Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Արտոնություն՝ Վանաձորի ավագանու անդամի ընկերությանը



Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց արտոնություն տալ «Վաբա» ընկերությանը: Գործադիրի որոշմամբ՝ «Վաբա»-ն Հայաստան կներմուծի ապրանքներ՝ ավելացված արժեքի հարկը վճարելով 3 տարի անց:

«Վաբա» ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կողմից: Բաղդասարյանն այս ընկերության սեփականատերն է եղել մինչ այս տարվա փետրվար, որից հետո դրա բաժնետեր է դարձել Վահագն Ավագյանը, ով Վանաձորի ավագանու անդամ է ՝ ՀՀԿ-ից: Մեր տեղեկություններով՝ Ավագյանը Բաղդասարյանի մտերիմներից է և ղեկավարում է նրա բիզնեսը:

«Պարոն վարչապետ, նկատի առնելով, որ Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում այսպիսի արտադրություն, ինչը կարևոր է նաև գյուղատնտեսության ոլորտում՝ առաջարկում ենք հավանություն տալ»,- ասաց հարցը զեկուցող տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:  

Վարչապետը նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք ընկերություններին արտոնություն տալու գործընթացում չի կիրառվում սուբյեկտիվիզմի գործոնը, ինչին նախարարը պատասխանեց, որ ընկերությունները պետք է համապատասխանեն սահմանված 6 չափանիշներին, որպեսզի արտոնություն ստանան:

Մինասյանի գնահատմամբ՝ այս արտոնությունն առավել շատ խթանիչ գործոն է, քան պետությանը վնաս պատճառելու գործընթաց:

Վարչապետն ասաց, որ գլխավոր դատախազությունը ևս այս գործընթացը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի, որպեսզի չստացվի, որ տնտեսության զարգացումը խթանելու փոխարեն այլ պրոցեսների են նպաստում:

Որոշման նախագծում գրված է, որ ընկերությունը Հայաստան է ներմուծելու 102 միլիոն դրամ արժողությամբ գյուղատնտեսական սարքավորումներ: «Վաբա»-ն դրանք նախատեսում է օգտագործել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի համակարգի արտադրությունում։

Ընկերությունը կառավարությանը խոստացել է ներդրումային ծրագրի շրջանակներում կատարել ընդհանուր շուրջ 2,25 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 24 աշխատատեղ` 320 հազար դրամ աշխատավարձով:


Կարդացեք նաև՝

Գյուղնախարարն այցելել է Վահրամ Բաղդասարյանին փոխկապակցված ընկերության գործարանի տարածք


Լուսանկարը՝ facebook.com


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ