HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Նիկոլ Փաշինյան. «Կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով եւ աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»

Մինչ իշխանության ներկայացուցիչներն այսօր Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ հեռախոսազրույցներ ու հանդիպումներ էին վարում ՌԴ իշխանության ներկայացուցիչների հետ, «Իմ քայլը» շարժումը Երեւանում եւ մարզերում շարունակում էր քաղաքացիական անհնազանդության գործողությունները: Իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում շարժման լիդերները վերահաստատեցին իրենց նպատակը` Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ կազմակերպել ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ:  

ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը, նկատի առնելով մայիսի 1-ին ԱԺ-ում տեղի ունենալիք քննարկումը, դիմեց ՀՀԿ անդամներին. «Դուք ունեք մեկ արժանապատիվ ելք` քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, որեւէ այլ դրսեւորում կլինի ձեր խայտառակությունը, որեւէ այլ գործարք, թեկնածութուն, քվեարկության արդյունք կլինի ոչ լեգիտիմ, որովհետեւ Հայաստանի ժողովուրդը դա չի ընդունում»: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ այս լուծումը` Նիկոլ Փաշինյանի ղեկավարելիք կառավարությունը, ժամանակավոր է լինելու, նա պիտի շտկի իրավիճակը, որից հետո պետք է լինեն արդար ընտրություններ: «Այն ժամանակ խնդրեմ` մրցակցեք»,- ասաց պատգամավորը:

«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հիշեցնելով, որ երեկ Հանրապետության հրապարակում հավաքվածների կողմից առաջադրվել է որպես ժողովրդի վարչապետի թեկնածու, ասաց, որ դա շատ պատասխանատու կարգավիճակ է, եւ իր թիմն ակնկալում է, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսով կկայացնեն այդ որոշումը:

«Բայց ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք` խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ հաստատված կոռումպացված, հակաժողովրդական համակարգը վերացնելը: Կան տարբեր ուղերձներ, գործարքի առաջարկներ, բայց ես ուզում եմ, որ բոլորս հստակ արձանագրենք, որ այս համատեքստում կոռումպացված համակարգի հետ որեւէ կոմպրոմիս չի կարող լինել»,- ասաց Փաշինյանը:

Նա բացառեց պաշտոնների բաժանման, առեւտրի, ոլորտների կիսման մասին որեւէ խոսակցություն` ակնկալելով, որ խորհրդարանական բոլոր կուսակցությունները ժողովրդի հաղթանակը ճանաչեն առանց նախապայմանների. «Ուզում եմ ժողովուրդը հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու որեւէ կուլիսային պայմանավորվածության: Նաեւ այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը ոչ թե հարթակում կանգնածներն են, այլ հրապարակի ժողովուրդը»:

ԱԺ-ում մայիսի 1-ին տեղի ունենալիք վարչապետի ընտրության քննարկման առնչությամբ ԱԺ պատգամավորներին ուղղված նրա ուղերձը հետեւյալն էր. «Կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով եւ աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»:

Դիմելով հանրահավաքի մասնակիցներին` նա խնդրեց կենտրոնացնել ուժերը, որովհետեւ իրենց քայլի հաջորդ փուլը մայիսի 1-ն է, երբ «Հայաստանի ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունը ամբողջ թափով»:

Ապրիլի 25-ին տեղի էր ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Այդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց, եւ ՀՀԿ-ն բանակցելու մանդատ է տվել Կարեն Կարապետյանին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ որոշումն ընդունում են ի գիտություն եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել բանակցությունները իրենց առաջարկած օրակարգի շուրջ: Այդ նպատակով Փաշինյանը վաղը` ապրիլի 27-ին, ժամը 12:00-ին Կարեն Կարապետյանին հրավիրեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոց` սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը: Բայց եւ պայման առաջադրեց, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան լրագրողների ներկայությամբ, որպեսզի հանրությունը իմանա, թե ինչ է քննարկվում: «Հանրապետականի հետ փակ դռների ետեւում չենք բանակցելու, այլ ժողովրդի աչքի առաջ, որովհետեւ հայտարարել ենք, որ ժողովուրդը մեր ղեկավարն է եւ նրան պետք է հաշվետու լինենք մեր ամեն քայլի համար»:

Իսկ մինչ մայիսի 1-ը «Իմ քայլը» կգործի փոքր-ինչ փոխված մարտավարությամբ` առաջիկա օրերին հանրահավաքները տեղի կունենան ոչ թե Երեւանում, այլ Գյումրիում եւ հաջորդիվ` Վանաձորում: Երեւանում բոլոր գործողությունները առժամանակ դադարեցվում են, որպեսզի շարժման ակտիվիստները 1-2 օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան:

Երեւանում եւ այլ բնակավայրերում քաղաքացիական անհնազանդության գործողությունները կվերականգնվեն ապրիլի 29-ին, 30-ին եւ մայիսի 1-ին:

Փաշինյանը շարժման անդամներին եւ համախոհներին կոչ արեց որեւէ պարագայում չփակել Սոթք-Քարվաճառ եւ Գորիս-Բերձոր ճանապարհները եւ որեւէ խոչընդոտ չստեղծել դեպի Արցախ գնացող, ինչպես նաեւ շտապօգնության եւ ԱԻՆ մեքենաների համար:

«Մեր շարժումը բաց ձեռքերի շարժում է, չկա քար, փայտ, զենք ու չի լինելու, մեր ձեռքում կա միայն սեր, վճռականություն, հաղթանակ: Թեեւ մեր ձեռքերը բաց են, բայց մենք ոչ մի պայմանով մեր ձեռքերից հաղթանակը բաց չենք թողնելու»,- ելույթը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Լուսանկարը` ապրիլի 25-ի հանրահավաքից

Մեկնաբանություններ (2)

Eneri
I support him even more after the ruling party rushed to Moscow for directions on what to do and started pulling out of negotiations. Now its chrystal clear why the people don't want any HHK, no matter how smart they are.
Դավիթ հարությունյան
սիրելի հայ ժողովուրդ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻ՛, սպանիր քո միջի հուսահատությունը, սպանի քո միջի կասկածող, վախկոտ ու երկնչող փոքրիկ արարածին հիշիր որ դու հաղթանակած ժողովուրդ ես ու պարտավոր ես քո լուման ներդնել հեռացնելու հայաստանից վախը, անտարբերությունը ճնշվածի հոգեբանությունը,հիշիր որ դու հաղթել ես, հիշիր,որ հիմքից խախտված է այն մուրճը որով տարիներ ի վեր հարվածել են քո իսկ գլխին գոնե այս անգամ հավատա ինքդ քեզ հավատա քո ոգուն հավատա քո ՀԱՅԱՍՏԱՆԻՆ որը կերտել ես քո իսկ ձեռքերով հավատանք ՆԻԿՈԼԻՆ ով հավիտենական խավարից խոհանոցում բողոքելու փոխարեն դուրս եկավ ու վառեց առաջին կրակը իսկ դու քեզանով բորբոքեցիր այն։երբևէ չերկնչես այս շարժումը նման է մի բանի ինչն ինքներս ենք ստեղծել մեր զավակի պես եվ պարզապես պարզապես պարտավոր ես հոգ տանել նրա մասին ու հասցնել իր հաղթական ավարտին։ Հիշիր որ եթե ոչ ՆԻԿՈԼԸ ուրեմն ո՞վ։ կարեն կարապետյանը, Չէ որ նա մեկն է հհկից այն հհկից որին դու մերժել ես այն հհկից ով տարիներ ի վեր կեղեքել է քեզ, ով քեզ վրա նայել է միայն խորին առհամարհանքով ու ատելությամբ ու հիշել է քեզ բացառապես ընտրությունների ժամանակ քո առաջ ցինիկաբար շպրտելով տաս հազարանոցը ու հետո ստիպել որ նկարես ու նկարը իրենց բերեվ ծաղրել է քեզ քեզ համար իշխանության բերելով խեղկատակների ու հանցագործ կլանների,, արդյոք կարող ես հանդուրժել այս ամենը այլևս։ դե՛ միացիր ու դարձիր այն բռուցքը որով պիտի կոտրես բոլոր կարծրատիպերը թե ոչինչ հնարավոր չէ փոխել,։ Ես հավատում եմ քեզ իմ հաղթանակած հայ ժողովուրդ ,մենք հավատում ենք քեզՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Զ ԻՆՎՈՐ ԳԵՆԵՌԱԼմեր եղբայր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter