HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառուկյանին, Խաչատրյանին, Հովսեփյանին առնչվող ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել «Հետքի» հրապարակումների հիման վրա

«Գեղի Գօլդ», «Տելիա Մայնինգ» և «Արարատցեմենտ» ընկերություննների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել «Հետքի» հրապարակումների հիման վրա: Քիչ առաջ մեզ հետ հեռախոսազրույցում այս մասին հայտնեց բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ստորաբաժանման պետ Լևոն Պետրոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ տեսչությունը հիմք է ընդունել «Հետքի» հրապարակումներում Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի կողմից խնդիրների բարձրաձայնումը վերոնշյալ երեք ընկերությունների մասին:

Լ. Պետրոսյանն ասում է, որ արդեն խոսել է այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նրանք տեղյակ են, որ վարչական վարույթ է հարուցվել իրենց նկատմամբ:

Այսօր առավոտյան տեսչության Սյունիքի ստորաբաժանման աշխատակիցները եղել են «Գեղի Գօլդում», վերցրել որոշ փաստաթղթեր, որոնք ուսումնասիրության նյութ են դառնալու վարույթի շրջանակներում: Ըստ Լ. Պետրոսյանի՝ վարույթի արդյունքներն ամփոփելու են մի քանի ժամից: 

Լևոն Պետրոսյանի փոխանցմամբ՝ այսօր երեկոյան հանդիպելու է «Արարատցեմենտ» ընկերության իրավաբանի, վաղը՝ «Տելիա Մայնինգի» ներկայացուցիչների հետ:

Տեսչական մարմնի ստորաբաժանման համապատասխան աշխատանքներից հետո պարզ կլինեն հետագա քայլերը, եթե օրենքի խախտումներ չլինեն, վարույթները կարճվելու են:

Հաջորդ շաբաթ, ըստ Լևոն Պետրոսյանի, որոշ հստակ տեղեկություններ կարող են հայտնել վարույթների ընթացքի մասին:

2012-ին հիմնադրված «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի 100 տոկոսի սեփականատերն ու գլխավոր տնօրենը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է: 2016-ի հուլիսին ընկերությունն ընդերքօգտագործման պայմանագիր է կնքել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ՝ ստանալով Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման թույլտվություն:

Կապանի խմելաջրի ջրահավաք ավազանը՝ Գեղի գետի վրա 

Այս հանքավայրը գտնվում է Կապանի ջրամատակարարման ակունքների տարածքում, ինչն արդեն երկար ժամանակ հուզում է կապանցիներին ու բնապահպաններին: 2016-ի հունիսին Կապանի 4 ՀԿ-ներ դիմել էին նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով միջնորդել, որպեսզի անհապաղ դադարեցվեն «Գեղի Գօլդի» աշխատանքները: «Աշխատանքները կատարվում են Կապան մատակարարվող խմելու ջրի ակունքներից բարձր հատվածներում, որը բնապահպանական և հանրության առողջության հետ կապված անվերահսկելի ռիսկեր է պարունակում»,- նշվել էր նախագահին ուղղված նամակում: Փաստորեն, դրա հրապարակումից օրեր անց «Գեղի Գօլդը» հանքի շահագործման պայմանագիր կնքեց նախարարության հետ:

Հաջորդ ընկերությունը «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ն է, որը Գեղի գետի վրա կառուցել է «Աստղաբերդ» փոքր հէկը: Գրել ենք, որ դրա փորձարկումները, ըստ Գեղի բնակավայրի վարչական ներկայացուցիչ Վասիլ Գրիգորյանի, արդեն սկսվել են: Այս փհէկի համար օգտագործվել է 1,7 մ տրամաչափի պողպատե խողովակաշար, որի երկարությունը մոտ 5200 մ է: Դա նշանակում է, որ 30 կմ երկարություն ունեցող Գեղի գետի ավելի քան 1/6-ը մտնելու է «Տելիա Մայնինգի» խողովակաշարի մեջ: Այս կառույցը տարեկան արտադրելու է 24 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:

«Տելիա Մայնինգի» խողովակները՝ 2017-ի ամռանը

Այս ընկերությունը հիմնադրվել է 2012-ին: Մինչև 2015 թ. սեփականատերը նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին էր՝ Միսակ Հովսեփյանը: 2015-16 թթ. ՍՊԸ-ի սեփականատերն է եղել երևանցի Գևորգ Խաչատրյանը, ում փոխարինել է Բալահովիտ գյուղի բնակիչ Հակոբ Թադևոսյանը:

«Արարատացեմենտ» ՓԲԸ-ն պատկանում է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Ընկերությունը Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս է կառուցում: Հունիսի 27-ին կապանցիները բոյկոտել էին արտադրամասի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրային երրորդ լսումը: Չկայացած քննարկումը պիտի տեղի ունենար այսօր, սակայն բնակիչներն ու բնապահպանները կրկին ձախողել են դրա կայացումը:

Կապանցիներին մտահոգում են ցեմենտի արտադրամասի առկայությունը հենց քաղաքի տարածքում, ինչպես նաև դրանից սպասվող փոշու արտանետումները, որոնք, ըստ նախագծի, տարեկան հասնելու են 32 տոննայի:

Առաջին լուսանկարում՝ Գագիկ Ծառուկյանը, Սուրիկ Խաչատրյանը, Միսակ Հովսեփյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter