HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերնդափոխություն

Ավետիք Իշխանյան

Այն, ինչ տեղի ունեցավ այս տարի մարտի 31–ից մինչև մայիսի 8–ն ընկած ժամանակահատվածում, համոզված եմ՝ դեռ երկար կքննարկվի, տարբեր քաղաքագետներ և վերլուծաբաններ դեմքի լուրջ արտահայտությամբ հեղափոխության պատճառների մասին կխոսեն, կներկայացնեն, որ դեռևս  այսինչ թթ․ իրենց կանխատեսումներն իրականացան և այլն։

Այժմ ես չեմ անդրադառնա այս  տասնյակ տարիներին  կուտակված խնդիրներին առանձին-առանձին՝  Արցախ, զրոյական արդարադատություն, արդյունքում մի կողմից՝ անպատժելիություն, մյուս կողմից՝ պարբերաբար  քաղբանտարկյալների առկայություն, սոցիալական բևեռվածություն, արտագաղթ, ինչպես նաև կոռուպցիա, կոռուպցիա, կոռուպցիա։

Այժմ կուզենայի զուգահեռներ անցկացնել 1988-1990թթ․ և 2018թ․  ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունների միջև։

Խորհրդային Հայաստանում քաղաքականությունն իր դասական իմաստով բացակայում էր։ Եթե համաձայն չէիր կոմունիստական կուսակցության գծի հետ, առնվազն գաղտնի կազմակերպություն չպետք է ստեղծեիր (ԱՄԿ), հակառակ դեպքում կհայտնվեիր հոգեբուժական հիվանդանոցում կամ ազատազրկման վայրում։

Բայց․․․ Բայց, իհարկե, ոչ դասական իմաստով, պայմանականորեն քաղաքական-ազգային հարցերով զբաղվելու մենաշնորհը տրված էր մտավորականության և կոմունիստական նոմենկլատուրայի որոշակի շերտի։ Այսպես, հասարակության մեջ որպես ազգասեր, հայրենասեր գործիչների համբավ ունեին Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը, Վարդգես Պետրոսյանը, Հենրիկ Իգիթյանը, Սոս Սարգսյանը, Արմեն Հովհաննիսյանը,  ինչպես նաև Ալեքսան Կիրակոսյանը (Մատվեիչ), Ջոն Կիրակոսյանը, Ստեփան Պողոսյանը և այլոք (ներողամիտ եղեք, եթե բոլոր անունները չեմ թվարկում)։ Եվ ժամանակ առ ժամանակ հանրությանը հայտնի էր դառնում, կամ ասեկոսեներով տարածվում, թե ինչպես են տարբեր հայրենասեր-մտավորականներ նամակներ գրել Մոսկվա Ղարաբաղը Հայաստանին միացնելու խնդրանքով, կամ թե ինչպես է այսինչ հայրենասերը կոպտել Կենտկոմի քարտուղարին և այլն։ Նրանք, եթե ոչ խստորեն, առնվազն ներողամտորեն էին վերաբերում 60-ական,70-ական թթ․ երիտասարդ ազգային հարցերով հետաքրքրվող սերնդին, և իրենց պարտականությունն էին համարում նրանց խորհուրդներ տալ, դաստիարակել, վերջիններս էլ ակնածանքով էին վերաբերվում ավագ սերնդին և նրանց համար մեծ պատիվ էր շփումը հայոց մեծերի հետ։

Երբ 1988թ․  պայթեց արցախյան շարժումը, որոշ ժամանակ, ինչպես շարժման առաջնորդները, այնպես էլ հանրությունը մեծ սպասելիքներ ունեին ավագ սերնդից, սակայն նրանք, հավատարիմ լինելով իրենց մոսկվայահպատակ սկզբունքներին, հակասության մեջ մտան արդեն նոր, պայքարող սերնդի հետ։ Հիշենք Զորի Բալայանի և Սիլվա Կապուտիկյանի այցը Մոսկվա և նրանց արդեն անհույս ճիգերը՝ շարժումը հանդարտեցնելու։ Եվ չնայած այդ շրջանի մտավորականության միջև, հաճախ, միջանձնային ոչ այնքան ջերմ հարաբերություններին, արցախյան շարժման ժամանակ նրանք միավորվեցին ընդդեմ նոր, երիտասարդ առաջնորդների («էս ջահելները ի՞նչ են հասկանում, երկիրը տանում են կործանման»): Հիշում եմ՝ Կինոյի տանը լեփ-լեցուն դահլիճում շարժման ապագան քննարկելու ժամանակ, Սոս Սարգսյանը զայրացավ իր հանդարտեցման կոչին սուլելու համար և ասաց․ «Ովքեր կարծում են, թե ես հայրենասեր չեմ, թող իմանան, որ արդեն 16 տարի է, ես զբաղվում եմ հայրենասիրությամբ»: Նույնիսկ տարիների նիրհից արթնացավ Հայ առաքելական եկեղեցին և Վազգեն Առաջինը իր հերթին հնազանդության կոչ արեց ժողովրդին։

Բայց ժամանակները փոխվել էին և ավագ սերունդը դժկամությամբ, բայց թողեց ասպարեզը։ Նրանցից ոմանք համակերպվեցին նոր իրավիճակին, ոմանք՝ մոռացության մատնվեցին, ոմանց չարությունն այդպես էլ չանցավ, իսկ, օրինակ, Սիլվա Կապուտիկյանը մինչև կյանքի վերջը մնաց և գործեց որպես իսկական քաղաքացի։

Ինչևէ, 1988-1990թթ․ ձևավորվեց նոր քաղաքական վերնախավը և քաղաքականությունը, մեծ հաշվով, մինչև 2018թ․ դարձավ նրանց մենաշնորհը։ Իհարկե, այս 30 տարիների ընթացքում  առաջացան նոր, արհեստական կուսակցություններ («Օրինաց Երկիր», «Բարգավաճ Հայաստան»), ինչպես նաև, այսպես կոչված ավանդական կուսակցություններ (ՀՅԴ, ՌԱԿ), որոնք որոշակի ազդեցություն ունեցան քաղաքական գործընթացների վրա, սակայն հանրության սպասելիքները հիմնականում 80-90-ականների գործիչներից էր։ Եվ ինչպես նախկինում, երիտասարդ գործիչները մեծ ակնածանքով էին նրանց վերաբերում՝ հուսալով նրանց փորձառությամբ  և մասնակցությամբ իշխանափոխություն իրականացնել։ Այսօրվա երիտասարդ հեղափոխականները, Նիկոլ Փաշինյանի ամենաակտիվ դերակատարությամբ, մասնակցել են 2008թ․ Լևոն Տեր- Պետրոսյանի, 2013թ․ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումներին։

Իրականում, չնայած տարբեր քաղաքական ձևաչափերին, Հայաստանում  ձևավորվել էր քաղաքական Բերմուդյան եռանկյունի, որի գագաթներում էին երեք նախագահները։ Նրանք էին ստեղծում նոր կուսակցություններ, դաշինքներ և կոալիցիաներ, անվանափոխում նախկինները, գայթակղում և պաշտոն առաջարկում ընդդիմադիր գործիչներին և կուսակցություններին։ Նրանք իրար հետ թշնամանում էին, հաշտվում, իրար «քցում», բայց նաև իրար հասկանում։ Չէ՞ որ մեկը մյուսի իշխանության, նույն կառավարման համակարգի շարունակությունն էր։  Իրար չընդունելով հանդերձ՝ կարծում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը մտքում ցանկանալով հասնել իշխանության կամ պահել այն, բայց ամեն դեպքում  նրանց միջև կարծես ներքին համաձայնություն կար, որ այլ՝ չորրորդ անձ, հատկապես ոչ յուրային, չհասնի իշխանության։ Պատահական չէր, որ նրանցից ոչ ոք 2013թ․ չաջակցեց Րաֆֆի Հովհաննիսյանին։

Եվ ահա, ինչպես 1988թ․ արցախյան շարժման սերունդը մերժեց կոմունիստական-մտավորական սերնդին, այնպես էլ, արդեն քաղաքականության մեջ կոփված և փորձառություն ձեռք բերած 2000-ականների սերունդը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մերժեց 80-90-ականներին և ամենակարևորը՝ քաղաքական Բերմուդյան եռանկյունուն։

Ինչպես 1988-ին, այնպես էլ այսօր,  հին սերունդը չի հաշտվում սերնդափոխության հետ («էս ջահելները ի՞նչ են հասկանում, երկիրը տանում են կործանման») և կարծես անհամբեր սպասում է անհաջողությունների և ձախողումների, նույնիսկ արցախյան հարցում, որ հետո չարախնդա․ «Տեսա՞ք՝ ինչ եղավ»։ Պատահական չէ, որ բացի Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից, նրանցից  ոչ ոք չողջունեց հեղափոխությունը։

Հուսանք, որ քաղաքական հաջորդ սերնդափոխությունը չի լինի հիվանդագին, ցնցումներով և հեղափոխությամբ, այլ սահուն, ընտրությունների միջոցով։ Ներեցեք, սխալվեցի, հուսալ չի կարելի, պետք է անհրաժեշտության դեպքում աջակցել, չկրկնել 90-ականների սխալները և բացթողումների համար քննադատել:

Հ․Գ․ Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ կարդացի Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը Արցախի իրադարձությունների հետ կապված։ Հուսահատ փորձեր Բերմուդյան եռանկյունին վերակենդանացնելու համար․․․

․․․Իսկ Սամվել Բաբայանին պետք է ազատ արձակել, քանի որ նա քաղաքական բանտարկյալ է՝ դատապարտված շինծու մեղադրանքով։

Մեկնաբանություններ (1)

վախթանգ սիրադեղյան
Հիանալի վերլուծություն՝ ավարտուն Հ.Գ.-ով, և «․․․Իսկ Սամվել Բաբայանին պետք է ազատ արձակել, քանի որ նա քաղաքական բանտարկյալ է՝ դատապարտված շինծու մեղադրանքով։» իշխանյանական վերջաբանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter