Երկուշաբթի, 23 ապրիլի

Հայաստան-ԵԱՏՄ. 25 մլն դոլարի լուսավորման սարքավորումնե՞ր ենք արտահանել



Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ամեն ամիս հրապարակում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները, այդ թվում՝ միության ներսում կատարվող առևտրի պատկերը։ Մանրամասն ներկայացվում է նաև, թե ինչ ապրանքներ են շրջանառել միության անդամ երկրները միմյանց միջև։ Վերջին տվյալներն այս տարվա հունվար-հոկտեմբերինն են։  Հայաստանի մասով փորձեցինք պարզել, թե մեծամասամբ ինչ ապրանքներ է արտահանվել ԵԱՏՄ, մասնավորապես՝ դեպի Ռուսաստան և ինչի հաշվին է աճ գրանցվել։ 

Ցանկում տեղ գտած ապրանքախմբերը սպասելի էին, բացի մեկից։ Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Հայաստանն այս տարի 25 մլն դոլար մաքսային արժեքով լուսավորման սարքավորումներ է արտահանել Ռուսաստան։ Սա զարմանալի ցուցանիշ է, քանի որ ուսումնասիրելով և´ Հանձնաժողովի, և´ Հայաստանի մաքսային ծառայության տվյալները՝ տեսնում ենք, որ վերջին` առնվազն հինգ տարիներին (2012-2016թթ.) Հայաստանից լուսավորման սարքավորումներ կա´մ չեն արտահանվել, կա´մ արտահանվել են չնչին ծավալով՝ ընդամենը մի քանի հազար դոլարի։ Մինչ այս ցուցանիշներին և ապրանքախմբերին անցնելը, տեսնենք, թե ինչպիսի պատկեր է գրանցել ԵԱՏՄ ներսում կատարվող առևտուրն այս տարի։ 

ԵԱՏՄ առևտրում Հայաստանի կշիռն ամենափոքրն է 

Այս տարվա հունվար-հոկտեմբերին Եվրասիական տնտեսական միության ներսում հինգ երկրների միջև ապրանքների առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 43.9 մլրդ ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալներից։ Ցուցանիշը հաշվարկում է միության անդամ երկրների արտահանման ծավալների հիման վրա։ 2016 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ նշված ցուցանիշն աճել է 26.7%-ով։   

Ներկայացված ընդհանուր 43.9 մլրդ դոլարի կազմում Հայաստանի արտահանման կշիռն ամենափոքրն է։ Այն կազմել է 438.5 մլն դոլար։ Այսինքն՝ ԵԱՏՄ ընդհանուր առևտրի 1%-ը։ 

Փոքր է նաև Ղրղզստանի կշիռը (տե՛ս առաջին ինֆոգրաֆիկան): Ղազախստանն ու Բելառուսը համեմատաբար ավելի մեծ մասնաբաժիններ են գրավել։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ԵԱՏՄ առևտրի կազմում ամենամեծ ծավալը զբաղեցրել է Ռուսաստանը, որի արտահանման ծավալը դեպի մյուս չորս երկրներ զբաղեցրել է ԵԱՏՄ  ընդհանուր առևտրի 62.8%-ը։ 

Բացի արտահանումը, Հանձնաժողովը հաշվարկում է նաև երկրների մասնաբաժիններն առևտում ըստ ներմուծման ծավալների։ Այստեղ արդեն պատկերն այլ է։ Ներմուծման ծավալներով ամենամեծ կշիռն ունի Բելառուսը։ Իսկ Հայաստանի կշիռը 2.4%  է։

Միության ներսում Հայաստանի առևտուրը կենտրոնացված է Ռուսաստանի շուրջ

Չնայած Հայաստանը գրեթե երեք տարի է՝  ԵԱՏՄ անդամ է, սակայն ակտիվ առևտուր է անում միայն Ռուսաստանի հետ։ 

Ինչպես նշեցինք վերևում, այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԵԱՏՄ չորս երկիր է արտահանվել 438.5 մլն դոլարի ապրանք։  Նշվածից  97.6%-ը դեպի Ռուսաստան արտահանումն է։ 

Ընդհանուր առմամբ, Հայաստանից ԵԱՏՄ  երկրներ արտահանումն, ըստ Հանձնաժողովի տվյալների, 2016 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 39.3%-ով, իսկ մասնավորապես դեպի Ռուսաստան արտահանումը՝ 43%-ով։ 

Նույն ընթացքում դեպի Բելառուս արտահանումը նվազել է գրեթե կիսով չափ, իսկ դեպի Ղազախստան՝ 9.9%-ով։ Իսկ դեպի Ղրղզստան արտահանումն աճել է 2.2 անգամով։ Մեծ թվացող աճը պայմանավորված է արտահանման փոքր ծավալներով. այդքան աճելով՝ Հայաստանից Ղրղզստան արտահանումը կազմել է ընդամենը 1.2 մլն դոլար։ 

Համեմատության համար նշենք, որ Բելառուսի և Ղազախստանի՝ դեպի ԵԱՏՄ արտահանման կազմում ևս հիմնական շուկան Ռուսաստանն է։ Իսկ Ղրղզստանից արտահանումը հիմնականում ուղղված է Ղազախստան ու Բելառուս։  Ռուսաստանի արտահանման կազմում էլ մեծ է Բելառուսի ու Ղազախստանի կշիռը։   

Ինչքան և ինչ ենք արտահանել ԵԱՏՄ՝ ըստ Հանձնաժողովի տվյալների 

Հայաստանից ԵԱՏՄ ապրանքների արտահանման կազմում առաջատարը կոնյակն է։ Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ այս տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանից ԵԱՏՄ է արտահանվել 153 մլն դոլարի թունդ ալկոհոլային խմիչքներ՝ մոտ 11.4 մլն լիտր։ Ապրանքային անվանման կոդից պարզ է դառնում, որ այստեղ խոսքը գլխավորապես (եթե ոչ բացառապես) կոնյակի մասին է։ Այն առաքվել է հիմնականում Ռուսաստան։ 2016 թվականի առաջին տասն ամիսների համեմատ կոնյակի արտահանումն աճել է 44.8%-ով։ Այսինքն՝ կոնյակն էական նշանակություն է ունեցել Հայաստանից Ռուսաստան և ընդհանուր՝ ԵԱՏՄ արտահանման աճի վրա։ 

Նշենք, որ Հայաստանի մաքսային ծառայությունն այս տվյալները, ինչպես սպասվում է, կհրապարակի եկող տարվա սկզբին՝ տարեկան կտրվածքով։ 

Արտահանման  ծավալներով, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքի, երկրորդ տեղում գտնվող ապրանքախումը լուսավորման սարքավորումներն է։ Հայաստանի մաքսային միության հրապարակած ցանկերում այդ ապրանքախմբի կոդի ներքո նշված է՝ լուսավորման ջահ, լամպ, լուսարձակ, մասեր։ Ըստ Հանձնաժողովի՝ այս տարվա առաջին տասն ամիսներին Հայաստանից 25 մլն դոլարի լուսավորման սարքավորումներ է արտահանվել ԵԱՏՄ, մասնավորապես՝ Ռուսաստան։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում չի արտահանվել։ Մաքսային միության տվյալներով ևս նախորդ առնվազն հինգ տարիներին արտահանվել է չնչին քանակությամբ։ Իրականում, այս ապրանքախմբի վրա չէինք կենտրոնանա, եթե խոսքը մեծ ծավալի մասին չլիներ։ Համեմատության համար նշենք, որ նույն ընթացքում ձկան ու լոլիկի արտահանումը, որոնք Հայաստանից Ռուսաստան արտահանված ամենից մեծ ծավալ ունեցող ապրանքների շարքում են, միասին 25 մլն դոլար չի կազմում։ 

Բացի այդ, եթե դիտարկում ենք այս ապրանքախումբն ըստ քանակի, ապա արտահանված լուսավորման սարքավորումների քանակը կազմել է 142 տոննա, ինչը տրամաբանորեն փոքր քանակ է  25 մլն դոլարի հասնելու համար։  Մյուս խնդիրն էլ այն է, որ եթե այս 25 մլն դոլարն իրականությանը չի համապատասխանում, ապա կստացվի, որ Հայաստանից ԵԱՏՄ, և մասնավորապես ՌԴ արտահանումը չի աճել այնքանով, որքան ներկայացված է Հանձնաժողովի տվյալներում։ Այս հարցի վերաբերյալ հարցում ենք ուղարկել Պետական եկամուտների կոմիտե, որի պատասխանն ամենայն հավանականությամբ կստանանք և կհրապարակենք ամանորյա տոներից հետո։ 

Անցնենք առաջ։ Հայաստանից ԵԱՏՄ արտահանման շարքում երրորդ տեղում ձուկն է (թարմ կամ պաղեցված)։ Հունվար-հոկտեմբերին Ռուսաստան է արտահանվել 13.3 մլն դոլարի ձուկ, աճը՝ 83.9%: ԵԱՏՄ մյուս երկրներ ձուկ չի արտահանվել Հայաստանից։ 

Չորրորդ տեղում լոլիկն է՝ 10.4 մլն դոլար։ Արտահանվել է Ռուսաստան։ Անկումը՝ 48.2%: Այն ևս առաքվել է միայն Ռուսաստան։ 

Հինգերորդ տեղում պանիրն է (պանիր և կաթնաշոռ)՝ 9.7 մլն դոլար։ Արտահանվել է Ռուսաստան։ Անկումը՝ 14.9%։ 

Բացի նշվածները, դեպի Ռուսաստան արտահանման կազմում մեծ տեղի ունի նաև հագուստը։ Համեմատաբար զգալի է նաև գինու, ծաղիկների և այլ ապրանքների ծավալը։ 

Ինչպես նկատեցիք, այս տարի նվազել են պանրի ու լոլիկի արտահանման ծավալները։ Սրանք այն երկու կասկածելի ապրանքախմբերն են, որոնց մասին ավելի վաղ գրել ենք։ 

Իսկ դեպի Բելառուս Հայասատանն այս ընթացքում արտահանել է մեծամասամբ կոնյակ (մոտ 3 մլն դոլարի)։  Դեպի Ղազախստան արտահանման կազմում ևս կոնյակն է գերակշռել(մոտ 1.9 մլն դոլար)։ 

Ղրղզստան արտահանել ենք քիչ ծավալով բանջարեղեն, ծխախոտ, դեղամիջոցներ և այլն։

Լուսանկարը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ