HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը ձեռնպահ է մնում դժբախտ պատահարի մասին տեղեկություն փոխանցելուց

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը ձեռնպահ է մնում մարտի 2-ին ստորգետնյա հանքում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին տեղեկություն փոխանցելուց։

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի և սոցիալական քաղաքականության բաժնից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են. «Պատահարի պատճառների և հանգամանքների բացահայտման ուղղությամբ աշխատանքները ներկայում շարունակվում են, և մինչև բոլոր հանգամանքները պարզվելը մենք ձեռնպահ ենք մնում որևէ տվյալի հրապարակումից»։

Վերջին հինգ տարվա ընթացքում կոմբինատում գրանցված, մահացու ելքով երկրորդ դժբախտ դեպքն է։ Նախորդ դեպքը, ընկերության փոխանցմամբ, եղել է 2014-ին։

Ընկերությունից նաև չեն պարզաբանել, թե անվտանգության կանոնների ինչ խախտումներ են եղել, և արդյոք այդ խախտումների համար որևէ աշխատակից պատասխանատվության ենթարկվել է, թե` ոչ։

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 2-ին՝ ժամը 02:12-ին, ԱԻՆ-ը տեղեկություն էր ստացել, որ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ի ստորգետնյա հանքում տուժել են հանքի աշխատակիցները։ Փրկարարները «Շահումյանի» հանքախորշում անգիտակից վիճակում հայտնաբերել էին ապարաբարձիչ մեքենայի վարորդ, 24-ամյա Արթուր Մարտիրոսյանին, ով հետագայում պարզվել է` մահացած է։ Եղել է նաև երկու տուժած՝ հանքի բեռնատարի վարորդ Պողոս Ալեքսանյանը և լեռնային վարպետ Կարո Կարապետյանը։ Նրանց մոտ ախտորոշվել էր էկզոգեն թունավորում։ Նրանք տեղափոխվել էին Կապանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որից մեկուկես օր անց դուրս էին գրվել։

Հավելենք՝ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտման հետևանքով Արթուր Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ։ 

Մեղադրանքի հաստատման դեպքում օրենքով սահմանվում է ազատազրկում՝ առավելագույնը տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter