HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պետական որևէ կառույց չի կարողանում պարզել, թե փրփրանման զանգվածը որտեղից է լցվում Հրազդան գետ

Արդեն 8 ամիս է՝ պետական որևէ կառույց չի կարողանում պարզել, թե փրփրանման զանգվածը որտեղից է լցվում Հրազդան գետ:

Երեկ առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի տարածքում՝ «Ղռերի փոս» կոչվող հատվածում, Վահե Ավետիսյանը կրկին տեսագրել է Հրազդան գետ լցված փրփրանման զանգված։

Հիշեցնենք, որ դեռևս մայիսից Վահե Ավետիսյանն ու «Հետք»-ն ահազանգել են, որ Հրազդան գետի այդ տարածքում մշտապես փրփրանման զանգված է երևում:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում նշեց Վահեն՝ փրփրանման զանգվածը նկարահանել է երեկ առավոտյան։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարկված տեսանյութից հետո բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի բաժնի աշխատակիցները կապվել են Վահեի հետ, առավել ուշ` նրա հետ գնացել տարածք, նմուշառել ջուրը, արձանագրություն կազմել։ Բնապահպանության և ընդերքի տեսչության մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը տեղեկացրեց, որ հստակ չի կարող նշել, թե նմուշառված ջրի փորձաքննության արդյունքները երբ պարզ կլինեն. կախված է, թե նախնական ուսումնասիրություններով ինչ խնդրի կառնչվեն:

Վահեն Շենգավիթ վարչական շրջանի այդ տարածքում է բնակվում։ Ասում է՝ պարբերաբար՝ 2-3 օրը մեկ, գետում նման զանգված է նկատում. «Փրփրաշերտ է, ահավոր սպեցիֆիկ հոտով»։ Նրա խոսքով՝ մայիսից ոչինչ չի փոխվել, ընդամենն այդ ժամանակ մի շաբաթով արտանետումները գետում դադարել են։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից՝ հարցին, թե մայիսից հետո ինչ աշխատանքներ են արվել փրփրանման զանգվածի հոսքը դեպի գետ կանխելու նպատակով, տեղեկացրին, որ իրենց գործունեությունը սկսվել է 2017թ օգոստոսի 20-ին, և իրենք իրավահաջորդ չեն հանդիսանում նախկին բնապահպանական պետական տեսչության, ուստի մինչ այդ կատարած աշխատանքների մասին ամբողջական տեղեկատվության չեն տիրապետում։

Նախորդ հրապարակումից հետո բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական տվեց գետի այդ տարածքի ողջ երկայնքով ստուգումներ իրականացնել՝ պարզելու համար, թե որտեղից են թափվում փրփրաջրերը։ Այդ ժամանակ ևս բնապահպանության նախարարությունը նմուշառել էր ջուրը և փորձաքննել .«Փորձաքննությունը պարզել է, որ ջրի բաղադրությունում առանձնապես փոփոխություն չկա։ Բայց եղել են հեղուկներ՝ ավտոլվացման կետերից, զվարճանքի վայրերից։ Դրանց փրփուրներն է եղել»,- ասել էր բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սուքիասյանը։ Այս հայտարարությունից հետո կարծես ոչինչ չի փոխվել, նույն զանգվածը լցվում է գետ և ենթադրաբար՝ փոփոխում ջրի բաղադրությունը:

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն այսօր տեղեկացրեց, որ մայիսին հստակ չեն կարողացել գտնել, թե հոսքը դեպի գետ որտեղից է եղել և դիմել են ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ինչպես «Հետք»-ին հայտնեցին ոստիկանությունից՝ 2017 թ. մայիսի 18-ին բնապահպանական պետական տեսչության Երևան քաղաքի տարածքային բաժնից ոստիկանության Շենգավիթի բաժին գրություն է ստացվել: Հայտնել են, որ ինտերնետային կայքում տեսանյութ է տեղադրվել, ինչից երևում է, որ Հրազդան գետի «Ղռերի փոս» կոչվող հատվածում գետը պատված է փրփուրով: Նախարարությունը ոստիկանությանը տեղեկացրել է՝ հետազոտության արդյունքում պարզվել է, որ նմուշառված ջրում առկա են որակական փոփոխություններ (լվացող նյութեր), այնինչ մեզ փոխանցել էին, որ փորձաքննությունը պարզել է, թե ջրի բաղադրությունում առանձնապես փոփոխություն չկա:

Նախարարությունն իրավապահ մարմնին խնդրել է ձեռնարկել համապատասխան միջոցներ` իրավախախտին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանությունն այցելել է Մադոյան 9/1, Մադոյան 9 հասցեներում և Օդեսայի փողոցում գտնվող գործարաններ, որտեղ կատարված ուսումնասիրություններով, ինչպես և տնօրենների հետ անցկացված հարցազրույցներից, պարզել է, որ ջրահեռացման համակարգերը կապ չունեն Հրազդան գետի հետ, և իրենք որևէ լվացող նյութ չեն օգտագործում: Միաժամանակ պրոֆիլակտիկ բնույթի հարցազրույցներ են անցկացվել շրջակա տարածքի բնակչության հետ և հորդորվել է զերծ մնալ իրավախախտումներ թույլ տալուց: Կատարված աշխատանքների մասին գրավոր հայտնվել է բնապահպանական պետական տեսչության Երևան քաղաքի տարածքային բաժին:

Դիտարկմանը, թե ոստիկանության այս հաղորդագրությունից հետո, արդոք բնապահպանության նախարարությունը հետագայում որևէ քայլ ձեռնարկել է՝ պարզելու, թե ի վերջո որտեղից է գետում նման զանգված հայտնվում և փոխում ջրի որակական բաղադրությունը, բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը նշեց, որ նախարարությունն իր լիազորությունների սահմանում, սահմանված ընթացակարգով լիարժեքորեն կատարել է իր գործառույթները. «Մենք մեր գործառույթների շրջանակներում չենք հայտնաբերել աղբյուր, դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի հետաքննություն իրականացնեն: Եթե հետաքննության արդյունքում չեն հայտնաբերել, մենք ավել... մեր գործառույթներն արդեն սպառվել են: Ավել ի՞նչ պետք է անեինք»,- նշեց Ա. Վարդանյանը: 

Լուսանկարը` Վահե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter