ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Արմանիսի ոսկու չգործող հանքի սեփականատերերը հետաքրքրված են նոր տարածքներով



Լոռու մարզի Ստեփանավանի հանքային շրջանի Դեղին և Սև գետերի ավազանի հանքերևակումների սահմաններում «Սագամար» ՓԲԸ-ն ուզում է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել երեք տարվա ընթացքում` 2018-2020թթ.: Նպատակը ոսկի և բազմամետաղներ հայտնաբերելն է, պաշարների գնահատումն ու հանքանյութի հատկությունների գնահատումը: 

Երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման տարածքը գտնվում է Արմանիսի ոսկի բազմամետաղային հանքավայրի հարավ և հարավ-արևմտյան տարածքում` ընդգրկելով Ստեփանավանի հանքային շրջանի Դեղին և Սև գետերի աջափնյա և ձախափնյա վտակների լանջերը և դրանց ջրհավաք ավազանների տարածքները: Դեղին և Սև գետերի ավազանը գտնվում է Ստեփանավան քաղաքից 12 կմ, իսկ Արմանիս գյուղից` 10 կմ դեպի հարավ-արևմուտք: Աշխատանքների տարածքը զբաղեցնելու է 29.8 կմ2 մակերես: 

Ուսումնասիրության տարածքն ընդգրկում է Լոռու մարզի 4 համայնքների հողատարածքներ` Ստեփանավան համայնքից՝ 6 ք/կմ, Գյուլագարակ համայնքից (Պուշկինո բնակավայրի)` 19,5 ք/կմ, Սարահարթ համայնքից` 2,6 ք/կմ և Շենավան համայնքից` 1,8 ք/կմ:

Տարածաշրջանում գործում է Գյուլագարակի սոճու պետական արգելավայրը, որը զբաղեցնում է 2576 հա տարածք: Գտնվում է Լոռու գոգավորությունը եզրավորող Բազումի լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջերին: Եզակի սոճու անտառներ կան այնտեղ, որոնք ենթակա են պահպանության: Համաձայն նախագծի՝ նշված արգելավայրը երկրաբանահետախուզական տեղանքից գտնվում է ավելի քան 5 կմ հեռավորության վրա, և երկրաբանական ուսումնասիրությունները կամ հանքարդյունահանման գործունեությունը չեն կարող որևէ ազդեցություն ունենալ արգելավայրի վրա:

«Սագամար» ՓԲԸ-ն, հիշեցնենք, շահագործում էր Արմանիսի ոսկու հանքավայրը և մինչև 2049 թվականն ընդերքօգտագործման իրավունք ունի, սակայն արդյունահանման աշխատանքները 2015 թվականից դադարեցված են: Աշխատակիցներին չէր վճարվում նաև աշխատավարձերը: Նրանք հարկադիր պարապուրդում էին: Այս ընկերության գործունեության հետևանքով բնապահպանական ահազանգեր են հնչել, որ հանքարդյունահանման հետևանքով աղտոտվում է Ձորագետը, հանքի թափոնները հայտնվել են Արմանիսի դպրոցի բակում

«Սագամար» ՓԲԸ-ի սեփականատեր հանդես եկող «Գլոբալ Մեթալզ» ՍՊԸ-ից փորձեցինք մանրամասներ ճշտել նոր ուսումնասիրությունների վերաբերյալ: Մամուլի պատասխանատու ընկերությունը չունի: Տնօրենը տեղում չէր: Տնօրենի օգնական Շուշանիկը հաստատեց, որ հանքն այս պահին չի գործում, և իրենք իսկապես երկրաբանական հետախուզության հայտ են ներկայացրել, սակայն մանրամասներ, թե ինչ է ենթադրում հայտը, ինչով է պայմանավորված չգործող հանքավայրի հարակից տարածքում նոր ուսումնասիրությունների հետաքրքրությունը, Շուշանիկը չցանկացավ պատասխանել: «Ես չեմ կարծում, որ ինքը (տնօրենը) ցանկանա լրագրողների հարցերին պատասխանել»,- ասաց Շուշանիկը՝ մեր հարցադրման ի պատասխան, թե երբ է տնօրենը լինելու քաղաքում, որպեսզի զրուցենք նրա հետ:  

Արմանիսի հանքավայրը շահագործող ընկերության սեփականատերերը հայտնի չեն հանրությանը: Մամուլում հրապարակումներ եղան, որ ռուսական «Պոլիմետալ»-ը ձեռք է բերել այն: Օրերս էլ «Պոլիմետալ»-ը հայտարարություն տարածեց, որ մտադիր է Լոռու և Տավուշի մարզերում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել: Սակայն տնօրենի օգնական Շուշանիկն այսօր այս լուրը հերքեց. «Մենք «Պոլիմետալ»-ի հետ կապ չունենք»,- ասաց նա: 

«Սագամար» ՓԲԸ-ի բաժնետեր «Գլոբալ Մեթալզ» ՍՊԸ-ի արմատները խորը օֆշորներում են «թաղված»: Ինքը՝ 2008 թվականին հիմնադրված «Գլոբալ Մեթալզ» ՍՊԸ-ն, գրանցված է կիպրոսյան օֆշորում:

Համաձայն Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրից ստացած փաստաթղթի՝ խոշոր՝ 98% բաժնետերը, Իռլանդական ծովում գտնվող Մեն կղզում գրանցված ընկերությունն է՝ Eulachon Limited: 2 % մասնաբաժինն էլ տնօրինում է մեկ այլ օֆշորում՝ Բելիզում գրանցված KPG Holding Limited ընկերությունը: 

Մարտի 19-ին՝ ժամը 12:00-ին, Ստեփանավանի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան «Սագամար» ընկերության ներկայացրած հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Սերոժ Ղարաքեշիշյան22:10 - 6 մարտի, 2018
Էս ընչեր են կատարվում էս անգլուխ երկրում: Էդ մարդկանց փոխանակ բռնեն, դատի տան որ արմանեսի կեղտն ու թույնը վերացնեն, հողը դզեն ու իրանց վնասները քաշեն, դրա տեղակ հմի ավելի շատ տարածքն են ուզում իրանց տան որ ընդեղ էլ հրամեն: Հրեն, Շնողնեցիք ու Թեղուտցիք գլխներին տալիս են ու լաց ըլում թե ինչ զուլումի բերան ընգան ու ոնց տեն ապրիլ սրանից եդը: Էգուց Գառգառը ու Գուլաքարակն են էդ նույն օրն ընկնելու: Բա մի գլուխն ուսին մարդ չկա էս երգիր ասածի ղեկավարների մեջ, որ խղճի կտոր ունենա ու էդ անանուն թուրք ու թալանչիների հետ ընգերացած, իրա երգիրը քանդիլ չտա: Թու դրանց մարդ ասողին, ձեզ հայ ասողին, դրանք մի քրդի շան չափ նամուս չունեն, իրանց մորն էլ կծախեն փողի հմար
2. աննա17:17 - 9 մարտի, 2018
պոչամբար են ուտում, թե ման են գալիս․․․
3. Մինաս09:02 - 25 մարտի, 2018
Հարգելի Քրիստինե, իսկ ինչպես ավարտվեց այս լսումը, որը պիտի լիներ Մարտի 19-ին: Որեւէ տեղեկություն ունեք այս մասին? (25-03-2018)
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ