
Իսպանիայի ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել «հայկական մաֆիայի» դեմ
Իսպանիայի ոստիկանությունը հունիսի 26-ին լայնամասշտաբ գործողություն է սկսել հայկական կազմակերպված հանցավոր խմբի դեմ: Ինչպես հաղորդում է Catalan News-ը, հատուկ գործողության արդյունքում արդեն ձերբակալվել է 142 անձ, որոնց մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են:
Այսպես կոչված «հայկական մաֆիայի» անդամները կասկածվում են թմրանյութերի և զինամթերքի ապօրինի շրջանառության, փողերի լվացման, կողոպուտի, շորթման, ծխախոտի մաքսանենգության և թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ:
Իրավապահների գործողություններն իրականացվում են Մադրիդում, Կատալոնիայում և Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում: Կատարվել են մի քանի տասնյակ տնային խուզարկություններ:
Հանցավոր խումբը կասկածվում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում և Լիտվայում հանցավոր կապեր ունենալու մեջ: OCCRP-ի կայքն ընդգծում է, որ ըստ Իսպանիայի ոստիկանության՝ սա Եվրոպայում գործունեություն ծավալող հայկական ամենամեծ հանցավոր խումբն է:
OCCRP-ի կայքը գրում է, որ հանցավոր խումբն ունի 6 պարագլուխ, որոնց թվում են նաև վրացի Շուշանաշվիլի եղբայրները (Կախա և Լաշա), և հայ Էրիկ Ջաղինյանը, ով հայտնի է «Տոմսկի Էրիկ» մականունով:
Այս գործով հետաքննությունը սկսվել է 2016 թվականին Կատալոնիայի Տերասա քաղաքում կատարված կրկնակի սպանությունից հետո: Հունվարի 4-ին սպանված երկու անձանից մեկը եղել է Գելա Գարիաշվիլին՝ Կախա Շուշանաշվիլիի մտերիմ անձանցից մեկը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել