
Թլիկ. այստեղ ջուրը ոսկուց թանկ է
Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղում խմելու ջրի հարցը շարունակում է առաջնահերթ մնալ, բայց մայիսին դրան ավելացել է կենցաղային նպատակների և անասունների համար Ախուրյանից մղվող ջրի բացակայությունը, ինչը զայրացնում, երբեմն էլ հուսահատեցնում է թլիկցիներին:
Թլիկ ենք հասնում կեսօրին: Արևից չորացած խոտերի ու քարքարոտ ճանապարհի ֆոնին մի քանի կանաչ ծառեր են երևում: Լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը ձեռքով ցույց է տալիս Թուրքիայի սահմանը: Այստեղից պարզ երևում է Հայաստանից այն կողմ տարածքը:
Գյուղում լռությունը ճնշող է, անգամ շան հաչոց չի լսվում: Տան բակերում մեկումեջ լվացք է կախված, դրանց ստվերում շներ են պառկած: Քիչ հեռվում խոտի տուկերից կազմված «սար» է երևում, մոտենում ենք:
Մամեն «սարի» գագաթից իջնում է, լայնեզր գլխարկը հանում ու ձեռքը պարզում մեզ: Քրտնած ճակատին չորացած խոտի կտորտանքներ են կպել, Մամեն վառում է սիգարետն ու մեզ ուղեկցում տան բակում գտնվող տաղավարը:
«Հիմի էս եղանակին որ մարդ չկարնա մե հատ լավ լվացվի, լողնա, ո՞նց կլինի, ասե՛ք»,- ասում է Մամեն՝ հայացքն ուղղելով մեզ: Մենք չենք պատասխանում, որովհետև առանց դրա էլ Մամեն գիտի պատասխանը:
Արդեն 2,5 ամիս է, ինչ Թլիկում գնում են ոչ միայն խմելու, այլև կենցաղի և անասունների ջուրը: Գյուղն, ըստ բնակիչների, 1993 թ.-ից խմելու ջուր չունի, այն առնում են Թալինից 7-10 օրը մեկ Թլիկ եկող ջրի մեքենայից. 40 լիտրն արժե 350 դրամ: Կենցաղի և անասունների խմելու ջուրն էլ վերցնում են սահմանային Ախուրյան գետից պոմպի միջոցով: Դրա համար վճարում են ըստ ընտանիքում եղած անձանց թվի ու անասունների գլխաքանակի (ամեն մեկի համար՝ ամսական 150 դրամ): Բայց խնդիրն այն է, որ պոմպը մայիսից այս կողմ չի աշխատում, բնակիչները փաստի առաջ են կանգնել:
Թլիկն Արագածոտնի մարզի վերջին գյուղն է Երևան-Արմավիր-Գյումրի ճանապարհին: Շիրակի մարզի առաջին գյուղը՝ Անիպեմզան, ընդամենը 5-6 կմ հեռավորության վրա է: Մամեն ասում է, որ պոմպի չաշխատելու պատճառով ստիպված Անիպեմզայից արտեզյան ջուր են գնել, 5 տոննան՝ 8 հազար դրամ: Բայց շեշտում է, որ այդքանը մեկ շաբաթ էլ չի բավականեցնի, իսկ պոմպով ջուր վերցնելն ավելի ձեռնտու էր, քանի որ կենցաղի ու անասունների համար իր ընտանիքն ամսական մոտ 5 հազար դրամ էր վճարում:
Մամե Խալատյանը 30 տարեկան է, երեք որդի ունի: «Էս ո՞ր դարն ա, որ դրսում տաշտը դնես, ասես՝ վեդրոյի ջրի կեսով դու լողացի, մյուս կեսն էլ պահի, որ ախպերդ լողնա»,- հարցնում է Թլիկի բնակիչը:
Մամեն խոշոր անասուններ է պահում, բացի դրանից՝ այգիներ է մշակում օրական 6 հազար դրամով: Աշխատածին էլ երկու հազար դրամ է ավելացնում, որ Անիպեմզայից ամեն շաբաթ կենցաղի ու անասունի ջուր գնի:
Թլիկում սովորական երևույթ են տանիքների տակ դրված մեծ տարաները, որոնցով անձրևաջուր են հավաքում կենցաղի ու անասունների համար: Բնակիչներն ասում են՝ գյուղում մարդ կա, որ ջուր չի գնում, անձրևներին տարաները լցնում ու օգտագործում է թե՛ խմելու, թե՛ կենցաղի համար:
Ըստ Մամեի՝ նախորդ տարի գյուղում 4 անասուն վիժել է ջրի սակավության պատճառով: «Էս ո՞ր դարն ա, որ էթամ կրուշկով գյոլից ջուր լցնեմ, բերեմ հորթերիս ջուր տամ»,- հարցնում է Մամեն. հայացքը մռայլվում է, ձեռքով տրորում է դեմքը: Ապա խնդրում է կնոջը սառը ջուր բերել: Սեղանին դրվում է Թալինի մեկ լիտր սառը ջուր: Ներկաներն ասում են՝ սա գիտե՞ք ինչ է էս գյուղի համար:
Բակում քիչ-քիչ հավաքվում են հարևանները, զրույցին անգամ կանայք են միանում, որ մինչ այդ թաքնվել էին տաղավարի երկու կողմերում, որպեսզի չլուսանկարվեն:
Թլիկի դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ալիկ Մստոյանն ասում է, որ մայիսից պոմպը խնդիրներ ունի, վերջերս էլ կայծակից հաշվիչն է վառվել: Պոմպն Ախուրյանի ջուրը մղում է գյուղում դրված մեծ ցիստեռնի մեջ, որից էլ ջուր են վերցնում գյուղացիները: Քանի որ ցիստեռնը գյուղի կենտրոնից հեռու է, և դժվարություններ է առաջացնում հատկապես ձմռանը սայլակներով ջուր կրելու համար, որոշել են խողովակներ անցկացնել գյուղամեջ ու ցիստեռնը տեղափոխել այստեղ: Բայց խողովակներն անցկացնելուց հետո գործը կանգնել է, թլիկցիներն ասում են, թե ցիստեռնը տեղափոխելու համար վերամբարձ կռունկ ու քարշակ է անհրաժեշտ վարձել:
Վերադառնալով պոմպի հարցին՝ Ալիկն ասում է. «Հարցն էսպես էր. մենք պայմանավորվել էինք գյուղապետի հետ, որ իր հետ հերթով իջնելու ենք ջուրը միացնենք: Ինքն առողջական խնդիրներ ուներ, չէր կարողանում գալ, մի քանի անգամ ես ու Մամեն ենք իջել: Էդ տեղանքում ահռելի օձեր կան, մարդ կա՝ վախենում է դրանցից: 20 օր առաջ իջանք, մի 20 տոննա կաչատ արեցինք, էլ չեղավ: Գյուղապետը պիտի մասնագետ կանչի»:
Թլիկցիներն ասում են, որ գյուղապետը ոչինչ չի անում: Էլեկտրիկ են կանչել, խնդրել, որ իջնի Ախուրյան ու նայի պոմպը, քանի որ մտածում են, թե անսարքությունը հենց հոսանքով է պայմանավորված: Բայց էլեկտրիկն ասել է, որ պետք է գյուղապետը «ճամփա տա»: Նման խնդիր ծագել էր 2017-ի հունվարին, երբ փչացել էր պոմպի շարժիչը: Գյուղացիներն իրենց ուժերով չէին կարողացել կարգի բերել այն ու ստիպված էին եղել էլեկտրիկ կանչել, բայց վերջինիս սահմանապահները չէին թողել դուրս գալ Ախուրյան, քանի որ անցագիր չուներ: Հետագայում հարցը լուծվել էր:
«Գյուղապետն էսօր գնացել է իր գարիով, ցորենով զբաղվի, չի հետաքրքրվում, որ գյուղն էսօր առանց ջրի է: Ոչ մեկին չի հետաքրքրում, անապատ է էս գյուղը»,- վրդովվում է Մամեն՝ ավելացնելով, որ եթե ջրի հարցը չլուծվի, ընտանիքով լքելու է երկիրը: Նրա վճռականությանը միանում է Ալիկը:
Ավագներից Սուրիկ Խալատյանն էլ համոզված է, որ Թլիկը ջուր չունի, քանի որ եզդիաբնակ է: «Էս մեր եզդիական գյուղը իշխանությունների աչքից միշտ էլ հեռու ա եղել, հեռու ա եղել, հեռու ա եղել»,- ասում է նա:
«Էթամ Թուրքիայից ջուր բերե՞մ»
Ամեն անգամ, երբ Թլիկ ենք գնացել, գյուղապետարանի դուռը միշտ փակ է եղել, այդպես էր նաև այս անգամ: Գյուղապետ Սլավիկ Սալոյանին Թլիկում հանդիպել ենք մեկ անգամ՝ անցյալ տարեվերջին, այն էլ՝ պատահական, մեքենայով անցնելիս, այդ ժամանակ էլ խնդրեցինք գյուղապետարան մտնել: Այդ օրը գյուղում հարսանիք էր, խնջույքն անելու էին գյուղապետարանի շենքում գտնվող ակումբում:
Այս անգամ ևս չհաջողվեց հանդիպել Սալոյանին, կինն ասաց, թե մեր գալուց րոպեներ առաջ արտ է գնացել, չնայած գյուղապետի մեքենան տան բակում կանգնած էր: Ընդ որում՝ օրն ու ժամն աշխատանքային էին:
Երբ զանգահարեցինք Սլավիկ Սալոյանին, ասաց, թե ինքն էլ պատրաստվում էր մեզ զանգել: Դիտարկմանը, թե մեր՝ գյուղ գնալու օրերին՝ աշխատանքային ժամերին, գյուղապետարանը միշտ փակ է եղել, գյուղապետն ասաց, թե առանց զգուշացնելու ենք գնացել, նախապես պայմանավորվեինք, իսկ աշխատանքային ժամին տեղում չէր, քանի որ բերքահավաքի շրջան է: Ամբողջ հարցն այն է, որ նախորդ դեպքերում Թլիկ հիմնականում այցելել ենք ուշ աշնանը կամ ձմռանը, երբ բերքահավաքի մասին խոսք լինել չէր կարող:
Սալոյանի փոխանցմամբ՝ գյուղացիները չեն ցանկանում գնան ու ջուրը միացնեն, իսկ գյուղապետարանը աշխատակից չունի դրա համար: Ըստ նրա՝ համաձայնության էին եկել բնակիչների հետ, որ իր հետ կգնան ջուրը կմիացնեն, սակայն ինքը որոշ ժամանակ հիվանդ էր, ի վիճակի չէր գնալ: Օրեր առաջ, ըստ գյուղապետի, եղել է կիրճում, տեսել է, որ պոմպի շարժիչն է փչացել, ասում է՝ կայծակից է եղել, ապա պնդում, որ հարցը հոսանքի հետ կապված չէ, շարժիչը պիտի փոխվի: Հետո հարցնում է, թե որ հիմա շարժիչը փչացել է, տարեկան 1 միլիոն դրամ պիտի հատկացնի՞ պոմպին, երբ գյուղապետարանի տարեկան ամբողջ բյուջեն 2 միլիոնից մի քիչ ավելի է:
![]() |
![]() |
Սլավիկ Սալոյանն ասում է, թե այս սեզոնին գյուղում փաստացի 4 տնտեսություն կա, իսկ առհասարակ փաստացի գործում է 6 տնտեսություն: Մեզ հետ զրույցներում, սակայն, թլիկցիները հայտնել են, որ ընդհանրապես գյուղում գործող 18 տնտեսություն կա: 2017-ի վերջին մեր հանդիպման ժամանակ սա հաստատել էր հենց ինքը՝ Սլավիկ Սալոյանը՝ նշելով, որ Թլիկում գրանցվածները 92-ն են, բայց ապրում է նշվածի կեսը: Գյուղի դպրոցում, օրինակ, անցյալ ուսումնական տարում 23 աշակերտ էր սովորում: Սակայն անկախ նրանից, թե գյուղում քանի հոգի է ապրում՝ շատ թե քիչ, բոլորն էլ ջրի կարիք ունեն թե՛ իրենց, թե՛ անասունների համար:
Գյուղապետը դժգոհում է, որ ջրի գումարը (150-ական դրամները) բնակիչները ժամանակին չեն վճարում, բայց գյուղացիներն էլ մեզ հետ զրույցում պնդեցին, որ վճարում են նույնիսկ մայիսից այս կողմ, չնայած ջուր չեն ստանում:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը սահմանում է, որ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ, բայց վերջին անգամ, գյուղապետի փոխանցմամբ, այս համայնքում ավագանու նիստ եղել է մայիսին, որի ժամանակ ջրի վճարի հարցն է բարձրացվել, սակայն որոշում չի ընդունվել: «Սաղ ժողովուրդը, կռիվ անելով, վեր կացան գնացին, մեկը համաձայնեց, մյուսը՝ ոչ»,- ասում է Սլավիկ Սալոյանը: Արագածոտնի մարզպետարանի կայքում ներկայացված Թլիկի ավագանու վերջին որոշումները թվագրված են այս տարվա փետրվարի 15-ով, իսկ համայնքի ղեկավարի վերջին որոշումն ընդհանրապես 2015 թվականի է:
Ինչպես արդեն գրել ենք, Թլիկում չկա նաև խանութ ու մանկապարտեզ, ոռոգման ջուր, բայց ամենամեծ խնդիրը խմելու ջուրն է: Մեզ հետ հեռախոսազրույցում գյուղապետն ասաց, թե տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ջրի մատակարարման ծրագիր է առաջարկել իրենց, որի համար համայնքը 5 միլիոն դրամ ներդրում պիտի անի, բայց Թլիկն այդ միջոցները չունի:
Հարցին, թե ինչպես է պատկերացնում հարցի լուծումը, Սլավիկ Սալոյանն այսպես արձագանքեց. «Էթամ Թուրքիայից ջուր բերե՞մ, որ չեն գնում, չեն աշխատում, ես ի՞նչ անեմ»: Մեր հաջորդ հարցին, թե այս իրավիճակում արդյոք հնարավոր է հրաժարվի պաշտոնից, պատասխանեց, որ այո, եթե վիճակն այսպես շարունակվի, հրաժարական է տալու:
Գյուղապետի պարտականությունն է. մարզպետարանի աշխատակից
Խորհրդային տարիներին Թլիկը խմելու և ոռոգման ջրի խնդիր չի ունեցել: Խմելու ջուրը գյուղը ստանում էր Թալինից եկող «Չլկաններ» համակարգից: Ախուրյանի ջրով էլ ոռոգվում էին տնամերձ հողամասերը և Արմավիր-Գյումրի ճանապարհին կից հողահանդակները, որոնք գյուղացիները «դուրան» են անվանում: Խնդիրները ծագել են 1990-ականներից: 1993-ից այս կողմ գյուղը խմելաջուր չունի:
![]() |
![]() |
«Մինչև 1997-ը ջրի սով էր, «Փրկենք երեխաներին» կազմակերպությունը եկավ, նասոս իջացրինք, ձորից ջուրը բերում ենք, բայց խմելու ենթակա չի: Երեխեքը փորլուծ ընկան, մարմինները դուրս տվեց, հիմա մենակ անասունի ու լվացքի համար ենք օգտագործում»,- Ախուրյանից մղվող ջրի մասին պատմում է Սուրիկ Խալատյանը: Մյուս կողմից՝ եթե խմելու ջուրը գնում են Թալինից եկող մեքենայից, ապա հողերը մնացել են տեղումների հույսին:
Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանն ասում է, որ ժամանակին Թլիկի սահմանապահ ուղեկալի տարածքում խորքային հոր կար, որտեղից բնակիչները կենցաղային ջուր էին ստանում: Սակայն թլիկցի Ալիկ Մստոյանն ասում է, որ գյուղում 2 խորքային հոր բացվել է 1985-ին. մեկը՝ ուղեկալի տարածքում, երկրորդը՝ մայրուղու հարևանությամբ, սակայն դրանք շատ շուտ փակվել են, իսկ երբ վերջերս իրենք ցանկացել են վերամբարձ կռունկի օգնությամբ հանել ուղեկալի տարածքում եղած հորի պոմպը, չեն կարողացել: Ըստ Մստոյանի՝ չի բացառվում, որ երկրակեղևի տատանումներից հորատանցքը ծռվել է:
Անցյալ ամռանը, երբ ֆիլմ էինք նկարում ջուր չունեցող համայնքների մասին, Թլիկի հարևան Գետափի գյուղապետ Մուրադ Մանուկյանը պատմել էր, որ երբ Շիրակի մարզի Կրասարի աղբյուրներից դեպի Անիպեմզա խմելու ջրագիծ է կառուցվել, 2000 թ. Թլիկն ու Գետափը դիմել են կառավարությանը՝ խնդրելով իրենց էլ ներգրավել ծրագրում: 2001-ին, ըստ Մանուկյանի, Անիպեմզայից մինչև Գետափ 8 կմ-ոց նոր ջրագիծ է անցկացվել, Անիպեմզայում էլ 500 խմ-ոց օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցվել: Բայց Մուրադ Մանուկյանի տեղեկացմամբ՝ ո՛չ Անիպեմզան, ո՛չ Գետափը, ո՛չ էլ Թլիկը ջրագծից երբևէ չեն օգտվել:
Աշոտ Դավայանն ասում է, որ այս հարցը բարձրացրել են ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջ. «Դա 3 տարի առաջ էր, բայց ջրպետկոմը հրաժարվեց այդ գիծը շահագործելուց, քանի որ ծախսատար էր: Սակայն ինչքան հիշում եմ, մենք 2000 թվից այդ հարցը միշտ առաջ ենք քաշել»: Ըստ մարզպետարանի վարչության պետի՝ Թլիկ ջուր հասցնելը մարզպետարանի ուժերից վեր է, «դա պիտի պետական լուրջ կառույցն անի»: Այդպիսի կառույցն այս պարագայում նշված կոմիտեն է:
Անդրադառնալով Ախուրյանի ջրերը Թլիկ մղող պոմպի խնդրին՝ Ա. Դավայանը շեշտում է, որ պատասխանատուն միանշանակ գյուղապետարանն է. «Խնդիրը հետևյալն է՝ գյուղապետարա՛ն, ինչո՞ւ չես պոմպդ վերանորոգում, կարո՞ղ է ամեն գյուղի համար մենք գնանք պոմպը վերանորոգենք, վերջիվերջո գյուղապետարան կա, պատասխանատու կա, նա պիտի զբաղվի»:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել