HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ «Դինո Գոլդը» դատարկեց Շահումյան բանավանը և հրաժարվեց բաց հանքի շահագործումից

«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի (նախկին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»)` Շահումյանի բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու մասին որոշ հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանից, ով մասնակցում էր Երևանում տեղի ունեցող պատասխանատու հանքարդյունաբերություն թեմայով համաժողովին:

-Պարոն Ջաբրայան, ի՞նչ փուլում է հանքը բաց եղանակով շահագործելու տարբերակը:

-Մենք անցյալ տարի օգոստոսին վերջնականորեն հայտարարեցինք, որ բաց հանք չի լինելու: Ինչպես գիտեք, 2008 թ. հետախուզական աշխատանքներ էին ընթանում, բավական ստուգումներ եղան: Գրեթե 5 տարվա ծրագրից հետո հետախուզական արդյունքների հիման վրա վերջնական որոշում կայացրեցինք, որ բաց եղանակով չպիտի շահագործվի հանքը և միայն ստորգետնյա եղանակով պիտի շահագործվի:

Վերջնական արդյունքները հստակորեն մեզ նախ ցույց տվեցին, որ չնայած հանքի բաց եղանակով շահագործումը կարող էր որոշ գումաների շահույթ թողնել, բայցևայնպես արդարացի չպիտի լիներ հսկայական գումար ներդնել այդքան չնչին շահույթի համար: Երկրորդ` գիտեք, մենք եթե բաց հանք ունենայինք, պետք է ունենայինք ամենաբարձր մակարդակով, ամենալավ ստանդարտներով, և տակավին կհավատայի, որ գոնե այդ ժամանկահատվածում չէինք կարող ունենալ այդ մեկը: Հետևաբար, վերջնական որոշում կայացրեցինք. քանի որ ստորգետնյա հորատումների, ստորգետնյա հետախուզության արդյունքները շատ ավելի հրապուրիչ էին, մեր կենտրանոցումը դնենք ստորգետնյա հանքի վրա` ներդրումներ կատարելով այդտեղ:

-Նշեցիք, որ հսկայական գումարներ էիք ներդրել բաց հանքի հետախուզության համար: Ի՞նչ թվի մասին է  խոսքը:

-2008-2013 թթ. բավական լուրջ գումարներ են դրվել հետախուզական աշխատանքների վրա, եթե չեմ սխալվում, խոսքը 40-60 մլն դոլարի մասին է: Այդ գումարի մեջ ներառվում է նաև Շահումյանի բանավանի հողատարածքները գնելը և այլն: Նախ ասեմ, որ ինձ համար էլ այդքան լավ տպավորություն չթողեց, որ այդքան դրամ ծախսվեց մի բանի վրա, որ 100 % վստահ չէինք, բայց ժամանակի ընթացքում տնօրենները փոխվեցին, «Դանդիի» սեփականատերերը փոխվեցին, և տարբեր մարդիկ տարբեր մտածելակերպ են ունենում, ու ի վերջո, մենք հասանք կայուն տնօրինության, կայուն սեփականատիրոջ և սկսեցինք հիմնական որոշումներ կայացնել, որոնք կնպաստեն հիմնարկի կայուն, երկարաժամկետ զարգացման: Հակառակ մեծ ներդրումների, որը բնական է հանքարդյունաբերական ընկերությունների համար՝ երբեմն հարյուր միլիոնավոր դոլարներ ես ծախսում, բայց արդյունք չկա, որովհետև եթե պաշար չկա, արդյունք չես կարող ունենալ, երբեմն էլ դրա հակառակն է լինում: Սա արդեն բիզնեսի բաժիններից է:

-Լավ, պարոն Ջաբրայան, Ձեր աշխատանքի համար դատարկեցիք Շահումյան բանավանը բնակիչներից, որոնց թվում մարդիկ կային, ովքեր ափսոսում էին լքել իրենց տունը, այգիները: Ինչպե՞ս  հասկանալ ընկերության մոտեցումը:

-Անկախ նրանից, թե ինչ կարող է լինել լրատվամիջոցներում գրված՝ ես բազմիցս այցելել եմ Շահումյան բանավան, և իրականությունն այն է, որ այդտեղի ժողովուրդը լավ չէր ապրում, այդտեղի տնակների 90 %-ը փոքր տնակներ էին, այսպես կոչված` դաչաներ էին, որտեղ մարդիկ չպիտի ապրեին: Ես, անկեղծ ասած, ուրախ եմ, որ այդտեղ այլևս բնակչություն չկա: Ժողովուրդը մի քիչ պիտի զարգանա: Մենք շատ-շատ հետ ենք մնացել որոշ բաներից: Մենք տակավին ուզում ենք որոշ տեղերում ապրել 1800-ականների ոճով, 1900-ականնների սկզբի ոճով: Մենք պիտի անդրադառնանք, որ կյանքը փոխվում է, մարդ արարածը զարգանում է, և ես ուրախ եմ, որ ժողովուրդը հիմա ապրում է քաղաքում և ոչ թե այդտեղ, և ունի նորմալ հոսող ջուր, էլեկտրականություն, չունի տրանսպորտի հարց: Այդ ժողովրդի մեծամասնությունը ոտով բարձրանում կամ իջնում էր Շահումյան բանավան:

-Այսինքն` արդարացվա՞ծ եք համարում Ձեր ընկերության քայլը:

-Ես այս պահին ընկերության մասով էլ չեմ խոսում, ես խոսում եմ որպես զարգացած հայ, և երբ ես գնում էի այդտեղ ու տեսնում էի ժողովրդի ապրելակերպը, անկեղծ ասած, հնադարայան ապրելակերպի տպավորություն էր թողնում այն ինձ վրա: Այդտեղ ապրող երիտասարդն ի՞նչ առիթ պիտի ունենա կյանքի զարգացում ունենալու: Սա ասում եմ՝ որպես հայ, այլ ոչ թե ընկերության տնօրեն, իսկ որպես ընկերության տնօրեն` պետք է ասեմ, որ այդտեղ վճարեցինք հսկայական գումարներ միջազգային բանկի ստանդարտներով և դեռ մի բան էլ ավելին:

-Ափսոսանք կա՞:

-Չէ, ընդհանրապես, հակառակը` ես միշտ ասում եմ` եթե 10.000 դոլար արժե, 15 տվեք, 20 է` 25 տվեք, եթե մարդը սոցիալական օգնության պետք ունի, այդ մի քիչ ավելն էլ թող օգնություն լինի, բայցևայնպես, զղջում եմ այդ մարդկանց ապերախտության վրա, և անձամբ գիտեմ, որ ամեն ձևով օգնել եմ նրանց, բայց տակավին ապերախտ մոտեցում են ցուցաբերում:

-Շահումյան բանավանը շատ մոտ է Կապանին, և հանքը բացելու դեպքում բացասական ազդեցությունն ուղղակիորեն կրելու էր նաև Կապանը: Չե՞ք կարծում, որ հանքը բացելու դեպքում սոցիալական ընդվզում կառաջանար: Դա հետ չի՞ պահել ընկերությանը:

-Ոչ, ասեմ, որ աղմուկը չնչին էր, մի քանի հոգի էին աղմկում: Նայեք, իմ ընտանիքը չորս հոգի է, և երբեմն իմ ընտանիքում էլ անհամաձայնություն է լինում, մեկ-մեկ կնոջս հետ չեմ համաձայնում, մեկ-մեկ երեխաս չի ենթարվում ինձ: Բնական է, որ 40.000-անոց քաղաքում մարդիկ կլինեն, որոնք համաձայն չեն լինի ինձ հետ, բայցևայնպես, եթե արդար ես աշխատում, պետք է լսես նաև փոքրամասնության ձայնը, այսպես ասած, «ականջի բժիշկ» պետք է դառնաս: Սակայն վերջնական որոշման վրա որևէ մեկն ազդեցություն չունեցավ, մենք նույնիսկ չհասանք հասարակական լսումների, մեզ ուղղակի տնտեսապես ձեռնտու չէր, որ այդտեղ բաց հանք լինի:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կապանում գործող «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբարը զբաղեցնում է 30 հա տարածք ու գտնվում է Կապան քաղաքի անմիջական հարևանությամբ: Գեղանուշի պոչամբարը կառուցված է Գեղանուշ գետի հենքի վրա.գետի հունը փոխեցին: 2009 թ.-ին,սրա հետևանքով, գետը վարարեց ու բետոնե պատը փլվեց: Սրանից վնասված մի շարք հարակից տուն-շենք-շինությունների տերերը 10 մլն. դրամ վնասի փոխհատուցման պահանջով դիմեցին դատարան: 5/հինգ ՏԱՐԻ տևած պայքարի արդյունքում ջրի երես դուրս եկան այլ փաստեր: Խնդրին վերջնական լուծում տալու համար գործին խառնվեց ՀՀ Փորձաքննությունների Ազգային Բյուրո ՊՈԱԿ-ը: Ըստ վերջինիս մասնագիտական եզրակացության՝ Գեղանուշի պոչամբարը ՍԽԱԼ է կառուցված (փորձագետ՝ Զ. Խլղաթյան): «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ կողմից իրականացված «Գեղանուշի» պոչամբարի շինարարությունը կատարվել է նախագծային փաստաթղթերին ու առաջադրանքներին ոչ համապատասխան:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ ես գտնում եմ,որ Շահումյանի բաց հանքի ԴԵՄ կապանյան բողոքի ալիքը ՀԻՄՆԱԿԱՆ ու ՈՐՈՇԻՉ ազդեցություն է ունեցել,որ բաց հանք չլինի: Պարզ է,որ Ջաբրայան Հրաչը հրապարակայնորեն չի խոստովանելու սա,որպեսզի սա ՆԱԽԱԴԵՊ չդառնա ժողովրդի աչքին: Բա որ ժողովուրդը հիմա էլ ուրիշ բաներ պահանջի՞: «Լուծումն» էլ,իհարկե, դա է. հետամնաց գյուղերը գռռցնել -լցնել քաղաքները: «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» -ին տրված է Սյունիքի ԱՄԲՈՂՋ տարածքի 7.7%-ը: Սա նորմա՞լ է:............................................................. Կապան քաղաքի պաշտոնական ԲՈԼՈՐ միջոցառումների ժամանակ Ջաբրայան Հրաչը կանգնած է Կապանի «ընտրված» ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի կողքին: Հատկապես հուզիչ են դաշնակ Ջաբրայան Հրաչի ու Սյունիքի «բարերար» ՀՀԿ-ական մարզպետ Հակոբյան Վահեի գրկախառնությունները:.................................................... ՀԳ. Հանքատերերը երկար կյանք տան Կապանի ՀՀԿ-ական «Խուստուփ» և «Սոսի» TV-ներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter