Երկուշաբթի, 16 հուլիսի

Արեգ. մի պայքարի պատմություն



Անուշ Մարգարյան

Սեղմում եմ վիդեոզանգի նշանը, և քիչ անց էկրանիս հայտնվում են իմ հերոսները՝ Աննան ու իր համարյա չորս տարեկան, իր սիրու՜ն մազիկները քիմիաթերապիային հանձնած Արեգը։ «Միս չկա, տես, Անուշ»,-ասում է Աննան ու ցույց տալիս Արեգի այտերը, իսկ վերջինս լրացնում է մոր խոսքը. «Մենակ ոսկոր կա, ոս-կոր»։

2017 թվականի սեպտեմբերի 12-ին, Արաբկիր մանկական բժշկական կենտրոնում մեկ շաբաթ տևած հետազոտություններից հետո ծնողներին հայտնեցին տղայի նեյրոբլաստոմայի՝ հազվադեպ ախտորոշվող ու դեռեւս շատ ուսումնասիրություններ պահանջող քաղցկեղի տեսակի մասին։ Ամեն ինչ սկսվել էր շատ հանկարծակի 2017 օգոստոսին. առողջ երեխան ծովում հանգստանալիս թուլացել էր, ջերմել, քրտնել, հետո հանկարծ կորցրել քայլելու ունակությունն ու օդանավակայանից հայտնվել ուղիղ հիվանդանոցում։

Հայաստանում բժիշկներն ասել էին՝ շուտ արեք, ունեք հաշված օրեր՝ արագ կողմնորոշվելու և հետագա բուժումը սկսելու։

Արեգի ծնողներն այդքան հեշտ հանձնվողը չեն։ Հայրը՝ Արմենակը, իր պայքարը սկսել է դեռ իր մանկուց, երբ մոտ յոթ տարեկան հասակում կորցրել է տեսողությունը, բայց սովորել է բոլորի համար նախատեսված դպրոցում, իսկ այնուհետ ստացել բարձրագույն կրթություն՝ որպես մասնագիտություն ընտրելով իրավագիտությունը։ Ապա ընտանիք է կազմել, դարձել ժամանակակից հայ ստարտափներից մեկի՝ HelloSim-ի համահիմնադիր, հիացրել բոլորին իր բանիմացությամբ, ձգտումներով։  

Աննան և Արմենակը սեպտեմբերի  18-ին արդեն երեխային հասցնում են Գերմանիայի Քյոլն քաղաքի Ունիկլինիկ հիվանդանոց, որտեղ էլ հենց գտնվում է նեյրոբլաստոմայի ուսումնասիրության ստուդիան, որ ղեկավարում է պրոֆեսոր Բերթոլդը։ Այստեղ են մշակվել  քաղցկեղի տվյալ տեսակի բուժման պրոտոկոլները եւ առ այսօր շարունակվում են տարատեսակ փորձարարական մոտեցումները՝ ուղղված նեյրոբլաստոմայի արդյունավետ բուժմանը։ Հիվանդանոց հասնում են երեկոյան, երբ այնտեղ արդեն քար լռություն էր տիրում ու թվում էր, թե դժվար կլինի որեւէ օգնություն ակնկալել, մինչդեռ Արեգն արդեն էլ ավելի էր ջրազրկվում ու նրան անհապաղ անհրաժեշտ էր օգնություն։ Այնուամենայնիվ, դուռը բացվում է ու հերթապահ բժիշկը ցուցումներ է տալիս  աշխատակիցներին՝ պահանջելով կանխավճար, քանի որ Արեգը հանդիսանում է միջազգային հիվանդ իրենց համար, ում մոտ բացակայում է առողջապահական ապահովագրությունը։

Այդ օրվանից ի վեր՝ սկսում են կատարել բոլոր անհրաժեշտ ախտորոշումները, ապա  ներկայացվում է բուժման պլանը, որը ներառում էր քիմիաթերապիաների փուլեր, ոսկրածուծի փոխպատվաստում եւ ոչ միայն։ Այդ ամենից բացի, պետք էր գտնել նաեւ ֆինանսներ, ընտանիքը դժվարանում է փող հայթայթել։  

«Մարդկային կյանքը թանկ է, ասում ենք, իսկ երբ այդ թանկությունը զգում ես՝ բժիշկներից լսելով այնպիսի թվեր, ինչպիսիք են կես միլիոն եվրոն՝ քիմիաթերապիայի և իմունոթերապիայի համար, արդեն չգիտես՝ տունդ, մեքենադ, է՞լ ինչը կարող ես վաճառել, որ երեխայիդ փրկես։ Բայց գոնե տեսնում ես, որ ամեն ինչ անում են, որ երեխան փրկվի։ Հիմա, ամիսներ անց, կա մեծ դրական շարժ, հետևող բժիշկը՝ պրոֆեսոր Թորսթեն Զիմոնը, ով այս պահին ղեկավարում է բաժանմունքը, դրական ու հուսումնալից փոփոխություններ է տեսնում։ Ավաղ, Հայաստանը նույնիսկ ամենահասարակ անհրաժեշտ դեղորայքը չի ապահովում քիմիաթերապիայի համար։ Իսկ հիվանդանոցային պայմաններն ու վերաբերմունքը պարզապես անհամեմատելի են։ Քյոլնում արվում է հնարավորինս եւ ավելին, որ բաժանմունքում տիրող մթնոլորտը լինի դրական ու տրամադրող, այն աստիճան, որ երբ երեխան պետք է պառկի հերթական քիմիաթերապիայի կուրսը ստանալու համար, հնչում է հետեւյալը ՝ ուռաաա, գնում ենք իմ սիրած «հիվանդոց», ու թեեւ երանի դրա հարկն իսկ չլիներ, բայց միեւնույնն է, ծնողի համար մեծ թեթեւություն է տեսնել, որ երեխան այդ հիվանդանոցը չի ասոցացնում ոչ ցավի, ոչ էլ մի վայրի հետ, ուր իրեն ցավ են պատճառում, այլ մտնում է ինչպես մանկապարտեզ, որտեղ կա հագեցած խաղասենյակ, իրենց հետ խաղացող ու բոլոր երեխաների կողմից սիրված Բեատան, ինչպես նաեւ շատ սիրված, բարեհամբույր ու պրոֆեսիոնալ բուժքույրեր ու բժիշկներ»,- ասում է Աննան։

Հերթական հաշիվը, որը պահանջում է վճարել 100,000 եվրո մինչև մարտի 15-ը, որպեսզի կատարեն այս փուլի վերջին քիմիաթերապիան և ոսկրածուծի փոխպատվաստումը, ստացել են երեկ։ Հիմա փորձում են համացանցի միջոցով հանգանակել այդ գումարը, գտնել ֆոնդեր։

Պետք է նշել, որ բուժման սկզբից ի վեր, ընտանիքը հազարավոր բարի մարդկանց օգնությամբ արդեն վճարել է 90,000 եվրո, գերմանական մի ֆոնդ էլ՝ մոտ 35,000 եվրո, որի շնորհիվ երեխան անցել է քիմիաթերապիայի վեց փուլ, ուռուցքի և ախտահարված լիմֆատիկ հանգույցների հեռացման վիրահատություն։

Մինչ ծնողները զբաղված են գումար հանգանակելով, Արեգն անհամբեր սպասում է մարտի 10-ին, երբ տոնելու է իր չորրորդ տարեդարձը, պատրաստվում է Զատիկին, ձու է ներկում, խաղում է իր սիրելի լեգոներով, ու երազում է առողջանալ ու հետ գալ իր Հայաստանը, քանի որ անչափ կարոտել է իր տունն ու քրոջը։

Արեգին օգնելու համար կան մի շարք հաշվեհամարներ։

Օնլայն փոխանցման համար՝ https://www.youcaring.com/aregkhachatryan-957490

Բանկային փոխանցման համար՝ Աննա Բաբաջանյան, HSBC,
AMD 217001243302001
USD 217001243302101
EUR 217001243302102

ԱՐՔԱ փոխանցման համար՝ 5571150500002945 Ա. Խաչատրյան


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Lutz Kannegießer23:38 - 9 մարտի, 2018
Lutz Kannegiesser · Mittelschule Neukirchen Hey, my little strong friend Areg. I wish you all the luck of this world. In 2015 I visit yuor wonderful homeland and I have a picture fom mount ararat without clouds. Wish you also a life without stormy clouds. Good luck and greetings from Chemnitz in Germany.Comment...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ