HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սարի թաղի» գործով Կարեն Վանոյանն ու Սարգիս Արաբաջյանն ազատվեցին կալանքից

«Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Կարեն Վանոյանն ու Սարգիս Արաբաջյանն ազատվեցին կալանքից։ Կարեն Վանոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ չհեռանալը, իսկ Սարգիս Արաբաջյանի նկատմամբ՝ 1մլն դրամ գրավը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։

Փաստաբանն այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ընթացող նիստի ընթացքում հանդես էր եկել միջնորդությամբ՝ իր պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Որպես միջնորդության հիմք Լիպարիտ Սիմոնյանը նշել էր դատավարության ողջամիտ ժամկետները՝ Կարեն Վանոյանն ու Սարգիս Արաբաջյանն արդեն մեկ տարի տաս ամիս գտնվում են կալանքի տակ, նաեւ խափանման միջոցի ոչ նպատակահարմար լինելը։

«Երկու պաշտպանյալների վերաբերյալ միջնորդություններում նշվել է, որ երկար ժամանակ գտնվում են կալանքի տակ։ Եթե սկզբնական փուլում հիմքեր եղել են, որ կալանավորեն, ապա այս տեւական ժամանակում սա բավարար չէ կալանքի տակ պահելու համար»,- նշեց փաստաբանը։ Ըստ Լիպարիտ Սիմոնյանի՝ խախտվում են դատավարության ողջամիտ ժամկետները, քանի որ դատական նիստերն ամիսը մեկ անգամ են տեղի ունենում։

«Մեկ ժամ տեւողությամբ նիստերին հարցաքննվող վկաներից ու տուժողներից որեւէ մեկը չի մատնանշել նրանցից ոչ մեկին՝ որպես դիմադրություն կամ բռնություն գործադրող անձ»,- հայտնեց փաստաբանը։ Կարեն Վանոյանի վերաբերյալ փաստաբանն ավելացրեց նաեւ վատառողջ լինելը եւ խնամքին ծեր մայր ունենալը։ Վանոյանի համար որպես խափանման միջոց է առաջարկվել ստորագրությամբ չհեռանալը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել է միջնորդությունը, իսկ Սարգիս Արաբաջյանի վերաբերյալ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը առաջարկել է  որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրել կա’մ ստորագրությամբ չհեռանալը, կա’մ գրավ, քանի որ Սարգիս Արաբաջյանը նախկինում դատվածություն ունի։

Դատավոր Աննա Դանիբեկյանը որպես գրավի չափ է ընտրել 1 մլն դրամը։

Հիշեցնենք, որ Կարեն Վանոյանն ու Սարգիս Արաբաջյանը մեղադրվում են 2016թ. հուլիսի 19-ին Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter