Կիրակի, 23 սեպտեմբերի

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Կարապետ Քիրամիջյան



սկիզբը       

Կարապետ-Կարո Պողոսի Քիրամիջյանը  ծնվել է 1940թ., Բեյրութում: Մինչեւ կալանավորվելը եղել է Երեւանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի ուսանող եւ «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ) կազմակերպության խորհրդի անդամ։

Նրա վրա է դրված եղել նոր անդամների հավատարմությունը ստուգելու գործը։ Համակարգել է նաեւ նոր կազմակերպական միավորների ու նոր անդամների ներգրավման աշխատանքները։ Դատավճռում նրան ներկայացված հիմնական մեղադրանքներից մեկը 1962 եւ 1963 թվականներին կազմակերպության մեջ գործող խմբակներում նոր անդամների հավաքագրումն է։ 

Եղել է շատ ակտիվ։ Մասնակցել է կազմակերպված բոլոր նշանակալի հավաքներին ու ժողովներին, ելույթներ է ունեցել ու առաջարկություններ ներկայացրել։ Տպագրել է տվել, ապա բազմացրել ու տարածել է ինչպես կազմակերպության անդամների գրած, այնպես էլ ԽՍՀՄ սահմաններից դուրս՝ սփյուռքահայ մամուլում հրապարակված ու կազմակերպության տրամադրության տակ գտնվող նյութեր ու հոդվածներ։ Այսպես՝ բազմացրել ու տարածել է Անատոլի Սկաչկոյի 1921թ. գրած հակահայկական` «Հանուն Թուրքիայի հետ բոլշեւիկյան Ռուսաստանի բարեկամության Հայաստանի շահերը Թուրքիային զիջելու առաջարկ» հոդվածի կապակցությամբ Վիգեն Բաբայանի եւ Մերուժան Հովհաննիսյանի համատեղ գրած պատասխան հոդվածը, սփյուռքահայ մամուլից «Մայիսի 28-ը» հոդվածը, ինչպես նաեւ` Խաչատուր Ամիրջանյանի եւ Խաչիկ Սաֆարյանի հեղինակած նյութերը։

Քիրամիջյանը եւ Մերուժան Հովհաննիսյանը տպագրական միջոց ունենալու ուղղությամբ գործնական քայլեր են կատարել։ Նրանք միասին են մասնագետին պատվիրել պատրաստել համապատասխան չափի ու ձեւի տպագրական հաստոց, որը կարող էր աշխատել Հովհաննիսյանի ձեռք բերած տպատառերով։

Այդ տարիներին գործող սակավաթիվ անկախականներից էր։ Իր ելույթներում հաճախ է շեշտել անկախ Հայաստան ունենալու անհրաժեշտությունը:

Համարվել է նաեւ կազմակերպության «ամենածայրահեղական» անդամներից մեկը, որը կողմ է եղել զենք ձեռք բերելուն եւ հարկ եղած դեպքում այն կիրառելուն։ Դատական նիստի ժամանակ չի էլ պատրաստվել հրաժարվել այդ մեղադրանքից եւ հայտարարել է, որ «այն պետք է գործադրվեր մեր գործին խոչընդոտողներին ոչնչացնելու, Կարինյանի նման մարդկանց ոչնչացնելու եւ փաստաթղթերի տեղափոխությունն ապահովելու համար»:

Խոսքը հայ բոլշեւիկ, կոմունիստական կուսակցության ակտիվ գործիչ, գրականագետ Արտաշես Կարինյանի (1886-1982) մասին է, որը 1956 թվականից Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ էր եւ դեռ 1920-ականներից կոմունիստների մեջ լայն տարածում գտած այն տեսակետի կրողներից էր, որ որպես առանձին միավոր Հայաստանի Հանրապետություն կարող է եւ չլինել, եւ հանուն ռուս-թուրքական բարեկամության ու սոցիալիստական հեղափոխության հաղթանակի` հայ ժողովրդի շահերը պետք է զոհաբերվեն հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի։ Նա “Экономический вестник ССР Армении” պարբերականում 1926թ․ հրապարակված իր հոդվածներից մեկում գրում է․ «Պետք է վերջ տալ հայության հավաքման գաղափարին Հայաստանում, մի գաղափար, որ մինչեւ այժմ էլ ապրում է ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ։ Հողային ֆոնդի բացակայությունն է պատճառը, որ զարգանա ազգային ռոմանտիկան եւ հայությունը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին», ինչպես նաեւ վառ ու կենդանի պահի «միացյալ ու անկախ Հայաստանի գաղափարը»։ Ուստի, անհրաժեշտ է նախ՝

ա) վերջ դնել հայության հավաքման գաղափարին Հայաստանի մեջ, եւ ապա՝

բ) երկրի մեջ եղած 300 000 արեւմտահայ գաղթականությանը ցրել լայնածավալ Ռուսաստանի մեջ»։ 

Քիրամիջյանը Վիգեն Բաբայանի եւ Մերուժան Հովհաննիսյանի հետ միասին ձեռնարկել է Լեռնային Ղարաբաղում եւ Վրաստանում համակիրների խմբակներ ստեղծելու գործը եւ այն գլուխ բերելու նպատակով մասնակցել է Ղարաբաղ եւ Վրաստան այցելություններին։ 

Կալանավորվել է 1963 թ. դեկտեմբերի 29-ին: Դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայում, քաղաքական կալանավորների համար նախատեսված խիստ ռեժիմի կալանավայրում։ Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան, աշխատել իր մասնագիտությամբ, իսկ 1970-ականներին մեկնել է ԱՄՆ մշտական բնակության։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ