Շաբաթ, 22 սեպտեմբերի

ԱՄԿ հիմնադիրների ձերբակալությունը եւ դատավարությունը. «Փարոս» թռուցիկը եւ «Փարոս» թերթը



սկիզբը

1967 թ. ապրիլին, Ցեղասպանության օրվա կապակցությամբ, ԱՄԿ-ն տարածում է «Փարոս» վերնագրով իր առաջին թռուցիկը, իսկ նույն տարվա հոկտեմբերի 19-20-ին տարածում է նաեւ չորս էջից բաղկացած «Փարոս» թերթը` հետեւյալ ութ հոդվածներով. «Ելնում են նորերը», «Հայ ժողովրդին», «Հայաստանը լծի տակ», «Հայկական հարցը», «Միջազգային դրությունն այսօր», «Փաստերն անողոք են», «Ինչ է ազգի լեզուն», «Երկու խոսք»: 

1950-ականների վերջերից սկսած` Հայաստանում գործող շատ խմբեր ու խմբակներ են զբաղվել թռուցիկների ու թերթիկների տարածմամբ, ինչի պատճառով բազմաթիվ մարդիկ են կալանավորվել ու դատապարտվել: Բայց «Փարոսն» էապես տարբերվում էր իրենից առաջ եղած թռուցիկներից: Սա նոր երեւույթ էր ոչ միայն Պետանվտանգության կոմիտեի ու խորհրդային իշխանությունների, այլեւ այդ շրջանում գործող այլախոհների համար: Նախ` դա թերթ էր, եւ այդ թերթում խոսվում էր այն մասին, որ Հայաստանը պետք է դուրս գա ԽՍՀՄ կազմից եւ անկախ պետություն դառնա, ասվում էր, որ Հայաստանը բռնակցվել է Ռուսաստանին եւ ըստ էության` գաղութ է, քննադատվում էր մարքս-լենինյան ուսմունքը, հեղինակները հանդես էին գալիս հակախորհրդային ու հակակոմունիստական դիրքերից: Սա խորհրդային պետությանն ուղղված մարտահրավեր էր: Այդ ժամանակաշրջանի համար այս ամենը դժվարամարս նորույթ էր եւ մերժելի էր ոչ միայն հասարակության մեծամասնության, այլեւ հրապարակում գործող այլախոհների մեծ մասի համար: Առաջին անգամ 1958-ին` իրենց տարածած թռուցիկով սովետներին նման մարտահրավեր էր նետել Աշոտ Ղազարյանն` (տես այստեղ) իր խմբակով: Դրանից հետո տասը տարի Խորհրդային Հայաստանում գրավոր նման կոչ չէր հնչել, եւ այդ կարգի խնդիրներ չէին քննարկվել: Հայկական հարցի լուծման ամենաակտիվ ջատագովներն անգամ` հարցի լուծման հույսը կապում էին Ռուսաստանի բարյացակամության հետ եւ ԽՍՀՄ  շրջանակներում էին պատկերացնում Ղարաբաղի ու Նախիջեւանի խնդիրների լուծումը:  Անկախության  հարցը կամ ընդհանրապես չէր քննարկվում, կամ էլ քննարկվում էր որպես վերացական, ցանկալի, բայց անհասանելի մի բան: Ահա այս մտայնության պայմաններում էր, որ ասպարեզ ելավ «Փարոսը» եւ այդ շրջանի հայ հասարակական-քաղաքական մտածողության մեջ հեղափոխական դեր կատարեց` ջարդեց բազմաթիվ տաբուներ, քննարկելի դարձրեց այնպիսի արգելված թեմաներ, ինչպիսիք էին անկախությունը եւ կոմունիզմի գաղափարախոսության սխալ լինելու հնարավորությունը:  Ի դեմս «Փարոսը» տարածողների` խորհրդային պետությունը տեսնում էր արդեն ոչ թե պարզ այլախոհների, այլ` վտանգավոր գաղափարական թշնամիների: Պետանվտանգության կոմիտեին հանձնարարված էր հնարավորինս շուտ բացահայտել ու կալանավորել նրանց, բայց լայնածավալ որոնողական աշխատանքները ցանկալի արդյունք չեն տալիս: 

Օպերատիվ-քննչական գործողությունները մեկ տարուց ավելի են շարունակվում։ Դեռեւս 1967 թ․ տարածված թռուցիկների հետքերով ՊԱԿ-ը ոչինչ հայտնաբերել չէր կարողացել, իսկ հոկտեմբերին արդեն «Փարոս» թերթն է տարածվում։ 1967-ի հոկտեմբերի 24-ին ՊԱԿ բաժնի պետ Սայադյանը ՊԱԿ-ի հատուկ բաժնի պետ Դադայանին գրություն է ուղարկում։ ՊԱԿ-ում գրագրությունը, որպես կանոն, ռուսերեն էր։ Ահա այդ գրության թարգմանությունը․

«Հայկ․ ԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ՊԱԿ նախագահ գեներալ մայոր ընկ․ Բադամյանցի ցուցումով կից ուղարկում եմ «Փարոս» վերնագրված անստորագիր հակախորհրդային թռուցիկներ՝ դրանք հայտնաբերած քաղաքացիների բացատրությունների հետ միասին։

Տեքստը բաղկացած է 13 էջից, կից՝ 9 հատ «Փարոս» թռուցիկ»։

Նույն օրն էլ որոշվում է 65 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցել։ 1968թ․ հունվարի 24-ին մեղավորներին չհայտնաբերելու կապակցությամբ հետաքննությունը կասեցվել է՝ միաժամանակ հանձնարարվելով օպերատիվ ծառայությանը շարունակել հետախուզումը։

Միայն այլախոհական շրջանակներում ներդրված եւ այդ շրջանակներում հեղինակություն վայելող գործակալի միջոցով են կարողանում «Փարոսի» հեղինակների մասին լիարժեք ու վերջնական տեղեկություններ հավաքել: Ավելի ուշ հայտնի է դառնում այդ գործակալի ով լինելը։ ԱՄԿ-ի հետքի վրա դուրս գալու նպատակով ձեռնարկված տենդագին փնտրտուքների ընթացքում ՊԱԿ-ը 1967-68 թթ. ընթացքում ձերբակալում է բազմաթիվ այլախոհների ու նրանց առնչվող մարդկանց: Ձերբակալվածներից մեկը՝ Լեւոն-Արա Մնացականյանը, հարցաքննության ժամանակ հայտնում է, որ իր մոտից հայտնաբերված «Փարոս» թերթը ստացել է Շահեն  Հարությունյանից:  Հետեւելով  Շահեն  Հարությունյանին  եւ  համադրելով գործակալական աղբյուրից ստացած տեղեկությունները` ՊԱԿ-ը բացահայտում է ԱՄԿ եռյակին: 1968-ի հուլիսի 8-ին ՊԱԿ բաժնի պետ Սայադյանն իր գրությամբ քննչական բաժնի պետի տեղակալ Ծատուրյանին տեղեկացնում, որ հայտնաբերվել են «Փարոս» թերթը տարածողները եւ թվարկում է Հայկազ Խաչատրյանի, Ստեփան Զատիկյանի եւ Շահեն Հարությունյանի անունները։ Նույն օրը որոշվում է վերսկսել համար 190 քր․ գործը։ 1968-ի հուլիսի 9-ից սկսվում են ձերբակալությունները:

Հայկազ Խաչատրյանի առաջին հարցաքննության արձանագրությունը կազմվել է 1968 թ. հուլիսի 9-ին: Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Խաչատրյանը հայտարարում է, որ միշտ տարված է եղել հայրենասիրական գաղափարներով եւ Ստեփան Զատիկյանի ու Շահեն Հարությունյանի հետ հենց ինքն է պատրաստել եւ տարածել «Փարոսը»:

Նույն օրվա` հուլիսի 9-ի հարցաքննության ընթացքում Ստեփան Զատիկյանը հայտարարում է, որ ունի հայրենասիրական գաղափարներ, որոնք երբեք չի թաքցրել, բայց հրաժարվում է «Փարոսից» եւ չի տալիս իր ընկերների անունները:

Հուլիսի 10-ի հարցաքննության ժամանակ Ստեփան Զատիկյանը քննիչին տեղեկացնում է, որ հացադուլ է սկսել եւ հետեւյալ գրավոր հայտարարությունն է անում. 

                                                                                       Պետական անվտանգության կոմիտեի 

                                                                                       քննչական բաժնի պետ Դադայանին     

                                                                                       կասկածյալ Ստեփան Սեղբոսի Զատիկյանից

                                                  Հայտարարություն 

Որպեսզի հասնեմ իմ մի քանի օրինական պահանջների բավարարմանը` հանդիպեմ հանրապետության դատախազի հետ, հանդիպեմ հասարակության ներկայացուցիչների հետ, հանդիպեմ մորս հետ, ինչպես նաեւ հարցաքննությունների ժամանակ որպես հիմքերի հիմք ընդունվի Մարդու իրավունքների դեկլարացիան, որը բարձր է ցանկացած պետության, ցանկացած հասարակարգի օրենքներից, որի տակ կա նաեւ ՍՍՀՄ-ի ներկայացուցչի ստորագրությունը, հայտարարում եմ հացադուլ, որը, փաստորեն, սկսել եմ 1968 թ. հուլիսի 9-ից եւ գրավոր այդ մասին հայտնում եմ 1968 թ. հուլիսի 10-ին, ժամը 16-ին: Մինչ այդ ինձ հնարավորություն չի տրվել հայտնել այդ մասին գրավոր:

Ս. Զատիկյան

10. 7. 1968 

Քննիչի հորդորից հետո` այնուամենայնիվ, ցուցմունքներ տալ, Զատիկյանը կրկին պնդում է իր նախկին ցուցմունքները եւ հայտարարում. «Ոչի՛նչ հակասովետական չեմ արել»:

Այս կեցվածքով է նա շարունակում հանդես գալ նաեւ հետագա հարցաքննությունների ժամանակ, նույնիսկ հուլիսի 15-ին, երբ նրան են ներկայացնում իր տնից հայտնաբերված Հայկազ Խաչատրյանի տետրը եւ ԱՄԿ ծրագիրը: «Իմը չեն»,- պնդում է նա:

Միայն օգոստոսի 28-ին, երբ տեղի է ունենում առերես հարցաքննություն Հայկազ Խաչատրյանի հետ, եւ Խաչատրյանը հորդորում է հանձն առնել ԱՄԿ անդամությունը, նա համաձայնում է ու սկսում ցուցմունքներ տալ: Առերես հարցաքննության ժամանակ Հայկազ Խաչատրյանը նույն կերպ հորդորում է նաեւ Շահեն Հարությունյանին` առաջարկելով ասել թաքցրած գրամեքենայի տեղը: Խաչատրյանի այս գործելաոճը մեկ նպատակ էր հետապնդում` ցույց տալ անվտանգության մարմիններին, որ նրանք, իրոք, լրիվ բացահայտել են «Փարոսին» առնչվող գործը, համոզել, որ ԱՄԿ կոչվածն ընդամենը ձերբակալված երեքն են, հնարավորինս շուտ ավարտել նախաքննությունը, փակել գործը, որպեսզի ՊԱԿ-ը  շատ չխորանա եւ ԱՄԿ դրսում մնացած անդամներին հայտնաբերելու վտանգավոր փնտրտուքներով չզբաղվի: 

                                                Հայկազ Խաչատրյանի գաղտնագիրը 

Պետանվտանգության կոմիտեի մեկուսարանում Հայկազ Խաչատրյանն ընկերներին ուղղված գաղտնագիր է գրել, որը հետագայում` խուզարկության ժամանակ, հայտնաբերվել է ոմն կալանավոր Խուդոյանի մոտ: Այսօր այն պահվում է ԱՄԿ հիմնադիրների նկատմամբ հարուցված քրեական գործում: Ստորեւ ներկայացնում ենք այդ գաղտնագիրը. 

Ողջույն եւ համբերություն բոլորիդ 

Վստահ եղեք, որ մեր գործն արդար է, եւ մենք բանտարկվում ենք անօրեն կերպով, բռնությամբ: Ճիշտ է, որ մենք հրապարակել ենք «Փարոս» լրագիրը մի քանի անգամ, ավելի ճիշտ` երկու անգամ, որտեղ մենք քննադատել ենք տիրող անարդարությունները ազգի դեմ, ռուսիֆիկացիայի դեմ, ռուսական զավթողական քաղաքականության դեմ եւ պահանջել ենք Հայաստանի անկախությունը, որի համար մենք բռնի կերպով ձերբակալվել ենք. դա դեռ ոչինչ չի նշանակում, նրանք խախտում են միջազգային տարրական օրենքները:

Համարձակ եղեք, մեր գործն արդարությունն է:

Ինչ վերաբերում է այն ատրճանակին, որ ես բերել եմ պատերազմից որպես հիշատակ, դրա մեջ ոչ մի հանցանք չկա, դրա մասին տեղյակ չեք:

Ես լիովին առողջ եմ: Եղեք անվախ եւ համարձակ, մենք ոչ մի բանից չենք վախենում եւ վախենալու պատճառ չունենք. սա ասում եմ նրա համար, որ դուք մի փոքր անգամ վախ չունենաք: Շատերն են նստում, եւ դեռ շատերն են բանտարկվելու արդարության համար:

Դեռ նոր սերունդ կլինի: Բարեւներով` Հայկազ:

Ազգային միացյալ կուսակցության գործով կայացած առաջին դատավարությունը

Ազգային միացյալ կուսակցության գործով առաջին դատավարությունն ընթացել է 1969 թ. հունվարին: Ամբաստանյալները երեքն էին` Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը եւ Շահեն Հարությունյանը: Նրանք մեղադրվում էին ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը): Բացի այս հոդվածներից, Հայկազ Խաչատրյանը մեղադրվում էր նաեւ 232 հոդվածով (ապօրինի կերպով զենք, զինամթերք կամ պայթուցիկ նյութեր կրելը, պահելը, պատրաստելը, ձեռք բերելը կամ վաճառելը), ինչի համար դատապարտվում է 2 տարի ազատազրկման: Խոսքը ռազմաճակատից բերած ատրճանակի մասին էր, որն առգրավել էին նրա բնակարանի խուզարկության ժամանակ: Իսկ Շահեն Հարությունյանը մեղադրվում էր նաեւ 211 հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ հափշտակելը կամ փչացնելը), ինչի համար դատապարտվում  է  1 տարի  ազատազրկման:  Ե՛ւ  Հայկազ  Խաչատրյանը,  ե՛ւ  Շահեն Հարությունյանն այս վերջին երկու հոդվածներով նախատեսված պատժի կրումից ազատվում են Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի կապակցությամբ ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության 1967 թվականի հոկտեմբերի 31-ի ներում շնորհելու մասին հրամանագրի համաձայն: 

                        ԱՄԿ հիմնադիրների գործով կայացված դատավճիռը 

Մեր ձեռքի տակ է նաեւ այս գործով նախաքննության մարմնի` Պետական անվտանգության կոմիտեի քննչական վարչության նախապես ռուսերեն կազմված մեղադրական եզրակացության հայերեն թարգմանությունը: Օգտվելով մեր ձեռքի տակ եղած մեղադրական եզրակացությունից, գործին առնչվող մարդկանց հուշերից ու այլ աղբյուրներից, լրացնելով ԱԱԾ կողմից ջնջված վկաների անունները` դատավճիռը ավարտուն տեսքի ենք բերել: Նման դեպքերում չի բացառվում, որ ԱԱԾ արխիվում պահվող դատավճռի հետ համեմատելիս, միայն անունների դեպքում, ի հայտ գան  աննշան ու փաստաթղթի էության եւ բովանդակության վրա բացարձակապես չազդող չնչին տարբերություններ: 

                                                               ԴԱՏԱՎՃԻՌ 

       ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ 

1969 թվականի հունվարի 9-ին Երեւան քաղաքում 

Նախագահությամբ`         Ա. Ս. Եղիազարյանի

Ատենակալներ`              1. Գ. Ս. Կարապետյան

                                   2. Հ. Ն. Ասատրյան

Քարտուղարությամբ՝       Հ. Շղոյան

Մասնակցությամբ`           պետական մեղադրող

Դատախազ`                    Գ. Ղամբարյանի

Դատապաշտպաններ`        Մ. Եգանյան, Դ. Կարապետյան 

Քննության առնելով դատական դռնփակ նիստում քրեական գործն ըստ մեղադրանքի`

1/  Հայկազ  Կարոյի  Խաչատրյանի, ծնվել է 1919  թվականին  Երեւան  քաղաքում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, բարձրագույն կրթությամբ, մասնագիտությամբ նկարիչ, Հայրենական պատերազմի մասնակից, պարգեւատրվել է «Փառքի» 3-րդ աստիճանի շքանշանով, նախկինում չդատված, անկուսակցական, ամուրի, բնակվել է Երեւանի 26 Կոմիսարների փողոցի նո. 9 շենքում: Սույն գործով կալանքի տակ է 1968 թվականի հուլիսի 11-ից:

     Մեղադրվում է քր. օրի 65 հոդվ. 1-ին մասով 67 հոդվածով եւ 230 հոդվ. 1-ին մասով:

 

2/ Շահեն Հարությունի Հարությունյանի, ծնվել է 1937 թվականին Երեւան քաղաքում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, ամուսնացած, խնամքին երկու երեխա, անկուսակցական, նախկինում չդատված, սովորել է մանկավարժական ուսումնարանի 3-րդ կուրսում, բնակվել է Երեւանի Չերնիշեւսկի փողոցի 23 շենքում, սույն գործով կալանքի տակ է 1968 թվականի հուլիսի 11-ից:

     Մեղադրվում է ՀՍՍՀ քր. օրի 65 հոդվ. 1-ին մասով, 67 հոդվածով եւ 211 հոդվ. 1-ին մասով: 

3/ Ստեփան Սեղբոյի Զատիկյանի, ծնվել է 1946թ. Երեւան քաղաքում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, անկուսակցական, ամուրի, նախկինում չդատված, սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի 5-րդ կուրսում, սույն գործով կալանքի տակ է 1968 թվականի հուլիսի 11-ից: Բնակվում է Երեւանի Աթաբեկյան փողոցի 56 շենքում:

     Մեղադրվում է քր. օրի 65 հ. 1 մ. եւ 67 հոդվածով: 

   Դատաքննությամբ, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացություններով, գործին կցված իրեղեն ապացույցներով, ինչպես նաեւ ամբաստանյալների ցուցմունքներով գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան ապացուցված է համարում հետեւյալը`

     1966 թվականի ապրիլի 24-ին ժողդատարանի որոշմամբ հակահասարակական արարքի համար ամբաստանյալներ Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը եւ Շահեն Հարությունյանը կալանավորվել են 15 օրով եւ ուղարկվել են Երեւանի նո.1 քննչական մեկուսարան: Այնտեղ ծանոթանալով միմիանց հետ` մտքերի փոխանակություն են ունեցել Ղարաբաղը եւ Նախիջեւանը Սովետական Հայաստանին միացնելու եւ այլ ազգային հարցերի շուրջ:

     Մեկուսարանից դուրս գալուց հետո ամբաստալյալները, մտերմանալով միմյանց հետ, հաճախակի հանդիպումներ են ունեցել Հայկազ Խաչատրյանի տանը եւ սխալ եզրակացության են հանգել այն մասին, որ իբր Սովետական Հայաստանը իրավահավասար հանրապետություն չի սովետական պետության մեջ, որ հայերը հարստահարվում են եւ կողոպտվում ռուս ժողովրդի կողմից եւ ընդհանրապես զրկված են ազատությունից եւ անկախությունից:

     1967 թվականի սկզբներից ամբաստանյալներ Խաչատրյանը, Զատիկյանը եւ Հարությունյանը լայն մասսաների մեջ հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա տանելու նպատակով ստեղծել են անլեգալ կազմակերպություն եւ անցել կոնկրետ գործունեության:

Որպեսզի հնարավորություն ունենան մեծ քանակությամբ անլեգալ թռուցիկներ ու թերթեր տպագրել, ամբաստանյալները սկսել են դրամական միջոցներ հավաքել, որպիսինը պահվել է խնայողական դրամարկղում Հայկազ Խաչատրյանի անձնական ավանդի հետ միասին: Ձեռք են բերել ցինկի թիթեղներ, տպագրական ներկ եւ այլ հարմարանքներ: Այս բոլորը պահվել են Հայկազ Խաչատրյանի տանը:

Ի վերջո` 1967 թվականի ապրիլի 24-ին Խաչատրյանը, Զատիկյանը եւ Հարությունյանը «Փարոս» վերնագրով 200 օրինակ թռուցիկ են տպագրել, որպիսինը տարածվել է ամբաստանյալներ Խաչատրյանի եւ Զատիկյանի կողմից, Երեւան քաղաքում: Այդ թռուցիկի «Ապրիլի 24-ը» վերնագրով հոդվածը գրվել է Շահեն Հարությունյանի կողմից, իսկ «Հայ ժողովրդին» հոդվածը` Հայկազ Խաչատրյանի կողմից:

Ամբաստանյալներ Խաչատրյանը, Զատիկյանը եւ Հարությունյանը իրենց անլեգալ հակապետական կազմակերպության  գործունեությունն ավելի կոնկրետ ու կազմակերպված դարձնելու նպատակով որոշել են Հայաստանի Խորհրդային սոցիալիստական հանրապետությունում ստեղծել առանձին, գաղտնի «ազգային միացյալ կուսակցություն» իր ծրագրով եւ կանոնադրությամբ, որը հիմնականում գրվել է Հայկազ Խաչատրյանի կողմից, սակայն ուղղվել եւ վերջնական տեսքը մշակվել է Ստեփան Զատիկյանի եւ Շահեն Հարությունյանի անմիջական մասնակցությամբ: Անձամբ Հարությունյանը կազմել է նաեւ այդ կուսակցության անդամի հարցաթերթիկը, իսկ Ստեփան Զատիկյանը` երդումը:

«Ազգային միացյալ կուսակցության» ծրագրի եւ կանոնադրության մեջ ամբաստանյալները զրպարտչական գաղափարներ են շարադրել ՍՍՀՄ ազգային քաղաքականության, ազգային իրավահավասարության դեմ: Միանգամայն սխալ եզրակացության են հանգել, որ իբր Հայաստանը գտնվում է «Ռուսաստանի ստրկատիրական գերիշխանության տակ» եւ կոչ են անում ստեղծել անկախ Հայաստան եւ այլն: Այդ ծրագիրը տպագրվել է 3 օրինակով ամբաստանյալ Շահեն Հարությունյանի կողմից, կոմիսիոն խանութից նախապես գնված «ռեյնմետալ» սիստեմի նո. 172155 գրամեքենայի վրա, որը հայտնաբերվել եւ առգրավվել է գործով վկա Սիրանուշ Չալյանի բնակարանից:

Ամբաստանյալ Խաչատրյանը մշակել է նաեւ կազմակերպվելիք «ազգային միացյալ կուսակցություն» կառուցվածքը` ղեկավար օրգաններով, նրա կլոր կնիքի էսքիզը-ձեւը, որոնք հավանության են արժանացել Զատիկյանի եւ Հարությունյանի կողմից: Հայկազ Խաչատրյանը մշակել է նաեւ հատուկ ծածկագիր (կոդ), միմյանց հետ գաղտնի գրագրություն վարելու համար:

1967 թվականի հոկտեմբեր ամսին, Հայկազ Խաչատրյանի նախաձեռնությամբ, իր տանը եւ ապա Ստեփան Զատիկյանի մոտ գաղտնի տպագրել է շուրջ 290 օրինակ «Փարոս» կոչվող անլեգալ թերթը, որը կոչել են «ազգային միացյալ կուսակցության» օրգան: Թերթում տպագրել են «Ելնում են նորերը», «Հայ ժողովրդին», «Հայաստանը լծի տակ», «Փաստերն անողոք են» եւ այլ հոդվածներ, որոնց հեղինակները հանդիսանում են ամբաստանյալներ` Խաչատրյանը, Զատիկյանը եւ Հարությունյանը: Այդ հոդվածները հիմնականում պարունակում են դաշնակցական գաղափարներ, թշնամական հարձակումներ է կատարվում Մարքս-լենինյան ուսմունքի դեմ, խեղաթյուրվում է կոմունիզմի հիմունքները, հայ ժողովրդի վիճակը զրպարտչորեն պատկերացվում է «գաղութային, կեղեքվող» եւ կոչ է արված պայքարել «անկախ հայկական պետություն» ստեղծելու համար:

«Փարոս» թերթը ամբաստանյալ Զատիկյանը տարածել է Երեւանի պետական համալսարանի, պոլիտեխնիկական ինսիտուտի շենքերում եւ առանձին քաղաքացիների բնակարանների փոստարկղերում, նպատակ ունենալով ներազդել դեռ լրիվ չկազմակերպված երիտասարդների եւ ուսանողների վրա, թյուրիմացության մեջ գցել երիտասարդական այն խավին, որոնք  իրենց քաղաքական պատրաստակամությամբ չեն կարող քննադատորեն մոտենալ անլեգալ «Փարոս» թերթի բովանդակությանը, ցանկանալով այդ կարգի մարդկանց գցել իրենց ազդեցության տակ:

Ամբաստանյալներ Հ. Խաչատրյանը, Ս. Զատիկյանը եւ Հ. Հարությունյանը «ազգային միացյալ կուսակցության» ծրագրի ու կանոնադրության, ինչպես նաեւ «Փարոս» թերթի բովանդակությանը ծանոթացրել են Մեսրոպ Ղազարյանին, Պարույր Հայրիկյանին, Ասատուր Բաբայանին, Լեւոն Մնացականյանին եւ ուրիշներին:

Դեռ 1968 թվականի գարնանը, ամբաստանյալ Շահեն Հարությունյանը կապ է հաստատել մեկ այլ անլեգալ խմբի անդամներ Աղասի Անտոնյանի, Ասատուր Բաբայանի եւ մյուսների հետ, որոնք նույնպես կալանավորվել են կոմիտեի կողմից եւ առաջարկել է միանալ իրենց կազմակերպության հետ եւ գործել համատեղ: Հարությունյանը մի քանի անգամ մասնակցել է այդ խմբի հավաքույթներին, ծանոթացրել է նրանց Հայկազ Խաչատրյանի  հետ, իրենց ծրագրին ու կանոնադրությանը, սակայն  ծրագրի որոշ դրվագների հետ համաձայնության չգալու պատճառով այդ միացումը չի կատարվել:

Բացի այդ ամբաստանյալ Զատիկյանը գրել եւ պահել է սովետական իրականությունը արատավորող զրպարտչական հոդվածներ, ինչպիսիք են «Սովետական տնտեսության էությունը» «վարագույրի մյուս կողմում», «կոմունիստական տակտիկայի եւ ստրատեգիայի մի քանի հարցերի շուրջը» եւ այլ հոդվածներ: Շահեն Հարությունյանը պահել է իր մոտ Գեմբարսկու նամակը ուղղված Ուտանին, դաշնակցական Ահարոնյանի նամակը հասցեագրված ՍՍՀՄ արտաքին գործերի նախկին մինիստր Չիչերինին եւ այլ հոդվածներ, որոնցում խեղաթյուրված է ՍՍՀՄ արտաքին եւ ներքին քաղաքականությունը:

Ամբաստանյալ Հայկազ Խաչատրյանը 1945 թվականին զորացրվելով սովետական բանակից իր հետ բերել եւ ապօրինի կերպով պահել է նո. 442 «նագան» եւ «պարաբելում» սիստեմի ատրճանակներ իրենց մարտական փամփուշտներով, իսկ Շահեն Հարությունյանը 1967 թվականի սկզբին մանկավարժական տեխնիկումից հափշտակել է Ալիսա Գարուշի Հարությունյանին պատկանող նո. 035400 հասունության ատեստատը, ջնջել տեքստը, նպատակ ունենալով հետագայում օգտագործել այդ ատեստատը, սակայն չի օգտագործել եւ պահել է իրենց տանը որտեղից եւ հայտնաբերվել է խուզարկության ժամանակ:

Ամբաստանյալներ Հայկազ Խաչատրյանը եւ Ստեփան Զատիկյանը լիովին ընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքի բոլոր փաստերը, դրանում մեղավոր չճանաչեցին, իրենց գործողությունները եւ անլեգալ գործունեությունը համարելով ճիշտ մեղայականով հանդես չեկան, իսկ ամբաստանյալ Շահեն Հարությունյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց եւ հայտարարեց, որ զղջում է իր արարքների համար:

Բացի ամբաստանյալների խոստովանական ցուցմունքներից, նրանց առաջադրված մեղադրանքը հաստատված է առգրավված իրեղեն ապացույցներով, փորձագետի եզրակացությամբ, կազմակերպված քննչական փորձով, ճանաչման արձանագրություններով, վկաներ Վահան Ազատյանի, Սիրուշ Չալջյանի, Հովհաննես Օհանյանի, Մերուժան Կարապետյանի, Ֆեոդր Զվերեւի, Մեսրոպ Ղազարյանի  եւ մյուսների ցուցմունքներով, ինչպես նաեւ գործի մնացած բոլոր տվյալներով:

Պատիժ սահմանելիս, կոլեգիան հաշվի է առնում ամբաստանյալների ինքնուրույնությունը, Զատիկյանի եւ Հարությունյանի երիտասարդությունը, նախկինում դատապարտված չլինելը, այն, որ նրանք հիմնականում ընկել են իրենցից տարիքով անհամեմատ մեծ Հայկազ  Խաչատրյանի ազդեցության տակ, որը իր բնակարանը տրամադրել է նրանց, թելադրողի դեր է կատարել բոլոր հարցերում: Շահեն Հարությունյանի նկատմամբ պատիժ սահմանելիս կոլեգիան հաշվի է առնում նաեւ նրա դատաքննության ժամանակ մեղայականով հանդես գալը:

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով քր. դատ. օրի 293-294 հոդվածներով գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան` 

                                                                  Վ Ճ Ռ Ե Ց 

Ամբաստանյալ Հայկազ Կարոյի Խաչատրյանին հանցավոր ճանաչել ՀՍՍՀ քր. օրի 232 հոդվ. 1-ին մասով, 65 հոդվ. առաջին մասով եւ 67 հոդվածով քր. օրի 232 հոդվ. 1-ին մասով ազատազրկել նրան երկու (2) տարի ժամանակով եւ կիրառելով ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1967 թվականի հոկտեմբերի 31-ի ներում շնորհելու մասին հրամանագրի 1-ին հոդվածը եւ ազատել նրան պատիժը կրելուց:

Քր. օրի 65 հոդվ. առաջին մասով Հ. Կ. Խաչատրյանին ազատազրկել հինգ (5) տարի ժամանակով, առանց հետագա աքսորի, թողնելով պատիժը կրելու խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Դատապարտյալ Խաչատրյանից առգրավված «նագան» եւ «պարաբելում» սիստեմի ատրճանակները իրենց մարտական փամփուշտներով ոչնչացնել:

Ամբաստանյալ Ստեփան Սեղբոսի Զատիկյանին հանցավոր ճանաչել ՀՍՍՀ քր. օրի 65 հոդվ. 1-ին մասով եւ 67 հոդվածով: Քր. օրի 65 հոդվ. առաջին մասով ազատազրկել նրան չորս (4) տարի ժամանակով, առանց հետագա աքսորի, թողնելով պատիժը կրելու խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

 Ամբաստանյալ Շահեն Հարությունի Հարությունյանին հանցավոր ճանաչել ՀՍՍՀ քր. օրի 65 հոդվ. 1-ին մասով, 67 հոդվածով  եւ 211 հոդվածի 1-ին մասով: 211 հոդվ. 1- ին մասով ազատազրկել նրան մեկ (1) տարի ժամանակով եւ կիրառելով ՍՍՀՄ գերագույն սովետի նախագահության 1967 թվականի հոկտեմբերի 31-ի ներում շնորհելու մասին հրամանագրի առաջին հոդվածը ազատել պատիժը կրելուց: Քր. օրի 65 հոդվածի առաջին մասով Շ. Հ. Հարությունյանին ազատազրկել երեք (3) տարի ժամանակով, որպիսին պետք է կրի խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, առանց հետագա աքսորի:

Դատապարտյալներ Հ. Կ. Խաչատրյանի. Ս. Ս. Զատիկյանի եւ Շ. Հ. Հարությունյանի կալանքի սկիզբը հաշվել 1968 թվականի հուլիսի 11-ից:

Իրեղեն ապացույց նո. 172155 «Ռեյնմետալ» գրամեքենան պետականացնել, նո. 035400 հասունության ատեստատը ոչնչացնել:

Ցինկի կտորները, 5 շիշ թթուները, կապույտ գույնի կազմի թուղթը ոչնչացնել:

Քրեական գործին կարված «Փարոս» թռուցիկները եւ թերթերի օրինակները «ազգային միացյալ կուսակցության» ծրագիրը եւ կանոնադրության օրինակները եւ հակասովետական այլ հոդվածներ թողնել քրեական գործում:

Թռուցիկների եւ թերթերի մնացած օրինակները, հոդվածները, առանձին տետրերը որոնք գործին չեն կարված, բայց պահվում են առանձին ծրարով` ոչնչացնել:

Անձնական խուզարկության ժամանակ դատապարտյալ Խաչատրյանից առգրավված քսան ռուբլի դրամը վերադարձնել իրեն:

Դատավճիռը վերջնական է եւ բեկման կարգով գանգատարկման ենթակա չէ: 

Նախագահող`           Ա. Եղիազարյան

Ատենակալներ`         Գ. Մ. Կարապետյան,  Հ.Ն. Ասատրյան

Ճիշտ է գործով նախաագահող`  Եղիազարյան 

6/1-69թ. եմ.

10.VIII.68թ. 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ