Երկուշաբթի, 23 հուլիսի

Իսպանիայում ձերբակալված ՀՀ քաղաքացիների մեծ մասն ազատ է արձակվել



Հունիսի 26-ին Իսպանիայի և Կատալոնիայի ոստիկանության հատուկ գործողության արդյունքում ձերբակալված կազմակերպված հանցավոր խմբի՝ ազգությամբ հայ կամ Հայաստանի քաղաքացի հանդիսացող անդամների մեծ մասն ազատ է արձակվել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրանց նկատմամբ տարբեր խափանման միջոցներ են կիրառվել, քննչական գործողությունները շարունակվում են:

ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ Իսպանիայի իրավապահ մարմինները, պատճառաբանելով, որ քննությունն ընթացքի մեջ է, հստակ թիվ չեն հայտնում ձերբակալվածների մեջ հայերի կամ Հայաստանի քաղաքացիների քանակի մասին: Նույնը վերաբերում է նաև մեղադրանքներին և մինչև այժմ հայտնի չէ, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվել ձերբակալված ՀՀ քաղաքացիներին:

Տիգրան Բալայանը նշեց, որ Իսպանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ անընդունելի է պաշտոնական հաղորդագրություններում «հայկական մաֆիա» ձևակերպումը կիրառելը: Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ ՀՀ դեսպանության հայտարարությունը իսպանական մամուլում լայնորեն լուսաբանվել է: ՀՀ արտգործնախարարությունն էլ իր հերթին բողոք է ներկայացրել Իսպանիայի արտաքին և ներքին գործերի նախարարություններին: Այս ամենից հետո պաշտոնական հաղորդագրություններում Իսպանիայի իրավապահ մարմինները ավելի շատ սկսել են կիրառել «ԱՊՀ երկրներից դուրս եկած քաղաքացիներ» ձևակերպումը:

«Պարզվել է, որ այդ խումբը այդքան էլ հայկական չէ: Ձերբակալվածների մեջ մի քանի տասնյակ վրացիներ կան, ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած քաղաքացիներ, բնիկ իսպանացիներ, և այնպես չէր, որ ձերբակալվածների գերակշիռ մասը հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ են եղել»,- նշեց Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Իսպանիայի իրավապահ մարմնները հատուկ գործողություն էին ձեռնարկել երկրի մի շարք քաղաքներում՝ ձերբակալելով կազմակերպված հանցավոր խմբի մոտ 170 անդամների: Իսպանիայի ոստիկանությունն իր պաշտոնական հաղորդագրություններում օգտագործում էր «հայկական մաֆիա» ձևակերպումը, իսկ իսպանական մամուլը ձերբակալված հայերի թվում հիշատակում էր «Էրիկ Տոմսկի» մականունով հայտնի Էրիկ Ջաղինյանի և «Բդո» մականունով հայտնի Արմենակ Գալստյանի անունները, ինչպես նաև վրացիներ Կախա և Լաշա Շունաշավիլիներին:

Ըստ իսպանական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ հանցավոր խմբի անդամները կասկածվում են թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, փողերի լվացման, կողոպուտի, շորթման, ծխախոտի մաքսանենգության և թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ