Հինգշաբթի, 19 ապրիլի

Անցնող տարվա 5 տնտեսական իրադարձություն՝ ամենակարևորներից



Որոշ ապրանքների կտրուկ թանկացում, արտահանման 2 մլրդ դոլարի շեմի հատում, Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրում և այլն. այս ամենը մասնագետների ու տնտեսական անցուդարձով հետաքրքրվողներից ոմանց կարծիքով այս տարի Հայաստանի տնտեսության ոլորտում ազդեցություն թողած կարևորագույն երևույթներից են։

Տարվա ավարտին մնացել է մի քանի օր և «Հետք»-ը փորձել է առանձնացնել այս տարվա տնտեսական իրադարձություններից հինգը։

Պարենային որոշ ապրանքների կտրուկ թանկացումը

Այս տարվա հունվար-նոյեմբերին, 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, սպառողական գները Հայաստանում 0.8%-ով աճել են։ Սրանք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյաներն են։

Արձանագրված 0.8% գնաճը, գուցե, ոչ մեծ ցուցանիշ թվա։ Սակայն, բնակչության համար գնաճն ավելի զգալի էր, քանի ներկայացվող ցուցանիշն է։ Պատճառն այն է, որ այս ընթացքում կտրուկ թանկացել են այն ապրանքներից, որոնք առաջնային օգտագործման են։ Առաջին հերթին խոսքը կարագի ու մսի մասին է։ Ընդհանուր առմամբ, միայն սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը հունվար-նոյեմբերին թանկացել են 3.9%-ով։

Ինչպես փաստում է վիճակագրությունը, բնակչության ծախսերի կազմում ամենամեծ բաժինը զբաղեցնում են սննդին ուղղված ծախսերը։ Միջին վիճակագրական քաղաքացին ամսական ծախսում է շուրջ 44 հազար դրամ (2016թ. տվյալներով)։ Նշված 44 հազար դրամից  42.1%-ը հատկացվում է սննդին։

Արտահանման  ծավալների 2 մլրդ ԱՄՆ դոլարի գերազանցումը

Այս տարվա հունվար-նոյեմբերի տվյալներով` ապրանքների արտահանումը Հայաստանից կազմել է 2.013 մլրդ ԱՄՆ դոլար։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների (ՀՀ ԱՎԾ)՝ 2016 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատ արտահանումն աճել է 23.5%-ով։ Վիճծառայության տվյալները վկայում են, որ սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար։

Ըստ ԱՎԾ տվյալների

Պետական պարտքի 6 մլրդ դոլարի շեմի հատումը

Այս տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը հատեց 6 մլրդ դոլարի շեմը։  2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, ըստ ԱՎԾ տվյալների, որոնք ստացվում են Ֆինանսների նախարարությունից, այն կազմել է 5.9  մլրդ դոլար։ Տարվա տասն ամիսների ընթացքում պարտքն աճել է մոտ 355 մլն դոլարով կամ մոտ 6%-ով։

Պետական պարտքի աճին զուգընթաց տարիների ընթացքում ավելանում են նաև պարտքի սպասարկմանն ուղղվող գումարները՝ տոկոսագումարները, որոնք լրացուցիչ բեռ են դառնում բյուջեի համար: Օրինակ՝ 2018 թվականի Հայաստանի պետական բյուջեով նախատեսված է պետական պարտքի սպասարկմանն ուղղել շուրջ 140 մլրդ դրամ (ավելի քան 20 մլրդ դրամով ավելին, քան 2017 թվականին)։ Դա կազմում է 2018 թվականի պետբյուջեի ծախսերի մոտ 10%-ը։ Մինչդեռ, պարտքի սպասարկմանն ուղղված գումարները, կարող էին, օրինակ, ուղղվել կենսաթոշակների ու նպաստների բարձրացմանը։ Համեմատության համար՝ բյուջեից սոցիալական նպաստներին ու կենսաթոշակներին ուղղվող ծախսերը եկող տարի չեն ավելանալու։

Եվրոպական միության հետ համաձայնագրի ստորագրումը

Այս տարվա նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Համաձայնագրի չորրորդ մասը նվիրված է տնտեսական համագործակցությանը։ Այդ հատվածում շոշափվում են արտաքին առևտրին, մաքսային ոլորտին, էներգետիկային, ներդրումներին, հարկային համակարգին, մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսության այլ ճյուղերին վերաբերող հարցեր։ Փորձագետներն առայժմ դժվարանում են հստակ գնահատականներ տալ, թե ապագայում ինչ արդյուքներ կտա այս համաձայանագիրը։

Փողի ներհոսքն ու արտահոսքը՝ տրանսֆերտների տեսքով

Արտերկրից ստացվող դրամական փոխանցումները (ավելի տարածված է ասել՝ տրանսֆերտները) այս տարի աճել են։ Նախորդող երեք տարիներին՝ 2014-2016թթ. տրանսֆերտները շարունակաբար նվազել են։ Անկումը կտրուկ էր հատկապես 2015 թվականին։

Այս տարվա հունվար-հոկտեմբերին հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից Հայաստան փոխանցումները կազմել են շուրջ 1.398 մլրդ ԱՄՆ դոլար։ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 200 մլն դոլարով կամ 16.7%-ով։  Աճը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանից կատարվող փոխանցումների աճով։

Միևնույն ժամանակ, աճել է նաև փողի արտահոսքը` բանկերի միջոցով Հայաստանից արտերկիր կատարվող դրամական փոխանցումները։ Հունվար-հոկտեմբերին Հայաստանից արտերկիր է փոխանցվել ավելի քան  814 մլն դոլար, որը 2016թ.-ի նույն ամիսների համեմատ ավելացել է 27%-ով։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ