HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կաթ՝ ոսկեգույն ստաֆիլակոկով, աղիքային ցուպիկով, բուսական յուղով և բարձր ՄԱՖԱՄ-ով

Այս անգամ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 13 արտադրողի կաթ, որոնցից 5-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, ոսկեգույն ստաֆիլակոկ, բուսական յուղ և ՄԱՖԱՄ բարձր քանակ։

Փորձաքննությունն իրականացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ։

«Հետք»-ը, ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ կատարել է գնում՝  խանութից, ՍԱՊԾ-ն՝ նմուշառում՝ արտադրամասերից։

 

!!!  Հրապարակման պահին փորձաքննված խմբաքանակն այլևս առկա չէ. կաթի պահպանման ժամկետը 3-5 օր է։

 

Կաթը լայն սպառում ունեցող սննդատեսակ է։ Դրա մեջ կան մարդու օրգանիզմի համար կարևոր մի շարք բաղադրատարրեր, ինչպիսիք են՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, վիտամիններն ու հանքանյութերը։ Սա, իհարկե, լավագույն տարբերակում։

Ինչպես ցանկացած սննդատեսակ, կաթի որակը ևս ունի իրավական մի շարք կարգավորումներ, որոնց պետք է համապատասխանի։

Մասնավորապես՝ անարատ կաթի մեջ չի կարող լինել բուսական յուղ, որը էժան հումք է և օրգանիզմի կողմից դժվար է յուրացվում: Դրա օգտագործման հիմնական դրդապատճառը գումար խնայելն ու մեծ շահույթ ստանալն է:
Կաթի որակը կարգավորվում է կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի ՝«Կաթին, կաթնամթերքին եվ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների մասին» 1925-Ն որոշումը, Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը, ՄՄ ՏԿ  033/2013` «Կաթի և կաթնամթերքի անվտնագության մասին», ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 022/2011՝  «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» տեխնիկական կանոնակարգերով:

Բացի այդ, կաթը, ըստ կառավարության՝ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության գնահատման մեթոդաբանության որոշման,  բարձր ռիսկայնություն ունեցող (ռիսկայնության միավորը՝ 30) մթերք է, հետևաբար դրա մակնշման վրա կարևոր է EAC (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը։

Վերջինս հավաստում է, որ տվյալ ապրանքն անցել է համապատասխանության բոլոր փուլերն ու կարող է հայտնվել շուկայում։

Այդ նշանը պարտադիր պայման է ԵԱՏՄ շուկայում  իրացվող սննդամթերքի համար։

 

 

«Հետք»-ը կաթի նմուշները փորձաքննության է ներկայացրել 2018 թ. փետրվարի 23-ին «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիա։

ՍԱՊԾ-ն նմուշառումն արտադրամասերից սկսել է մի քանի օր շուտ։ Փորձաքննությունն իրականացրել է «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ում:

Արտադրատեսակների նախնական ցանկը հստակեցվել է ՍԱՊԾ-ի հետ:

Բոլոր նմուշները փորձաքննության պահին եղել են ժամկետի մեջ։
Փորձաքննվել են՝ ըստ ՄՄ ՏԿ 033/2013 (
«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին ») նորմատիվ փաստաթղթերի պահանջների։

 

ՆՄՈՒՇ N1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Դուստր Մարիաննա» ընկերության «Մարիաննա» պաստերացված կաթը (23.02.18-27.02.18 արտադրության, «Հետք»)։

Բաղադրությունը՝ «կաթ կովի նորմալացված», յուղայնությունը՝ 3,2 %:

Ըստ մակնշման՝ ապրանքը պատրաստված է տեխնիկական պայմաններով (ՀՀ ՏՊ 37326529.4469-2006), որտեղ արդեն արտադրողը կարող է սահմանել ցանկացած պահանջ` ապրանքի որակի և բաղադրության համար։ Եվ համապատասխանում է ՄՄ ՏԿ 033/2013 պահանջներին։

Կաթի վրա առկա է EAC նշանը։

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Մարիաննա» պաստերացված կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (20.02.18 արտադրության)՝ այս ապրանքն ունի անհամապատասխանություն միայն յուղի զանգվածային մասով  (այս ցուցանիշը «Հետք»-ը չի ստուգել, հեղ.). մակնշման մեջ նշված եղած յուղայնությունը փաստացի 2,4 % է՝ նշվածից  0,8% -ով ցածր:

Սա «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է, այն է՝ «մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության»: Այսպիսի սննդամթերքը, ըստ օրենքի, համարվում է կեղծված:

 

ՆՄՈՒՇ N2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Բիոկաթ» ընկերության պաստերիզացված կաթը  (23.02.18-26.02.18 արտադրության, «Հետք»

Ըստ մակնշման՝ այս կաթը 100 % բնական է, բաղադրությունը՝ կովի պաստերիզացված անարատ կաթ։ Յուղայնությունը՝ 3,5 %:

Եվս պատրաստված է 39053099.7030-2012  ՀՀ ՏՊ-ով և ԳՕՍՏ 13277-ով։

Ունի ՀՍՏ (Հայկական ստանդարտ) նշանը, բայց չունի EAC նշան, ինչը ՄՄ ՏԿ 022/2011 ՆՓ-ի պահանջների խախտում է։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Բիոկաթ» ընկերության կաթի մեջ առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ինչը վկայում է արտադրական պրոցեսում թույլ տված սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին։

Ըստ այդմ՝ այն չի համապատասխանում  սահմանված նորմերին և համարվում է ոչ պիտանի սննդում օգտագործելու համար:

ՍԱՊԾ փորձաքննությամբ (20.02.18 արտադրության) ՝ այս նմուշը ևս չի համապատասխանում սահմանված նորմերին. դրա մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, և ՄԱՖԱՄ քանակը 1,6 անգամ գերազանցել է թույլատրելի նորման:

 

  

ՆՄՈՒՇ N3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Չանախ» ընկերության պաստերիզացված կաթը (23.02.18-27.02.18 արտադրության, «Հետք»)։

Ըստ մակնշման՝ այն նորմալացված կովի կաթ է, յուղայնությունը՝ 3,2 %:

Պատրաստված է  ՀՀ ՏՊ 28459042.6342-2010-ով, ունի EAC համապատասխանության նշան։

Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Չանախ» ընկերության կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (20.02.18 արտադրության)  ևս այս նմուշը համապատասխանում է սահմանված նորմերին:

 

 

ՆՄՈՒՇ N4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա» ընկերության պաստերացված կաթը  (23.02.18-28.02.18 արտադրության, «Հետք»)։

Ըստ մակնշման՝  նորմալացված կովի կաթ է:

Յուղայնությունը՝ 3,2 %:

Պատրաստված է ՀՀ ՏՊ 28472367.5351-2008-ով, ունի EAC և ISO 9001:2008 համապատասխանության նշան։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Թամարա» ընկերության կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ՝ (21.02.18 արտադրության) այս նմուշը ևս համապատասխանում է սահմանված նորմերին:

 

 

ՆՄՈՒՇ N5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Բոնիլատ» ընկերության կաթը (23.02.18-28.02.18 արտադրության, «Հետք»)։

Ըստ բաղադրության՝ պարունակում է կովի նորմալացված կաթ և 100% բնական է։

Յուղայնությունը՝ 3,6 %:

Կաթը պատրաստված է ՀՀ ՏՊ 39182949.6346-2010 ստանդարտով, ինչպես նաև՝ ունի EAC նշան։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Բոնիլատ» ընկերության կաթը համապատասխանում է սահմանված պահանջներին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ՝ (21.02.18 արտադրության) այս նմուշը ևս համապատասխանում է սահմանված նորմերին:

 

 

ՆՄՈՒՇ N6

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Ապարան-Գրուպ» ընկերության «Ապարան» պաստերացված կաթը (22.02.18-26.02.18 արտադրության, «Հետք»)։

Ըստ մակնշման՝ այս նմուշը պարունակում է կովի նորմալացված կաթ, յուղայնությունը՝ 3,2 % է:

Պատրաստված է ՀՀ ՏՊ  39187638.7009-2012 նորմերով, համապատասխանում է ՀՍՏ ստանդարտներին, բայց չունի EAC նշան, ինչը ՄՄ ՏԿ 022/2011 պահանջների խախտում է։

Բացի այդ, կաթի վրա առկա է պիտանելիության 2 ժամկետ։ Մասնավորապես՝ շշի վրա նշված է 4 օր՝ փետրվարի 22-26, իսկ ներքևում՝ մակնշման մեջ, գրված է՝ «պահպանել 2-6 0 C, 10 օր»։

Սա ևս վերը նշված տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է՝ մակնշման մասով։

 «Վայելեք անարատ կաթնամթերք»,- ասում է արտադրողը, իսկ փորձաքննության արդյունքում պարզվում է, որ վայելում ենք աղիքային ցուպիկով կաթնամթերք:

Ավելին, այս նմուշում ՄԱՖԱՄ քանակը գերազանցում է թույլատրելի նորման` 20 անգամ։

Ըստ այդմ՝ «Ապարան» կաթը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ  (21.02.18 արտադրության)՝  այս նմուշի մեջ շեղում եղել է միայն յուղի զանգվածային քանակի մասով. այն եղել է 4,9 %՝ նշված 3,2 %-ից  1,7-ով բարձր:

Ըստ այդմ՝ այդ նմուշը կարելի է համարել կեղծված. մակնշումն ու բաղադրությունը չեն համապատասխանում:

 

 

ՆՄՈՒՇ N7

Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Սյունիքի բարիքներ» ընկերության «Մարիլա» պաստերացված կաթը (22.02.18-25.02.18 արտադրության, «Հետք»)։

Ըստ մակնշման՝ նորմալացված կովի կաթ է, յուղայնությունը` 2,5 %։

Այս կաթը պատրաստված է ՀՀ ՏՊ 39344017.6981-2012-ով:

Ունի EAC նշան։

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Մարիլա» կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (21.02.18 արտադրության)՝ այս նմուշը ևս համապատասխանում է սահմանված նորմերին:

 

 

 

ՆՄՈՒՇ N8

Ութերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա և Անի» ընկերության «Անի պրոդուկտ» պաստերացված կաթը (21.02.18-25.02.18 արտադրության, «Հետք»)։

Բաղադրությունը՝ նորմալացված կովի կաթ,  յուղայնությունը՝ 3,2 %:

Արտադրված է ՀՀ ՏՊ 37445719.5704-2008 պայմաններով։ Ունի ՀՍՏ, ISO 2200:2005 և EAC համապատասխանության նշաններ։

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Անի պրոդուկտ» պաստերացված կաթի մեջ կա անթույլատրելի բուսական յուղ, և այս մասին մակնշման մեջ նշված չէ։

Ստացվում է, որ այս ապրանքը չի համապատասխանում սահմանված նորմերին և համարվում է կեղծված։

ՍԱՊԾ փորձաքննությամբ՝ նույն օրվա ՝ 21.02.18 արտադրության, այս նմուշի մեջ բուսական յուղ չի հայտնաբերվել, և այն համապատասխանում է սահմանված նորմերին:

* «Հետք»-ի փորձաքննության՝ բուսական յուղի քրոմոտոգրաման տես՝ այստեղ

«Թամարա և Անի» ընկերության արտադրության գծով փոխտնօրեն Տիգրան Շալջյանը մեզ հետ զրույցում  նշեց, որ երկու արդյունքներին էլ չի հավատում՝ հավաստիացնելով, որ իրենք բուսական յուղ չեն օգտագործում.

«Ես 100 տոկոս վստահ ասում եմ՝ մեր ընկերությունը, եթե բուսական յուղ է օգտագործում, գրում է մթերքի վրա: Իսկ մյուս կաթնամթերքներում՝ լինի պաստերացված կաթ, լինի մածուն, թթվասեր, թե կաթնաշոռ, բուսական յուղ չի օգտագործվում»,- ասաց նա:

Ինչևէ, նշենք, որ նույն կաթից 1 սառեցված նմուշ դեռևս պահվում է, և հարկ եղած դեպքում այն կուղարկվի փորձաքննության այլ երկրի՝ ռեֆերենս լաբորատորիա: Այս մասին մենք տեղյակ ենք պահել նաև Տիգրան Շալջյանին:

 

 

ՆՄՈՒՇ N9

Իններորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Աշտարակ կաթ» պաստերացված կաթը (20.02.18-24.02.18 արտադրության, «Հետք»)։

Բաղադրությունը՝ կովի նորմալացված կաթ, յուղայնությունը՝ 3,2 %։

Պատրաստված է  ՀՀ ՏՊ 28543038.2265-2010 պայմաններով, ունի EAC նշան։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Աշտարակ կաթ»-ի կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (21.02.18 արտադրության)՝ այս նմուշի մեջ շեղում եղել է միայն յուղի զանգվածային քանակի մասով. այն եղել է 2,9 %, նշված 3,2 %-ից ցածր:

Թեև շեղումը փոքր է, սակայն ըստ օրենքի՝ այդ նմուշը ևս կարելի է համարել կեղծված. մակնշումն ու բաղադրությունը չեն համապատասխանում:

 

 

ՆՄՈՒՇ N10

Տասներորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնու տոհմային կաթ ԹՏԽ» ԲԲԸ-ի «Արզնի կաթ» պաստերացված կաթը (23.02.18-27.02.18 արտադրության, «Հետք»)։

Բաղադրությունը՝ անարատ նորմալացված կաթ,  յուղայնությունը՝ 3,2 %:

Պատրաստված է 05724990.5790-2009 ՀՀ ՏՊ-ով։

Ունի ՀՍՏ և EAC  համապատախանության նշան։

 «Մեր գործն արդար է» նշված է «Արզնի Կաթ»-ի փաթեթի վրա։ Սակայն փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այս նմուշը պարունակում է աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչը վկայում է արտադրական պրոցեսում սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին և ոսկեգույն ստաֆիլակոկ, ինչն արդեն պաթոգեն միկրոօրգանիզմ է և կաթի մեջ հիմնականում թափանցում է մաստիտով հիվանդ կովից (մասնագետի մեկնաբանությունը՝ տես ներքևում):

Բացի այդ, այս նմուշում ՄԱՖԱՄ քանակը գերազանցում է թույլատրելի նորման` 15 անգամ։

«Արզնի Կաթ»-ը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (21.02.18 արտադրության) ՝ այս նմուշը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է օգտագործելու համար:

 

 

ՆՄՈՒՇ N11

Տասնմեկերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել  «Բանդիվան կաթ» ընկերության պաստերացված կաթը (23.02.18-27.02.18 արտադրության, «Հետք»)։

Բաղադրությունը՝ կովի պաստերացված անարատ կաթ, յուղայնությունը՝ 3,6 %:

Ապրանքը պատրաստված է ՀՀ ՏՊ 39039969.7524-2015-ով, ունի EAC համապատասխանության նշան։

100 % բնական կաթ՝ նշված է շշի վրա։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Բանդիվան» կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (23.02.18 արտադրության)  այս նմուշի մեջ շեղում եղել է միայն յուղի զանգվածային քանակի մասով. այն եղելէ 4 %՝ նշված 3,6 %-ի փոխարեն:

Նորից, շեղումը փոքր է, սակայն այդ նմուշը ևս կարելի է համարել կեղծված:

 

 

ՆՄՈՒՇ N12

Տասներկուերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Մեր Երկիր» ընկերության պաստերացված կաթը (23.02.18-ից  5 օր, «Հետք»)։

Ըստ մակնշման՝ պարունակում է կովի անարատ կաթ, յուղայնությունը՝ 3,5-4,5 %:

Պատրաստված է 31450-2013 ԳՕՍՏ-ով, ունի EAC համապատասխանության նշան։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Մեր Երկրի» կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (23.02.18 արտադրության)  այս նմուշը ևս համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է օգտագործելու համար:

 

 

ՆՄՈՒՇ N13

Տասներեքերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող «Մուլտի Ագրո» պաստերիզացված անարատ կաթը (22.02.18-26.02.18 արտադրության, «Հետք»)։

Բաղադրությունը՝ կովի անարատ, նորմալացված կաթ, չոր անարատ կաթ, յուղայնությունը՝ 2,5%:

Արտադրված է ՀՀ ՏՊ 39089306.6842-2012, ՀՍՏ նշան։

Սակայն ապրանքի վրա բացակայում է EAC նշանը, ինչը ՄՄ ՏԿ 022/2011-ի պահանջների խախտում է։

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Մուլտի Ագրո» կաթի մեջ կան աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ-ն այս նմուշը չի փորձաքննել. նախնական ցուցակի փոփոխությունների պատճառով՝ այն չի ներառվել ՍԱՊԾ իրականացվելիք ստուգումների ցանկում: Փոխարենն ուսումնասիրել է «Իգիթ» կաթը, որտեղ շեղում է հայտնաբերել դարձյալ յուղի զանգվածային մասով. այն նշված 3,2%-ից ավելի է եղել՝ 5,4 %:

Սա ևս «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է, և այս ապրանքը կարելի է համարել կեղծված:

 

 

Արդյունքներն ամփոփելիս պետք է հաշվի առնել, որ ՍԱՊԾ-ն կաթի փորձաքննությունը սկսել է «Հետք»-ից մի քանի օր առաջ, և արտադրողները կարող էին տեղյակ լինել իրականացվելիք փորձաքննությունից:

Իսկ «Հետք»-ի գնած նմուշներն արտադրվել են արդեն ՍԱՊԾ իրականացրած նմուշառումից հետո կամ նույն օրը։

 

Այսպիսով, «Հետք»-ի փորձաքննված 13  նմուշներից 8-ը համապատասխանում են սահմանված նորմերին ( Նմուշ N 1, 3, 4, 5, 7, 9, 11, 12

Իսկ նմուշներից 5-ում հայտնաբերվել են խախտումներ։

Մասնավորապես՝ ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ ( Նմուշ N 6, 10):

Սա արտադրական պրոցեսում հիգիենիկ նորմերի, ջերմային ռեժիմների խախտման հետևանք է կամ` արտադրությունից հետո՝ տեղափոխման ժամանակ, իրացման կետերում պահպանման պայմանների և հիգիենիկ նորմերը չպահպանելու արդյունք։

Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ ( Նմուշ N 2, 6, 10, 13):

Սա վկայում է արտադրական պրոցեսում թույլ տված սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին։

Ոսկեգույն ստաֆիլակոկ ( Նմուշ N 10):

Ի տարբերություն աղիքային ցուպիկի, որը պայմանական-պաթոգեն է, ստաֆիլակոկը պաթոգեն միկրոօրգանիզմ է:

Մարինա Օգանովա, բժիշկ-մանրէաբան. «Հիմնականում ոսկեգույն ստաֆիլակոկի առկայությունը վկայում է ոչ բարվոք սանիտարահիգիենիկ վիճակի մասին: Ստաֆիլակոկի հիմնական աղբյուրը կովերի մաստիտային հիվանդությունն է: Եթե կովին չբուժեն, ապա, բնականաբար, ստաֆիլակոկը կներթափանցի կաթի մեջ: Եվ եթե հետագայում այն վատ պաստերիզացվի կամ պահվի վատ պայմաններում, ստաֆիլակոկը կարող է զարգանալ: Քանի որ այն պաթոգեն է, նույնիսկ առողջ օրգանիզմները դրա հանդեպ զգայուն են»:

Բուսական յուղ՝ ( Նմուշ N 8): Ինչը վկայում է, որ ապրանքը կեղծ է:

Մակնշման խախտումներ` մասնավորապես ՝ EAC նշանի բացակայություն և պիտանելիության 2 ժամկետ:

ՍԱՊԾ իրականացրած փորձաքննությամբ՝ 13 նմուշից միայն 1-ում է հայտնաբերվել մանրէաբանական ցուցանիշների խախտում. աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ՝ «Բիոկաթ»-ում:

Սակայն, ինչպես այս, այնպես էլ մնացած 13 նմուշների փորձաքննությունն իրականացվել է ՄՄ ՏԿ 021/2011 Սննդամթերքի անվտանգության մասին») նորմատիվ փաստաթղթերի պահանջով, որը չի տարածվում կաթի և կաթնամթերքի վրա և ուժը կորցրած է համարվում՝ ՄՄ ՏԿ 033/2013 –ի՝ ուժի մեջ մտնելուց հետո:

5 նմուշում էլ շեղում է եղել՝ բուսական յուղի զանգվածային մասով (0,3-2,2 %-ով):

Թեև սա վտանգավոր ցուցանիշ չէ, սակայն «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը դրանք սահմանում է՝ կեղծված ապրանք:

 

 

«Հետք»-ի լաբորատոր փորձաքննության ամբողջական արձանագրությունը տես՝ այստեղ։

ՍԱՊԾ–ն չցանկացավ հրապարակել իր լաբորատոր փորձաքննության արդյունքները, իսկ մեզ տրամադրեց 13 նմուշից միայն 6-ի արձանագրությունը:

 

Հ.Գ. Հայաստանում աղիքային վարակիչ հիվանդությունների մեծամասնությունը պայմանավորված է սննդային գործոնով։ Այս թեմային ավելի մանրամասն «Հետք»-ն առաջիկայում կանդրադառնա։

 

 

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (9)

լուսինե
Բարև ձեզ, շնորհակալություն, կարևոր տեղեկությունների համար: Նշեմ, որ հոդվածոի վերջում վրիպակ կա: Նմուշներից մեկում՝ 8-ում, բուսական յուղ է հայտնաբերվել, ինչն անթույլատրելի խախտում է: Սակայն այլ խախտումների թվում մակնշման խախտումներն են, որոնց առնչությամբ գրված է՝ ՛՛ 5 նմուշում էլ շեղում է եղել՝ բուսական յուղի զանգվածային մասով (0,3-2,2 %-ով): ՛՛ Պետք է լինի յուղայնության մանկշման խախտում, այլապես 5նմուշում էլ արմավի յուղ է հայտնաբերվել, ինչպես նմուշ 8-ում ??? շնորհակալություն պարզաբանման համար:
Կարինե
Ինչպես հասկացա նշված կաթնամթերքների թթվասերներից էլ չի կարելի օգտվել?
Սերոբ
իսկ ի՞նչ քայլերի եք դիմել երբ այդ արդյունքներն եք ստացել։ Միայն հոդված եք գրել ու վե՞րջ։ Դիմեք համապատասխան մարմիններին , թող արգելեն դրանց վաճառքը։
Նունե
Շնորհակալություն: Այն քիչ լրատվամիջոցներից, որոնց հոդվածների հիմքում փաստեր են:
Lilit
Նախ ողջունում եմ Ձեր այս հանրօգուտ և շատ կարևոր աշխատանքը, և խնդրում եմ փորձաքննության հաջորդ սնունդը կարագի մասին լինի, և արտադրող և ներմուծվող, հիմնականում ժողովուրդն օգտագործում է, anchor և զելանդական կարագները, բայց իրականում տեղյակ չենք, թէ ինչ ենք օգտագործում․․․․շնորհակալություն
Ռուզաննա
Շնորհակալություն հետազոտության համար։ Շատ օգտակար է։ Համաձայն եմ նախորդ մեկնաբանության հետ և նույնպես խնդրում եմ․ ստուգեք կարագը։ Մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ կընթերցենք արդյունքները։ Վստահաբար՝ շատերի անունից եմ խնդրում։
Հետք
Աննա շնորհակալություն, կաթնամթերքում ծանր մետաղների հետազոտություն անելու ենք։
Աննա
Հարգելի Հետք, խնդրում եմ անցկացրեք նաև կաթնամթերքում ծանր մետաղների հետազոտություն, իսկական բացահայտումներն այդտեղ են, շատ կարևոր կլինի առնվազն մի քանի ծանր մետաղ վերցնել և անալիզի ուղարկել ծանր մետաղ ուսումնասիրող լաբորատորիա։ Ցուպիկը կարող ենք բուժել, իսկ ահա ծանր մետաղը մարդու օրգանիզմից դուրս չի գալիս․․․ Շատ կասկածելի է հատկապես Սյունիքի բարիքները․․․
Harut
ինչպիսին պիտի լինի ժուռնալիստիկան Չնայած հաճախ եմ տեսնում մանր սխալներ Ձեր հոդվածներում, բայց սկզբունքորեն ճիշտ մամուլը պիտի լինի այսպիսի: Ցավոք միակը կամ համարյա միակը Հայաստանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter