HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Երևանում այսօր փողոցները փակելու ակցիան փոխարինվում է առանց համարանիշի կամ փակված համարանիշով մեքենաները բացառելու ակցիայով»

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ կոչ արեց Երևանում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը: «Մեր ողջ էներգիան հիմա կենտրոնացնում ենք առանց համարանիշի կամ փակված համարանիշով մեքենաների բացառման վրա»,- հայտարարեց Փաշինյանը:  

Նա կոչ արեց քաղաքացիներին ինքնակազմակերպվել, աջակցել և առանց համարանիշի կամ փակված համարանիշով մեքենա նկատելու դեպքում մոտենալ վարորդին, առանց «կոպտության և ավելորդությունների» զգուշացնել նրան վարել միայն պետհամարանիշով: 

«Երեկ երկոյան երբ ես ծանոթանում էին իրավիճակին և օրվա լուրերին, ճիշտն ասած մտահոգիչ տեղեկություններ ստացա, որ Երևան քաղաքում կան մեծ թվով պետհամարանիշը փակած կամ առանց պետհամարանիշի մեքենաներ, որոնք նաև աչքի են ընկնում՝ երթևեկության կանոնները չպահպանելով: Հիմա ես ուզում եմ կոչ անել մեզ բոլորիս առժամանակ դադարեցնենք միայն Երևան քաղաքում փողոցների փակումը, որպեսզի կարողանանք զբաղվել մայրաքաղաքում երթևեկության կանոնների վերականգնմամբ: Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ առիթից օգտվեն և այս ամենը վերածել անվերահսկելի գործողության: Կան մարդիկ, որ իրավիճակից օգտվում են»,- ասաց Փաշինյանը:

Այսօր փողոցները փակելու ակցիան փոխարինվում է առանց համարանիշի կամ փակված համարանիշով մեքենաները բացառելու ակցիայով՝ հայտարարեց Փաշինյանը: 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր՝ ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում, կայանալու է հանրահավաք: «Ամեն ինչ լավ է: Շնորհակալ եմ բոլորիցդ, հպարտ եմ բոլորովդ, որովհետև դուք հզոր եք»,- հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդը՝ ավելացնելով, որ ոչ մեկը չպետք է փորձի օգտվել ստեղծված իրավիճակից, «նպատակը դա չէ»: Ցուցարաներն այժմ քայլերթ են կատարում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. «Մերժիր Սերժի Կարենին» կարգախոսով: 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրը Ս․ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նիկոլ Փաշինյանի ծրագրի հաջորդ կետերն էին, որ պետք է վարչապետ նշանակվի ժողովրդի թեկնածուն, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որից հետո միայն տեղի ունենան խորհրդարանական նոր ընտրություններ։ Սակայն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսվող բանակցությունը չեղարկվեց՝ վերոնշյալ օրակարգի շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառով։

Կարապետյանը հայտարարությամբ դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրությունները տեղի չեն կարող ունենալ հանրապետական վարչապետի կառավարման պայմաններում։

Նիկոլ Փաշինյանը բողոքի նոր ալիքի մասին հայտարարեց՝ նշելով, որ հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու: Այսօր ցուցարարները կրկին երթեր և բողոքի ակցիաներ են անցկացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter