HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

25 տարի անց եզդիաբնակ Թլիկը հնարավոր է խմելու ջուր ունենա

25 տարի անց Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղը հնարավոր է խմելու ջուր ունենա: Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում այս մասին հայտնել է Թլիկի գյուղապետ Սլավիկ Սալոյանը:

Հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյանի ափին գտնվող համայնքի ղեկավարն ասում է, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից հայտնել են գյուղը խմելու ջրով ապահովելու ծրագրի մասին: Սլավիկ Սալոյանը նշում է, որ 1980-ականներին Թլիկի սահմանապահ ուղեկալի տարածքում խորքային հոր կար, որը հետագայում իրենց անհայտ պատճառներով այլևս չի գործել: Հիմա, ըստ Սալոյանի, նպատակ ունեն այդ հորը վերականգնել: Նախնական հաշվարկներով՝ ծրագիրը մոտ 6 միլիոն դրամ կարժենա, ինչի մի մասը հատկացնելու է նախարարությունը, մյուս մասը՝ մարզպետարանը, իսկ եթե մանր ծախսեր ավելանան, գյուղապետի փոխանցմամբ, գյուղացիները կվճարեն:

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը նախորդ ամիս մեզ հետ հեռախոսազրույցում ասել էր, որ ուղեկալի տարածքի այդ խորքային հորից բնակիչները ժամանակին կենցաղային ջուր էին ստանում: Իր հերթին Թլիկի բնակիչ Ալիկ Մստոյանն էլ նշել էր, որ 1985-ին գյուղում 2 խորքային հոր է բացվել. մեկը՝ ուղեկալի տարածքում, մյուսը՝ Երևան-Արմավիր-Գյումրի մայրուղու հարևանությամբ, սակայն երկուսն էլ շատ շուտ փակվել են: Երբ տարիներ առաջ գյուղացիները ցանկացել էին վերամբարձ կռունկի օգնությամբ հանել ուղեկալի տարածքում եղած հորի պոմպը, չէին կարողացել: Ալիկ Մստոյանի կարծիքով՝ հնարավոր է, որ երկրակեղևի տատանումներից հորատանցքը ծռվել է:

Հիշեցնենք, որ Թլիկը 1993 թ.-ից խմելու ջուր չունի: Գյուղացիներն այն գնում են Թալինից 7 կամ 10 օրը մեկ եկող ջրի մեքենայից: 40 լիտրն արժե 350 դրամ: Իսկ կենցաղի և անասունների համար ջուրը ստանում են Ախուրյան գետից պոմպի միջոցով: Նախորդ ամիս բնակիչները մեզ բողոքել էին, որ 2 ամսից ավելի է՝ պոմպը փչացել է, և ստիպված են առնել նաև կենցաղի ու անասունների ջուրը:

Սլավիկ Սալոյանը մեզ հայտնեց, որ գյուղապետարանն արդեն նոր պոմպ ու շարժիչ է գնել, օրեր անց գյուղում կրկին կենցաղային ջուր կլինի: Ըստ գյուղապետի՝ ծախսը կազմել է 1 միլիոն 200 հազար դրամ, մոտ 200 հազար դրամ էլ պահանջվելու է միացման աշխատանքների և այլ ծախսերի համար: Ինչպես Ս. Սալոյանն է ասում, գյուղապետարանի տարեկան բյուջեն 2 միլիոն դրամից մի փոքր ավելի է:

Քանի որ պոմպը պարբերաբար միացնելու համար անհրաժեշտ է ամեն անգամ իջնել Ախուրյանի ձորը, իսկ այս սեզոնին, ըստ թլիկցիների, օձերի պատճառով ոչ բոլորն են համարձակվում անել դա, համայնքի ղեկավարն ասում է, որ շուտով գյուղապետարանը երկու աշխատող է պահելու պոմպի աշխատանքը կանոնակարգելու և միացնել-անջատելու համար: Նրանք կես հաստիքով կաշխատեն, ու, ըստ գյուղապետի, թլիկցիներից ոչ մեկը մյուսի վրա գործը չի գցի: Ընդ որում՝ երկու աշխատողներն էլ գյուղից կլինեն: «Գյուղացիները թող որոշեն, ասեն»,- աշխատողների ընտրությունը գյուղացիներին է թողնում Սալոյանը:

Նա նաև նշում է, որ նոր պոմպը կտեղադրեն օգոստոսի 17-ին, այդ ժամանակ էլ պարզ կդառնա հնի փչանալու պատճառը: Ս. Սալոյանը գտնում է, որ պատճառը կա՛մ կայծակն է եղել, կա՛մ գյուղացիների անփութությունը, որոնք երբ իջել ու միացրել են պոմպը, որոշ քանակով ջուր մղելուց հետո շարժիչն անջատվել է, բայց ավելի ուշ, երբ գյուղացիները հեռացած են եղել, այն ավտոմատ միացել է ու մի քանի օր աշխատել, ինչից հետո շարքից դուրս է եկել: Սրանով է Սալոյանը բացատրում այն, որ հոսանքի 1500 կՎտ ծախս է եղել, ինչի համար հիմա պիտի գյուղապետարանը վճարի: «Մենք որ մի անգամ միացնում ենք, 100-120 կՎտ է գրում, սուտը չասեմ՝ մի 15-20 անգամ պիտի միացնենք, որ էդքան կՎտ հոսանք գրի»,- ասում է Թլիկի գյուղապետը, ապա ավելացնում, որ դրա համար գյուղացիներին չի մեղադրում, նրանք էլ չէին իմացել, որ  շարժիչը նորից միացել է:

Հիշեցնենք, որ Ախուրյանից գետի ջուրը պոմպով մղվում է գյուղի ծայրամասում դրված մեծ ցիստեռնի մեջ, որտեղից էլ ջուր են վերցնում բնակիչները: Նրանք ջուրը մինչև տուն կրում են սայլակներով, ինչը հատկապես ձմռանը դժվարություններ է առաջացնում: Գյուղի ավագանին որոշել է ցիստեռնը տեղափոխել գյուղի կենտրոն: Բնակիչների փոխանցմամբ՝ խողովակներն անցկացնելուց հետո գործը կանգնել է, թլիկցներին ասում են, թե ցիստեռնը տեղափոխելու համար վերամբարձ կռունկ և քարշակ է անհրաժեշտ վարձել: Գյուղապետն էլ նշում է, որ այդ հարցը ևս լուծելու են, սակայն ակնկալում է բնակիչների օգնությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter