Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում. Հայ հայրենասերների միություն



Սկիզբը

Հայ հայրենասերների միության ղեկավար Հակոբջան Թադեւոսյան     

Հակոբջան Դրաստամատի Թադեւոսյանը ծնվել է 1949 թ., Արտաշատի շրջանի Մուղան (Մասիսի    շրջանի Հովտաշեն) գյուղում: Ձերբակալման պահին եղել է Երեւանի պետական համալսարանի  պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող: Կալանավորվել է 19 տարեկանում` 1968-ի ապրիլի 17-ին: Չնայած գրեթե պատանի էր, բայց նրան հաջողվել է կազմակերպել ու ղեկավարել ընդհատակյա բազմամարդ կազմակերպություն` իր մասնաճյուղերով: Կազմակերպությունը կոչվում էր Հայ հայրենասերների միություն։ Պետանվտանգության կոմիտեում սկզբում չեն հավատացել, որ կազմակերպությունն, իրոք, ղեկավարում է Հակոբջան Թադեւոսյանը: Թադեւոսյանը կալանավորվելուց հետո ստիպված է եղել ջանք թափել նրանց դրանում համոզելու համար: Դատապարտվել է 2 տարի 3 ամիս ժամանակով: Պատիժը կրել է Հայաստանում, ընդհանուր ռեժիմի գաղութում: Ազատ արձակվելուց հետո մշտական կապեր է հաստատել հայ այլ քաղբանտարկյալների եւ այլախոհների հետ: Ծանոթացել է Ազգային միացյալ կուսակցության անդամների հետ: Այս ծանոթությունն առիթ է դարձել, որպեսզի վերաարժևորի իր պատկերացումները Հայաստանի ապագայի ու խորհրդային կարգերի նկատմամբ: Արդյունքում` դառնում է հակախորհրդային համոզմունքների տեր գործիչ ու անկախության ջատագով: Անդամագրվում է ԱՄԿ-ին: 1973-74 թթ.` իր գլխավորած խմբակով մասնակցում է ԱՄԿ-ի կազմակերպած գործողություններին: Դառնում է ԱՄԿ խորհրդի անդամ: Հետագայում` վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային միացյալ կուսակցության անդամների դատավարությունների ժամանակ: 1988-ին խմբագրել է Ազգային ինքնորոշում միավորման հրատարակած «Հայրենիք»  ամսագիրը: 1990-ին Անկախության բանակի ռազմական խորհրդի անդամ էր: Արտաշատի ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպիչներից էր եւ Արտաշատի «Անկախության բանակի»   կոորդինատորը: Բանաստեղծությունների, 19-20-րդ դարերի ֆիդայական շարժմանը վերաբերող մենագրության, էսսեների ու բազմաթիվ հոդվածների հեղինակ է: 2009-ին հետմահու հրատարակվել է նրա «Բեկորներիս իրավունքով» գիրքը: Վախճանվել է 49 տարեկանում, 1998 թ. օգոստոսի 8-ին:

Պատմում է Հակոբջան Թադեւոսյանի կինը` Սիրունը

1965 թվականին 9-րդ դասարանում էի սովորում: Եղեռնի 50-ամյակի կապակցությամբ դպրոցում պատի թերթ հրապարակեցինք: Այդ տարիներին դա լուրջ ու վտանգավոր գործ էր: Իմ հայացքներում  որոշիչ է եղել հորս ազդեցությունը. նա ընդգծված ազգայնական էր: 1966-ին տեղի ունեցավ Եղեռնին նվիրված հայտնի ցույցը: Ցույցի ժամանակ ծանոթացա Հակոբջանի մեծ եղբոր հետ, իսկ հետո` հայրիկիս հետ ծանոթացրի: Այնուհետեւ հայրիկիս հետ ծանոթացավ նաեւ Հակոբջանը: Նրանք հաճախ էին այցելում հայրիկիս ու երկար զրուցում: Մի օր էլ Հակոբջանը հայրիկիս ասել էր, որ «Հայ հայրենասերների միություն» անունը կրող գաղտնի կազմակերպություն է գործում: Հետագայում ինձ առաջարկվեց անդամակցել այդ կազմակերպությանը: Համաձայնեցի: Կազմակերպությունը բավական խայտաբղետ ու բազմամարդ էր: Ուսանողներ, տարեց մարդիկ ու բանվորներ կային: Մասնակցում էի ժողովներին ու այլ միջոցառումների: Ամեն ինչ արվում էր գաղտնի ու չափազանց կարգապահ:

Կարգապահությունը Հակոբջանի համար ամենակարեւորն էր: Ժամադրությունից մեկ րոպե ուշացումն անգամ դիտողության էր արժանանում: Ինքը` Հակոբջանը, ընդգծված պարտաճանաչ էր ու  պահանջկոտ: Նա էր կազմակերպիչն ու «տանողը»: Ամեն ինչ նրա շուրջն էր պտտվում: Անընդհատ շարժման մեջ էր: Գնում էր Գորիս, Գյումրի, Կապան, Սոչի: 

Ամենուր մասնաճյուղեր էր ստեղծում: Դեռ դպրոցական նստարանից` 16-17 տարեկանից էր Հակոբջանն այս կարգի գործերի մեջ: Բնական է, որ Պետանվտանգության կոմիտեն չէր կարող ինչ-որ ժամանակ անց չիմանալ, որ կազմակերպություն է գործում, այն էլ` այդքան ճյուղավորված: Նրանք փնտրել են կազմակերպության ղեկավարին, որը, ըստ իրենց պատկերացումների, պետք է հասուն մարդ լիներ: Անգամ  Արտաշատի ՊԱԿ-ում, ուր տարել են Հակոբջանին, չեն հավատացել, որ նա է կազմակերպության ղեկավարը: Հակոբջանը չեկիստներին դրանում համոզելու համար մեծ ջանքեր է թափել: 

1968 թվականի ապրիլի 24-ի կապակցությամբ մեծ քանակությամբ թռուցիկներ էին տպագրվել: Դրանք գտնվում էին Կիլիկիա թաղամասում Հակոբջանի վարձած սենյակում: Տարբեր խմբակների ներկայացուցիչներ` յուրաքանչյուրն իր պայմանավորված օրն ու ժամին պետք է գային ու տանեին իրենց բաժին թռուցիկները: Մենք` մի քանի հոգով ապրիլի 17-ին` պայմանավորված ժամին, պետք է գնայինք մեր բաժինը տանելու: Յուրաքանչյուրիս կցված էր կոնկրետ տարածք, որտեղ պետք է դրանք տարածեինք: Պայմանավորված ժամին եկանք, բայց սենյակի դուռը փակ էր: Հակոբջանը չկար: Պարտաճանաչ Հակոբջանի բացակայությունն ավելի քան զարմանալի էր: Մեզ հետ էր նաեւ Հակոբջանի եղբայրը: Նա սենյակ մտավ օդանցքից, այնտեղից մեզ տվեց մեր բաժին թռուցիկներն, ու մենք հեռացանք: Այդ պահին դեռ չգիտեինք, որ Հակոբջանն ու մեր մյուս ընկերներն արդեն ձերբակալված են: Շատ ավելի ուշ իմացանք, որ մեր պայմանավորվածությունից առաջ Հակոբջանը մանկավարժական ինստիտուտի հանրակացարանում նշանակված հանդիպում է ունենում Ռուբիկ Հովսեփյանի հետ: Գալիս է Ռուբիկի սենյակ, իսկ այնտեղ չեկիստներն արդեն խուզարկություն են իրականացնում: Տանում են ե՛ւ Ռուբիկին, ե՛ւ Հակոբջանին: Չեկիստները դեռ չէին հասցրել իմանալ Կիլիկիայում գտնվող գաղտնի  սենյակի մասին, այնպես որ`  չնայած մեր ընկերները ձերբակալված էին, մենք կարողացանք տարածել թռուցիկները, որ տպագրել էինք ապրիլի 24-ին ընդառաջ: 

Արդեն ավարտել էի դպրոցն ու սովորում էի ինստիտուտում: Առաջին կուրսի ավարտական քննություններն էի պատրաստվում հանձնել, երբ Պետանվտանգության կոմիտեից եկան իմ հետեւից: Այդպես էլ թույլ չտվեցին քննություններին մասնակցել: 1968 թվականի հունիսն էր:

Տղաների դատավարությունն, ըստ էության, փակ էր: Միայն իրենց ընտրած մարդիկ կարող էին գտնվել դահլիճում: Դատը երկար տեւեց` մոտ մեկ ամիս: Վկաները շատ էին: Հանրապետության բոլոր շրջաններից վկաներ կային, Սոչիից ու այլ քաղաքներից նույնպես կային: Տղաների դատի ժամանակ ծանոթացա Պարույր Հայրիկյանի ու Անդրանիկ Մարգարյանի հետ: Ծանոթանալիս Պարույրը ներկայացավ «Վրեժ» անունով: Հետո, իհարկե, իմացա նրա իսկական անունը: Նրանք որեւէ առնչություն չունեին Հակոբջանենց հետ: Ուղղակի իմանալով, որ քաղաքական դատ է ընթանում` եկել էին դատարան:

Դատավճռի հրապարակումից հետո տղաներին տեղափոխեցին Երեւանից ոչ հեռու գտնվող Շահումյանի գաղութ: Պատմում էին, որ քրեականներն ընդգծված հարգանքով էին վերաբերվում իրենց: Ազատվելուց հետո ես ու Հակոբջանն ամուսնացանք: Հակոբջանը ցանկանում էր վերականգնվել համալսարանում, բայց չէին թողնում: Պետանվտանգության կոմիտեն ամեն կերպ խոչընդոտում էր:

Նա մտերիմ էր Պարույր Սեւակին: Ստիպված դիմեց նրան: Սեւակը եւ Ջոն Կիրակոսյանը միջնորդագրեր գրեցին, ինչից հետո նա վերականգնվեց ու ավարտեց համալսարանը: Ընդունվեց ասպիրանտուրա, գրեց գիտական թեզ` «Հայ ազգային-ազատագրական պայքարը 1880-1920-ական թվականներին»   թեմայով: Պաշտպանության ժամանակ գիտական թեզն ազգայնական գործ բնորոշվեց ու մերժվեց: Ուսմանն ու աշխատանքին զուգահեռ` շարունակում էր իր գործունեությունը: Ես ծանոթացրել էի իրեն Պարույր Հայրիկյանի հետ: Այդ ծանոթությունից հետո Հակոբջանը դարձավ ԱՄԿ անդամ: Սա արդեն բոլորովին այլ բան էր: 70-ականներին ԱՄԿ-ն մեծ գործունեություն էր ծավալել: Անընդհատ ձերբակալություններ էին տեղի ունենում, եւ միայն ԱՄԿ-ականների ցուցաբերած ամրության շնորհիվ էր, որ ՊԱԿ-ը չկարողացավ 1974-75 թթ. երկրորդ անգամ կալանավորել նաեւ Հակոբջանին:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Լուսիկ14:18 - 28 հունիսի, 2018
Գրածս կոմենտ չէ, կարող եք հրապարակել կամ ոչ: Չեմ հիշում, որ հրապարակած լինեք հոդված այլախոհ Անդրանիկ Մարգարյանի մասին: Լինելով նրա ժամանակից, հիշում եմ ինչ-որ դրվակներ նրա հետ կապված՝ օրինակ, երբ բացվեց "Россия" անվանմամբ կինոթատրոն,նա ի նշան բողոքի, իր համախոհների հետ մտել և վնասել էր նստարանները, հիշում եմ, որ հայտնվեց կարճ ժամանակ կալանավայրում, կարծեմ, թռուցիկներ տարածելու, ընդհատակ գործնեության համար: Ինչու՞ եմ ցանկանում իմանալ մանրամասներ: Ուզում եմ հասկանալ, ինչպես հայրենասեր մարդու ընտանիքում մեծացավ իր ժողովրդին չսիրող, ագահ զավակ:
2. Վարդան Հարությունյան09:19 - 29 հունիսի, 2018
Հարգելի Լուսիկ, տեղեկացնեմ, որ լինելու է նաեւ հրապարակում Անդրանիկ Մարգարյանի մասին, բայց իր ժամանակաին։ Մարգարյանը դատապարտվել է 1975 թ․, իսկ այս հրապարակման հերոսը՝ Հակոբջան Թադեւոսյանը 1968-ին։ Երբ կհասնենք 75 թ․ կլինի նաեւ Անդրանիկը։ Միայն մեկ բան ավելացնեմ․ հորինված ու սուտ տեղեկություններ են, թե հայ այլախոհները՝ Անդրանիկ Մարգարյանը եւ նրա ընկերները, վնասել են "Ռոսիա" կինոթատրոնի նստարանները։ Չի եղել նման բան։ Հայ այլախոհներն ավելի լուրջ գործերով են զբաղված եղել եւ նստարան վնասելը նրանց պատիվ չէր բերի ու չի բերում։ Լուրերն էլ հորինվել են մեր ժամանակներում։ Անգամ հայտնի է հորինողի անունը, որը խորհրդային տարիներին հավատավոր կոմունիստ էր։
3. Լուսիկ15:46 - 29 հունիսի, 2018
Շնորհակալություն պարզաբանման համար: Գործեր սարքվել են խորհրդային տարիներին և դրանից հետո, օգտագործելով անազնիվ մարդկանց: Չլինելով խորհրդային համակարգի կողմնակից, արձանագրում եմ, որ այլախոհ Մարգարյանն ավելի մեղմ է պատժվել, քան անկախ Հայաստանում Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, Շանթ Հարությունյանը... Հուսանք, որ մեր երկրում վերջ կդրի այլախոհների հետապնդմանը, և դուք ստիպված չեք լինի, անցնելով հետխորհրդային այլախոհներին, երկար շարունակել գրել նրանց մասին:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ