ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հանքարդյունաբերության ուրվականը. Շահումյան բանավանը ամայացել է, մարդկանց փոխարինում են աղբն ու թափոնները


Շահումյան. տխուր իրականություն

Սյունիքի մարզկենտրոն Կապանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի երակներից մեկը Շահումյան բանավանի տարածքում է: Այն բանից հետո, երբ կանադական «Դինո Գոլդ Մայնինգ» հանքարդյունաբերող ընկերությունը 2000-ականներին Շահումյանում որոշեց բաց հանքի շահագործման նպատակով հետախուզական աշխատանքներ կատարել, ընկերությունը գնեց շահումյանցիների հողերը: Հետախուզական աշխատանքներն ընթացան 2008-2013 թթ., մինչեւ որ ընկերությունը (հետագայում՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ) որոշեց հանքը շահագործել փակ եղանակով:

Այսօր Շահումյան բանավանը, որը, փաստորեն, հանքարդյունաբերողի սեփականությունն է, անմարդաբնակ տարածք է: Ինչպես հայտնի է, 2016-ին կանադացիները «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն վաճառեցին ռուսական արմատներով «Պոլիմեթալ Ինթերնեյշընլ»-ին: Այժմ Կապանի հանքի շահագործողը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն է (նախկին «Դանդի Փրիշս Մեթալս Կապան»):

Շեշտենք, որ բաց հանքի հետախուզական ծրագրի ու շահումյանցիները հողերը գնելու համար ընկերության նախկին տերերը միլիոնավոր դոլարներ են ծախսել, ինչը ժամանակին «Հետքի» հետ զրույցում հաստատել է «Դանդիի» գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը: «2008-2013 թթ. բավական լուրջ գումարներ են դրվել հետախուզական աշխատանքների վրա, եթե չեմ սխալվում, խոսքը 40-60 մլն դոլարի մասին է: Այդ գումարի մեջ ներառվում է նաեւ Շահումյանի բանավանի հողատարածքները գնելը եւ այլն,- 2014-ին մեզ պատմել էր Ջաբրայանը,- գրեթե 5 տարվա ծրագրից հետո հետախուզական արդյունքների հիման վրա վերջնական որոշում կայացրեցինք, որ բաց եղանակով չպիտի շահագործվի հանքը եւ միայն ստորգետնյա եղանակով պիտի շահագործվի: Վերջնական արդյունքները հստակորեն մեզ նախ ցույց տվեցին, որ չնայած հանքի բաց եղանակով շահագործումը կարող էր որոշ գումաների շահույթ թողնել, բայցեւայնպես արդարացի չպիտի լիներ հսկայական գումար ներդնել այդքան չնչին շահույթի համար»:

Փաստորեն, Կապանի մի ամբողջ թաղամաս վաճառվեց մասնավոր ընկերության, փոխհատուցում ստացած բնակիչները հեռացան, մյուս կողմից՝ հսկայական գումարներ ծախսվեցին, ու արդյունքում ծրագիրը ձախողվեց. Շահումյանի ընդերքն այժմ շահագործվում է փակ եղանակով:

Այդուհանդերձ, նախկին տնօրեն Հրաչ Ջաբրայանն, անուղղակի ընդունելով բաց հանքի ծրագրի անհաջողությունը, արդարանում էր, թե Շահումյանից մարդկանց հեռանալը լավ էր: Ահա թե ինչպիսին էր հանքարդյունաբերողի մտածելակերպը: Հատված 2014-ին արված հարցազրույցից.

-Պարոն Ջաբրայան, Ձեր աշխատանքի համար դատարկեցիք Շահումյան բանավանը բնակիչներից, որոնց թվում մարդիկ կային, ովքեր ափսոսում էին լքել իրենց տունը, այգիները: Ինչպե՞ս հասկանալ ընկերության մոտեցումը: 

-Անկախ նրանից, թե ինչ կարող է լինել լրատվամիջոցներում գրված՝ ես բազմիցս այցելել եմ Շահումյան բանավան, եւ իրականությունն այն է, որ այդտեղի ժողովուրդը լավ չէր ապրում, այդտեղի տնակների 90 %-ը փոքր տնակներ էին, այսպես կոչված՝ դաչաներ էին, որտեղ մարդիկ չպիտի ապրեին: Ես, անկեղծ ասած, ուրախ եմ, որ այդտեղ այլեւս բնակչություն չկա: Ժողովուրդը մի քիչ պիտի զարգանա: Մենք շատ-շատ հետ ենք մնացել որոշ բաներից: Մենք տակավին ուզում ենք որոշ տեղերում ապրել 1800-ականների ոճով, 1900-ականնների սկզբի ոճով: Մենք պիտի անդրադառնանք, որ կյանքը փոխվում է, մարդ արարածը զարգանում է, եւ ես ուրախ եմ, որ ժողովուրդը հիմա ապրում է քաղաքում եւ ոչ թե այդտեղ եւ ունի նորմալ հոսող ջուր, էլեկտրականություն, չունի տրանսպորտի հարց: Այդ ժողովրդի մեծամասնությունը ոտով բարձրանում կամ իջնում էր Շահումյան բանավան:

Իրականում Ջաբրայանը այլ կերպ չէր էլ կարող արտահայտվել, քանի որ պիտի ամեն կերպ արդարացներ իր ու ղեկավարության գործելաոճը: Այնինչ կապանցիները հիշում են, որ Շահումյանում բազմաթիվ այգիներ կային, մեծ ու փարթամ պտղատու ծառեր: Մեր զրուցակիցներից մեկը պատմում է, որ բնակիչների հեռանալուց հետո այստեղ էին եկել բենզասղոցներով զինված անձինք ու սկսել հաստաբուն պտղատու ծառերի ջարդը: Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է դրանցից մի քանիսի հատված բները:

Կոմբինատը բանավանի տարածքում դատարկ ապարների լցակույտերի հարթակներ է ստեղծել:

Լցակույտերի հարթակներից մեկը, հեռվում՝ կոմբինատին պատկանող Գեղանուշի պոչամբարը

Բեռնատարներից զատ՝ այստեղ են գալիս նաեւ կովերը: Ընտանի կենդանիների ներկայությունը հանքարդյունաբերական վայրերում դարձել է Հայաստանի տիպիկ պատկերներից մեկը:   

Աղբ, աղբ ու էլի աղբ

Տխուր իրականությունը, սակայն, սկսվում է դեռ մինչեւ Շահումյան հասնելը: Առաջին տպավորությունները կազմում ես արդեն Երեւան-Կապան մայրուղուց աջ թեքվելիս, ինչից հետո ոլոր-մոլոր փոշոտ ճանապարհով վեր ես բարձրանում: Ճանապարհի եզրերին, մեծ ու փոքր ձորակներում, հենց բանավանում, գրեթե ամենուր աղբ է, հիմնականում՝ շինարարական թափոններ ու կենցաղային տարբեր տեսակի իրեր:

Կարելի է տեսնել նաեւ ավտոմեքենաների երկաթյա կմախքներ: Տարածքում չկա որեւէ աղբաման կամ աղբ թափելն արգելող ցուցանակ: Կոմբինատին պատկանող հողերն էլ որեւէ կերպ տարանջատված չեն մնացած հողերից:  

Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը «Հետքի» հարցմանն ի պատասխան նշել է, որ «Շահումյան բանավանն այժմ բնակեցված տարածք չէ, բնականաբար, աղբաման եւ աղբի համար առանձնացված տարածք այնտեղ չեն կարող լինել. տարածքը պատկանում է «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ին, հետեւաբար տարածքի պատասխանատուն ընկերությունն է»: Ինչ վերաբերում է դեպի Շահումյան գնացող ճանապարհի վրա եղած մեծաքանակ աղբակույտերին, Հայրապետյանն ասում է. «Ճանապարհին (համայնքային տարածք) մշտական աղբահանություն չի իրականացվում, քանի որ, ինչպես նշեցինք, բնակեցված տարածք չէ, եւ ժամանակ առ ժամանակ ինչպես այդ, այնպես էլ համայնքի այլ տարածքներում չնախատեսված վայրերում թափված աղբակույտերը տեղափոխվում-մաքրվում են»:

Դատելով հենց ճանապարհին գտնվող աղբակույտերի քանակից ու դրանցում եղած աղբի ծավալներից՝ բոլոր հիմքերն ունենք ասելու, որ Կապանի համայնքապետարանն իրավիճակին չի տիրապետում: Չնայած եթե ընդունենք, որ «ժամանակ առ ժամանակ» հասկացությունը բավականին լայն է, ու այդպես կարող ենք հասկանալ նաեւ, ասենք, մի քանի տարին մեկ աղբ հավաքելը, ամեն ինչ իր տեղը կընկնի:

Հավելենք, որ դեպի Շահումյան գնացող ճանապարհի սկզբնամասում՝ Երեւան-Կապան մայրուղու հարեւանությամբ, կան արտադրական ձեռնարկություններ, որոնք եւս կարող են լինել պոտենցիալ աղտոտող: Փաստն այն է, որ համայնքապետարանը չի կարողանում վերահսկել Կապանի վարչական տարածքում մասնավորի կամ հենց իր ենթակայության տակ գտնվող տարածքների մաքրությունը:

Շահումյանից հարավ Գեղանուշի պոչամբարն է, իսկ հյուսիսում՝ Արծվանիկի պոչամբարը  

Հայրապետյանի տեղակացմամբ՝ ո՛չ բանավանը, ո՛չ դրա ճանապարհը նախատեսված չեն աղբ թափելու համար, այսինքն՝ տարածքում աղբ թափելն արգելվում է: Մեր հարցին, թե ինչու քաղաքային իշխանությունները չեն վերահսկում նման գործողությունների կասեցումը, համայնքի ղեկավարն ասում է. «Բանավանի (մասնավոր տարածք) մաքրության պատասխանատուն «Կապանի ԼՀԿ»-ն է, որն էլ ունի շինաղբի տեղափոխման թույլտվություն եւ կազմակերպում է դա, իսկ համայնքապետարանը հնարավորինս վերահսկում է արգելված վայրերում աղբի նետումը, սակայն, բնականաբար, ամբողջ վարչական տարածքում անհնար է դա վերահսկելը, առավել եւս՝ կասեցնելը: Հնարավոր չէ ունենալ այնքան մարդկային ռեսուրս, որ նման բոլոր վայրերում մշտապես հսկողություն լինի: Իսկ կարգազանցների բացահայտման, պատժման դեպքեր եւ օրինակներ ունենք, նաեւ՝ հենց իրենց ուժերով հետեւանքների վերացման: Ինչպես նաեւ, նման վայրերի մեծ մասում, որտեղ մարդիկ սովորաբար շինաղբ են թափում, տեղադրված են ցուցանակներ ու զգուշացումներ»:

Այն, որ բնակիչներն ու ձեռնարկությունները մեծ պատասխանատվություն են կրում մաքրության (աղտոտման) համար, չի քննարկվում, հարցն այն է, որ համայնքապետարանի աշխատանքը կոնկրետ Շահումյան բանավանի ճանապարհին չի երեւում:

Մեր դիտարկմանը, թե քանի որ Շահումյանում ու դրա ճանապարհին շինաղբը մեծաքանակ է ու տարբեր վայրերում, ինչից կարելի է ենթադրել, որ այն կուտակվել է ժամանակի ընթացքում, եւ ուրեմն քաղաքային իշխանությունն արդյոք ունի մշակած ծրագիր, թե ինչպես պիտի կազմակերպվի աղբահանությունը վերոնշյալ տարածքից, ու արգելվի-վերահսկվի անօրինական աղտոտումը, Ա. Հայրապետյանը պատասխանել է. «Համայնքն առանձին տարածքի համար չի կարող նման ծրագիր ունենալ: Նշենք, որ վերջերս համայնքում գույքագրվել-հաշվառվել են անօրինական աղբի կուտակման նման վայրերը, որոնց շարքում նաեւ տվյալ տարածքն է, եւ որոնց վերացման, մաքրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում. մի քանի նման վայրեր արդեն մաքրվել են»: 

Կավարտ տանող ճանապարհին

Կրկնենք՝ Շահումյանում ու դրա հարեւանությամբ կատարված որեւէ աշխատանք, դատելով աղբի ծավալներից, նկատելի չէ: Մենք եղել ենք նաեւ Կավարտ թաղամաս տանող ճանապարհին. նույն վիճակն է նաեւ այստեղ: Ողջիի Կավարտ վտակը աղբատար է դարձել:

Կավարտ գետի հունը

Քաղաքի կենտրոնից դեպի Կավարտ տանող ճանապարհի մի հատվածում նկատելի է, որ տեխնիկայով աղբը ճանապարհի եզրից թափել են ձորակի մեջ՝ «լուծելով» խնդիրը: Կավարտ բանավանի հարեւանությամբ մեքենաների «գերեզմանոց» կա: Կապանցիներն ասում են, թե ով ջարդում է իր ավտոն, բերում թողնում է այստեղ: Ընդ որում՝ համայնքապետ Աշոտ Հայրապետյանը Կավարտից է, չնայած ապրում է քաղաքի այլ թաղամասում:

Հարցրել էինք նաեւ, թե արտոնագրված քանի աղբավայր ունի Կապան քաղաքը (խոսքը բուն քաղաքի եւ ոչ թե խոշորացված համայնքի մասին է), եւ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում քանի աղբավայր է գույքագրվել քաղաքում: Հետաքրքրվել էինք, թե դրանցից քանիսն են մաքրվել-փակվել ծրագրի շրջանակներում ու դեռ քանիսը պիտի մաքրվեն:

«Կապան քաղաքում մինչ «Մաքուր Հայաստան» ծրագիրը եղել է եւ հիմա էլ կա ընդամենը մեկ՝ ՀՀ կառավարության կողմից արտոնագրված աղբավայր: Եղել են նաեւ չարտոնված աղբատեղիներ, որտեղ բնակիչները տարիներ շարունակ շինարարական եւ կենցաղային աղբ են լցրել,- հայտնել է Աշոտ Հայրապետյանը,- նշված ծրագրի շրջանակներում Կապանում մաքրվել է 9 չարտոնված աղբավայր, ծածկվել հողի շերտով, բերվել բնական տեսքի, այդ վայրերում տեղադրվել են զգուշացնող ցուցանակներ տուգանքի չափերի մասին: Աշխատանքները ժամանակ առ ժամանակ կրկնվում են նշված՝ փակված չարտոնված վայրերում, քանի որ դեռեւս արձանագրվում են քաղաքացիների կողմից այդ վայրերում աղբ թափելու դեպքեր»:

Չնայած մեկ-երկու նման ցուցանակ ինքներս տեսել ենք, այդուհանդերձ, փաստ է, որ ոչ միայն աղբը շարունակում են թափել՝ գրեթե վստահ լինելով, որ չեն բռնվելու ու պատժվելու, այլեւ Կապանի տարբեր հատվածներում եղել, մնում ու դեռ մեծանում են զանազան չարտոնված հին աղբատեղիները:   


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։