HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ հայտնելով, որ հրաժարական է տալիս։ Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն նրա հոր, Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատներում խուզարկություն էր կատարել եւ հրապարակել՝ տեսանյութ։ 

«Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարան: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր, դեղահաբեր… թե ինչու էր այս ամենը հայտնվել Արցախի հերոսի Ակնալճի հանգստյան գոտում, կպարզի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը՝ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի, երկրորդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում: Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման»,- նշված էր ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք նաեւ՝ արդեն մի քանի օր է, ինչ էջմիածնեցիները պահանջում էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter