Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Երկու սփյուռքահայ հայտնվել են դատարանում. պատճառը գինու «կարաս» բառն է



«Երբեք չէի կարող մտածել, որ Հայաստանում ուրիշ մի սփյուռքահայի հետ պետք է երթամ դատարան, որ ինքն էլ գինեգործ է և պետք է փորձի խոչընդոտել ինձ: Աբսուրդ է»,- ասում է գինեգործ Զորիկ Ղարիբյանը:

2012 թ. ամերիկյան «Բլումբերգ բիզնեսուիկլի» (Bloomberg Businessweekly) պարբերականի կողմից աշխարհի լավագույն գինիների տասնյակում ընդգրկված հայկական «Զորահ» գինու հիմնադիր Զորիկ Ղարիբյանը հայտնվել է դատարանում:

Նախորդ տարվա մայիսին «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն վարչական դատարանում հայց էր ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի (այժմ՝ տնտեսական զարգացման և ներդրումների) նախարարության մտավոր սեփականության գործակալության դեմ: Որպես երրորդ կողմ ներգրավվել է «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ն: Առաջին ընկերությունը հայտնի է «Կարաս» ապրանքանիշով, երկրորդը՝ «Զորահ կարասի»: «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի հիմնադիրն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է:

Հայցվորը պահանջել է վերացնել պետական գործակալության՝ «Զ KARASi ZORAH» ապրանքային նշանը գրանցելու մասին 03.02.2012 թ. որոշումը և գրանցումն անվավեր ճանաչել: 2016-ի մայիսին վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը մերժել է հայցի ընդունումը՝ նշելով, որ, ըստ Վարչական դատավարության օրենսգրքի, հայցվորը բաց է թողել վարչական ակտը վիճարկելու 2-ամսյա ժամկետը: Սրանից հետո «Տիեռաս դե Արմենիան» կրկին դիմել է դատարան՝ նշելով, որ իրենք հիմք են ընդունել «Ապրանքային նշանների մասին» օրենքը, որով վիճարկման ժամկետը 5 տարի է: Դատավոր Այվազյանը չի փոխել իր նախկին որոշումը, և գինեգործական ընկերությունը դիմել է վերաքննիչ ատյան: Վերջինս, ընդունելով, որ առկա է օրենսդրական հակասություն, բավարարել է բողոքն ու գործը կրկին ուղարկել ստորին ատյան: 2016-ի սեպտեմբերին հայցը նորից ընդունվել է Հ. Այվազյանի վարույթ:

Գինեգործն ընդդեմ գինեգործի

«Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն հայցադիմումի մեջ նշել է, որ ընկերությունը 2011 թ. սեպտեմբերի 17-ին «KARAS» ապրանքային նշանի գրանցման հայտ է ներկայացրել ԷՆ մտավոր սեփականության գործակալություն:

«Սակի ընդ Սանսը» «Զ KARASi ZORAH» ապրանքային նշանը գրանցելու համար նույն գործակալություն է դիմել օրեր անց՝ հոկտեմբերի 4-ին: Արդեն դեկտեմբերին «Տիեռաս դե Արմենիան» գրավոր առարկություն է ներկայացրել «Սակի ընդ Սանսի» հայտի դեմ՝ նշելով, որ այն օրենքով ենթակա է մերժման, քանի որ «Զ KARASi ZORAH» ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է իր «KARAS» ապրանքային նշանին: Գործակալությունը մերժել է բողոքը և 2012-ի մարտին գրանցել «Զ KARASi ZORAH» ապրանքային նշանը, հունիսին էլ գրանցվել է «KARAS»-ը: Փաստորեն, գրանցումից 4 տարի անց Էռնեկյանի թիմը որոշել է դատի տալ պետական գերատեսչությանն ու Զորիկ Ղարիբյանի գինեգործական ընկերությանը:

Դատարանում «Տիեռաս դե Արմենիայի» ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք ավելի շուտ են ներկայացրել նշանը գրանցելու հայտը, հենց իրենք են «KARAS»-ի իրավատերը ու պնդել, որ «Զ KARASi ZORAH»-ը շփոթության աստիճան նման է իրենց ապրանքային նշանին, երկուսն էլ գինիներ են, բացի դրանից՝ «Զ KARASi ZORAH»-ի մեջ «KARASi» բառը գրավում է կենտրոնական և գերիշխող դիրք, հանդիսանում է հիմնական, առաջնային ընկալման տարր ու տեսողական, ձայնային և հնչողության առումով, գրաֆիկական գրելաձևով, տառերի դասավորությամբ ու այբուբենով շփոթության աստիճան նման է իրենց «KARAS»-ին:

Պատասխանողի դերում հայտնված ԷՆ մտավոր սեփականության գործակալությունը չի ընդունել պահանջը: Հայտնել է, որ համեմատվողները համակցված ապրանքային նշաններ են. «Հայցվորի ապրանքային նշանը բաղկացած է կարասի խոշոր պատկերից, որից ներքև խոշոր լատինատառ տառատեսակով գրված է «KARAS»:

Վիճարկվող ապրանքային նշանը բաղկացած է շշի պատկերից, որի վերևում՝ շշի բերանից վերև, պատկերված է շրջանակ, ինչի մեջ զետեղված է «Զ» մեծատառը, շշի պատկերի վրա առկա է ուղղանկյուն, որում ուղղանկյան մոտ մեկ երրորդը զբաղեցնող հատվածում պատկերված է նախշերով ոճավորված «Զ» մեծատառը: «Զ» մեծատառից ներքև լատինատառ մեծատառ տառատեսակով, փոքր չափերով գրված է «KARASi», որից ներքև ավելի փոքր չափերով գրված է «2010», իսկ ուղղանկյան ներքևի հատվածում լատինատառ տառատեսակով, այլ գրվածքների համեմատ ավելի խոշոր չափերով, գրված է «ZORAH»: Ինչպես տեսնում ենք, պատկերային մասերով ապրանքային նշանները բացարձակապես տարբեր ապրանքային նշաններ են»:

Հայցվոր «Տիեռաս դե Արմենիայի» մոտեցումներից առանձնացնենք նաև այս հատվածը. ««Զ KARASi ZORAH» ապրանքային նշանը գրանցելիս որպես «KARASi» բառի բացատրություն ներկայացվել է այն, որ գինին պահված է եղել կարասում, իսկ որպես «ZORAH» բառի՝ այն, որ վերջինս հանդիսանում է Զորիկ անձնանվան կրճատ տարբերակը: Սակայն «KARASi ZORAH» միասնական արտահայտությունը լրիվ այլ բան է նշանակում՝ Զորահ, որ պատկանում է կարասին կամ կարասի միջից է: Միջին սպառողի համար, իհարկե, իմաստով իրենից ոչինչ չներկայացնող արտահայտությունը չի կարող միասին գործածվել, և օգտագործվում է միայն հիմնական ընկալման տարր հանդիսացող «KARASi» բառը, որի հնարավոր շփոթությունը «KARAS»-ի հետ ակնհայտ է. իմաստային առումով զուտ մեկը մյուսի սեռական հոլովն է, ոչ մի այլ տարբերություն առկա չէ»:

Սրան գործակալությունն ունի իր պատասխանը. «Հայցվորի ապրանքային նշանի միակ բառային տարրը «KARAS» տարրն է, իսկ վիճարկվող ապրանքային նշանի բառային տարրերն են՝ «Զ», «KARASi», «ZORAH», «2010»: Վիճարկվող ապրանքային նշանում առաջնային ընկալման կամ հիմնական ընկալման տարրը հանդիսանում է «Զ» տարրը, քանի որ այն զբաղեցնում է ուղղանկյան մոտ մեկ երրորդը, և «ZORAH» տարրը, քանի որ իմաստային շեշտը ընկնում է այս տարրի վրա, որի առաջին տառի արտացոլումն է նաև առանձին «Զ» մեծատառը: Ինչ վերաբերում է հայցվորի այն պնդմանը, որ առաջնային ընկալման տարրը «KARASi» տարրն է, ապա այն անհիմն է, քանի որ «KARASi» տարրը և՛ ավելի փոքր չափերով է գրված, և՛ ավելի քիչ նկատելի է, քան «Զ» մեծատառը և «ZORAH» բառը: Բացի այդ, «KARASi» տարրը ապրանքային նշանում հանդիսանում է չպահպանվող տարր, քանի որ այն նշում է, որ գինին կարասում հնեցման մեթոդի կիրառմամբ է արտադրվել: Սակայն հայցվորը համեմատությունն անցկացրել է միայն հայցվորի ապրանքային նշանի «KARAS» և վիճարկվող ապրանքային նշանի «KARASi» տարրերի միջև և եկել սխալ եզրահանգման՝ իբր ապրանքային նշանները շփոթելու աստիճան նման են, ավելին՝ համարելով այն փաստ»: Գործակալությունը նաև հայտնել է, որ սպառողների կողմից ընդունված պրակտիկա է խմիչք ձեռք բերելուց առաջ դրա մանրազնին ուսումնասիրությունը:

«Տիեռաս դե Արմենիան» դատարան մտնելուց առաջ հետազոտություն է պատվիրել մի ընկերության, ըստ որի՝ սպառողների ու վաճառակետերի աշխատողների շրջանում մեծ մասը պատասխանել են, որ «նույն արտադրողն է», կամ «նույն գինու տարբեր կլասերն են»: Պետական գործակալությունն ի պատասխան նշել է, որ ինքն առաջնորդվում է օրենսդրությամբ, որի մեջ այդ հետազոտությունը չի մտնում. «Այն որևէ կերպ չի կարող հիմնավորել վարչական մարմնի կողմից օրենքի որևէ դրույթի խախտման կամ սխալ մեկնաբանման հայցվորի որևէ պնդում, բացի այդ, այն վարչական վարույթի ընթացքում նույնիսկ ներկայացված չի եղել»:

Գերատեսչությունից շատ չտարբերվող դիրքորոշում է հայտնել նաև «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ն:

Դատարանի վճռից հետո հայցվորը մեկ ուրիշին էլ է դատի տվել

Այս տարվա սեպտեմբերի 13-ին՝ գործի մեկնարկից մեկ տարի անց, դատավոր Հրաչ Այվազյանը վճիռ է կայացրել հօգուտ Էդուարդո Էռնեկյանի ընկերության: Այն է՝ «Զ KARASi ZORAH» ապրանքային նշանը անվավեր ճանաչելու պահանջը բավարարել: Հոկտեմբերին Զորիկ Ղարիբյանի ընկերությունը բողոքարկել է վճիռն, ու գործն այժմ գտնվում է վարչական վերաքննիչ դատարանի վարույթում (նախագահող՝ Աշոտ Սարգսյան):

Վերը նշված գործն առաջին ատյանում շահելուց հետո «Տիեռաս դե Արմենիան» անցել է հաջորդ քայլին՝ հոկտեմբերի 18-ին նորից դատի է տվել նույն գործակալությանն ու արդեն «Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ-ին: Պահանջը նույնն է՝ ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչել: Գործը գտնվում է նախագահող Լիանա Հակոբյանի վարույթում:

«Կարասներն իմ հպարտությունն են եղել»

Զորիկ Ղարիբյանն ասում է, որ գինեգործությամբ զբաղվելու կարևոր պայմաններից մեկն իր համար եղել և մնում է կարասագործության զարգացումը, և սկզբից էլ որոշել էր, որ իր արտադրած գինին բացառապես պահվելու է կարասների մեջ: Հիշում է, որ նախքան արտադրությունը սկսելը գյուղեգյուղ էր գնացել՝ հին կարասներ հավաքելու համար:

«Իմ կարասներն իմ գինեգործարանի հիմքն են, ով եղել է իմ գործարանում, գիտի: Ակնհայտ է, որ ես առաջինն եմ եղել Հայաստանում, որ կարասների մեջ սկսել եմ հնեցնել, փորձեր անել: Կարասներն իմ հպարտությունն են եղել: Ամեն երկրում ներկայանում ենք «Զորահ կարասի» և աշխատում ենք, որ կարասները վերածնունդ ապրեն Հայաստանում»,- ասում է գինեգործն ու հավելում, որ վերջերս «Ֆայն Վայն» ամսագիրը 8-էջանոց հոդված է պատրաստել իր կարասների մասին:

Այսօր արդեն Ռինդ գյուղի դպրոցում, որտեղ գործունեություն է ծավալել Զ. Ղարիբյանը, կարասագործության դասարան է բացվել: Արհեստավորը Սիսիանից է գնում Ռինդ: Դպրոցականները վարպետի օգնությամբ առաջին կարասներն են սկսել պատրաստել:

«Արդեն սկզբունքի հարց է ինձ համար»

Զորիկ Ղարիբյանն ասում է, որ ամիսներ շարունակ չի ցանկացել բարձրաձայնել դատական գործի մասին, քանի որ Հայաստան գալու նպատակը դատարան գնալը չէր: «Մինչև հիմա պայքարել եմ, որ կարողանամ լեզու գտնել, ծածկել հարցը, որպեսզի չհանրայնացվի, բայց ինչպես տեսաք, առաջին ատյանի դատարանը մեզ հակառակ է արձագանքել, եզրակացության մեջ նշվում է, որ «Զորահ կարասի» պիտակը նայելուց առաջին բանը, որ աչքի է ընկնում, «կարասին» է»,- նշում է գինեգործը:

Ասում է, թե 30 տարի բիզնեսում է, բայց կյանքի մեջ որևէ դատական գործ չի ունեցել: «Եվ զավեշտալին այն է, որ պիտի գայի Հայաստան, որ մի ուրիշ սփյուռքահայ ինձ տաներ դատարան: Այս դատական գործն ինձ 100-ից 100 հիասթափեցրեց: Ինձ առաջին օրվանից ասել են, որ Հայաստանում զգույշ լինեմ՝ հայաստանցիները, հայ կառավարությունը... Ամենը զգուշացնում են, գաղտնիք չեմ ասում, սփյուռքը սա է, որ Հայաստանում պետք է մի բան պատահի... Պետք է ասեմ, որ մինչ օրս ինձ համար ոչ մի խոչընդոտ չեն ստեղծել ո´չ հայաստանցիները, ո´չ էլ Հայաստանի կառավարությունը»,- նշում է Զորիկ Ղարիբյանը:

Ըստ գինեգործի՝ եթե մինչ այս մտածում էր, թե լեզու կգտնեն, հիմա արդեն հեղինակության հարց է: «Ես կցանկանայի, որ այս թեման փակվեր Հայաստանում, բայց, իհարկե, որևէ խնդիր չեմ տեսնում, դրսում հանգիստ եմ զգում ինձ: Պատրաստված իրավաբաններ ունեմ թե՛ Լոնդոնում, թե՛ Միլանում, թե՛ Դուբլինում: Նրանք պատրաստ են դիմել Եվրոպական դատարան: Բայց նորից եմ ասում՝ Հայաստան գալու իմ նպատակն այն չէր, որ դատարան գնայինք»,- ասում է նա ու ավելացնում, որ իր իրավաբանները համոզված են՝ դրսի դատարաններում ինքը հաղթելու է:

Խնդիրն, ըստ Զ. Ղարիբյանի, այն է, որ եթե «Տիեռաս դե Արմենիան» հաղթի, ապա «կարաս» բառը որևէ գինի արտադրող ընկերություն չի կարող նշել պիտակի վրա: Մինչդեռ, ըստ նրա, կարասն այսօր համաշխարհային թրենդ է դառնում, հետաքրքրում է աշխարհին: Հայաստանում ևս կարասները վերածնունդ են ապրում:

«Հիմա Հայաստանում ալիք կա, արդեն 3-4 գինեգործներ կան, որ կարասներում սկսել են փորձեր անել: Այդ ալիքը գնալով մեծանալու է: Կարաս անունը մոնոպոլ անելու պատճառով մեր ապագա սերունդներն էլ չեն կարողանալու օգտագործել այն: Վերջը պետք է գնանք դուրս, ասենք, թե ինչի մեջ ենք հնեցնում գինին, ի՞նչ բառ պիտի դնենք կարասի փոխարեն: Եթե պաշտպանվում է այդ բառը, նշանակում է՝ ուրիշ ոչ ոք չի կարող օգտագործել»,- ասում է Զորիկ Ղարիբյանը:

Գինեգործը զարմանում է, որ գինու ապրանքային նշանը գրանցելուց տարիներ անց Էռնեկյանի ՓԲԸ-ն դիմել է դատարան: Ասում է՝ այստեղ խնդիրը միայն իր ընկերությունը չէ, այլ այն, որ մի մեծ ընկերություն, ինչպես ներկայանում է, ցանկանում է սեփականություն դարձնել հայկական մշակույթի մասը:

«Մեր գինեգործներից մեկը «Կարասի քոլեքշն» է դրել գինու անունը, բայց երբեք մտքովս չանցավ դատի տալ նրան, որովհետև կարասն իմ սեփականությունը չէ, դա մեր մշակույթն է»,- նկատում է Զորիկ Ղարիբյանը: Ապա օրինակ է բերում Վրաստանը, որը, ըստ նրա, Համաշխարհային բանկից 1 միլիոն դոլար է ստացել կարասագործության դպրոցի համար: Պատմում է, որ երբ որևէ երկրում ներկայացնում է հայկական գինին և նշում, որ հնեցվում է կարասներում, ասում են՝ ահ, վրացական քվեվրին...

«Վրացիներն այնքան խելացի են, որ մարքեթինգի այդ գործիքից օգտվում են: Վաղը գնալու եմ Ֆրանսիա իմ գինին ներկայացնեմ ու հիմա մտածում եմ՝ եթե այդ բառը չօգտագործեմ, ի՞նչ պետք է ասեմ՝ քվեվրի՞... Այս պայքարը պատրաստ եմ մինչև վերջ տանել, արդեն սկզբունքի հարց է ինձ համար»,- ասում է Զորիկ Ղարիբյանը: 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, համացանցի


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (11)
1. Վալյա11:21 - 8 դեկտեմբերի, 2017
"Ազգային հերոս" Էռնեկյանը որոշել է անկախ Հայաստանի տերն ու տնօրինողը դառնալ:Հերիք չի իր անկշտության,օդանավակայանի սպասարկման ահռելի գների պատճառով մարդիկ գնում են Վրաստանով թռնելու,հիմա էլ գինին է իրենով անում? Ամոթ...եթե ամոթ ունի ու գիտի դա ինչ բան է
2. Վախթանգ Սիրադեղյան17:44 - 8 դեկտեմբերի, 2017
Օրենքը չեմ նայել, բայց տրամաբանորեն «կարաս» բառը չի կարող մտավոր սեփականության առարկա լինել ճիշտ այնպես, ինչպես շիշը, բաժակը, թոնիրը և այդ տեսակի այլ առարկաները:
3. Անի 01:14 - 9 դեկտեմբերի, 2017
Ապրեք, մինչև վերջ գնացեք . շատ ճիշտ մեկնաբանություն էր և ճիշտ տրամաբանություն.
4. Armen21:27 - 9 դեկտեմբերի, 2017
Eurnekian is only putting a black mark on his company and this type of behaviour only makes me want to stop ever buying his wines. In fact Eurnekian should be sued for falsely using the word karas on his wine, when in reality he does NOT use Karas to make any of his wines. Armenia's courts should stop making a fool of themselves and stop allowing anyone to use karas as a trademark and only allow wineries to use Karas on their bottle if they indeed used karas to make the wine.
5. Zareh Bastermadji12:18 - 11 դեկտեմբերի, 2017
ITS RIDICULOUS BECAUSE LETS SUPOSE THAT SOMEBODY LABELS HIS BOTTLE AS WINE IT MEANS THAT NOBODY CAN USE THE WINE WORD ON HIS PRODUCT
6. Anna19:41 - 14 դեկտեմբերի, 2017
This is ridiculous appropriation indeed! instead of doing proper marketing and promoting your product, you're basing yourselves on the ignorance of the sales persons, which is YOUR mistake... I will boycott and stop consuming Karas if they don't stop this crusade in the wide market. I can't afford Zorah Karasi, but i will definitely stop buying Karas if they have brains, they should stop this... it's also stupid to claim objects like karas, tonir, shovel, or broom to be exclusive brand names, common!
7. eddy10:59 - 29 դեկտեմբերի, 2017
Such thinks happen every where in the world...The "name" of wines could cause some irritation etc... The problem is "karasi" is not form the same company ...I like both wines very much . I think "KARAS" , should remain "KARAS" and buyers should not confuse with other wines 'names" - Maybe they can settle this issue out of court room... "KARASi" is two similar with "KARAS" but i dont think "karasi:" was done with the purpose to make use of the popularity of "KARAS" maybe "ZORAH" can change the written "Karasi" a bit
8. lvon21:02 - 30 հունվարի, 2018
Օրենքով, ով առաջինը հեղինակային իրավունքի տրամադրում է, ստանում է անունը: Եթե կարասը առաջին անգամ ներկայացրեց հեղինակային իրավունքը, ապա նրանք պահում են անունը վաճառելու իրավունք: Օրինակ, եթե որեւէ մեկը ստեղծում է «hetqi.am» նոր կայք, ինչպես է արձագանքել «hetq.am» օրինակը: նույնը այստեղ.
9. Peter22:00 - 30 հունվարի, 2018
Eddy, Anna, Zareh, Armen; lets think for a second and not rage on our keyboards. If this website "hetq.am" registers its name on October 10th for example, and I register another website called "hetqa.am " (notice the extra a), on October 20th, and I suddenly start competing with "hetq.am" (which is completely normal and is happening in this case). Now, If we both have similar names, the people are not going to know who is who, and we will cause damage to each other. Now, "hetq.am" has every right to complain, because after all, they registered the name first. Same case here with the wines, because they both compete with each other and cause damage to each other, but not because of economic competition, because people who want to buy one of the wines might get confused with the name and buy the other. Now, in terms of copyright laws, its very simple, "first come first serve." Karas wines filed an application in September, and Zorah filed an application in October. Now who has the right to the name?
10. Anto09:20 - 13 փետրվարի, 2018
No Peter, you have a very uninformed view of a trademark. The validity of a trademark is not only linked to dates. It is much more complex. When you try to trademark a common word such as "Karas" there are rules: the trademarked common word must refer to an entity that has no relationship with the actual word (example Apple Computers). A producer of actual apples as fruit cannot name his company Apple. Your argument about "hetq.am" or "hetqa.am" is a naive argument. Presumably both would be websites therefore confusion. "hetq.am" cannot prevent me from opening a bookstore and call it Hetq Books. In the context of the dispute between Karas and Zorah Karasi, the word Karas is very much linked to the way of aging wine in Armenia. French wines are aged in oak barrels. Just imagine a French winery trying to trademark their wine and call it French Oak Barrel and then pretend they can prevent other wineries from saying that their wine is aged in French oak barrel! Mr Eurnekian can buy a judge's opinion in Armenia, and most probably also in Argentina, but he will fail miserably everywhere else. Karas wines are made with French grapes aged in imported oak barrels. No Armenian grapes, no Armenian aging techniques. What a disappointment. I thought Mr. Eurnekian was a good man who wants to help Armenian industry.
11. Hagop22:30 - 23 փետրվարի, 2018
Well, first things first, so here is a starting point to make in this dispute (from the English language perspective). The word 'Karas' is a noun, thus an object. The word 'Karasi' translates into 'From Karas', thus it is like a phrase, a description. (So 'From' is a 'Preposition' in English Grammar). Now if this dispute was in an English speaking country, the question now becomes, "If 'Karas' is trademarked, does "From Karas" infringe upon that trademark? That is the key question. I will explore this question in my next post, which will not necessarily be from a 'legal' perspective.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ