Կիրակի, 22 ապրիլի

Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են. զոհերի թիվը գերազանցել է 20-ը



Անցած գիշեր Իրանի տարբեր քաղաքներում շարունակվող բողոքի ցույցերին քաղաքացիների և ուժայինների բախումների հետևանքով զոհվել է ևս 9 մարդ: Այսինքն՝ դեկտեմբերի 28-ից սկսած ցույցերի ընթացքում զոհվածների թիվը գերազանցել է 20-ը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստաընկերությանը:

Նրանցից 6-ը զոհվել են Սպահանի նահանգի Քահդարիջան քաղաքի ոստիկանական բաժանմունքը գրոհելու ժամանակ, որտեղ նրանք ցանկանում էին զինամթերքի տիրանալ: Խոմեինիշեհր քաղաքում զոհվել է 11-ամյա աղջիկ, իսկ Նաջաֆաբադ քաղաքում՝ Իսլամական հեղափոխության պահակախմբի զինծառայող:

Ավելի վաղ միջազգային տարբեր ԶԼՄ-ներ, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հաղորդում էին 12 զոհի մասին: Կան հարյուրյավոր ձերբակալվածներ: Միայն մայրաքաղաք Թեհրանում ձերբակալվածների թիվը գերազանցում է 450-ը:

Արդեն 6 օր շարունակվող բողոքի ցույցերը սկսվել էին Իրանում մեծությամբ երկրորդը համարվող Մաշհադ քաղաքում և հետո տարածվել երկրի այլ քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Թեհրանում: Քաղաքացիները փողոց էին դուրս եկել իրենց բողոքն արտահայտելու թանկացումների դեմ, սակայն հետո ցուցարարները սկսել են հակաիշխանական կոչեր հնչեցնել՝ դատապարտելով նախագահ Հասան Ռոուհանիի վարած տնտեսական քաղաքականությունը: 

Բողոքի ցույցերի մասնակիցները դժգոհում են նաև, որ երկրի իշխանությունները ներքին խնդիրները ստորադասում են արտաքին խնդիրներից: Ռոուհանին կոչ է արել քաղաքացիներին՝ պահպանել հանգստություն և չգնալ ուժայինների հետ բախումների:

Իրանի ազգային ավտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել է, որ ցույցերի հրահրման հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան: Ալի Շահմանիի խոսքերով՝ հենց նշված պետություններն են  ղեկավարում սոցիալական ցանցերի այն էջերը, որոնք ազդեցություն են գործում ցույցերի անցկացման վրա:

Ավելի վաղ իշխանությունները երկրի տարածքում արգելափակել էին «Ինստագրամ» սոցիալական ցանցը և Իրանում մեծ մասսակայանություն վայելող «Տելեգրամ» մեսինջերը: Իշխանությունները այս քայլը պատճառաբանել էին՝ «հասարակության հանգստությունը և ավտանգությունը ապահովելու» նպատակով:

ԱՄՆ-ն ցույցերի սկսվելու առաջին իսկ օրվանից իր բացահայատ աջակցությունն է հայտնել ցուցարարներին: Նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ի իր էջում պարբերաբար գրառումներ է կատարում՝ դատապարտելով Իրանի իշխանությունների կիրառած բռնությունը և ողջունելով քաղաքացիների գործողությունները:

Իրանում ստեղծված իրավիճակին արձագանքնել է նաև Մոսկվան: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իրանում ծավալվող իրադարձությունները Իրանի ներքին գործերն են՝ միևնույն ժամանակ անընդունելի համարելով արտաքին միջամտությունները երկրի ներքին գործերին:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Թեհրանին ապահովել քաղաքացիների՝ «խաղաղ ցույցեր անցկացնելու և կարծիք արտահայտելու իրավունքը»: 

լուսանկարը՝ AP Photo


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ