Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Ամսական 20 մլն դրամ վառելիքի ու սպասարկման ծախս՝ նախարարությունների ծառայողական մեքենաներին


Հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ աշխատակազմի տրամադրության տակ մոտ 110 մեքենա կա, որոնց 30 տոկոսը (33 մեքենա) նախնական հաշվարկներով ենթակա է կրճատման: Հունիսի 25-ին էլ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի, ինչի արդյունքում կխնայվի տարեկան առնվազն 56 մլն դրամ: 

Սրանից կարող ենք հետեւություն անել, որ վարչապետի աշխատակազմին միայն մեքենաների վառելիքի համար տարեկան տրվում է 112 մլն դրամ, իսկ ամսական՝ շուրջ 9 մլն: 

«Հետքը» որոշել է պարզել, թե 17 նախարարություններից յուրաքանչյուրը քանի ծառայողական մեքենա ունի, որքան է դրանց ընդհանուր ամսական ծախսը, եւ քանիսն են ծրագրում կրճատել:

Դեռ 2005-ին կառավարությունը ընդունել է մի որոշում, որում ամրագրված են պետական մարմինների ծառայողական մեքենաների սահմանաչափերը: Այսինքն՝ գերատեսչությունները նշված քանակից ավելի մեքենա ունենալ չեն կարող: Ծառայողական մեքենաները բաժանվում են երկու խմբի՝ պետական մարմինների պաշտոնատար անձանց եւ պետական մարմիններին սպասարկող:

Ահա նախարարությունների աշխատակազմերում առկա մեքենաների քանակը այս պահին: Շեշտենք, որ այս թվերում ներառված չեն նախարարությունների առանձնացված ստորաբաժանումների ավտոպարկերը:

ՊՆ-ի թիվը չենք նշել, քանի որ վերջինիս աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը մեր հարցմանը տվել է ընդհանրական պատասխան (ընդհանրապես, եթե նույնիսկ հաշվի չառնենք ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ՊՆ-ն ինֆորմացիա ստանալու առումով շատ փակ կառույց է): Հայրապետյանը հղում է արել կառավարության 2005 թվականի երկու որոշումների, որոնցից մեկը, ինչպես նշեցինք, սահմանում է մեքենաների առավելագույն քանակը, իսկ երկրորդը՝ մասնավորապես, վառելիքի ծախսի նորմաները կոնկրետ մեքենաների համար: Ըստ առաջին որոշման՝ ՊՆ պաշտոնատար անձանց ծառայողական մեքենաների սահմանաչափը 160 է, բայց թե այս պահին կոնկրետ քանիսն են դրանք, հայտնի չէ, իսկ ՊՆ ծառայողական մեքենաների քանակի լիմիտ կառավարությունը չի դրել: Հասկանալի է, որ այն շատ մեծ է: Կրճատումների վերաբերյալ էլ Հայրապետյանը նշել է, որ կառավարության որոշումներում փոփոխություն կատարելու հարց ՊՆ-ում չի քննարկվում: Ելնելով այս ամենից՝ ստորեւ ՊՆ-ին չենք անդրադառնա:   

Նշենք նաեւ, որ առողջապահության նախարարությունը մյուսներից առանձնացել է իր մանրամասն պատասխանով՝ ներկայացնելով նաեւ աշխատակազմում առկա 14 մեքենաների մակնիշները, պետհամարանիշերը եւ այլ տեղեկություններ (տե՛ս այստեղ):

Ահա նախարարությունների աշխատակազմերի մեքենաների ընդհանուր միջին ամսական ծախսը (վառելիք, տեխսպասարկում, ԱՊՊԱ, տեխզննություն):

Ընդհանուր ամսական ծախս
Infogram

Ինչպես կարելի է նկատել, արդարադատության, բնապահպանության եւ մշակույթի նախարարությունների մեքենաների քանակն այստեղ տարբերվում է վերեւի ինֆոգրաֆիկայում ներկայացված տվյալներից: Պատճառն այն է, որ արդարադատության նախարարությունը ծախսը ցույց է տվել 20 մեքենաների հաշվարկով, որոնցից 9-ը սպասարկում են նախարարությանը, իսկ 11-ը՝ 2016-ին դրա կազմում ստեղծված պրոբացիայի պետական ծառայությանը: ԲՆ-ն էլ հաշվարկում ներառել է ոչ միայն կենտրոնական ապարատի 8, այլեւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ու ԲՆ համակարգի գործակալությունների 37 մեքենաները (տեսչական մարմինն այսուհետ ենթարկվելու է կառավարությանը): Մշակույթի նախարարությունն իր հերթին հաշվարկել է 7 մեքենայի ծախսը, չնայած այժմ նրա տրամադրության տակ կա 5 մեքենա:

Ստացվում է, որ 16 նախարարությունների ծառայողական մեքենաների ամսական ընդհանուր ծախսը կազմում է շուրջ 20 մլն դրամ:

Ով որքան կկրճատի

Առողջապահության նախարարություն. 14-8: Չնայած ԱՆ-ն ներկայացրել է 14 մեքենա, արդեն իսկ հայտնի է, որ դրանցից 8-ը հանձնվելու են առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին: 2018-ի մարտին ԱԺ-ն ընդունել է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքը, որով սահմանված են կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինները: Վերը նշված տեսչական մարմինը ենթարկվելու է կառավարությանը, այնպես որ ԱՆ-ի 8 մեքենաները դուրս են գալու նախարարության համակարգից, բայց մնալու են պետական ծառայության մեջ:   

«Միաժամանակ վերանայվելու է նախարարի եւ նախարարության աշխատակազմին ամրակցված 6 մեքենայի սպասարկման եւ օգտագործման կարգը. նախատեսվում է պաշտոնյաներին կցագրված մեքենաներն օգտագործել նախարարության կարիքների համար: Փոփոխված ցանկը կհրապարակվի ԱՆ պաշտոնական կայքում»,- հայտնել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն. 9-?: «Ծառայողական ավտոմեքենաների կրճատման հարցն այժմ ուսումնասիրության փուլում է, եւ առաջիկայում կկայացվի համապատասխան որոշում»,- հայտնել է նախարարության գնումների համակարգման եւ տնտեսական հարցերի բաժնի պետ Կարեն Բաբախանյանը:

Արդարադատության նախարարություն. 9-?: Ինչպես արդեն ասվեց, նախարարության 20 մեքենաներից 11-ը հանձնվել են պրոբացիայի պետական ծառայությանը (օրենսդրական փոփոխության արդյունքում կոչվելու է պրոբացիայի ծառայություն): Այժմ ԱՆ-ն ունի 9 մեքենա, որոնցից 8-ը պաշտոնատար անձանց են սպասարկում, 1-ն էլ հերթապահ ծառայողական մեքենա է: «Կառավարության 2018 թ. մայիսի 17-ի նիստում վարչապետը հանձնարարել է ներկայացնել առաջարկություն ծառայողական ավտոմեքենաների թվաքանակի կրճատման վերաբերյալ՝ ընդհանրական մոտեցում ցուցաբերելով բոլոր գերատեսչությունների համար»,- հայտնել է աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարություն. 9-0: ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Օհանյանը հայտնել է, որ ծառայողական մեքենաների թվի կրճատում չի նախատեսվում:

Արտաքին գործերի նախարարություն. 17-?: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ 17 մեքենաներից 7-ը սպասարկում են նախարարության պաշտոնյաներին, իսկ մյուս 10-ը պետական մարմնի ծառայողական մեքենաներն են: Բացի այս 17-ից՝ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» ՊՈԱԿ-ն ունի 2 մեքենա՝ պետի եւ գործակալության համար: Ծառայության պետ Արմեն Եգանյանի մեքենայի համար նախատեսվում է ամսական 118.400 դրամ գումար՝ 320 լիտր վառելիք գնելու եւ 12.440 դրամ՝ տեխսպասարկման համար: Գործակալության մյուս մեքենային էլ հատկացվում է համապատասխանաբար 88.880 (240 լիտր վառելիքի համար) եւ 18.000 դրամ:

«ԱԳՆ առկա ավտոպարկի մեծամասնությունը հին է եւ թարմացման կարիք ունի, մասնավորապես՝ 8 մեքենա 2003-2009 թթ. արտադրության են: Մենք ծրագրում ենք օպտիմալացնել ավտոպարկը նաեւ հներից ազատվելու հաշվին,- նշել է Շ. Քոչարյանն ու հավելել,- սա թույլ կտա հետագայում խնայել պետբյուջեի գումարները՝ պաշտոնական պատվիրակությունների սպասարկման համար ավտոմեքենաների վարձակալության փոխարեն օգտագործելով ԱԳՆ հաշվեկշռին գտնվող մեքենաները»:

Բնապահպանության նախարարություն. 8-?: «ԲՆ-ն հնարավոր է համարում կրճատել նախարարությանը ամրակցված առանձին մեքենաները՝ աշխատանքները կազմակերպելով հերթապահության սկզբունքով, սակայն հարցի վերջնական լուծումը գտնվում է կառավարության լիազորությունների շրջանակում»,- տեղեկացրել է ԲՆ աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:

Գյուղատնտեսության նախարարություն. 8-?: Նախարար Արթուր Խաչատրյանը հայտնել է, որ ԳՆ-ի մեքենաները 2016 թվականին 12-ից կրճատվել են 8-ի: Նոր կրճատումների մասին ասել է, որ ներքին ուսումնասիրություն կկատարվի, եւ կկայացվի համապատասխան որոշում:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն. 9-?: Նախարար Արթուր Գրիգորյանը նշել է, որ ներկայում կատարվում է վերլուծություն, եւ կրճատումների մասին տեղեկություն կարող են տրամադրել որոշում կայացնելուց հետո:

Կրթության եւ գիտության նախարություն. 9-2: Աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը հայտնել է, որ ԿԳՆ-ն առաջարկել է իր ծառայողական մեքենաները կրճատել 2-ով՝ թողնելով 7-ը:

Մշակույթի նախարարություն. 5-0: ՄՆ-ում արդեն արվել է կրճատում: Աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի փոխանցմամբ՝ մինչեւ Լիլիթ Մակունցի նշանակումը ՄՆ-ն ուներ 7 մեքենա: Մարտի 9-ին դրանցից մեկը օտարման նպատակով հանձնվել է պետգույքի կառավարման վարչությանը, իսկ երկրորդը մայիսի 23-ին կառավարությանն ուղղված գրությամբ ներկայացվել է օտարման: Մնացած 5-ից մեկը սպասարկելու է նախարարին, երեքը՝ փոխնախարարներին, մյուսը՝ աշխատակազմի ղեկավարին:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն. 7-0: Աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը հայտնել է, որ կրճատում նախատեսված չէ. մեքենաները կսպասարկեն նախարարին, երեք տեղակալներին ու աշխատակազմի ղեկավարին:

Սփյուռքի նախարարություն. 5-1: Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանի տեղեկացմամբ՝ առկա 5 մեքենաներից նախատեսվում է կրճատել մեկը, իսկ մյուսներից օգտվելու են նախարարը, երկու փոխնախարարները եւ աշխատակազմի ղեկավարը:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն. 9-?: Աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը հղում է կատարել կառավարության 2005 թ. որոշմանը մեքենաների սահմաքանակների մասին ու նշել, որ հարցի կարգավորումները գտնվում են գործադիրի իրավասության սահմաններում:  

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն. 11-0: Աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը փոխանցել է, որ մեքենաների քանակը համապատասխանում է կառավարության 2005 թ. որոշման պահանջներին, եւ առաջիկայում կրճատում չի նախատեսվում:

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարություն. 9-?: «Ծառայողական մեքենաների թիվը կկրճատվի հարցի վերաբերյալ ՀՀ կառավարության ընդհանուր դիրքորոշման շրջանակներում»,- նշել է աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը:

Ֆինանսների նախարարություն. 17-?: Աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Էդգար Գեւորգյանը հայտնել է հետեւյալը. «Ծառայողական ավտոմեքենաների կրճատման խնդրին կառավարության մայիսի 17-ի նիստում անդրադարձ է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին գույքագրել ծառայողական ավտոմեքենաները եւ դրանց ծախսը՝ հասկանալու համար, թե ինչպիսի կրճատումներ են հնարավոր իրականացնել: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ծառայողական մեքենաների կրճատման խնդրին անհրաժեշտ է տալ համակարգային լուծում՝ սահմանելով հստակ չափանիշներ ծառայողական մեքենաների հատկացման, շահագործման եւ սպասարկման վերաբերյալ»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։