
Ցույցեր և անկարգություններ Իրանում. իշխանությունները արգելափակել են «Տելեգրամն» ու «Ինստագրամը»
Իրանի իշխանությունները որոշել են երկրի տարածքում արգելափակել «Տելեգրամ» մեսինջերի և «Ինստագրամ» սոցիալական ցանցի հասանելիությունը: Պատճառը արդեն 5 օր շարունակվող հակաիշխանական բողոքի ցույցերն են:
Իրանի պետական հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ իշխանությունները այս որոշումը ժամանակավոր են ընդունել՝ անհրաժեշտ համարելով «ապահովել հասարակության հանգստությունը և անվտանգությունը»:
«Տելեգրամը» շատ տարածված է Իրանում: Մեսինջերից օգտվում է 80 միլիոն բնակչություն ունեցող պետության գրեթե կեսը: Գործնականում Իրանի լրատվադաշտը գտնվում է իշխանությունների խիստ վերահսկողության ներքո, այդ պատճառով ցուցարարները փորձում են ակտիվորեն կիրառել մեսինջերներն ու սոցիալական ցանցերը՝ ինֆորմացիայի փոխանակման և նախատեսվելիք ցույցերի իրազեկման համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բողոքի ցույցերը սկսվել էին դեկտեմբերի 28-ին երկրի հյուսիս-արևելքում գտնվող, մեծությամբ երկրորդ Մաշհադ քաղաքում: Քաղաքացիները փողոց էին դուրս եկել՝ իրենց բողոքը արտահայտելու թանկացումների դեմ, սակայն որոշ ժամանակ անց պահանջները փոխվել են: Ցուցարարները սկսել են հակաիշխանական կոչեր հնչեցնել, պահանջել քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Դեկտեմբերի 29-ին բողոքի ցույցերը տարածվեցին նաև Իրանի ևս 6 քաղաքներում: Խորամաբադ, Զանջան և Ահվազ քաղաքներում ցուցարարները նույնսիկ պահանջում էին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեի մահը: Բազմահազարանոց բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև մայրաքաղաք Թեհրանում:
Բողոքի ցույցերը ուղեկցվում են անկարգություններով և իրավապահ մարմինների հետ բախումներով: Դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ Դորուդ քաղաքում երկու քաղաքացիների մահվան մասին: Իշխանությունները պնդում են, որ իրենք կրակ չեն բացել ցուցարարների ուղղությամբ և քաղաքացիների մահվան համար մեղադրում են շիա ծայրահեղականներին և օտարերկրյա գործակալներին: Հաղորդվում է նաև, որ կան հարյուրյավոր ձերբակալվածներ:
Ցուցարարները դժգոհում են , որ Իրանի իշխանությունները ավելի շատ ուշադրություն են դարձնում արտաքին խնդիրներին, քան ներքին: Մաշհադում ցույցերի ժամանակ քաղաքացիները վանկարկում էին՝ «ո՛չ Գազա, ո՛չ Լիբանան, իմ կյանքը Իրանն է»՝ կոչ անելով իշխանություններին ուշադրությունը սևեռել ներքին խնդիրներին:
Իրանի իշխանությունների ցույցերի համար մեղադրում են իրենց հակառակորդներին և «դրսի ուժերին»: Իրանի պետական հեռուստաընկերության եթերում էլ հնչել էր, որ ցույցերի հետևում կանգնած են ամերիկյան, բրիտանական և սաուդական տարրերը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ցույցերին մասնակցելը քաղաքացիների սահմանադրական իրավունքն է:
«Ցույցերը և քննադատությունը մարդկանց սահմանադրական իրավունքներն են: Քննադատությունը տարբերվում է բռնությունից, ինչը վնաս է հասցնում պետական սեփականությանը»,- Ռոուհանիի խոսքերն է մեջբերում Press TV-ն:
2009 թվականից ի վեր այս բողոքի ցույցերը ամենամասշտաբայինն են Իրանում: 8 տարի առաջ ցուցարարները փողոց էին դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելու նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեջադի վիճահարույց հաղթանակի դեմ:
Լրացված, 18:30. Իրանի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ հակաիշխանական ցույցերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 10-ի, սակայն տեղի լրատվամիջոցները չեն նշում, թե երբ և որտեղ են մահացել այդ մարդիկ:
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել