HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱՊՊԱ գործակալները դժգոհ են Բագրատաշենի մաքսատանը գործող ընկերության մենաշնորհային դիրքից

2017-ի մարտի 16-ին կառավարությունը որոշեց, որ ապահովագրական գործակալություններն այսուհետ կգործեն ոչ միայն մաքսային կետերին հարող տարածքում, այլև դրանց տարածքում։

Որոշման նախագծի քննարկմանը վարչապետ Կարեն Կարապետյանը  պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Միրումյանին հանձնարարեց՝ մաքսիմալ ուշադիր լինել, թափանցիկ գործել՝ հաճախորդին` ապահովագրական գործընթացը կազմակերպելու համար այլընտրանք տրամադրելով։

Այդ ժամանակ որոշմանն առաջինն արձագանքեցին Բագրատաշենի մաքսային կետին հարող տարածքում գործող ԱՊՊԱ ընկերություններն ու գործակալները: «Հետք»-ին երեկ դիմել է ԱՊՊԱ գործակալ Արթուր Ամիրաղյանը՝ խնդրելով անդրադառնալ կառավարության ընդունած որոշման նախագծի շարունակությանը: Արթուրի փոխանցմամբ՝ հունվարի 1-ից մաքսատան տարածքում մենաշնորհային կարգով ապահովագրական գործունեություն է սկսել ծավալել «Թոփ-Սփին» ընկերությունը:

Ասում է՝ որոշումն ընդունվելուց առաջ էլ այս նույն ընկերությունը մաքսատան տարածքում կրկին գործունեություն է ծավալել: Այդ ժամանակ գործակալները բողոքի ակցիաներ են իրականացրել, վարչապետը Նոյեմբերյան կատարած այցի ժամանակ գործակալներին խոստացել է, որ կլինի օբյեկտիվ, այլընտրանքային տարբերակ, դրանից հետո «Թոփ-Սփին»-ը դուրս է բերվել մաքստան տարածքից, սակայն պարզվում է՝ այն ժամանակավոր էր:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Թոփ-Սփին» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին, պատկանում է Վանաձորում գրանցված Լուսինե Արսենյանին: Ընկերությունը գրանցված է հենց Արսենյանի բնակության հասցեում: 2017-ի հոկտեմբերի տվյալներով՝ «Թոփ-Սփին»-ը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական գործակալության գործակալներից է: 

Արթուրն արդեն վեց տարի է` այդ տարածքում ԱՊՊԱ գործակալ է աշխատում և վստահ է, որ այդ ընկերության մենաշնորհային դիրքը վնասելու է տարածքում աշխատող ավելի քան 40 աշխատակցի:

Այդ ընկերության աշխատանքը նախատոնական այս օրերին իրենց դեռևս չափելի թվերով վնաս չի հասցրել, սակայն գործակալը համոզված է՝ մեկ ամսից կմնան առանց աշխատանքի:

Նրա փոխանցմամբ՝ հաճախորդը, երբ մտնում է մաքսակետ, անցակետը անցնում է և եթե մաքսային ծառայության հետ աշխատանք չունի, դուրս է գալիս տարածքից՝ ապահովագրության գործարք անելու, իսկ այս պարագայում նրանք իրենց փաստաթղթավորումները կկատարեն միանգամից մաքսատան ներսում։ «Իրենք ապահովագրական կետը դրել են ձևակերպման սենյակի կողքին: Հիմա հաճախորդներին ներգրավվելը կամ վարչական ռեսուրս կիրառելը այսօր նրանցից սպասելի է»,-ասում է Արթուրը:

Գործակալներին նաև փոխանցել են «Թոփ-Սփին» ընկերության հետ կնքած վարձակալության պայմանագիրը: Արթուրի փոխանցմամբ իրենք azdarar.am-ում և պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքում մշտապես հետևել են հրապարակված աճուրդներին, սակայն չեն գտել այդ մասին որեւէ տեղեկատվություն։ Նրանց նաեւ չեն տեղեկացրել այդ աճուրդի մասին, չնայած խոստացել էին: Գործակալը նաև դժգոհում է, որ եթե իրենք նախկինում 150 000 դրամով դատարկ հող են վարձակալել, տնակով հողերը՝ 200 000 դրամով, այս ընկերությանը մենաշնորհային ձևով, 25 000 դրամով նորակառույց շինություն է տրվել։

«Ընկերությանը տարածքը տրվել է գործունեություն ծավալելու նպատակով: Այսինքն՝ գրված չի ապահովագրություն»,- նշեց Արթուրը:

Գործակալները մարտ ամսին գրությամբ դիմել են ՊԵԿ, որտեղից հայտնել են, որ Բագրատաշենի մաքսատան զբաղեցրած տարածքն առայժմ պետական գրանցում չունի, այդ իսկ պատճառով տարածքի վարձակալության տրամադրման հարցի քննարկմանն անդրադառնալ կկարողանան անշարժ գույքի պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո:

Արթուրը դիմել է նաև պետական գույքի կառավարման վարչություն՝ հետաքրքրվելով, թե մաքսատան տարածքի ներսում տրամադրվող այդ կետերը ինչ պայմանով են տրամադրվելու կամ արդյոք նախնական հաստատված են վարձակալությամբ տրամադրվող տարածքները, և երբ, ինչպես գործակալները կկարողանան դիմել՝ դրանք վարձակալելու համար: Արթուրի խոսքով՝ կրկին նույն պատասխանն են ստացել:

Հունվարի 8-ին մաքստանը հարող տարածքի ԱՊՊԱ գործակալները հանդիպելու են մաքսակետի պետի հետ, քննարկեն իրավիճակը՝ որոշելով հետագայում իրենց անելիքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter