Շաբաթ, 18 օգոստոսի

Սեդվի գետի վրա հէկ կառուցելու այսօրվա հանրային քննարկմանը «Սեդվի Էներգո» ՍՊԸ-ի ներկայացուցիչները չներկայացան



«Սեդվի Էներգո» ՍՊԸ-ն Օձուն համայնքի մեջ մտնող Հագվի բնակավայրի վարչական տարածքով անցնող Սեդվի գետակի վրա հէկ կառուցելու մտքից արդեն 4 տարի է՝ չի հրաժարվում: Ընկերությանը Սեդվի գետակի վրա առ այսօր չի հաջողվել հէկ կառուցել միայն հագվեցիների ճնշմամբ:

Հիշեցնենք, որ ՀԷԿ-ը կառուցելու համար Ալավերդու նավթաբազայի տարածքում տեղավորված 500 մմ տրամաչափի շուրջ 1000 մ խողովակները «Սեդվի Էներգո»-ի սեփականատեր Սարգիս Գաբանյանն այս տարվա հուլիս ամսին տեղափոխել է Ալավերդի համայնքի մեջ մտնող Կաճաճկուտ գյուղի տարածք:

«Այս պահի դրությամբ հէկ կառուցելու մտադրություն չկա: Դա պայքար է: Ժողովուրդը էս պահի դրությամբ հէկ կառուցելու մասին չի ուզում լսել, վաղը կուզենա լսել: Ես դա չեմ բացառում: Տեսեք, ես Ձեզ չեմ խաբում, ես ամենազոր չեմ, բայց միշտ էլ ման եմ գալիս ճանապարհներ՝ ժողովրդի հետ համաձայնության գալու համար»,- այս տարվա հուլիսին «Հետքին» ասել է «Սեդվի Էներգո»-ի սեփականատեր Սարգիս Գաբանյանը:

Այս պարզաբանումից մեկ ամիս անց «Սեդվի Էներգո»-ն բնապահպանության նախարարությանը կրկին հայտ է ներկայացրել Սեդվի գետի վրա հէկ կառուցելու համար: Այսօր ժամը 12-ին Հագվի գյուղի վարչական շենքում հանրային քննարկում էր նշանակված: Հավաքվել էին շուրջ 60 հագվեցիներ: Հանրային քննարկմանը մասնակցելու համար Հագվիում էր նաև Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը:

Նշանակված ժամին «Սեդվի Էներգո» ՍՊԸ-ի ներկայացուցիչները չներկայացան։ «Գան էլ՝ թույլ չենք տալու մտնեն շենք: Իրենք գիտեն, որ Սեդվի գետի վրա հէկ կառուցելուն հագվեցիները դեմ են: Մենք ո՞ւր ենք իրենց սպասում: Անունը ի՞նչ դնենք, որ սպասենք»,- ասաց Արսեն Մանուկյանը: Հավաքվածներից Ռուսլան Կիրակոսյանի ձեռքին էր Սեդվի գետկի վրա հէկի կառուցելը չթույլատրելու մասին Հագվի համայնքի ավագանու 2016թ.-ի որոշումը և հէկ կառուցելու դեմ գյուղի 200 բնակիչների ստորագրությունները:

«Հէկի դեմ մեկ անգամ չէ ժողով եղել: Ասել ենք գնացեք, չենք թողալու Սեդվու վրա հէկ կառուցեք»,- հայտնեց Ռուսլանը:

Հիշեցենենք, որ «Սեդվի Էներգո» ՍՊԸ-ի սեփականատիրոջ՝ Սարգիս Գաբանյանի մայրը՝ Ինեսսա Գաբայանը, այժմ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն է։

«Գաբանյանները արդեն ունեն 4 հատ հէկ ու Հայաստանի 100-ավոր հէկերի  նախագծողներն են: Ամբողջ Հայաստանը չորացրել են, թող չմտնեն մեր գյուղը, Հագվիում նրանք գործ չունեն»,- ասաց Ռուսլան Կիրակոսյանը:

Ռուսլան Կիրակոսյանը` մեջտեղում

Հագվեցի Հակոբ Մայիլյանի խոսքով Սեդվին Հագվիի սիմվոլն է. «Սեդվիի ջրով ոռոգվող Հագվիի այգիների միրգը հասել է մինչև Մոսկվա՝ պալիտբյուրո: Էդքան որակյալ է եղել: Հիմա եկել են, մարդիկ մեր Սեդվիի ջուրը ձեռներիցս խլում են: Դեբեդի հոսող ջրերը թուրքերն են վայելում, էդ Դեբեդի վրա չի կարողանում իրա համար մի հատ հէկ սարքի, եկել է խեղճ Սեդվու ջուրն է կտրում, էդ խորը ձորի չքնաղ բնությունը ավերակ են ուզում անել: Մենք կտրուկ արգելելու ենք»,- ասաց Հակոբ Մայիլյանը:

Հակոբ Մայիլյանը Արսեն Մանուկյանը

Արսեն Մանուկյանի խոսքով՝ Հագվիի անասունների 40 տոկոսը մինչև մայիս ամիսը Սեդվի գետից են ջուր խմում: Եթե այդ ջուրը չեղավ, անասուն չեն կարող պահել: Հագվին մոտ 600 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 100 հատ ձի, 400-ից ավելի ոչխար ունի: «Էս անասունը ջուր է խմում միայն Սեդվիից: Սեդվիիում ձուկ է աճում: Ես մի 5 անասուն ունեմ, իմ անասուններն էլ են Սեդվիից ջուր խմում: Էսօր անասունի 70 տոկոսը սարումն է: Գնանք հիմա Սեդվիի վրա մի 100 գլուխ անասուն է ջրվում»,- բացատրեց Արսեն Մանուկյանը:

Հագվեցիները «Սեդվի Էներգո» ՍՊԸ-ի տիրոջը հարցրել են, թե 500 մմ տրամաչափի խողովակով ջուրը Սանահին կայարանային թաղամաս տանելուց հետո էլ ոնց կարող է հագվեցիներին ջուր տալ: «Ախր գա մեր տնտեսության հաշվին հէկի տերը հարստանա, մենք էլ մեր ջուրը իրենից խնդրե՞նք»,- ասաց Արսենը:

Ժամը 12:30-ին Հագվիի վարչական ներկայացուցիչ Հայկասար Մայիլյանը հավաքվածներին հայտարարեց, որ «Սեդվի Էներգո»-ի ներկայացուցիչները հանրային քննարկմանը չեն ներկայանալու: Ներկաների պահանջով հրավիրվեց Հագվի գյուղի բնակիչների ընդհանուր ժողով: Ժողովին ներկա էին 60 բնակիչներ, Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը, Հագվի բնակավայրի վարչական ներկայացուցիչ Հայկասար Մայիլյանը, ՀԿ-ների ներկայացուցիչներ և լրագրողներ:

Օրակարգում դրվեց Հագվի վարչական տարածքում հէկ կառուցելու հարցը: Ժողովն արձանագրվեց, որ հանրային քննարկումը չի կայացել «Սեդվի Էներգո» ՍՊԸ-ի ներկայացուցիչների չներկայանալու պատճառով: Ելույթ ունեցողներ Ռուսլան Կիրակոսյանը, Կարեն Միքայելյանը, Օլեգ Դուրգարյանը, Հրաչյա Պապինյանը և Սուսաննա Պապինյանը մեկ անգամ ևս հաստատեցին, որ Սեդվի գետակի վրա հէկի կառուցումը վտանգում է Հագվի գյուղի էկոհամակարգը, խոչընդոտում է գյուղացիների գյուղատնտեսական գործունեությամբ, այդ թվում նաև անասնապահությամբ, հողագործությամբ և այգեգործությամբ զբաղվելուն:

Նշեցին նաև, որ «Սեդվի Էներգո»-ի սեփականատեր Սարգիս Գաբանյանը մոր՝ Ինեսսա Գաբանյանի ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը օգտագործում է ի շահ բիզնեսի, փորձում է թաղային հեղինակությունների միջոցով ազդել Հագվիի բնակիչների վրա: Հագվի գյուղի բնակիչների ընդհանուր ժողովը որոշեց դեմ արտահայտվել Սեդվի գետի վրա հէկ կառուցելուն:

Որոշվեց ժողովի արձանագրության պատճեները ուղարկել կառավարության ղեկավարին, բնապահպանության նախարարություն, Օձունի խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին և տարածել լրատվամիջոցներով:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Minas09:05 - 11 օգոստոսի, 2018
Հագվեցիների վրդովմունքը լիովին հասկանալի է: Այդ համակրելի տիկնոջ (Ինեսա Գաբայանի) գերդաստանը մասնագիտացած է ՓՀԵԿ ներ սարքելով եւ արդեն իսկ ողբալի վիճակում գտնվող գյուղերը ջրազուրկ անելով: Հիմա նա նշանակվել է ՀՀ ՋրՊետԿոմ - ի նախագահ! Սա անմահ Ջիվանու հայտնի տողերն է հիշեցնում՝ «աղվեսը հավնոցի գլխին հուշարար է կարգված»: Եւ ահա անհապաղ արդյունքը - հրամանի թանաքը դեռ չչորացած, այդ տիկնոջ բալիկը նետվել է նախորդ իշխանությունների ժամանակ կիսատ մնացած զավթումն ավարտելու: Սա շատ տագնապալի նախանշան է: Մի բան կարելի հաստատ ասել - ԵԹԵ ՆՄԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ, ԱՊԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԵՐԱԾՆՎՈՂ ՀՈՒՅՍՆ ԱՐԴԵՆ ՎԵՐՋՆԱԿԱՆՈՐԵՆ ԿՄԱՐԻ: Խելոք մարդն ասել է՝ «Революции готовят гении, делают романтики, а пользуются плодами – негодяи» (Бисмарк) Նա ով երաշխավորել է սույն տիկնոջն այդ պաշտոնին, արջի ծառայություն է մատուցել Նիկոլին:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ