հանձնարարականին, որը վերաբերում էր տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկ սահմանելուն:

«Անհրաժեշտություն է առաջացել բոլոր մաքսատներում,  ինչպես նաև սննդի անվտանգության պետական ծառայության  համապատասխան ստորաբաժանումներում նախատեսել արտաժամյա աշխատանքային գրաֆիկ, միաժամանակ ապահովել մաքսատներում գործող առևտրային բանկերի համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն»,-ասաց նա։

Վարչապետը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերջինս «նայում այդ հարցին»։ Ջավադյանն արձագանքեց, որ նախկինում ևս եղել է նման պրակտիկա, և եթե կա կարիք, ապա այդպես կաշխատեն։ Վարչապետը պատասխանեց, որ այսօրվանից սկսած կա կարիք, նույնը վերաբերում է նաև ՊԵԿ-ին, պետք է «արտակարգ ռեժիմով» աշխատեն, որպեսզի հաճախորդները չդժգոհեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter