HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիները սուլում են Կապանի համայնքապետին, գործընկերները՝ պահանջում հրաժարական չտալ

Երեկ Կապանի ՀՀԿ-ական համայնքապետ Աշոտ Հայրապետյանը ավագանու արտահերթ նիստին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նիստը, սակայն, բոյկոտել են հրաժարականը չընդունող համայնքապետարանի աշխատակիցներն ու համայնքի վարչական ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ անցյալ տարի Կապան քաղաքը խոշորացվեց՝ իր մեջ ներառելով 31 գյուղական համայնք, որոնք այժմ ղեկավարում են վարչական ներկայացուցիչները:

Հայրապետյանի խոսնակ Արմինե Ավագյանը «Հետքին» հայտնել է, որ նիստը տեղափոխվել է երկուշաբթի: Ըստ նրա՝ հրաժարականի դիմումներ են գրել նաև համայնքապետի երկու տեղակալները՝ Արգամ Գրիգորյանն ու Ռոմիկ Սարգսյանը:

Նախքան նիստը Աշոտ Հայրապետյանն իր ֆեյսբուք էջում հրապարակել էր հրաժարականի տեքստը:

«Հարգելի կապանցիներ

Ես վաղաժամկետ վայր եմ դնում իմ լիազորությունները՝ հրաժարական եմ տալիս Կապան համայնքի ղեկավարի պաշտոնից: Այդ որոշման համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ ու խոր պատճառներ, այդուհանդերձ, չմանրամասնելով դրանք, հակիրճ ձևակերպեմ. իմ անելիքների ու պարտականությունների, ՏԻՄ լիազորությունների սահմանում համայնքի ղեկավարին տրված հնարավորությունների շրջանակում գործելու, սկսած ծրագրերն իրականացնելու, համայնքի մասին իմ ունեցած տեսլականին հասնելու պատկերացումներն այլ են, այսօր մեր համայնքի բնակիչների ակնկալիքները, սպասումներն ու դրանց հասնելու ճանապարհների մասին պատկերացումները՝ այլ...

Բարի կառավարում համայնքի հաջորդ ղեկավարին՝ ի շահ իմ սիրելի Կապանի, սրտացավություն, հանդուրժողականություն ու սեր և հարգանք հարազատ համայնքի հանդեպ՝ իմ համաքաղաքացիներին»:

Արմինե Ավագյանին մինչ նիստը հարցրել էինք, թե արդյոք ամսի 5-ին Սյունիքի մարզպետանի դիմաց վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Հայրապետյանի հասցեին քաղաքացիների սուլոցներն են պատճառ եղել, որ հաժարական տա, ինչին նա պատասխանել էր, որ դա առիթ էր, բայց ոչ պատճառ, ապա հավելել, որ համայնքապետն ավագանու արտահերթ նիստին կհայտնի պատճառը: Ընդ որում՝ մինչ այս պահը համայնքի պաշտոնական կայքում որևէ նորություն չկա արտահերթ նիստի, դրա բոյկոտման և այլ մանրամասների վերաբերյալ:

Հայրապետյանը Կապանը ղեկավարում է 2012 թվականից, 2016-ին նա վերընտրվել է, իսկ անցյալ տարի դարձել խոշորացված Կապան համայնքի ղեկավար: Մինչ այդ 10 տարի աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ի Կապանի փոստային մասնաճյուղի տնօրեն: Նա նաև «Լեվարյուս» ՍՊԸ-ի հիմնադիրն ու սեփականատերն է:

Ի՞նչ է հայտարարագրել Աշոտ Հայրապետյանը

«Հանրային ծառայության մասին» օրենքում 2017 թ. կատարվել է փոփոխություն, ըստ որի՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն նաև 15 հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարների: Հենց այս պատճառով է, որ 2012-ից Կապանը ղեկավարող Հայրապետյանը միայն անցյալ տարվանից սկսել հայտարարագրեր ներկայացնել:

Օրենքի փոփոխությունից հետո՝ անցյալ տարվա սեպտեմբերին, Ա. Հայրապետյանը ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, ըստ որի՝ ունի 1-ական բնակարան և անհատական բնակելի տուն, հասարակական նշանակության 2 շինություն, 5 հողամաս: Ունի նաև 1000 դրամի բաժնեմաս: Խոսքն, ամենայն հավանականությամբ, «Լեվարյուս» ՍՊԸ-ի մասին է, որը հիմնադրվել է 2006-ին պաշտոնյայի և նրա հոր՝ Գրիշա Հայրապետյանի կողմից: Հետագայում հայրը դուրս է եկել ընկերությունից: Ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի ՍՊԸ-ի գործունեության տեսակ է նշված հանքագործական արդյունաբերության այլ ճյուղերում օժանդակ ծառայությունների մատուցումը:

2017-ի հուլիսի դրությամբ Ա. Հայրապետյանն ունեցել է 1150 եվրո, իսկ նույն տարվա հունվարից մինչև հուլիս որպես Կապանի քաղաքապետ ստացել է ընդհանուր 2 միլիոն 750 հազար դրամ աշխատավարձ: Պաշտոնյան չի հայտարարագրել շարժական և թանկարժեք գույք:

2017-ի տարեկան հայտարարագրի համաձայն՝ արդեն խոշորացված Կապանի ղեկավարը անցյալ տարեվերջին ունեցել է 364 հազար դրամ և 6300 եվրո: Տարվա կտրվածքով ստացել է 3,8 մլն դրամ աշխատավարձ: Անշարժ ու շարժական գույքի որևէ գործարք, ըստ փաստաթղթի, չի կատարել:

Տարեկան հայտարարագրեր են ներկայացրել նաև համայնքապետի ընտանիքի անդամները՝ կինը, ծնողները, երկու դուստրերն ու անչափահաս որդին:

Պաշտոնյայի կինը՝ Նաիրա Թումանյանը, 2017-ի տարեվերջին ունեցել է փոխառության հանձնված 3,7 մլն դրամ, ինչպես նաև 1,2 մլն դր որպես դրամական միջոց, տարվա կտրվածքով էլ ստացել է 1,7 մլն դր աշխատավարձ: Դուստրերն ու որդին ոչինչ չեն հայտարարագրել: Հայրը 2017-ին ստացել է 8,8 մլն դր աշխատավարձ և 840 հազար դր թոշակ, իսկ մայրը՝ միայն 540 հազար դր թոշակ:

Շահերի բախման ու ձեռքբերումների մասին

2016-ի սեպտեմբերին, երբ 4 տարի Կապանը ղեկավարած Աշոտ Հայրապետյանը կրկին առաջադրվել էր որպես քաղաքապետի թեկնածու, զրուցել էինք նրա հետ: Ներկայացնենք հարցազրույցից մի հատված, որը վերաբերում է պաշտոնյայի ընկերությանը, շահերի բախմանն ու ունեցած ձեռքբերումներին:

-Պարոն Հայրապետյան, ի՞նչ կասեք այն մասին, որ Ձեր ընկերությունը ավտոմեքենաներ է վարձակալությամբ տրամադրում քաղաքապետարանին, եվրապատուհան ու եվրադուռ արտադրող Ձեր ընկերությունը պայմանագրեր է կնքում պետական հիմնարկների հետ: Դուք, կարծեմ, չեք ժխտել, որ Ձեր ընկերությունն ավտոմեքենաներ է վարձակալությամբ տալիս քաղաքապետարանին:

-Չեմ ժխտել, դա օրենքի սահմաններում է, և այդ ամենը նույնպես հասանելի է մեր կայքէջում թե՛ մեր համաքաղաքացիներին, թե՛ ցանկացածին: Մենք օրենքի սահմաններում կազմակերպում ենք մրցույթ և վարձակալում տրանսպորտային միջոցներ քաղաքապետարանի ենթակա կառույցների նպատակների համար: Եվ եթե այդ մեքենաներից մեկը պատկանում է իմ հիմնած ընկերությանը, դա դեռևս չի նշանակում, որ այդտեղ որևէ անօրինական բան կարելի է տեսնել:

-Դա շահերի բախում է:

-Ըստ Ձեզ՝ շահերի բախո՞ւմ է:

-Այո, օրենքով շահերի բախում է:

-Դուք սխալվում եք, եթե օրենքին տիրապետում եք, չեք կարող նման բան ասել:

-Այսինքն՝ Դուք բացառում եք, որ դա շահերի բախում է, պաշտոնական դիրքի չարաշահում:

-Ոչ էլ պաշտոնական դիրքի չարաշահում է: Եթե մրցույթի մասնակից ցանկացած ֆիզիկական անձ կամ ընկերություն կարող է ներկայացնել իր տրանսպորտային միջոցը ներկայացված տեխնիկական բնութագրերի համաձայն և վարձակալությամբ տրամադրել իր տրանսպորտային միջոցը քաղաքապետարանին կամ նրա ենթակա կառույցին, ինչի՞ մասին է խոսքը:

-Իսկ ամսական ինչքա՞ն գումար է տրամադրվում քաղաքապետարանի կողմից Ձեր ընկերությանը: Կնշե՞ք նաև, թե քանի մեքենա է, և յուրաքանչյուրի համար որքան գումար է տրամադրվում:

-Քաղաքապետարանն իր կարիքների համար վարձակալել է երկու մեքենա, որից մեկի համար վճարում է մոտ 225 հազար դրամ, մյուսի համար՝ մոտ 285 հազար դրամ: Դա առանց պահումների է, այսինքն՝ ամբողջ գումարն է:

-Քաղաքապետ լինելու 4 տարիներին Ձեր ձեռքբերումներից 3 կարևորագույն կետեր կառանձնացնե՞ք:

-Չէի ուզենա կարևորության տեսակետից 3 կետ առանձնացնեի, մեկը հենց այն, որ 15-20 րոպե է խոսում եք ինձ հետ:

-Դա ձեռքբերո՞ւմ է:

-Նաև:

-Ձեր ձեռբքերումների մասին է խոսքը:

-Ի՞մ ձեռքբերումը... Իմ ձեռքբերումն առաջին հերթին իմ քաղաքացիների վստահությունն է:

Լուսանկարը՝ Ա. Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի
Կապանի հհկ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հրաժարականից ամենաշատը սարսափած են Կապանի ավագանու անդամները: Գիտե՞ք ինչու. որովհետև որոշ ժամանակ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ գործառույթներ պիտի իրականացնեն ու սա իրե՛նց համար սարսափեցնող է.10 հազար դրամով ընտրված ու գարաժ դասավորողի մտածելակերպով այս մարդիկ առանց տիրոջ հրամանների բա ի՞նչ պիտի անեն:Դե իսկ հհկ-ական կերակրատաշտի շուրջը հավաքված մարդիկ էլ ՊՐԻՄԻՏԻՎ ԹԱՏՐՈՆ են կարծես փորձում խաղալ. քաղաքապետը հրաժարականի դիմում է գրում,բայց «ժողովուրդը» իբր «թույլ չի տալիս»,որ իրենց «սիրելի» քաղաքապետը հեռանա: ՎԵՐՋ ՏՎԵՔ. հհկ-ի դարաշրջանն այլևս ավարտվա՛ծ է: Այս պահին հրաժարական տալը ԴԵՌ ՁՐԻ է, հետո դա էլ չի լինելու:Ուրախ եղեք,որ այդքա՛ն օգտվեցիք ու հանգիստ հեռացեք:
Վարազ Սյունի
Կապանի հհկ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը երկրում ստեղծված իրավիճակը չի հասկանում: Աշոտ Հայրապետյանը ԵՐԲԵՔ քաղաքակա՛ն միտք չի ունեցել:Պոլիտեխնիկ ավարտած ու «Հայփոստում» աշխատած շարքային-սովորական մի անձ է,ով մտավ հհկ ու,հետո, Լիսկայի ու ԶՊՄԿ-ի Մաքսիմ Հակոբյանիի կողմից նշանակվե՛ց քաղաքապետ՝ ԶՊՄԿ-ին ծառայելու նպատակով: Սա՛ է ողջ պատմությունը: Նույն իրավիճակը Քաջարանում է(ր): Բնավ էլ գաղտնիք չէ, որ առնվազն վերջին 10 տարում Կապան-Քաջարանի de facto քաղաքապետն ու Սյունիքի de facto մարզպետը ԶՊՄԿ-ն էր: Հետո,բարեբախտաբար,եկավ հեղափոխությունը...ու հհկ-ի «կեղտերը սկսեցին ջրի երես բարձրանալ»:ԱԱԾ-ի բացահայտումները միայն սկիզբն է,բայց մի բան արդեն հստակ-հստակ է. հհկ-ն ԲՌՆԱԲԱՐԵԼ է երկիրը՝ բոլոր բնագավառներում: Հիմա «քթի ծակ» ունեցող հհկ-ականները (հասկանալով,որ ժամանակը հհկ-ի օգտին չէ) հրաժարականներ են տալիս ու մի ծակ փնտրում,որ թաքնվեն-հարմարվեն,իսկ «քթի ծակ» չունեցող հհկ-ականները դեռ կառչում են աթոռներից՝ իրենց գերագնահատելո՛վ: Սյունիքն արդեն նոր-երիտասարդ մարզպետ ու փոխմարզպետներ ունի: ՆՈՐ Հայաստանում այս մարդիկ ինչպե՞ս պիտի աշխատեն Լիսկայի կադրերի հետ. դա հնարավոր չէ՛: Բոլորն էլ գիտեն,որ կավարտեցի Գրիշի տղա Աշոտը ժամանակին մի ոլորած քող անգամ չի ունեցել: Թող ուրախ լինեն,որ այդքա՛ն հարստություն են կուտակեցել ու հանգիստ հեռանան քաղաքական դաշտից: ՀԵՐԻՔ եղավ ձեր հհկ-ն: Անգամ եթե հհկ-ից դուրս գա, միևնույնն է՝ անցյալը չի՛ ջնջի: ՄԵԾԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ շատերին է կործանել: Սա նաև Սյունիքի մյուս հհկ-ական քաղաքապետներին է վերաբերում: Հույսեր մի փայփայեք՝ հհկ-ն այլևս չի վերադառնալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter