Կիրակի, 22 հուլիսի

ՄԻԵԴ-ը քաղաքացիների գանգատի հիման վրա կոմունիկացրել է «Իրավունք» թերթի և Հովհաննես Գալաջյանի գործը



Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է ընդդեմ «Իրավունք» թերթի և լրագրող Հովհաննես Գալաջյանի 16 քաղաքացիների գործով գանգատը: Այն կոմունիկացվել է Եվրոպական կոնվենցիայի երեք հոդվածներով՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի (հոդված 8), խտրականության (հոդված 14) և իրավունքների չարաշահման արգելքի (հոդված 17):

Այս գործը, ըստ փաստաբան Արա Ղազարյանի, Հայաստանում համարվում է աննախադեպ, քանի որ լրատվամիջոցի կողմից կազմվել է անձանց ցուցակներ, հնչեցվել են խտրականություն և ատելության կոչեր: Փաստաբանի խոսքերով՝ կոնվենցիայի 17-րդ հոդվածը՝ իրավունքի չարաշահումը, պրակտիկայում շատ քիչ է կիրառվում: Դա արգելք է, որպեսզի մարդիկ, օգտագործելով խոսքի ազատությունը, չհարվածեն կոնվենցիայի հիմքերին: Իսկ կոնվենցիայի հիմքը խտրականության, ատելության, անհանդուրժողականության բացառումն է: Իրավունքի չարաշահման վերաբերյալ հոդված կա նաև 2015թ. փոփոխված Սահմանադրությունում:

«Դա արդեն լուրջ է, և փաստորեն Եվրոպական դատարանը նկատել է, որ  Հայաստանում լուրջ «հիվանդություն» կա: Կարծում եմ, որ սրանից հետո էլի են գործեր կոմունիկացվելու, որը լուրջ ազդանշան պետք է լինի իշխանություններին և հասարակությանը: Այստեղ հասարակությունը չի աջակցում իշխանությանը, իշխանությունն էլ չի աջակցում հասարակությանը: Հայաստանում այդ արժեքները պետք է հարգվեն: Այստեղ խոսքն ընդամենը հարգանքի մասին է»,- ասում է Արա Ղազարյանը:

Նշենք, որ 17.05.2014թ. «Iravunk.com» էլեկտրոնային թերթում հրապարակվել էր «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված, որի հեղինակը Հովհաննես Գալաջյանն էր։ Հոդվածի ներքևի հատվածում տեղադրվել է անձանց ֆեյսբուքյան էջերից հղումներ, որոնց էլ վերաբերում է հիշատակված հոդվածը։

Հոդվածում նշված են մի շարք արտահայտություններ, մասնավորապես «սրանք», «գեյ– քարոզչության դրույթներին հավատացող զոմբի», ինչպես նաև «....Կապ չունի այդ ամենը՝ յուրաքանչյուր լոբբիստ Ազգի և Պետության ներքին թշնամի է, և վերջ։ Ու հենց այդ նկատառումով, ինչքան հասցրեցի, կազմեցի ֆեյսբուքյան ասուլիսի էջում Անուշի ու Ինգայի դեմ հալածանքին մասնակցածների սև ցուցակ։ Հիմա ում համար օգտակար կլինեն սև ցուցակները.
1. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ, որպեսզի այդ լոբբիստների հետ դադարեցնեն շփումներն ինչպես համացանցում, այնպես էլ ռեալ կյանքում, նրանց բարև չտան, չօգնեն որևէ հարցում, հետները գործնական հարաբերությունների մեջ չմտնեն։
2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին չընդունեն պետական ծառայության, իսկ եթե սրանք պետական օղակներում կան՝ հեռացնեն ցանկացած հարմար պատրվակով։
3. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին աշխատանք չտան։
4. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին հնարավորություն չտան ազդելու հանրային կարծիքի վրա։
5. ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն ունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»։

Ցուցակում հիշատակված անձինք կարծում են, որ նշված արտահայտությունները պարունակում են վիրավորանք և արատավորում են իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Այն իր մեջ պարունակում է նաև ատելության և խտրականության կոչ։

31.05.2014թ. քաղաքացիները խմբագրություն էին ուղարկել գրություն, որով մատնանշվել էր, որ տեղադրված հոդվածն իր մեջ պարունակում է վիրավորանք և խնդրել էին հերքել այն: Սակայն, օրեր անց կայքում հրապարակվել էր նմանօրինակ մեկ այլ հոդված, որով շարունակվել է վիրավորանքը: Մասնավորապես հերքման պահանջ ներկայացրած անձանց հասցեին հնչեցվել է «սույն կերպարանք», «մխտռված կենսագրություն» և նմանատիպ այլ արտահայտություններ։ 

Վերոնշյալ երկու հոդվածները ունեցել են մեծ հրապարակայնություն, տարածվել են տարբեր սոցիալական կայքերում։

16 քաղաքացիներ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով դիմել էին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական  շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ լրատվամիջոցի և լրագրող Հովհաննես Գալաջյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին։ Նրանք խնդրել էին դատարանից պատասխանողներին պարտավորեցնել տեքստի հրապարակումով հրապարակայնորեն ներողություն խնդրել և որպես փոխհատուցում բռնագանձել 5 միլիոն դրամ։ 

30.10.2014թ. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Ներսիսյանի, ամբողջությամբ մերժել է հայցը։ Հայցվորների ներկայացրած բողոքները նույնպես մերժվել են Վերաքննիչ քաղաքացիական և Վճռաբեկ դատարանների կողմից, որից հետո դիմել են ՄԻԵԴ:

Ընդհանուր իրավասության դատարանը եկել էր այն եզրահանգման, որ թեև հոդվածում օգտագործվել են որոշ չափազանցություններ, որոնք կարող էին ցնցել ու անհանգստություն պատճառել հայցվորներին, սակայն, ընդհանուր առմամբ, հոդվածագրի կողմից ցուցաբերվել է հավասարակշռված մոտեցում։ Դատարանը, մասնավորապես գտել է, որ հոդվածն «ամբողջությամբ համապատասխանում է խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին» և հոդվածը «իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով»։

Նշենք, որ ՄԻԵԴ դիմած անձինք ակտիվ գործունեություն են ծավալել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են կանանց եւ ԼԳԲՏ իրավունքները, մարդու իրավունքները, դրսևորել են հասարակական ակտիվություն: Նրանցից ոմանք տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ են:


Արա Ղազարյանը

Արա Ղազարյանն ասում է, որ այս գործը զսպող և ուսուցողական ազդեցություն կունենա թե՛ պետական մարմինների, թե՛ հասարակության տարբեր խավերի նկատմամբ: Վերջիններս խոսելուց առաջ կմտածեն, կհասկանան, եթե կան մարդիկ, որ տարբեր կերպ են մտածում կամ այլ կերպ են ապրում, այնքանով, որքանով մյուսներին չեն խանգարում, չի կարելի նրանց նկատմամբ ատելության կոչեր հնչեցնել կամ նրանց ճակատագիրը որոշելու հարցը վերցնել իրենց ձեռքը:

«Մեր հասարակությունում չափազանց շատ է այս երևույթը տարածված: Մենք այդ մասին խոսում ենք միայն այն դեպքում, երբ դա վերաբերում է ռասսայական խտրականությանը, մասնավորապես՝ Թուրքիային և Ադրբեջանին: Բայց եթե խոսքը գնում է փոքրամասնություններին՝ կրոնական համոզմունքներ, սեռական կողմնորոշում, մենք միանգամից մոռանում ենք, որ ցեղասպանություն վերապրած ազգ ենք: Այսինքն՝ մենք ինքներս խտրականության զոհ ենք»,-ասում է Արա Ղազարյանը:

Փաստաբանը կարծում է, որ նմանատիպ գործերը դրական իմաստով ազդեցություն են թողելու նաև դատական պրակտիկայի վրա: Մասնավորապես, նրա խոսքերով՝ եթե այսօր քաղաքացին դիմի դատարան և հայտնի, որ իր նկատմամբ դրսևորվել է խտրականություն, դատարանները կասեն, որ քաղաքացիական օրենսգրքով չկա հիմք: Այստեղ կա նաև օրենսդրական մեծ բաց: Չկա նաև խտրականության բացառման վերաբերյալ առանձին օրենք:

Արա Ղազարյանը հավելեց, որ ՄԻԵԴ-ը խտրականության արգելման հոդվածով կոմունիկացրել է մի քանի գործեր: Մեկը Գրիշա Վիրաբյանի գործն է, որը վերաբերում է քաղաքական հայացքների հիմքով խտրականությանը (արդեն կայացվել է վճիռը), մյուսը  վերաբերում է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության դիմումին, որը վերաբերում է դատարանի կողմից «աղանդ» բառի մեկնաբանությանը: Սակայն, որպես սեռական փոքրամասնությունների թեմայով ներկայացված կոմունիկացված գանգատ, այս գործն առաջինն է:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ