HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի աղքատ Հայաստան՝ 2008-ից հետո (ինֆոգրաֆիկա)

«Հայաստանում, որին մենք ձգտում ենք, չեն լինելու աղքատներ, չեն լինելու արտոնյալներՀայաստանում չպետք է լինի մեկը, ով ապահովագրված չէ կյանքին վտանգ պատճառող դեպքերից եւ աղքատության վտանգից… Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում վերջնականապես հաղթահարվեն գործազրկությունն ու աղքատությունը...»:

Այս խոսքերը 2008 թ. փետրվարյան նախագահական ընտրություններում առաջադրված Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից են: Նա այդ ժամանակ ընտրություններին մասնակցում էր «Առա՛ջ, Հայաստան» կարգախոսով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2007 թվականին Հայաստանում աղքատ էր բնակչության 26,4 տոկոսը կամ 950.000 հայաստանցի (ՀՀ մշտական բնակչության թիվը, պաշտոնական թվերով, կազմում էր 3.230.000):

Արդեն 2008-ին՝ Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք, աղքատության մակարդակը բարձրացավ 27,6 տոկոսի: Հետագա տարիներին այս ցուցանիշն աճեց եւ 2012 թ. Հայաստանը փակեց 32,4 տոկոս աղքատությամբ:    

2012-ի տարեվերջին Սերժ Սարգսյանը կրկին առաջադրվեց նախագահի պաշտոնի համար՝ ընտրություններին մասնակցելով «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով: Աղքատության հաղթահարման մասին իր նախընտրական ծրագրում նա ասել է. «Մենք վերանայել ենք մեր մոտեցումն աղքատության հաղթահարման խնդրի նկատմամբ. սոսկ նպաստներով եւ սոցվճարներով այս խնդիրը չի լուծվի, մենք պետք է վերացնենք աղքատությունը ծնող պատճառները: Յուրաքանչյուր ընտանիք պետք է կարողանա աշխատանքով ապահովել իր բարվոք կենցաղը, իսկ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքը պետք է զգա պետության իրական աջակցությունն ու օգնությունը»:

2013 թ. հունվարի 31-ին Վանաձորում նախընտրական հանդիպմանը Սարգսյանն ասել է. «Աղքատության մակարդակը կտրուկ իջնելու է շնորհիվ տնտեսական զարգացման: Մենք արդեն դուրս ենք եկել այդ տնտեսական զարգացման ճանապարհը: Հարուստներ եւ հոծ միջին խավ. ահա ապահով Հայաստանի նկարագիրը, որ մենք միասին կարող ենք ձեւավորել»:

2013 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում աղքատ էր 32 տոկոսը, այսինքն՝ գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակիչը, հետագա տարիներին վիճակն առանձնապես չբարելավվեց:

2016-ի տվյալներով՝ մեր երկրում աղքատների թիվը կազմել է 29,4 տոկոս, ինչը նշանակում է, որ աղքատ է եղել 880.000 հայաստանցի (2016-ի հունվարի 1-ին ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2.998.600 մարդ):  

Քանի որ 2017 թ. ցուցանիշներն ամփոփված չեն, կկենտրոնանանք 2008-2016 թթ. արդյունքների վրա:   

Ի՞նչ է աղքատությունը

Գոյություն ունի նյութական եւ ոչ նյութական աղքատություն: Վերջինիս բնորոշիչներն են վատ առողջությունը, կրթական ցածր մակարդակը կամ անգրագիտությունը, սոցիալական անտեսվածությունը կամ մերժվածությունը, անպաշտպանվածությունը, իրավունքների եւ խոսքի ազատության անկիրառելիությունը, այն է՝ գործնականում սեփական խնդիրների մասին հայտնելու անկարողությունը: Սակայն աղքատությանն անդրադառնալիս գլխավորապես, ինչպես եւ մեր այս հոդվածում, խոսքը նյութական (դրամային) աղքատության մասին է։

«Սպասեմ՝ մոշը երբ պիտի հասնի,
որ կարենամ պահեմ ըրեխեքին»

3 երեխաների մայրն ասում է,
որ աշխատանք չունի,
բայց շատ է ուզում աշխատել:
Ամռանը մոշի ու հոնի է գնում անտառ:
Օր է լինում, որ 6-7 հազար դրամի
մոշ ու հոն է քաղում: 

Ըստ Համաշխարհային բանկի սահմանման՝ նյութական աղքատությունը որոշակի կենսամակարդակի ընդունելի նվազագույնի ապահովման անկարողությունն է: Գոյություն ունեն շեմեր, որոնցից ցածր լինելու դեպքում անձը համարվում է աղքատ: Վերջիններս իրենց հերթին կարող են լինել շատ աղքատ ու ծայրահեղ աղքատ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կիրառած մեթոդաբանությամբ՝ աղքատ են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության պարենային գծից:

Տարբեր տարիների այս գծերը կամ շեմերը տարբեր են եղել, ինչը պայմանավորված է ապրանքների գնային տատանումներով: Օրինակ՝ 2008-ին աղքատ են գնահատվել նրանք, ում ամսական սպառումը (խոսքը չափահաս անձի մասին է) 29.903 դրամից ցածր է եղել, 2016-ին այդ գիծը սահմանվել է 40.867 դրամ: 

Ահա թե 2007-2016 թթ. Հայաստանում որքան են եղել աղքատները, շատ աղքատներն ու ծայրահեղ աղքատները:

Աղքատություն. 2007-2016
Infogram

Շիրակը եղել ու մնում է ամենաաղքատը

Հայաստանում ամենաաղքատ մարզը թե՛ 2008-ին, թե՛ 2016-ին եղել է Շիրակը: Մյուս կողմից՝ եթե 2008-ին ամենացածր աղքատությունը եղել է Երեւանում, ապա 2016-ին ամենաբարվոք վիճակը գրանցվել է Արագածոտնում:  

Գյուղաբնակների շրջանում աղքատությունն ավելի մեծ տոկոս է կազմում, քան քաղաքաբնակների մեջ: Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում:

Աղքատություն. Երեւան եւ մարզեր
Infogram

«Աղքատությունը հիվանդություն է»

Գյումրիում գործող «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի ձեւակերպմամբ՝ աղքատությունը հիվանդություն է. երբ մարդ իրեն աղքատ է զգում, համակերպվում է դրան, եւ աշխարհն էլ այդպես է պատկերացնում:

2006-ին հիմնադրված կազմակերպությունը մինչ օրս զբաղվում է «Գյումրին առանց տնակների» ծրագրով: Թումասյանը հիշում է, որ նախքան կենտրոնը հիմնելը զբաղվում էին սոցիալական, ընտրական իրավունքների պաշտպանության հարցերով: Այդ ժամանակ էլ հասկացել են, որ խնդիրը իրավունքի պաշտպանությունը չէ, մարդիկ քաղցած են: Պատմում է, որ 1990-ականների վերջին Գյումրու տնակներ այցելելիս չէր պատկերացնում աղքատության մասշտաբները, միեւնույն քաղաքում ապրելով՝ աղքատությունն այդ աչքով չէր տեսել:

«Մենք որ աղքատ ենք, սաղին կհասկնանք, 
բայց հարուստները մեզի չեն հասկնա»,- 
ասում է 10-ամյա գյումրեցին

Հասմիկը չգիտի, թե ինչ
մասնագիտություն է ընտրելու,
բայց մի բանում վստահ է՝ եթե հարստանա,
տարբերություն չի դնելու
հարուստների ու աղքատների միջև,
օգնելու է բոլորին էլ:

Վերջին 12 տարիներին ավելի քան 100 տնակ, այսինքն՝ ընտանիք, բնակարաններ է ստացել «Շիրակի կենտրոնի» միջոցով: Նվիարտվությունից հետո կենտրոնն այլեւս կապ չի պահում ընտանիքների հետ: Ըստ Վ. Թումասյանի՝ այդպես ցանկանում են, որ մարդիկ սեփականության զգացողությունն ունենան, մոռանան, որ իրենց բնակարան են նվիրել, ապրեն իրենց կյանքով:

«Առհասարակ, Գյումրիում ոչ թե մարդիկ են ընտրել այդ կյանքը, այլ աղետ է եղել, եւ իրենք պարտադրված հայտնվել են այդ վիճակում: Մարդկային տեսակն ու իրավիճակները տարբեր են: Երբ հանում ես այդ վիճակից, նրանք շատ արագ փոխվում են: 100-ից ավելի ընտանիքների մի մասը չի ցանկանում կապ հաստատել մեզ հետ, որովհետեւ ամաչում են: Մարդիկ ուզում են մոռանալ դա»,- նշում է ՀԿ-ի նախագահը:

Ներկայում Գյումրիում, ըստ Վահան Թումասյանի, 2300 տնակ կա, որից 500-ը դատարկ է. բնակիչները կա՛մ արտագաղթել են, կա՛մ բնակարան են ստացել ու տեղափոխվել, բայց տնակները չեն քանդվել: Մնացած 1800 տնակներից 400-500-ի դեպքում, Թումասյանի կարծիքով, մարդիկ չեն ցանկանա տեղափոխվել, քանի որ արդեն կահավորել են, հողամաս, այգի ունեն եւ չեն համաձայնի, որ դրանք քանդվեն: Ստացվում է, որ 1200-1300 ընտանիքի բնակարաններով ապահովելու խնդիր կա:

«Շիրակ կենտրոնի» ղեկավարն ասում է, որ 30 տարին քիչ ժամանակ չէ վերականգնվելու համար: Համեմատություն է անցկացնում եվրոպական երկրների հետ, որոնք պատերազմից հետո արագ են վերադարձել նախկին ռիթմին, իսկ Գյումրու տնակային ավաններում լինելով՝ տպավորություն է ստեղծվում, թե աղետը երեկ է եղել: Հիշում է, որ դեպքեր են եղել, երբ որոշ մեծահարուստ, օլիգարխ պատգամավորների խնդրել է միասին այցելել տնակներ: Երկու տնակ մտնելուց հետո այեւս չեն ցանկացել շարունակել՝ ասելով, թե առողջությունը չի ներում, նյարդայնանում են:

«Գրեթե ամեն օր, ամեն շաբաթ հանդիպում ես մի դեպք ու հասկանում ես, ոչ մի կերպ չես կարող մոռանալ: Հասկանում ես, որ այդտեղից հետ ես գալու, տաք վառարանի մոտ ես նստելու, եթե հիվանդ ես, կարող ես դեղ առնել, բայց մարդիկ կան, երեխաներ կան, որոնց խնդիրը չես կարողանում լուծել, չես կարողանում այնպես ներկայացնել, որ անմիջապես օգնեն նրանց»,- ասում է Վահան Թումասյանը:

Կարդացեք «Հետքի» հոդվածները աղքատ ընտանիքների մասին այստեղ 

2008-ից հետո Հայաստանում աղքատ է յուրաքանչյուր երրորդ երեխան

2016-ի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում ապրող 0-18 տարեկանների 34,2 տոկոսն աղքատ է եղել, այսինքն՝ ամեն երրորդ անչափահասը:

Ինչպես կարելի է տեսնել ինֆոգրաֆիկայում, 2008-2016 թթ. մանկական աղքատության ամենացածր ցուցանիշը եղել է 2008-ին, դրանից հետո վիճակագրությունն ավելի վատ է եղել՝ անչափահասների աղքատության ցուցանիշը չի իջել 33 տոկոսից, ինչը նշանակում է, որ այս տարիներին Հայաստանում ապրող առնվազն յուրաքանչյուր երրորդ անչափահասը եղել է աղքատ: 

Մանկական աղքատություն. 2008-2016
Infogram

ԱՎԾ-ի տվյալներով (2016 թ.)՝

-Բազմանդամ ընտանիքների երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է:

-Տարիքով ավելի փոքր երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է:

-Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է:

-Ամուրի (չամուսնացած), այրի կամ ամուսնալուծված գլխավորով տնային տնտեսություններում ապրող երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է:

-Աղքատության ռիսկը նվազում է, երբ երեխան ապրում է այնպիսի տնային տնտեսությունում, որտեղ գլխավորի կրթական մակարդակը բարձր է:

-Թե՛ աղքատության, թե՛ ծայրահեղ աղքատության ռիսկն ամենացածրն է այն տնային տնտեսություններում բնակվող երեխաների մոտ, որոնց գլխավորը վերջին յոթ օրվա ընթացքում կատարել է շահութաբեր որեւէ աշխատանք:

-Աղքատության ռիսկն ամենաբարձրն է այն երեխաների շրջանում, որոնց տնային տնտեսություններում 19-60 տարեկան չափահաս անդամներից եւ ոչ մեկը չի աշխատում:

Մանկական աղքատության 2016 թվի ցուցանիշները մարզերում ու Երեւանում խիստ տարբեր են: Ամենացածր մակարդակը եղել է Արագածոտնի մարզում, ամենաբարձրը՝ Շիրակում:

Մանկական աղքատություն. Երեւան եւ մարզեր
Infogram

Աղքատության հաղթահարման գումարները

Ըստ ԱՎԾ-ի՝ աղքատության հաղթահարումը 2015 թ.-ին կարժենար 71,4 մլրդ դրամ կամ երկրի ՀՆԱ-ի 1,4 տոկոսը կազմող գումար (ծայրահեղ աղքատության դեպքում՝ 1,8 մլրդ կամ ՀՆԱ-ի 0,04 տոկոսը)՝ ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների՝ հաշվի առնելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվեր միայն աղքատներին: 2016-ին հաշվարկված գումարը կազմել էր 63,2 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1,2 տոկոսի չափով գումար (ծայրահեղ աղքատության դեպքում՝ 1,4 մլրդ կամ ՀՆԱ-ի 0,03 տոկոսը): Մյուս կողմից, ԱՎԾ-ի համաձայն, միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելին են:

Մեկնաբանություններ (2)

Արամ
Քանի դեռ անմեղ անձանց դատապարտում են ազատազրկման ուեցվածքը խլելու նպատակով, քանի դեռ մարդու իրավունքներն են ոտնահարվում, քանի դեռ ՀՀ գլխավոր դատախազությունը հովանավորում է կոռուպցիան աղքատությունը կլինի մեր մշտական ուղեկիցը...
GB
Very sad news!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter