Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Մեծ տեռորը փոքր գյուղում



2017թ․ ամռանը հնարավորություն ունեցա Ազգային արխիվում ծանոթանալ ստալինյան շրջանի երկու քրեական գործերի։ Մեկը խմբակային գործ է, մյուսով անցել է մեկ մեղադրյալ։ Նշված երկու գործերն էլ նույն՝ Վայքի շրջանի Սերս գյուղի բնակիչների նկատմամբ են հարուցվել։ Գյուղը Նախիջեւանի սահմանին է՝ Վայքից մոտ 25 կմ հեռավորության վրա։ 1930-ական թվականներին 650 բնակիչ է ունեցել։ Այսօր բնակչության թիվը չի գերազանցում 100-ը։

Խմբակային գործով դատավճիռը կայացել է 1937թ․եռյակի կողմից։ Համաձայն այդ դատավճռի` մեղադրյալներից մեկն ութ տարվա ազատազրկման է դատապարտվել, վեցը գնդակահարվել են։ Մյուս գործն ընթացել է սովորական դատական ընթացակարգով, մեղադրյալը 1938-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։

Քրեական գործերն ուսումնասիրելուց հետո մտածեցի, որ այս երկու դատական գործերը որպես օրինակ ծառայեցնելով՝ ստալինյան շրջանի մեծ տեռորի թեմայով կարելի է հոդված գրել։ Թեման հետաքրքիր է ու քիչ լուսաբանված։ Մարդիկ լավ չգիտեն մեր ոչ հեռավոր անցյալի պատմությունը։ Ուրախությամբ կարելի է նշել, որ վերջին տարիներին, այնուամենայնիվ, այն ուսումնասիրվում է։ Այս նոր ուսումնասիրությունների արդյունքում արդեն մի քանի հետաքրքիր ցուցահանդեսներ են կազմակերպվել, ինչպես նաեւ ծավալուն ու արժեքավոր հրապարակումներ են արվել։ Ճիշտ է, ուշացումով, բայց արդեն սկսում ենք ոչ թե ասեկոսեների ու չճշտված խոսքուզրույցների մակարդակով, այլ հրապարակված իրական փաստերի ու փաստաթղթերի հիման վրա ծանոթանալ մարդկության պատմության մեջ իր դաժանությամբ առանձնահատուկ տեղ գրավող այդ շրջանի մեր պատմությանը։  

Այստեղ ներկայացված են ոչ մեծ գյուղում տեղի ունեցած երկու տարբեր պատմություններ։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է ընթացել մեծ տեռորը այս փոքր գյուղում, ինչպես են խեղվել մարդկային ճակատագրերը։ Հոդվածը մի քիչ ծավալուն է ստացվել, որովհետեւ ցանկացել եմ նյութը հնարավորինս մանրակրկիտ ներկայացնել։ Մեծ տեռորի մասին ակնարկով եւ երկու քրեական գործերը մանրակրկիտ ներկայացնելով` ընթերցողի առաջ փորձում եմ բացել ստալինյան շրջանի բռնությունների մեխանիկան։

Մեծ տեռորի մասին

Խորհրդային երկիրն իր ստեղծման առաջին իսկ օրերից որպես իր հակառակորդների եւ իր կողմից հակառակորդներ հայտարարված ուժերի ու անհատների դեմ պայքարի կարեւորագույն, եթե ոչ միակ գործիք ընդունեց ու հայտարարեց տեռորը։

1918թ. սեպտեմբերի 5-ին Սովժողկոմի՝ Ժողովրդական կոմիսարների խորհուրդ (այսպես էր կոչվում խորհրդային կառավարությունը մինչեւ 1946թ.) որոշմամբ պաշտոնապես ազդարարվեց կարմիր տեռորի սկիզբը։ Սա նախատեսում էր պատժիչ գործողությունների մի ամբողջ համակարգ, որի նպատակն էր ոչնչացնել բոլշեւիկների իրական հակառակորդներին կամ բոլոր նրանց, ում բոլշեւիկները կդիտարկեին իբրեւ հակառակորդներ։ 1923 թվականը համարվում է կարմիր տեռորի ավարտի տարի, բայց, ըստ էության, այն ավարտ չունեցավ։ Ուղղակի փոքրացան բռնությունների ծավալները, եւ վերացավ տերմինը։ 1923-ից մինչեւ 1927-28թթ.կարելի է հարաբերական թեթեւացման շրջան համարել։ 1927թ. կոմունիստական կուսակցության 15-րդ համագումարն ընդունեց համատարած կոլեկտիվացման մասին իր հայտնի որոշումը, իսկ 1928թ. դեկտեմբերից սկսվեց այդ որոշման կենսագործումը, որը մինչեւ 1933թ. ձգվեց ու ուղեկցվեց գյուղացիական դիմադրություններով ու գյուղացիության դեմ ուղղված դաժանագույն բռնություններով։

Խորհրդային ժողովուրդը դեռ չէր հասցրել ուշքի գալ կոլեկտիվացման հասցրած հարվածներից, երբ մոտեցավ չարագուշակ 1937 թվականը։ 1937թ. մարտին Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի լիագումար ժողովի (պլենում) ժամանակ Ստալինը հանդես եկավ երկրում ընթացող բռնություններին, ավելի ճիշտ կլինի ասել՝ պետական ահաբեկչությանը նոր թափ հաղորդելու զեկույց-առաջարկով։ Իր այդ հայտնի ելույթում նա խոսում է այն մասին, որ երկրում վխտում են տարատեսակ վնասարարներ, լրտես-դիվերսանտներ, տեռորիստներ, թշնամի երկրների հետախուզությունների գործակալներ, տրոցկիստներ, որոնք ներթափանցել են ոչ միայն իշխանության ներքին, այլեւ վերին օղակներ, եւ սրանց անհրաժեշտ է բացահայտել ու ոչնչացնել։ Տեղեկացնում է, որ մանրակրկիտ մշակված ծրագիր արդեն կա. «Մենք նախանշել ենք մեր հիմնական անհրաժեշտ քայլերը դիվերսանտ-վնասարարների եւ լրտես-տեռորիստների, արտասահմանյան հետախուզական կառույցների տրոցկիստ-ֆաշիստական թափանցումները վնասազերծելու եւ ոչնչացնելու ուղղությամբ»։  

Մինչ այս ելույթը խորհրդային երկրի պատժիչ մարմինները թիրախավորում էին հիմնականում նրանց, ովքեր կարող էին հակախորհրդային տարր համարվել։ Այս թվին կարող էին դասվել գյուղացիության ունեւոր խավը, մինչեւ 1917թ. հեղափոխությունը հասարակական կյանքում քիչ թե շատ աչքի ընկնող դիրք գրավողները, տարատեսակ ազատամիտները, անխտիր բոլոր կրոնական համայնքները, ընդդիմախոս դարձած իրենց նախկին աջակիցները, մի խոսքով` բոլոր նրանք, ովքեր կարող էին դիտարկվել կամ որպես «դասակարգային թշնամիներ» կամ որպես «դավաճաններ»։ Բռնությունների զոհ էին դառնում բարձրաստիճան պաշտոնյաներն ու կուսակցական գործիչները։ Սա անվանվում էր կուսակցական շարքերի մաքրում կամ, իրենց բառապաշարով, զտում։ Երկրում շատ հայտնի կուսակցական ու պետական գործիչներ հերթով հայտարարվում էին «ժողովրդի թշնամի» ու գնդակահարվում։ Խորհրդային երկրի կյանքում սա նորություն չէր։ Դեռ 1934թ. դեկտեմբերին Կոմունիստական կուսակցության ու խորհրդային իշխանական համակարգում նշանակալի դիրք ունեցող Սերգեյ Կիրովի սպանության պատրվակով արդեն սկսվել էին իշխանության վերին օղակների ներկայացուցիչների ձերբակալություններն ու ցուցադրական դատավարությունները։ Բայց Ստալինի նշված ելույթից հետո բռնությունների ալիքը տարածվում է երկրով մեկ։ Այս պահից թիրախավորման ու ոչնչացման ենթակա կարող էր լինել ցանկացած մեկը։ 1937թ. հուլիսի 30-ին ստորագրվեց ԽՍՀՄ ներքին գործերի նախարարի № 00447 գաղտնի հրամանը, որը կրում էր «Նախկին կուլակներին, քրեականներին եւ այլ հակախորհրդային տարրերին բռնաճնշումների ենթարկելու օպերացիայի մասին» անվանումը։ Սրանով սկսվեց մեծ տեռորը։ Այդ հրամանը կարելի է գտնել այստեղ։

№ 00447 գաղտնի հրամանի առաջին էջը (լուս․ վերցված է համացանցից)

Բոլոր գործողություններն ու բոլոր քայլերը նախապես ու մանրակրկիտ մշակվել էին։ Քանի որ խոսքը հարյուր հազարավոր մարդկանց դատապարտման մասին էր, պարզ էր, որ դատարանները չէին կարողանալու այդ ծավալի աշխատանք կատարել։ Նման ծավալի գործեր լսելու համար դատարաններին տասնամյակներ էին պետք։ Նոր համակարգ էր պետք, որը կփոխարիներ դատարաններին եւ մեծ օպերատիվությամբ կկարողանար իրականացնել իր վրա դրված գործառույթը։

Դատական ձեւականություններից խուսափելու, արդարադատության պահանջներից դուրս գալու եւ արագացված կարգով դատական ակտեր հրապարակելու համար որոշվեց ստեղծել եռյակներ՝ երեք մարդուց բաղկացած արտադատական մի մարմին, որի գործը արագացված վճիռներ կայացնելն էր լինելու։ Եռյակները կազմակերպվում էին հանրապետական, մարզային եւ երկրամասային մակարդակներում։ Եռյակի նիստերը նախագահում էր հանրապետության ներքին գործերի ժողովրդական կոմիսարը (ՆԳԺԿ), իսկ անդամներն էին հանրապետության դատախազը եւ Կոմունիստական կուսակցության քարտուղարը։ Նույն համամասնությունը պահպանվում էր մարզի կամ երկրամասի դեպքում։ Քրեական գործի նյութերը եռյակին զեկուցում էր ՆԳԺԿ-ի համապատասխան աշխատակիցը։ Լսումներն ընթանում էին ռուսերեն, առանց մեղադրյալների եւ մի քանի րոպե էին տեւում։ Եթե մահապատժի վճիռ էր կայացվում, ապա եռյակի նախագահը գրում էր ռուսերեն «Р» տառը, ինչը նշանակում ր расстрелять՝ գնդակահարել, որից հետո եռյակի մյուս երկու անդամներն իրենց ստորագրություններն էին դնում։ Եռյակին հասած ցանկացած գործ կարող էր ավարտվել կամ գնդակահարությամբ կամ ազատազրկմամբ, այլ գործողություն, ասենք՝ արդարացնել, եռյակը չէր կարող։ 1937 եւ 1938թթ․ ընթացքում ԽՍՀՄ-ում մոտավորապես 1,3 մլն մարդ դատապարտվեց, որից 700 000-ը գնդակահարվեց։ Որոշ հետազոտողներ այս կարճ ժամանակահատվածի կտրվածքով շատ ավելի մեծ թվեր են նշում։

Նախաքննություն կոչված միջոցառումն անօրինականությունների մի ամբողջական շղթա էր։ Մարդուն ձերբակալում էր ՆԳԺԿ-ի աշխատակիցն իր որոշմամբ, առանց դատախազի սանկցիայի։ Քննությունը նույնպես վարում էր ՆԳԺԿ-ն։ Բանտում հայտնվելուց հետո մարդը դրսի աշխարհի համար դադարում էր գոյություն ունենալ։ Որեւէ կապ հարազատների հետ լինել չէր կարող։ Փաստաբաններ ու փաստաբանական ծառայություն նույնպես չկային։ Խցի չորս պատերն էին, քննիչը եւ աշխարհից կտրված կալանավորը։ Եթե սրան գումարենք նաեւ լայն տարածում գտած ու թույլատրվող դաժանագույն խոշտանգումները, սպառնալիքները, որ պահանջվող ցուցմունքների տակ չստորագրելու դեպքում կկալանավորեն նաեւ հարազատներին, պարզ է դառնում, որ այս իրավիճակում հայտնված մարդը երկար դիմանալ չէր կարող։ Քիչ չեն օրինակները, թե ինչպես են հայտնի քաղաքական, պետական ու ռազմական գործիչները ստորագրել պահանջվող ցուցմունքների տակ, հանդես եկել ինքնախոստովանությամբ ու այլոց հասցեին կեղծ մեղադրանքներով։ Իսկ եթե մարդն անգրագետ գյուղացի էր կամ բանվոր, ապա նրան ջարդելը շատ ավելի հեշտ էր։ Նա ամեն ինչի պատրաստ էր, միայն թե հնարավորինս շուտ պարզվի «թյուրիմացությունը»։ Բնական է, որ ձերբակալվածներն անմեղ մարդիկ էին եւ առաջին օրերին միամտորեն կարծում էին, թե իրենց հետ կատարվածը թյուրիմացություն է, սխալմունք, որը շուտով պարզվելու է։ Նրանց ամբողջ հույսը քննիչն էր։ Իսկ քննիչը միայն մեկ խնդիր ուներ՝ ստիպել, որ ձերբակալվածն ընդունի իրեն ներկայացված հանցանքները՝ եղել է դաշնակցական (Հայաստանի դեպքում), զբաղվել է վնասարարությամբ, եղել է անգլիական, գերմանական կամ թուրքական լրտես, մասնակցել է բանդիտական շարժմանը, եղել է տրոցկիստ եւ այլն։ Նա ոչ միայն պետք է ընդուներ իրեն ներկայացված մեղքը, այլեւ պետք է գործակիցների անուններ տար։ Քննիչները ստիպում էին ստորագրել նախապես պատրաստված ցուցմունքների տակ։ Եթե ձերբակալվածը որոշեր ընդվզել, հրաժարվել պահանջվող ցուցմունքները տալուց, հրաժարվել ստորագրել արդեն պատրաստի ցուցմունքների տակ, ապա նրա նկատմամբ ամենադաժան կտտանքներ էին կիրառվում, եւ այս ճանապարհով ձեռք բերված նրա ինքնախոստովանական ցուցմունքները դրվում էին մեղադրանքի հիմքում։

1938-ին, երբ բռնություններն արդեն աներեւակայելի չափերի էին հասել, Ստալինն ու իր աջակիցներն, այդ պահի դրությամբ իրենց առջեւ դրված խնդրի առաջին մասը լուծված համարելով, սկսեցին իրենց լիազորությունները չարաշահելու պատրվակով «ժողովրդի թշնամի» հայտարարել եռյակների նախագահներին ու անդամներին ու այս անգամ արդեն նրա´նց գնդակահարել։ Պետք էին մարդիկ, որոնց վրա կդրվեր հազարավոր անմեղ մարդկանց ազատազրկման ու գնդակահարության պատասխանատվությունը։ Գնդակահարվեց նաեւ Հայաստանի եռյակի նախագահ Մուղդուսին։   

 Գյուղը

Բռնի կոլեկտիվացման եւ կուլակաթափության շրջանում՝ 1930թ․, ինչպես ամբողջ ԽՍՀՄ-ում, այնպես էլ փոքրիկ Սերս եւ շրջակա գյուղերում գյուղացիական դիմադրություն է եղել։ Նման դիմադրությունն ավելի քան բնական էր, որովհետեւ խլում էին մարդկանց ունեցվածքը, իսկ տերերին, որոնց կուլակներ էին անվանում, ընտանյոք հանդերձ աքսորում։ Մինչեւ 1917թ․ բոլշեւիկյան հեղափոխությունը ռուսական գյուղերում կուլակ են կոչել այն գյուղացիներին, ովքեր, համագյուղացիների կարծիքով, ձեռք էին բերում ոչ աշխատանքային եկամուտներ։ Դրանք առեւտրական գործարքներում միջնորդ հանդես եկողներն էին, փոխանակությամբ, խարդախությամբ կամ այլ ոչ այնքան ազնիվ ճանապարհներով ունեցվածք կուտակողները։ Խորհրդային շրջանում այս տերմինը փոխեց իր նշանակությունը։ Կուլակ ասելով` արդեն հասկանում էին ունեւոր գյուղացի, որի ունեցվածքը ենթակա էր բռնագրավման, իսկ ինքը՝ գյուղացին ու նրա ընտանիքը, արտաքսման։ Ըստ դեռեւս մինչեւ վերջ չճշտված տվյալների` ԽՍՀՄ-ում 1930-33թթ․ 2,5 միլիոնից ավել գյուղացի է իր բնակության վայրից աքսորվել։ Նույն այդ երեք տարիների ընթացքում, կրկին վերջնականապես չճշտված եւ խիստ մոտավոր տվյալներով, աքսորվածներից 600-700 հազարը սովի եւ բռնությունների արդյունքում մահացել է։ Եթե սրան գումարվեն բռնի կոլեկտիվացման ու գյուղատնտեսության բնագավառում վարվող քաղաքականության արդյունքում Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանի կենտրոնական հատվածում, Հարավային Ուրալում, Արեւմտյան Սիբիրում եւ այլ վայրերում համատարած սովի զոհերը, ապա այդ թիվը, ըստ տարբեր հաշվարկների, գերազանցում է 8 միլիոնը։ Այդ շրջանից հայտնի են դաժան հանգուցալուծում ունեցած լուրջ գյուղացիական ապստամբություններ։ Ստալինյան ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրմամբ զբաղվող պատմաբան Օլեգ Խլեվնյուկի հրապարակած տվյալներով` միայն 1930թ․ հունվար ամսվա ընթացքում գյուղացիական 346 զանգվածային դիմադրություն է արձանագրվել, փետրվարին՝ 736, մարտ ամսվա միայն առաջին կեսին՝ 595։ Նույն այդ ժամանակահատվածում Ուկրաինայի 500-ից ավելի գյուղերում գյուղացիական ապստամբություններ էին ընթանում։ Գյուղացին իր ունեցվածքը փրկելու համար ամենատարբեր քայլերի էր դիմում։ Որպես սեփական անասունը խլելուց փրկելու վերջին միջոց համատարած մորթ էին իրականացնում։ Ռուսաստանում իրականացված համատարած մորթի հետեւանքով երկրում առկա անասնաքանակը կրճատվեց 1/3-ով։

Սերսում եւ շրջակա գյուղերում նույնպես գյուղացիական դիմադրություն է եղել, որը մոտավորապես 10 օր է տեւել։ Ապստամբ գյուղացիները զինաթափել են գյուղերում գտնվող զենք ունեցող ու կուլակաթափությունը կազմակերպող կոմունիստներին եւ փորձել են պաշտպանել իրենց ունեցվածքը։ Սպանության եւ զենքի գործադրման դեպքեր չեն արձանագրվել։ Կարճ ժամանակ անց տարածաշրջան մտած զինված ուժերը զինաթափել են ապստամբներին։ Կրկին՝ առանց արյունահեղության։ Կազմակերպիչներին դատապարտում են, իսկ ոչ ակտիվ մասնակիցներին՝ ազատ արձակում։ Սերս գյուղից որպես կազմակերպիչներ 5 տարվա աքսորի են դատապարտվում 1877թ․ ծնված Երանոս Հովհաննիսյանը եւ 1905թ․ծնված Գարուշ Կարապետյանը։

1930թ․ գյուղում կոլեկտիվ տնտեսություն է կազմակերպվում, որի մեջ մտնում են գյուղի բոլոր բնակիչները։ Թվում է, թե մի քանի օր տեւած դիմադրական այս թույլ փորձը պետք է անցած համարվեր։ Բայց գալիս է 1937 թվականը։ Ամենուր ժողովրդի թշնամիներ են փնտրվում ու գտնվում։ Արդեն երկու տարի էր, ինչ գյուղ էին վերադարձել աքսորված Երանոսը եւ Գարուշը։

Առաջին քրեական գործ

Ինչպես ողջ խորհրդային երկրում, այնպես էլ այս գյուղում գաղտնի գործակալների եւ մատնիչների պակաս չկար։ Քրեական գործեր սարքելու նպատակով շրջանային ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԳԺԿ) հանձնարարականով նրանք սկսում են մատնագրեր գրել իրենց համագյուղացիների վրա։ Կոնկրետ այս քրեական գործը սկսելու համար բավարար հիմք են հանդիսացել 6 մատնիչների ուղարկած մատնագրերը։ 6-ից երեքի անունները բացահայտվում են 1960թ. անմեղ դատապարտվածների արդարացման վերաբերյալ ուսումնասիրությունների ժամանակ։ Նրանք են՝ Արմենակ Ալավերդյանը (կեղծանունը՝ Վազգեն), Արամայիս Թադեւոսյանը (կեղծանունը՝ Գուրգեն) եւ Վ. Ե. Ասլանյանը (այս մեկն, ամենայն հավանականությամբ, Սերս գյուղի բնակիչ չէ)։

Թադեւոսյան Արամայիսն, ի լրումն իր նախկին մատնագրերի, տեղեկացնում է, թե իբր Հարությունյան Հակոբը Կամառլու (Արտաշատ) կայարանում հանդիպել է Վարդան Դանիելյանին, որը նրան տեղեկացրել է, թե Թբիլիսի՝ գաղտնի ժողովի է մեկնում եւ, եթե ինքը վերադառնալ չկարողանա, ապա հանդիպման համար մարդ կուղարկի։ Իսկ գաղտնի ժողովներն էլ, իբր, դաշնակցական բնույթի են։ Այս եւ մնացած բոլոր մատնագրերը մտացածին էին։ Առաջ անցնելով` ասենք, որ դատապարտվածների արդարացման շրջանում՝ 1960թ., մատնագրերի հեղինակներն իրենց մատնագրերը եւ քրգործի շրջանակներում տված ցուցմունքներն արդարացնելու համար բացատրել են, որ գրել են ոչ թե ձեռքի տակ կոնկրետ փաստեր ունենալով, այլ չճշտված բամբասանքների հիման վրա։ Չեն կարողացել բացատրել նաեւ, թե որտեղից էին լսել այդ բամբասանքները։ Վստահորեն կարելի է պնդել, որ այդ «լուրերը» կամ հենց իրենք՝ սուտ մատնագրերի եւ կեղծ ցուցմունքների հեղինակներն են հորինել, կամ նրանց այդ ամենը թելադրել է ՆԳԺԿ -ի համապատասխան աշխատակիցը։  

Ձերբակալությունները սկսվում են 1937թ. նոյեմբերի 7-ին։ Գործով ձերբակալվում են՝ Կարապետյան Գարուշ Գեւորգի (1905թ.), Հովհաննիսյան Խորեն Ասատուրի  (1890թ.), Հովհաննիսյան Երանոս Ասատուրի (1877թ.), Սարգսյան Երանոս Ներսեսի  (1874թ.), Հարությունյան Հակոբ Նահապետի (1904թ.), Ղազարյան Հայրիկ Հովհաննեսի (1898թ.), Ղազարյան Համբարձում Հովհաննեսի (1905թ.)։ Հովհաննիսյանները եւ Ղազարյանները հարազատ եղբայրներ են։ Մինչեւ այս մարդկանց ձերբակալությունները ՆԳԺԿ-ն արդեն  քրեական գործը հարուցել էր ու սկսել համագյուղացիների հարցաքննությունները։ Բնական է, որ առաջին հերթին հարցաքննվում են գյուղի ակտիվիստները։ Հարցաքննությունների արձանագրությունների մեծ մասը ռուսերեն է, որին չէին տիրապետում ո´չ գործով հարցաքննվող վկաները եւ ո´չ էլ մեղադրյալները։ Մեղադրյալներից ու վկաներից շատերը տառաճանաչ չէին եւ որպես ստորագրություն հարցաքննության արձանագրության տակ դնում էին իրենց թանաքոտած մատը, ոմանք էլ, կիսագրագետ լինելով, գրում էին միայն իրենց անունը։ Առաջին հարցաքննությունն իրականացվել է 1937թ. հոկտեմբերի 26-ին։ Հարցաքննվել է Մանասերյան Խաչատուրը, որն ապագա մեղադրյալների վերաբերյալ, հիմնականում՝ Հովհաննիսյան Երանոսի, տվել է համապարփակ ցուցմունքներ։ Ասել է, որ նա գյուղի կուլակներից ու ամենաակտիվ դաշնակցականներից է եղել, 1930թ. մասնակցել է բանդիտական շարժմանը, զինաթափել է գյուղի կոմունիստներին, ինչի համար աքսորվել է։  Աքսորից վերադառնալուց հետո շարունակել է իր թշնամական գործունեությունը։ Տեղեկացրել է, որ նա սերտ կապերի մեջ է գտնվել գյուղում եւ հարեւան գյուղերում եղած դաշնակցականների հետ։ Տվել է դաշնակցականների անուններ՝ Երանոս Սարգսյան, Գարուշ Կարապետյան, Խաչատուր Մալխասյան, ապա՝ հարեւան Բարձրունի գյուղից` Սարգսյան Վարդան։

Նույն օրը հարցաքննվել է Արմենակ Ալավերդյանը, որը կրկնել է Խաչատուր Մանասերյանի ցուցմունքները եւ հավելել, որ Երանոս Հովհաննիսյանը կապեր է ունեցել նաեւ Էջմիածինում բնակվող դաշնակցական Կարապետ Մելիք-Հարությունյանի հետ, ինչպես նաեւ իր կնոջ՝ Սաթենիկի միջոցով գյուղացիներին հորդորել է վատ հավաքել հացահատիկը, հովիվ եղած ժամանակ նրա վատ աշխատանքի պատճառով երկու էշ է սատկել։ Հավելել է, որ Երանոսը կապված է եղել նաեւ Կեչուտ գյուղից դաշնակցական Թանգո Մկրտչյանի հետ։

Երեք օր անց՝ հոկտեմբերի 29-ին, հարցաքննվել է Թադեւոսյան Արամայիսը, որը, հաստատելով նախկին հարցաքննվածներ Մանասերյանի եւ Ալավերդյանի ցուցմունքները, հավելել է, որ Երանոսը եւ գյուղի մյուս դաշնակցականները կապված են եղել ոչ միայն հարեւան գյուղերի դաշնակցականների, այլեւ Նախիջեւանի Շեյթանաբադ եւ Ջայրի գյուղերի մուսաֆաթականների հետ։

1937թ. նոյեմբերի 8-ին` գործով անցնող մեղադրյալներին ձերբակալելուց մեկ օր անց, երկրորդ անգամ է հարցաքննվում Արմենակ Ալավերդյանը։ Հիշեցնենք, որ նա մատնագիր գրողներից մեկն էր։ Այս հարցաքննության արձանագրությունը կարելի է կրճատումներով մեջբերել, քանի որ այն պարզորոշ ցույց է տալիս, թե ինչպես էին այդ շրջանում բացարձակ անմեղ մարդկանց վրա գործ սարքում։ Ի տարբերություն գործում եղած շատ արձանագրությունների, այս մեկը հայերեն է։

Հարց – Դուք ին՞չ կարող եք ասել ձեր գյուղի հակահեղափոխական-դաշնակցական տարրերի մասին։

Պատասխան – Հակահեղափոխական աշխատանքի կատարողը առաջինը դա մեր գյուղի բնակիչ Հակոբ Նահապետի Հարությունյանն է, որի հայրը՝ Նահապետը, եղել է մելիք 1915-1917թթ., որը մահացել է 1937թ.։ Հարությունյան Հակոբի տնտեսությունը եղել է կուլակային-անհատական։ Մինչեւ 1930թ. եղել է ձայնազուրկ։ 1928-30թ. ունեցել է երկու բատրակ։ Ամուսնանում է 1928թ. կրոնական ծեսով, պսակվում՝ տերտերով։

Հարց – Հակոբ Հարությունյանը 1930թ. բանդիտական շարժման ժամանակ ինչպիսի՞ դիրք է գրավել։

Պատասխան – Հարությունյանը եղել է բանդիտ։ Հրացանը ձեռքին կռվել է ակտիվ խորհրդային իշխանության դեմ։ 1933թ. եղել է պահեստապետ, որը պահեստից մեղր է դուրս գրել։ 1934թ. հեռացվեց կոլխոզից, հեռացումը չհաստատվեց շրջանի գործադիր կոմիտեի նախկին նախագահ Հայկ Աբրահամյանի կողմից։ 1934թ. աշխատում էր դաշտավարության մեջ, որը չէր կատարում տրված պլանը։ 1936-37թ. աշխատում էր որպես մեղվապահ, որը դիտավորյալ վատ էր աշխատում։ 42 կիլոյի փոխարեն 16-20 կիլո էր ստանում։ 1937թ. մեղուների տված մեղրը չքաշեց։

Հարց – Կարո՞ղ եք ասել ձեր գյուղի բնակիչ Հայրիկ Ղազարյանի մասին։

Պատասխան- Ղազարյանը աչքի ընկնող շահագործող կուլակ է։ 1934թ. առաջնորդին վարկաբեկելու համար վտարվեց կոլխոզի շարքերից, բայց հեռացումը չհաստատվեց շրջանային գործկոմի կողմից։ 1930թ. բանդիտական շարժման մասնակից է։

Այնուհետեւ հարցաքննվել են գյուղի այլ բնակիչներ։ Բոլորն էլ ստորագրել են պահանջվող ցուցմունքների տակ։ Համաձայն այդ ցուցմունքների` բոլոր 7 կալանավորվածներն էլ մասնակցել են 1930թ. բանդիտական շարժմանը, եղել են դաշնակցականներ, կոլխոզում վատ են աշխատել ու զբաղվել են վնասարարությամբ։

Պարզ է, որ բոլոր կալանավորվածներն էլ ձերբակալությունից անմիջապես հետո, ինչպես ամբողջ խորհրդային երկրում իրենց հազարավոր բախտակիցներ, կարծում են, թե թյուրիմացություն է իրենց հետ կատարվածը եւ հրաժարվում են ներկայացված մեղադրանքներից։ Մեղադրանքները չընդունելու պահից սկսվում են ճնշումները եւ խոշտանգումները։ Սա պարզորոշ երեւում է գործի ընթացքից։ Որովհետեւ կարճ ժամանակ անց բոլոր մեղադրյալներն էլ միաժամանակ սկսում են ներկայացված մեղադրանքները հանձն առնել։ Մեղադրյալների հետ հարցաքննությունները նույնպես, որպես կանոն, իրենց անհասկանալի լեզվով՝ ռուսերեն են։ Նրանցից պահանջվում էր միայն ստորագրել այդ ցուցմունքների տակ։ Ցուցմունքներում նրանք ոչ միայն հանձն են առնում իրենց ներկայացված մեղադրանքները, այլեւ այլոց եւ իրար դեմ են ցուցմունքներ տալիս։

Ձերբակալությունից 25 օր անց՝ դեկտեմբերի 2-ին, նախաքննությունը համարվում է ավարտված, եւ գործն ուղարկվում է եռյակին։ 25 օրը յոթ մարդու մեղադրանք ներկայացնելու եւ մեղադրանքը հաստատելու համար բավարար է համարվում։ Թե քանի րոպե է տեւում դատ կոչված միջոցառումը՝ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ յոթից մեկին՝  Հակոբ Հարությունյանին են ութ տարվա ազատազրկման դատապարտում, իսկ մնացած վեցին մահապատժի են դատապարտում։ Մահապատիժն ի կատար է ածվում դատավարությունից չորս օր անց՝ 1937թ. դեկտեմբերի 6-ին։ Մահապատիժն ի կատար ածելու մասին զեկուցում է Հայկական ՍՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի պետական անվտանգության վարչության բաժնի պետ, լեյտենանտ Գրիգորյանը։

Այսպիսի տեսք ունեին եռյակի վճիռները (լուս․վերցված է համացանցից)

Միակ չգնդակահարված Հակոբ Հարությունյանը տեղափոխվում է Գորկու (այսօր՝ Նիժնի Նովգորոդ) մարզի կալանավայրերից մեկը։ 1939թ. կալանավայրից բողոքարկում է իր դատավճիռը, սակայն Հայաստանի դատախազությունից բողոքին ի պատասխան տեղեկացնում են, որ դատավճիռը տեղին է, քանի որ Հարությունյանն ինքը նախաքննության ժամանակ ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը։ 1941թ. նա կամավոր զինվորագրվում եւ ռազմաճակատ է մեկնում։ 1944թ. հայտնվում է անհայտ կորածների ցանկում։

1956թ.` Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարից հետո, երբ Խրուշչովը ստալինյան շրջանի բռնությունների ու կամայականությունների պաշտոնական գնահատականը տալու առաջին փորձն արեց, դատապարտվածների ու գնդակահարվածների շատ ժառանգներ իրենց հարազատների մասին որեւէ տեղեկություն ստանալու ակնկալիքով սկսում են դիմել խորհրդային պետական կառույցներին։ Հիմնականում՝ դատախազություն կամ Պետական անվտանգության կոմիտե։ 1959թ. այս գործով գնդակահարված Գարուշ Կարապետյանի որդին՝ Գեւորգ Գարուշի Գեւորգյանը, որն այդ պահին որպես զինծառայող գտնվել է Մոլդովայում, հոր մասին տեղեկություններ ստանալու ակնկալիքով դիմել է ԽՍՀՄ կենտրոնական արխիվ։ Մոսկվայից նրա դիմումը վերահասցեագրվելով հասնում է Հայաստան՝ Պետանվտանգության կոմիտե։ ՊԱԿ-ի օպերլիազոր Գասպարյանը դիմումի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացնում։ 1959թ. նոյեմբերի 19-ին Գասպարյանը պարզում է, որ դիմումատուի հայրը 1937թ. դեկտեմբերի 6-ին գնդակահարվել է։ Այդ մասին զեկուցագրով տեղեկացնում է ՊԱԿ ղեկավարությանը։ Չորս օր անց՝ նոյեմբերի 23-ին, Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ից նամակ է հասցեագրվում Մոլդովա։ Արժե այն թարգմանաբար մեջբերել.

                                                                         Մոլդովական ԽՍՀ Նախարարների խորհրդին 

                                                                   առընթեր ՊԱԿ արխիվային-հաշվառման բաժնի պետին

                                                                                                                ք. Քիշինյով

 Հայկական ԽՍՀ հանրապետական պետարխիվ հասցեագրված դիմումին ի պատասխան` խնդրում ենք ցուցում տալ՝ բանավոր հաղորդել զինծառայող Գեւորգ Գարուշի Գեւորգյանին, որ նրա հայր Գարուշ (նա ինքը՝ Կարապետ) Կարապետյանը, ծնվ. 1905թ., 1937թ. դատապարտվել է 10 տարվա ազատազրկման եւ 1944թ. հոկտեմբերի 16-ին ազատազրկման վայրում սեփսիսից մահացել է։

Տեղեկացման ամսաթիվը խնդրում ենք հայտնել մեզ։

Նամակը ստորագրել են Հայաստանի ՊԱԿ-ի արխիվի պետ Մելքումովը եւ օպեր լիազոր ավագ լեյտենանտ Գասպարյանը։

Մոլդովայից գալիս է համապատասխան գրությունն առ այն, որ 1959թ. դեկտեմբերի 21-ին որդուն բանավոր տեղեկացրել են, որ հայրը սեփսիսից վախճանվել է 1944թ.։

Ահա այսպիսի խիստ կոմունիստական ու խորհրդային մոտեցում։ Ընդգծենք միայն, որ սա բացառություն չէ։ Ամբողջ Խորհրդային Միությունում էին այսպես վարվում։ Մեծ տեռորից ու, ընդհանրապես, ստալինյան շրջանի բռնություններից տարիներ անց խորհրդային իշխանությունները շարունակում էին թաքցնել իրականությունը։ Վերեւից իջած հրահանգով արգելվել էր գնդակահարության փաստի մասին տեղեկացնել գնդակահարվածների հարազատներին։ Փոխարենը դիմողներին Պետանվտանգության կոմիտեն մահվան հորինված հանգամանք եւ տարեթվեր էր նշում, իսկ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայություններին հանձնարարվում էր տալ այդ մասին կեղծ մահվան վկայականներ։   

1960թ. հունվարի 11-ին ՀԽՍՀ դատախազի առաջին տեղակալը Պետական անվտանգության կոմիտեի պետ Բադամյանցին, բնական է՝ ռուսերեն, վեց կետից բաղկացած գրություն-հանձնարարական է ուղարկում, համաձայն որի` պետք է այս քրեական գործով նոր ուսումնասիրություններ իրականացվեն։ Հանձնարարում է.

1. Պարզել եւ ըստ մեղադրանքի վերահարցաքննել դատապարտված Հարությունյան Հակոբին։  

2. Մանրակրկիտ հարցաքննել բոլոր վկաներին (1937թ.):

3. Հարցաքննել գյուղի հնաբնակներին:

4. (Այս կետն անընթեռնելի է)։

5. Պարզել օպերատիվ տեղեկությունների աղբյուրները եւ ըստ էության հարցաքննել նրանց, միաժամանակ պարզել օպերատիվ տեղեկությունների բնագրերի գտնվելու վայրը։

6. Պահանջել նրանց վրա եղած արխիվային-քննչական նյութերը եւ դրանց հիմքով լիարժեք հղումներ պատրաստել։

Թե ինչ ծավալի աշխատանք են կատարել պետանվտանգության մարմիններն այս հանձնարարականից հետո՝ հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, հերթապահ գրություններով վերանայման գործը փակել են։ Չնչին բացառություններով, այսպես են վարվել արդարացման ենթակա բոլոր բռնադատվածների գործերով։ Բացառությունները վերաբերել են կուսակցական կամ պետական աչքի ընկնող գործիչներին։ Նրանց արդարացնելիս, երբ հատուկ հանձնարարություն էին ունենում, հիմնավոր ուսումնասիրություններ էին կատարում։ Այս գործով Պետական անվտանգության կոմիտեի քննիչները 1960թ. փետրվարին գյուղ են այցելել ու բավարարվել են միայն գործով անցնող վկաներին եւ մատնագրերի հեղինակներին վերահարցաքննելով։ Չնայած դատախազի հատուկ հանձնարարականին, չեն բարեհաճել անգամ տեղեկանք գրել այն մասին, որ գործով միակ չգնդակահարված Հակոբ Հարությունյանը կալանավայրից կամավոր պատերազմ է մեկնել ու չի վերադարձել, ինչի պատճառով էլ նրան հարցաքննել չեն կարող։

Վերահարցաքննվածները, որպես կանոն, հրաժարվել են 1937թ. տված իրենց ցուցմունքներից։ Ոմանք հայտարարել են, թե իրենք չեն դրանց հեղինակները, որ քննիչը գրել է, իսկ իրենք ստորագրել են, ոմանք փոխել են իրենց ցուցմունքները` ասելով, թե 37-ին մեղադրվողները դաշնակցականներ ու վնասարարներ չեն եղել։ Արամայիս Թադեւոսյանը, որը եւ´ մատնագրեր էր գրել, եւ´ ցուցմունքներ էր տվել այն մասին, որ Հովհաննիսյան Երանոսը եւ գյուղի մյուս դաշնակցականները կապված են ոչ միայն հարեւան գյուղերի դաշնակցականների, այլեւ Նախիջեւանի մուսաֆաթականների հետ, ասել է, որ ինքը 1937թ. ընդհանրապես չի հարցաքննվել ու տեղյակ չէ իր անունից ստորագրված ռուսերեն ցուցմունքից։ Ավետիք Մուրադյանն ասել է, որ դատապարտվածներից ոմանք 1930թ. մասնակցել են բանդիտական շարժմանը, բայց այդ շարժման զինաթափումից հետո բոլորն էլ մտել են կոլտնտեսություն եւ նորմալ աշխատել են ու նրանց կողմից դաշնակցական, հակապետական ու հակախորհրդային որեւէ աշխատանք չի նկատել։ Աբրահամյան Մանուկն ասել է, թե երիտասարդ է եղել ու չի իմացել, թե ովքեր են իրենց գյուղում եղել դաշնակցականներ ու չի հիշում, որ այս կապակցությամբ երբեւէ Հակոբ Հարությունյանի ու մյուսների դեմ ցուցմունքներ տված լինի։ Երբ քննիչը ներկայացրել է 1937թ. նրա ցուցմունքները, հայտարարել է, որ արձանագրությունը գրել է քննիչը, ստորագրությունը իրենն է, բայց ինքը գործով մեղադրյալների կողմից 1930թ.-ից հետո հակապետական գործ չի տեսել։ Միքայելյան Աղասին ընդունել է, որ 1937թ. ցուցմունքներ է տվել, որ արձանագրության մեջ գրվածներն իր խոսքերից են, բայց ինքն այն ժամանակ ցուցմունքներ է տվել ոչ թե իր իմացածի, այլ այստեղից-այնտեղից լսած բամբասանքների հիման վրա։

Արմենակ Ալավերդյանը դեպքերից 23 տարի անց ասել է, որ գործով դատապարտվածներից բոլորին էլ ճանաչում է, որեւէ մեկի հետ թշնամություն չի ունեցել, իսկ Հակոբ Հարությունյանն իր ազգականն է։ Նրան հայտնի է միայն այն, որ հիշյալ անձնավորությունները 1930թ. մարտ ամսին շրջանում սկիզբ առած հակակոլխոզային-բանդիտական շարժման մասնակիցներ են եղել, բայց մի 10-15 օրից այդ ելույթը ճնշվեց խորհրդային մարմինների եւ բանակի կողմից։ Ամենաակտիվները՝ Հովհաննիսյան Երանոսը եւ Կարապետյան Գարուշը, 1931թ. աքսորվեցին։ Երբ նրան հարցրել են 1937թ. տված իր ցուցմունքների մասին, ասել է, որ 1930թ. դեպքերի առումով դրանք ճիշտ ցուցմունքներ են եղել, այնուհետեւ ավելացրել է. «Հարկ եմ համարում նշել, որ 1930թ. հետո միայն Կարապետյան Գարուշն էր պնդում, թե ինքը դաշնակցական է եւ դաշնակցական էլ մեռնելու է: Սրա հետ մեկտեղ գյուղում ոչ ոք կազմակերպված ձեւով հակասովետական աշխատանքներ չի տարել»։ Ըստ էության, հերքել է կալանավորվածների դաշնակցական ու վնասարար լինելու մասին 1937թ. տված իր ցուցմունքները։

Մանասերյան Խաչատուրը 1960թ. փետրվարի 18-ի իր ցուցմունքներում տեղեկացրել է, որ թվարկված մարդկանցից միայն Գարուշ Կարապետյանն էր անթաքույց հայտարարում, որ ինքը դաշնակցական է, մնացածը նրա հետ միասին ուղղակի մասնակցել են 1930թ. բանդիտական շարժմանը։ Նա ավելացրել է. «Հարկ եմ համարում նշել, որ 1930թ. Սերս գյուղում տեղի ունեցած բանդիտական շարժման կազմակերպիչը համարվում էր ցարական բանակի սպա Կարապետ Մելիք-Հարությունյանը, որը ոգեշնչում էր իր ազգականներ Հայրիկ եւ Համբարձում եղբայրներին, սրանց հորեղբոր տղաներին։ Բանդիտական շարժումը տեւեց մոտ 10 օր։ Բանդիտական շարժումից հետո նրանք գրվեցին կոլխոզ ու աշխատում էին կոլխոզում։ Սրանք, առհասարակ, իրենց լավ չէին պահում կոլխոզում։ Դժգոհ մարդիկ էին։ Սակայն նրանց կողմից մինչեւ 1937թ. որեւէ կազմակերպված արարք չեմ նկատել։ 1937թ. ես հարցաքննվել եմ ներքգործ աշխատակից ընկեր Ստեփանյանի կողմից եւ ցուցմունք եմ տվել 1930թ. Երանոս Համբարձումյանի կողմից բանդիտական շարժմանը մասնակից լինելու մասին։ Սակայն գյուղում դաշնակցական կազմակերպության գոյության մասին ինձ ոչինչ հայտնի չէ։ Կոլխոզում նրանց բացասական աշխատանքի մասին 1937թ. տված իմ տեղեկանքը հաստատում եմ։ 1937թ. հոկտեմբերի 26-ի իմ ցուցմունքները ես հաստատում եմ»։

1960թ. հարցաքննվածներից միայն Մանասերյանն է հաստատել 1937թ. իր ցուցմունքները` միաժամանակ ասելով, որ գյուղում դաշնակցական կազմակերպության գոյության մասին իրեն ոչինչ հայտնի չէ։ Անգամ Խաչատուր Մանասերյանի այս պնդումից է ակնհայտ դառնում, որ 1930-ից մինչեւ 1937թ. գյուղում որեւէ դաշնակցական, հակապետական ու հակախորհրդային գործողություն տեղի չի ունեցել։ Որեւէ մեկը, Գարուշ Կարապետյանից բացի, իրեն դաշնակցական չի հայտարարել, եւ որեւէ մեկը, նաեւ` Գարուշ Կարապետյանը, վնասարարությամբ չի զբաղվել, եւ այդ մասին բոլոր ցուցմունքները հնարված են ու սուտ։

1960թ. ապրիլի 2-ին դատական կոլեգիան արդարացրել է այս գործով բոլոր դատապարտվածներին։

Տեղեկանք արդարացման մասին

 Երկրորդ քրեական գործ

Այս գործն, ի տարբերություն առաջինի, սովորական դատական ընթացակարգով է եղել։ Այսինքն՝ մարդուն դատել է ոչ թե եռյակը, այլ դատարանը, որտեղ ներկա է եղել մեղադրյալը, եւ որտեղ նախաքննության ժամանակ ցուցմունք տված վկաները մեկ անգամ եւս հարցաքննվել են։

1936թ. դեկտեմբերի 9-ին գործով մեղադրյալ է ներգրավվել Սերս գյուղի 51-ամյա բնակիչ Մաթեւոս Մանասերյանը։ Քրեական գործում նրա մասին առկա տեղեկանքում ասվում է՝

ծնվ. 1885թ.

անձնագիր չունի, գյուղացի, աղքատ

մինչեւ հեղափոխությունը միջակ գյուղացի, հողագործ

հեղափոխությունից հետո կոլտնտեսական, կիսագրագետ, նախկին կուսակցական

ծառայել է ցարական բանակում 1905-1908թթ.

1924թ. ձերբակալվել է մեկ ամսով հակահեղափոխական տարրերի հետ կապ ունենալու համար։

Մաթեւոս Մանասերյանին ձերբակալում են գյուղում տեղի ունեցած կոլտնտեսության ընդհանուր ժողովից հետո։ Ժողովի ժամանակ գյուղի ղեկավարները գյուղացիներին տեղեկացնում են, որ շրջանը մսամթերման պլանը չի կատարել, եւ գյուղացիները պետք է իրենց ունեցած անասունի հաշվին լրացուցիչ միս մթերեն։ Լսելով մսամթերման պլանի վերաբերյալ հանձնարարականը` Մաթեւոսը ձայն է խնդրում եւ վրդովված ելույթ ունենում։ Ասում է, որ գյուղացուն խաբում են, որ գյուղացին աղքատ է ու աղքատ գյուղացուց միս են պահանջում։ Հեգնում է՝ անընդհատ թմբկահարում եք տնտեսության զարգացման ու արդյունաբերության աճի մասին, իսկ հիմա պարզվում է՝ պլանը չեք կատարել։ Ժողովներից մեկում էլ, երբ գյուղի ղեկավարությունը հայտարարում է աշխատանքում ցուցաբերած առաջադիմության համար գյուղի մի շարք երիտասարդների պարգեւատրման մասին, վրդովված Մաթեւոսն ասում է, որ այդ երիտասարդները ծույլ են (իր խոսքերով՝ լոդր) եւ, եթե գյուղը պլան չի կատարել, ի՞նչ հիմքով են նրանց պարգեւատրում։

Բնական է, որ նրա այս ելույթներից հետո անմիջապես զեկուցագրեր ու մատնագրեր են ուղարկվում Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ, որտեղից արձագանքը չի ուշանում։ Մաթեւոսին 1936թ. դեկտեմբերի 7-ին կանչում են հարցաքննության, իսկ երկու օր անց՝ դեկտեմբերի 9-ին, Հայկական ԽՍՀ Քր. օր-ի 67 հոդվածի հատկանիշներով մեղադրանք են առաջադրում ու կալանավորում։ 

Նրա առաջին հարցաքննությունն արժե կրճատումներով ներկայացնել։ Առաջին հարցը, բնականաբար, վերաբերում է մսամթերմանը։

Պատասխան - Ցուցմունք եմ տալիս, որ նման բան չեմ ասել։

Հարց – Քննությունն ունի այլ տվյալներ այն մասին, որ երբ ձեզ ասել են մսամթերման մասին, դուք դժգոհել եք։

Պատասխան – Կրկին անգամ կրկնում եմ, որ նման բան չի եղել։

Հարց – Ունե՞ք, արդյոք, Արմենակ Ալավերդյանի հետ անձնական հաշիվներ։

Պատասխան – Արմենակի հետ հաշիվներ չունեմ, նա իմ բարեկամն է մորս կողմից։

Հարց - Ունե՞ք անձնական հաշիվներ Խաչատուր Մանասերյանի հետ։

Պատասխան – Անձնական հաշիվներ չունեմ, նա իմ հարազատ եղբայրն է։

Հարց – Ունե՞ք անձնական հաշիվներ Աղասի Միքայելյանի հետ։

Պատասխան – Անձնական հաշիվներ չունեմ։ Բայց 1932թ. ես չեմ կատարել բրդի պլանը, եւ նա որպես նախագահ ինձ 50ռ. տուգանեց։ Այս պատճառով մենք վիճել ենք։

Հարց - Ունե՞ք անձնական հաշիվներ Ռուբեն Հարությունյանի հետ։

Պատասխան – Չունեմ, մենք լավ հարաբերությունների մեջ ենք։

Հարց – Ունե՞ք անձնական հաշիվներ Մանուկ Աբրահամյանի հետ։

Պատասխան – Անձնական հաշիվներ չունեմ, բայց այս տարի ես քննադատել եմ Մանուկի եղբորը՝ կոմսոմոլ Հայրիկին, ասել եմ, որ չպետք է նրան տային ուդարնիկի (հարվածայինի) կոչում։ Այս կապակցությամբ ես կասկածում եմ, որ կարող է Մանուկը գրած լինի իմ դեմ։

Հարց – Քննությունը տեղյակ է, որ գյուղում ժողովի ժամանակ դուք ասել եք. «Կոմունիստները խաբում են մասսաներին»։ Նույն ժողովի ժամանակ ցույց եք տվել ձեր հագի շորերը եւ ասել եք, որ սովետական պետությունն է մեղավոր, որ մենք այսպես աղքատ ենք հագնված։

Պատասխան – Այդ ժողովի ժամանակ ես ելույթ ունեցել եմ, բայց սովետական իշխանության դեմ չեմ խոսել։ Ես հարցն այսպես դրեցի. «Մենք եւ մեր երեխաները մերկ ու սոված ենք, պետք է հարցն այնպես դնել, որ վիճակը նորմալանա»։

Հարց – Դուք ասել եք. «Հերիք է պահանջեք մթերում։ Մի կողմից դուք ասում եք, որ արդյունաբերությունը աճում է, մյուս կողմից պահանջում եք մսամթերում։ Հերիք է այդքան շատ խաբեք»։

Պատասխան – Դա ճիշտ չէ։ Ես նման բան չեմ ասել։

Բանտում հայտնվելը, գուցե նաեւ նրա նկատմամբ կիրառված բռնությունը, ինչը չի բացառվում, իրենց դերը խաղում են։ Դեկտեմբերի 11-ի իր ցուցմունքում քննիչի մեղադրանքին՝ դուք մերկացվում եք հակահեղափոխական գործունեության մեջ, ի պատասխան` նա ասում է. «Ընդունում եմ, որ ընդհանուր ժողովի ժամանակ իմ ելույթի մեջ թույլ եմ տվել հակահեղափոխական-վիրավորական բնույթի արտահայտություններ։ Բայց այդ օրը ես խմած եմ եղել։ Ես չհասկանալով եմ արել»։

Քրեական գործով անցնող բոլոր համագյուղացիներն էլ Մաթեւոս Մանասերյանի հետ առերես հարցաքննությունների ժամանակ տվել են մեղադրանքը հաստատող ցուցմունքներ՝ պնդելով, որ Մաթեւոսը ժողովի ժամանակ հանդես է եկել ճիշտ այն ձեւակերպումներով, որպիսիք ձեւակերպել է քննիչն իր հարցերում։ Մաթեւոսը կտրականապես մերժել է այդ ցուցմունքները՝ հայտարարելով, որ նման ձեւակերպումներ ինքը չի տվել ու զարմանք է հայտնել համագյուղացիների վարքագծի կապակցությամբ։

Բայց երկու համագյուղացի վկաներ տվել են այնպիսի ցուցմունքներ, որոնք մյուս վկաների ցուցմունքները հաստատելով հանդերձ` մեղադրանքին նոր բնույթ ու որակ են հաղորդել։

Վկաներից մեկը Մաթեւոսի հարազատ եղբայրն է՝ Խաչատուր Մանասերյանը, իսկ մյուսը՝ Արմենակ Ալավերդյանը։ Հիշենք, որ այս վկաները նախորդ քրեական գործում, որի արդյունքում վեց մարդ էր գնդակահարվել, մեկն էլ 8 տարով ազատազարկվել էր, նույնպես առանցքային վկաներ էին։

Այսպես՝ դեկտեմբերի 8-ին եղբոր հետ առերես հարցաքննության ժամանակ Խաչատուր Մանասերյանը քննիչի հարցին պատասխանելիս ոչ միայն հաստատել է քննիչի ներկայացրած մեղադրանքը՝ ասելով, որ Մաթեւոսը ժողովի ժամանակ հակասովետական ու հակապետական հայտարարություններ է արել, այլեւ ավելացրել է, որ Մաթեւոսը միշտ էլ կոլտնտեսությունում իրեն վատ է դրսեւորել, նաեւ, որ իր վատ վարքի ու վատ աշխատելու պատճառով հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից եւ որ 1930թ. մասնակցել է բանդիտական շարժմանը։ Մաթեւոսը հերքել է եղբոր մեղադրանքները. «Բանդիտական շարժմանը չեմ մասնակցել, իսկ Կոմունիստական կուսակցությունից ինձ չեն հեռացրել, ինքս եմ 1927թ. հեռացել»։

Դեկտեմբերի 9-ի առերես հարցաքննության ժամանակ Արմենակ Ալավերդյանը նույնպես, հաստատելով քննիչի բոլոր մեղադրանքները, ավելացրել է, որ 1924 թվականից սկսած, երբ Մաթեւոսը դեռ Կոմունիստական կուսակցության անդամ էր, կապի մեջ էր հակահեղափոխական տարրերի ու դաշնակցականների հետ։ 1930թ. ակտիվ մասնակցել է բանդիտական շարժմանը, հետագայում էլ իրեն վատ է դրսեւորել կոլտնտեսությունում։ Սրանք արդեն ծանրագույն մեղադրանքներ են, որոնց ֆոնին ժողովի ժամանակ մսամթերման կապակցությամբ ասված խոսքերը կարող են երկրորդ պլան մղվել։ Մաթեւոսը, բնականաբար, նաեւ այս մեղադրանքներն է հերքել։  

Այսքանով նախաքննությունն ապացուցված է համարել, որ Մաթեւոս Մանասերյանը. 

-1930թ. մասնակցել է բանդիտական շարժմանը,

-սիստեմատիկ կերպով հանդես է եկել կուսակցական եւ պետական ձեռնարկումների դեմ,

-վարել է հակակոլտնտեսային քայքայիչ աշխատանք, ինչպես նաեւ հանդես է եկել մսամթերման եւ սովետական իշխանությունների այլ նախաձեռնությունների դեմ,

-սիստեմատիկ կերպով գյուղում հանդես է եկել ընդդեմ խորհրդային իշխանության տնտեսական քաղաքականության։

1936թ. դեկտեմբերի 15-ին` կալանավորումից վեց օր անց, Ազիզբեկովի շրջանի դատախազը հաստատում է մեղադրական եզրակացությունը։ Որպես մեղադրանք արդեն հաստատված են համարվում ոչ միայն գյուղում տեղի ունեցած ժողովի ժամանակ նրա արած հայտարարություններն, այլեւ 1930թ. բանդիտական շարժմանը մասնակցությունը եւ կոմունիստական կուսակցությունից հեռացված լինելու ու հակախորհրդային-դաշնակցական տարրերի հետ կապեր ունենալու հանգամանքը։

Ահա այդ եզրակացությունն առանց փոփոխությունների.

 

                                             Եզրակացություն

1936թ. դեկտեմբերի 15-ին                                                Ազիզբեկով գյուղ

Ազիզբեկովի շրջանի դատախազ Մ. Մխիթարյանը ծանոթանալով Ն.Գ.Ժ.Կ.-ի Ազիզբեկովի բաժանմունքի կողմից ձեռնարկված նո.18855 գործի հետ ըստ մեղադրանքի Սերս գյուղի բնակիչ Մաթեւոս Հարությունի Մանասերյանի 51 տարեկան, անկուսակցական, հեռացված կուսակցությունից, կոլխոզնիկ, 7 շունչ, 1 աշխատող

                  Մեղադրվում է քր. օրենսգրքի 67 հոդվածի առաջին մասով

Մանասերյանը հեռացվել է կուսակցությունից հակախորհրդային տարրերի հետ կապ ունենալու եւ 1930թ. բանդիտական շարժմանը մասնակցություն ունենալու համար։ Մանասերյան Մաթեւոսը ունեցել է ժողովներում եւ այլ վայրերում հակահեղափոխական ելույթներ։ Մանասերյանը դեմ է խորհրդային ձեռնարկումներին։ Մյուիդի տարեդարձին հարվածային երիտասարդներին պարգեւատրման ժամանակ Մանասերյանը դեմ է դուրս գալիս եւ այդ ժամանակ բացարձակորեն խնդիր է դրել կոլտնտեսականների առջեւ աշխատանքի դուրս չգալ, հարվածային պարգեւատրված երիտասարդներին անվանում է լոդր եւ այլն։

Մանասերյանը մսամթերման կապակցությամբ մասսաների ներկայությամբ հակահեղափոխական վարկաբեկիչ խոսքերով ելույթ է ունենում հանդեպ խորհրդային իշխանությանը։

Սպառկոպերացիայի հաշվետու ընդհանուր ժողովում հակահեղափոխական եւ վարկաբեկիչ խոսքերով ելույթ է ունենում, մի շարք զրպարտանքներ տարածում հանդեպ խորհրդային իշխանությանը։ Մանասերյանը իրեն մեղավոր է ճանաչում (ջնջման միջոցով «չի ճանաչում»-ը դարձվել է «ճանաչում»-հեղ.) հակախորհրդային բովանդակության ելույթներով։

Վերոհիշյալից ելնելով` գտնում եմ մեղադրյալ Մանասերյանին առաջադրված մեղադրանքը քր. օրենսգրքի 67 հոդվածի առաջին մասով ճիշտ եւ ամբողջությամբ հաստատված։

Ազիզբեկովի շրջանի դատախազ՝ Մխիթարյան

Ներկայացված մեղադրականից մեկ տարի անց՝ 1938թ. հունվարի 28-ին, տեղի է ունենում Մաթեւոս Մանասերյանի դատավարությունը։ Դատավարությանը դատակոչված են լինում բոլոր վկաները։ Բոլորն էլ հաստատում են նախաքննության ժամանակ տված իրենց ցուցմունքները։ Եղբայրը՝ Խաչատուր Մանասերյանը, եւ Արմենակ Ալավերդյանը մանրակրկիտ կերպով անդրադառնում են Մաթեւոսի «բանդիտական» անցյալին եւ հակախորհրդային ու դաշնակցական տարրերի հետ ունեցած նրա կապերին` տալով, ըստ էության, մեղադրանքը շատ ավելի ծանրացնող ցուցմունքներ։

Գործում առկա տեղեկանքը փաստում է, որ «Մանասերյանը ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ իրեն մեղավոր չի ճանաչել»։ Մեկ տարուց ավել մեկուսարանում գտնվելու ընթացքում, մինչեւ դատավարությունը, նա չորս դիմում է գրում։ Այդ դիմումներում բացատրում է, որ իրեն ներկայացված մեղադրանքները ճիշտ չեն, եւ որ ինքը հիվանդ է։ Այդ շրջանում նա տառապել է գրիժայով։ Հաշվի չառնելով ո´չ նրա հիվանդությունը, ո´չ մեղադրանքը չընդունելու հանգամանքը` դատարանը նրան 10 տարվա ազատազրկման է դատապարտում։ Կալանավայրում, անհայտ հանգամանքներում, Մանասերյանը վախճանվում է։ Արդարացվել է 1962թ. մայիսի 21-ին։

Մաթեւոս Մանասերյանի գործը էապես տարբերվում է հիշատակված առաջին գործից։ Առաջին խմբակային գործը ստալինյան շրջանի բռնությունների տիպիկ օրինակ է, երբ հորինված մեղադրանքներով բռնությունների զոհ էին դառնում բացարձակապես անմեղ մարդիկ։ Նրանց այսօր բռնադատվածներ են անվանում։ Իսկ Մանասերյանի գործն այսօրվա պատկերացումներով կարող է որպես դասական այլախոհական գործ դիտարկվել։ Նա ժողովների ժամանակ կարծիք է հայտնել։ Երկրի դրվածքի եւ վարվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ հրապարակային քննադատությամբ է հանդես եկել։ Կասկածից դուրս է՝ ժողովների ժամանակ նա, իրոք, քննադատող ելույթներ ունեցել է։ Գյուղում մինչեւ օրս էլ նրա ելույթները հիշում են։ Քրեական գործի նյութերին տեղյակ չլինելու պատճառով պատմում են, թե նա հրապարակավ արդեն սպանված Խանջյանին է գովաբանել, ինչը քիչ հավանական է։ Եթե նման ելույթ ունեցած լիներ, ապա այն նույնպես քրեական գործում տեղ գտած կլիներ։ Չէին կարող չեկիստներն այդ մասին չիմանալ։ Ինչ էլ որ լինի, Մաթեւոս Մանասերյանը դատապարտվել է կարծիք ունենալու ու այդ կարծիքը հրապարակավ հայտնելու համար։ Իսկ սա արդեն այլախոհություն է։

 Հետեւություն

Այս պատմությունների համատեքստում գյուղը որպես Խորհրդային Միություն կոչվող հսկա երկրի մանրակերտ կարող է դիտարկվել։ Այն, ինչ տեղի է ունեցել այս փոքրիկ գյուղում, ոչ պակաս դաժան դրսեւորումներով ծավալվում էր ԽՍՀՄ ամբողջ տարածքում։ Իրարից տարբեր այս երկու քրեական գործերը բավականին լավ պատկերացում են տալիս եւ´ ստալինյան շրջանի բռնությունների եւ´ բռնադատվածների նկատմաբ հետստալինյան շրջանի պետական քաղաքականության մասին։

Համատարած վախի ու սարսափի մթնոլորտն իր դերը խաղում էր։ Մարդիկ ամեն ինչի պատրաստ էին, միայն թե իրենք նույնպես չհայտնվեն մեղադրյալի կարգավիճակում։ Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվածներին ներկայացված մեղադրանքները հաստատելու համար կանչվում էին հարցաքննության, տալիս էին պահանջվող ցուցմունքները։ Ցուցմունքներ էին տալիս իրենց համագյուղացիների, բարեկամների ու հարազատների դեմ։ Բայց սա բոլորովին էլ չի նշանակում, թե ամբողջ գյուղը կամ (երկրի դեպքում) ամբողջ հասարակությունն էր ներքաշված այս գործընթացի մեջ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմնականում նույն մարդիկ էին տարբեր քրեական գործերով որպես վկաներ հանդես գալիս եւ նոր ձերբակալություններ կազմակերպելու նպատակով մատնագրեր ուղարկում ՆԳԺԿ կամ համաձայնում ստորագրել դրանց տակ։ Բոլոր կոլեկտիվներում էլ այս տեսակ մարդիկ եղել են։ Սա վերաբերում է եւ´ գյուղին, եւ´ ամբողջ երկրին։ Բայց նրանցից ոմանք, ինչպես ցույց են տալիս այս երկու գործերը, պատրաստ են եղել ասել ավելին, քան պահանջվում էր։ Նման մարդկանց պակաս նույնպես չի զգացվել։ Սա արդեն վախից չէր։ Սա արդեն խոսում է այս մարդկանց տեսակի ու որակի մասին։ Իհարկե, այս մարդիկ տարբերվում են նրանցից, ովքեր հաստատում էին իրենց անունից քննիչի` նախապես գրված ցուցմունքները կամ չէին հրաժարվում պահանջվող ցուցմունքներ տալուց։ Պահանջվող ցուցմունքներ տալուց կամ դրանց տակ ստորագրելուց հրաժարվելը, մեծ հավանականությամբ, կնշանակեր հայտնվել մեղադրյալի աթոռին։ Սա մեծ տեռորի տրամաբանությունն էր։ Ամեն ինչ նախապես այնպես էր մտածված ու հաշվարկված, որ մարդը դեմ գնալու հնարավորություն չունենար։ Կարելի՞ է, արդյոք, հասկանալ ու, առավել եւս, արդարացնել այս մարդկանց։ Դժվար է ասել։ Արդարացնելը բարդ է։ Այսօրվա բարձունքից դատելը եւ գնահատականներ տալը հեշտ է։ Հեշտ է, բայց մեծ է սխալվելու հավանականությունը։

Մի բան հաստատ է` խորհրդային շրջանի բռնություններն ուսումնասիրել պետք է։ Կոմունիստական գաղափարախոսության բերած արհավիրքները գնահատել ու դատապարտել այնպես, ինչպես գնահատվեց ու դատապարտվեց ֆաշիզմը, պետք է։ Պետք է դատապարտվեն երեւույթն ու գաղափարախոսությունը, բայց սա չպետք է նշանակի, թե այսքան տարի անց պետք է առանձին-առանձին գնահատվեն ու դատապարտվեն փոքր ու մեծ դերակատարները։

Եթե ժամանակին, խորհրդային երկրի փլուզումից հետո պաշտոնապես դատապարտվեր կոմունիստական մարդատյաց գաղափարախոսությունը եւ որպես դրա ծնունդ՝ խորհրդային շրջանի արհավիրքներն, ապա դրանով մեր անցյալի եւ ներկայի միջեւ սահման դրված կլիներ, որը թույլ չէր տա, որ մեր անցյալն ազատորեն թափանցի ներկա ու նենգափոխի մեր իրականությունը։ Եւ´ անկախ հռչակված Հայաստանը, եւ´ խորհրդային մյուս նախկին հանրապետություններն այսօր բոլորովին այլ էին լինելու։ Մենք կկտրվեինք խորհրդային իրականությունից։ Այսօր այլեւս չէինք ունենա արմատներով ստալինյան շրջանում գտնվող դատական համակարգ, երբ դատավորը ոչ թե արդարադատություն իրականացնող է, այլ իշխանավորի հանձնարարությանը սպասող խամաճիկ, չէինք ունենա արմատներով խորհրդային շրջանի 60-70-ական թվականներում գտնվող իշխանավորներ, որոնք ավտորիտար ղեկավարումից ու ձեռք գցած իշխանության վերարտադրումը ապահովելուց զատ այլ բան չեն պատկերացնում։ Կլինեինք այնպիսին, ինչպիսին են այսօր մերձբալթյան հանրապետությունները կամ արեւելաեվրոպական երկրները, որոնք, եթե մինչեւ վերջ էլ չեն կտրել խորհրդային անցյալից իրենց պորտալարը, գոնե տարիներ շարունակ այն կտրելու գործով են զբաղված։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Hovik08:14 - 7 ապրիլի, 2018
Շնորհակալություն, շատ կարևոր գործ եք անում: Լիովին համաձայն եմ ձեր հետեւության հետ: Ազատություն քաղբանտարկյալներին:
2. Գեւորգ10:15 - 7 ապրիլի, 2018
Հարգելի Վարդան, ահավոր պատմություններ են, բայց դա գիտենք, դեռ մի քանի բան էլ ավելին: - Զարմանալին ուրիշ հարց է, որի սպառիչ բացատրությունը դեռ ոչ մեկը չի տվել: Բանը նրանում է, որ այդ սարսափելի երկիրն աննախադեպ առաջ էր գնում! Ժողովուրդն էլ հոսեփին «հայր Ստալին» էր կոչում, իսկ հայ մարդը երեխայի անունը Վիլեն, Կառլեն ու Կիրով էր դնում: Այ եթե այս երեւույթը բացատրվի, կարելի է հեղինակին «մոլոդեց» ասել ու որոշ օգտակար եզրակացություններ անել: Օգնելու համար մի փոքրիկ համեմատություն բերեմ: Մի պրակտիկանտ աղջիկ սխալմամբ «ռուբիլնիկն» անջատել էր ու կալսիչը վնասել, հասկանալի է՝ գնաց Սիբիր ընտանիքի հետ: Հիմա երկրի կեսը կարող ես քանդել, որ մի քանի կիլո ոսկի հանես- քեզ համար (մի քիչ էլ իրենց)! Փափուկ տեղդ կպաչեն ու հլա մեդալ էլ կտան! Դրա համար հարգելիս, առայժմ թույլ տվեք ասել - հին ստալինիզմը նոր լիբեռաստիզմից ձեռնտու էր!
3. Հայ Ժողովուրդ արդնացիր22:17 - 11 ապրիլի, 2018
Նոր լիբեռաստիզմը հին ստալինիզմից ձեռնտու է. Ցավալի է, բայց գրեթե ոչ ոք չի համարձակվում խոստովանել, որ ,, ստալին,, կոչված մարդակեր ճիվաղն այն ժամանակվա հասարակության մեծամասնության իղձերի, պատկերացումների ու երազանքների ծնունդն էր: Այսօր էլ ամբողջ խորհդային դեռևս անիծյալ տարածքում դեգերում է փոքրիկ ,,ստալինիկների,, ուրվականը, ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույնիսկ հոգևորականները վարակված են այդ հակամարդկային ախտով:Ավագ սերունդը անցյալախտով է տառապում, միջին սերունդը, հոգնած ու ճմրտված դեմքերով, թալանով ու գռփելով է զբաղված, նոր սերունդն էլ շվարած ու շշմած է, քանզի այսօրվա իրական քաղաքակիրթ աշխարհը գրեթե չի ճանաչում: Հայ Ժողովուրդ արդնացիր, քսանմեկերորդ դարն է, գնացքը մեծ արագությամբ ընթանում է: Դլե յաման երգելու և անցյալի վերքերը փորփրելու ժամանակը չէ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ