
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ժողովրդական, «ոչ բռնի, թավշյա հեղափոխության» մեկնարկը (թարմացվող)
15։09
Ոստիկանները հսկողություն են սահմանել աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների, քաղաքաշինության պետական կոմիտեի շենքի տարածքում։
15։04
Բուզանդ փողոցը արգելափակվել է ոստիկանական մեքենաների պատճառով: Փողոցի մի հատվածի ողջ երկայնքով ոստիկանությունը իր մեքենաներն է կենտրոնացրել։
14։57
Ցուցարարները նստարաններով եւ փողոցի մեջտեղում կանգնելով փակել են Հանրապետության հրապարակին կից բոլոր փողոցները։
14։19
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 18։30-ին Հանրապետության հրապարակում լինելու է հանրահավաք։ Նա հույս ունի, որ սա լինելու է ամենամարդաշատ հանրահավաքը Հայաստանի անկախության պատմության մեջ։ Փաշինյանը 1 ժամ խնդրեց հանգստանալու համար։
14։15
Հարյուրավոր ցուցարարներ Հալաբյան-Արզումանյան խաչմերուկից քայլերթով միացան քաղաքապետարանի տարածքում կանգնած ցուցարարներին և փակեցին հարակից փողոցները: Մինչ ցուցարարների ժամանելը ոստիկաններն արդեն հսկողություն էին իրականացնում: Այս պահին Գրիգոր Լուսավորիչ փողոցի որոշ հատվածներ ցուցարարները փակել են եւ վարարդներին կոչ են անում միանալ իրենց: Արմեն Գասպարյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ ժամը 08:30-ից Նաբերեժնիի ձորի եւ Հալաբյան փողոցը 3-4 ժամ փակել են, որպեսզի մեքենաները չկարողանային շարժվել: ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի մեքենան ևս ցուցարարները արգելափակել են․ պատգամավորը շրջադարձ է կատարել՝ հետ վերադառնալով:
13:54
Երթի մասնակիցների մի մասը՝ արդարադատության նախարարության, մյուս մասը՝ ԱԳՆ-ի մուտքի մոտ են։ Երկու նախարարության շենքերի բակում հավաքված ցուցարարները գործադուլի կոչ են անում նախարարության աշխատակիցներին։
13։44
Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթով հասան Կենտրոնական բանկ։ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին մի քանի հոգով արգելափակել մայր դրամատան դուռը։ Կոչին արձագանքեցին 5-6 ցուցարար։ Նրանց այնտեղ թողնելուց հետո «Իմ քայլը» շարժումը շարունակեց երթը։
13։22
Ցուցարարները հասել են Պետական եկամուտների կոմիտեի շենքի մոտ: Փաշինյանի հորդորով որոշ ցուցարարներ փակեցին կոմիտեի մի քանի մուտքի 3 դռները, որպեսզի աշխատակիցները չկարողանան շենքից դուրս գալ: Հավաքի մասնակիցները ՊԵԿ-ի աշխատակիցներին հորդորում են գործադուլ անել՝ գործադուլ վանկարկելով։ Փաշինյանը մուտքերը հսկող ցուցարարներին ասաց՝ եթե պետական շենքերի դռները բացվեն` նրանք մտնեն շենքից ներս և այնտեղ նստացույց անեն։
![]() |
![]() |
Նիկոլ Փաշինյանը վարչապետի ընտրությանը և Սերժ Սարգսյանի ելույթին զուգահեռ ելույթ ունեցավ Ազգային ժողովի մոտ հավաքված քաղաքացիների դիմաց։ Հայաստանում, Փաշինյանի խոսքով, հաստատված է հեղափոխական վիճակ։ «Ես հայտարարում եմ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը»,- հայտարարեց Փաշինյանը։ Մասնակից քաղաքացիների հիմնական անելիքը, պատգամավորի խոսքով, պետական համակարգի ողջ աշխատանքը պարալիզացնելն է, գերատեսչական շենքերը շրջափակելը, հնարավորության դեպքում՝ այնտեղ նստացույց անելը։ Մանրամասն՝ տեսանյութում։
Ցուցարարներն այժմ քայլերթ են կատարում։
Մեկնաբանել