Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Գրագողություն․ համայնքապետերը միմյանցից արտագրել են հնգամյա զարգացման ծրագրերը


«Հետքը» շարունակում է ուսումնասիրել, թե որքանով են կատարվել վարչապետ Կարեն Կարապետյանի 2017թ.-ի հանձնարարականները։

Մարտի 23-ի հանձնարարականը․

Հետաքրքիր է՝ երբ նախարար Լոքյանը և մարզպետները վերանայում էին համայնքների՝ 2017-2021թթ. զարգացման ծրագրերը, ինչո՞ւ չեն նկատել, որ դրանց կարևոր ենթագլուխները միմյանցից տառացիորեն արտագրված են։ Օրինակ՝  1) առաջիկա 5 տարիներին համայնքի հիմնական նպատակները, 2) համայնքի զարգացման տեսլականը, 3) բյուջեներ, 4) համայնքապետի ողջույնի խոսքը, 5) համայնքում իրականացվող ծրագրերը և այլն։  

Ստորև կանդրադառնանք նշվածներից յուրաքանչյուրին, սակայն մինչ այդ հիշեցնենք, որ ըստ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 53-րդ հոդվածի` համայնքի ղեկավարը մշակում է հնգամյա զարգացման ծրագիր, որը ներկայացնում է ավագանու հաստատմանը։ Համայնքի ավագանին քննարկում է ներկայացված ծրագիրը, կատարում է փոփոխություններ եւ իր որոշմամբ՝ ընդունում է:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մշակել է մեթոդական ցուցումներ՝ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման և կառավարման վերաբերյալ, որից էլ օգտվելով՝ համայնքապետերը պետք է մշակեին իրենց համայնքին բնորոշ զարգացման ծրագրեր։ Ինչպես նշվում է նախարարության մեթոդական ցուցումներում՝ համայնքների հնգամյա զարգացման ծրագիրը գործառնական և ոչ թե դեկլարատիվ փաստաթուղթ է: Այսինքն՝ այն պետք է հստակ սահմանի ծրագրի նպատակները և դրանք իրագործելու հստակ և չափելի գործողությունների պլան՝ հիմնված  տվյալ համայնքի կարիքների և ռեսուրսների գնահատման վրա։

Հերթականությամբ ներբեռնել և ուսումնասիրել ենք տարբեր մարզերի քաղաքային և գյուղական համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը։ Առաջինը կանդրադառնանք Արմավիրի մարզին։ Նշենք, որ 2017թ-ի մայիսի 5-ին վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արմավիրի մարզի զարգացման լավագույն ծրագրերին և հավանության արժանացրել դրանք։    

Մարզը բաժանվում է երեք տարածաշրջանների՝ Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի։ Հնգամյա զարգացման ծրագիր են ներկայացրել Արմավիրի մարզի 94 գյուղական և 3 քաղաքային համայնքներ։ Գյուղական համայնքներում հիմնականում շրջանառվել է զարգացման ծրագրի երկու օրինակ, որոնցից էլ նույնությամբ արտագրվել են հետևյալ հատվածները․

ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ 1. համայնքապետի ողջույնի խոսքը

Արմավիրի մարզի համայնքապետերի գերակշռող մասը զլացել է ողջույնի խոսք հղել համայնքի բնակիչներին։ Նրանց ներկայացրած զարգացման ծրագրերում շրջանառվում է՝ համայնքապետի ողջույնի խոսքի երկու տարբերակ։ Ստորև ներկայացված տարբերակն իրենց ծրագրերում օգտագործել են համայնքներից 46-ը։  

Օրինակում ներկայացված է Նորապատի և Ջանֆիդայի համայնքապետերի ողջույնի խոսքի համեմատականը։ Տեքստում գունավոր նշված հատվածներն արտագրված են, իսկ չնշվածները՝ ավելացված կամ փոփոխված։ Այն խմբագրության կողմից փոփոխությունների չի ենթարկվել, հետևաբար տառասխալներն ու կետադրական սխալները ծրագիրը կազմողներինն են։

ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ 2. համայնքում իրականացվող ծրագրերը

Համայնքում իրականացվող ծրագրերի մասին հատվածը միմյանցից արտագրել են Արմավիրի մարզի համայնքներից 24-ը։ Համայնքները, որոնք միջազգային դոնորներից կամ պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրեր ունեն, նշված հատվածի վերևում ավելացրել են այդ ծրագրերի մասին տեղեկություններ, իսկ մնացածը թողել նույնությամբ։ Բամբակաշատ և Մայիսյան համայնքների օրինակով ներկայացնում ենք այս ենթագլխի միմյանցից արտագրված հատվածը։

ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ 3. համայնքի զարգացման տեսլականը

Համայնքապետերի մեծ մասը համայնքի զարգացման որևէ տեսլական չունի, քանի որ նրանք միմյանցից արտագրել են նաև այդ հատվածը։ Հնգամյա ծրագիր կազմելու նպատակը հենց զարգացման տեսլականն ու պլանները ներկայացնելն է։ Առաջիկա հինգ տարիների զարգացման տեսլականն ու նպատակները միմյանցից գողացել են 33 համայնքներ։

ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ 4. բյուջեներ       

Որոշ համայնքներ նույնիսկ բյուջեներ են արտագրել միմյանցից՝ չնայած նրան, որ դրանց ծախսերը նախատեսված են տարբեր նպատակների համար։ Օրինակ՝ Բամբակաշատ համայնքը երկրորդային փողոցների փոսալցման համար ներկայացրել է նույն տողերով և ծախսերով բյուջե, ինչ Մայիսյան համայնքը` գիշերային լուսավորության անցկացման համար։

Թե ով է Արմավիրի մարզի համայնքների հնգամյա զարգացման ծրագրի օրիգինալ տարբերակի հեղինակը, հնարավոր չէ պարզել, քանի որ որոշ հատվածներ արտագրված են նախորդ տարիներին ներկայացված ծրագրերից։

Անցյալ տարիներին համայնքները ներկայացրել են զարգացման քառամյա ծրագրեր, իսկ 2017թ.-ից՝ հնգամյա։ Արմավիրի տարածաշրջանի Արտաշարի համայնքապետն, օրինակ, նույնիսկ ջանք չի թափել նախորդ տարվա «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա»-ով։

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքը սահմանում է․

Ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը առանց դրանց ստեղծագործական վերամշակման եւ առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման եւ որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում է գրագողություն։

Միմյանցից զարգացման ծրագրերն արտագրող համայնքապետերը խախտել են հեղինակային իրավունքի մասին օրենքը, իսկ այդ ծրագրերը հավանության արժանացրած և պաշտոնապես հաստատած ավագանու անդամները, տարածքային կառավարման և զարգացման նախարարը և վարչապետը աչք են փակել օրենքի խախտման վրա։  

Կարդացեք նաև՝

Արմավիրի մարզում կան նաև համայնքներ, որոնք հրապարակել են անընթեռնելի և կիսաջնջված զարգացման ծրագրեր։ Ստորև ներկայացված է հատված Քարակերտի զարգացման ծրագրից։

Նման անփույթ և արտագրված հրապարակումները ցույց են տալիս, որ ոչ միայն ծրագրերը, այլև վարչապետից մինչև համայնքապետ՝ համայնքների զարգացման վերաբերյալ արված հայտարարությունները ձևական բնույթ են կրում։  


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։