
Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հնարավորություն է տվել Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանին, որ նա կարողանա ստանալ շինթույլտվություն Երևանում առանձնատուն կառուցելու համար:
Ավելի քան 10 տարի սեփականության իրավունքով իրեն պատկանող 2 հազար քառակուսի մետր հողակտորի վրա Սուրիկ Խաչատրյանը կառուցել է եռահարկ առանձնատուն, սակայն շինթույլտվությունը ստացել է բոլորովին վերջերս՝ 2018 թվականի հունիսի 8-ին:
Սուրիկ Խաչատրյանը դեռևս 2008 թվականին 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով ձեռք էր բերել «Հ.Ռ.-Ա.Ա.Ա.» ՍՊԸ-ին պատկանող հողակտորներից 2 առանձին հողակտոր՝ յուրաքանչյուրը 1000 քմ մակերեսով: Հողակտորները գտնվում են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Կարապետ Ուլնեցու 32/11 և 32/12 հասցեներում: Ձեռքբերման գործարքն այդքան էլ թափանցիկ չի եղել: Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի դեռևս 2011 թ-ի հուլիսի 19-ի «41/2» որոշումից տեղեկանում ենք, որ նշված ՍՊԸ-ն 2008թ-ին վաճառել է վերը նշված հողակտորները Սուրիկ Խաչատրյանին՝ 39 միլիոն 600 հազար դրամով, որից 6.6 մլն դրամը կազմել է ԱԱՀ-ն: Գործարքը կատարվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա: Սակայն պարզվել է, որ գնորդ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը նշված 0.2 հա հողամասի դիմաց վճարել է 500.000 ԱՄՆ դոլար: Հարկեր թաքցնելու համար առքուվաճառքի պայմանագրում գործարքի գինը միտումնավոր փոքր են գրել:
Նույն որոշումից տեղեկանում ենք, որ Սուրիկ Խաչատրյանը, դառնալով հողակտորների սեփականատեր, դրանք գրավադրել է բանկում և ստանալով 500 հազար դոլոր գումար, այն փոխանցել է «Հ.Ռ.-Ա.Ա.Ա.» ՍՊԸ-ին:
Փաստաթղթերով առանձնատունը չկա, իսկ իրականում այն կանգուն է
Կադաստրի պետական կոմիտեից մեր ստացած տեղեկատվության համաձայն Սուրիկ Խաչատրյանը հողակտորների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել է 2008 թ-ի հուլիսի 18-ին (տես- 1, 2): Շուրջ 10 տարի անց՝ 2018 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ, հողակտորների վրա գրանցված որևէ շինություն չկա, մինչդեռ արբանյակից արված լուսանկարները հակառակն են ապացուցում:
«Google Earth» ծրագրի միջոցով կարողացանք պարզել, որ Սուրիկ Խաչատրյանի հողակտորներում հողային աշխատանքները սկսվել են դեռևս 2009 թվականի հոկտեմբեր ամսից: 2011 թվականին արդեն առանձնատան հիմքերն են գցվել՝ դրանով ազդարարելով ակտիվ կառուցապատման մեկնարկը: 2 տարվա ընթացքում կառուցվել են եռահարկ առանձնատունն ու պարիսպները, իսկ 2014 թվականին՝ օժանդակ շինությունները, որոնցից մեկը ծածկած լողավազանի է նմանվում: 2016 թվականին բակն արդեն բարեկարգվել է, իսկ 2017-ին կանաչապատվել է հողամասը, ասֆալտապատվել՝ բակային ճանապարհները, ինչպես նաև առանձնատուն տանող ճանապարհը, որն անցնում է ԱԱԾ-ի ընդունելությունների տան կողքով:
Երևանի քաղաքապետարանից գրավոր հարցմամբ ստացել ենք Երևան քաղաքում տրամադրված շինթույլտվությունների վերաբերյալ ընդգրկուն տեղեկատվություն: Այդ ցանկից տեղեկանում ենք, որ Կարապետ Ուլնեցու 32/11 և 32/12 հասցեներում բնակելի տուն կառուցապատելու նպատակով 2018 թ-ի հունիսի 8-ին շինթույլտվություն է տրամադրվել քաղաքացի Սուրիկ Խաչատրյանին: Այսինքն՝ շինթույլտվություն են տրամադրել արդեն կառուցված և բնակելի առանձնատան համար, որպեսզի այն «կառուցեն»:
Բացի այդ, 2018 թվականի հուլիսի 19-ին Սուրիկ Խաչատրյանի կողմից լիազորված անձ Արագած Ղևոնդյանը քաղաքապետարանից ստացել է մի որոշում, որի համաձայն Խաչատրյանին պատկանող հողակտորների միավորման արդյունքում մեկ միասնական հասցե է տրվել՝ Կարապետ Ուլնեցու փողոց 32/12:
Առանձնատան համար գույքահարկ չի վճարվում
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում 2018 թ-ի օգոստոսի 23-ին նոր հավելված է ստեղծվել, որը հնարավորություն է տալիս պարզել, թե որքան է կազմում Երևանի ցանկացած հասցեի անշարժ գույքի գույքահարկը: Ուլնեցու 32/11 և 32/12 հասցեների վերաբերյալ հարցմամբ տեղեկանում ենք, որ Սուրիկ Խաչատրյանը առանձնատան համար գույքահարկ չի վճարում: Վճարում է կատարում միայն հողի հարկի համար, որը յուրաքանչյուր հասցեի համար կազմում է տարեկան 14 հազար 646-ական դրամ: Ընդհանուր առմամբ Խաչատրյանը վճարում է 29 հազար 292 դրամ: Առանձնատան համար գույքահարկ չի վճարվում, քանի որ այն մինչ օրս գրանցում չի ստացել:
Ապօրինի կառուցապատումն ու հարկեր թաքցնելը
Ստացվում է, որ Սուրիկ Խաչատրյանը 2011 թվականից ապօրինի կառուցապատում է իրականացրել Երևանի այնպիսի կետում, որը տեսանելի է Հանրապետության հրապարակից, Խանջյան փողոցից, Աբովյան փողոցից և Երևանի բազմաթիվ այլ վայրերից: Քաղաքային իշխանությունը 2011 թվականից 2018 թվականները ղեկավարել է ՀՀԿ-ի Երևանի տարածքային կազմակերպության ղեկավար Տարոն Մարգարյանը, որը Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 55-րդ հոդվածի 1.6 կետի համաձայն պարտավոր էր կազմակերպել ինքնակամ կառուցման կասեցման և ինքնակամ կառույցների վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները: Նույն օրենքի 66-րդ հոդվածի 1.3 կետի համաձայն քաղաքապետը Երևանի տարածքում ապօրինի շինարարության դեպքի կանխման և արգելման հետ կապված` կարող էր դիմել ոստիկանություն` համապատասխան աջակցություն ստանալու համար: Որը, ինչպես տեսնում ենք, չի կատարել:
Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ կառուցապատողը պարտավոր է կառուցապատումն իրականացնել շինարարության թույլտվության հիման վրա: Այնինչ Սուրիկ Խաչատրյանը շինթույլտվությունը ստացել է միայն 2018 թվականին: Բացի դա, Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը շահագործվում է, այն դեպքում, երբ կադաստրում այն գրանցված չէ: Գրանցված չլինելով էլ՝ Երևան համայնքին չի վճարվում առանձնատան գույքահարկը: Քրեական օրենսգիրքն առանձին հոդված ունի հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ (205-րդ հոդվածը): Հարկերը, տուրքերը վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է խոշոր չափերով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ 2-ից 5 տարի ժամկետով:
Փորձեցինք խոսել Սուրիկ Խաչատրյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր: Երևանի քաղաքապետարանից էլ առաջարկեցին մեզ հետաքրքրող հարցերն ուղղել գրավոր, որն արդեն հղել ենք քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանին:
Կառավարությանը ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից փորձեցինք տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ, սակայն պարզվեց, որ տեսչական մարմինը դեռ չի ձևավորվել, իսկ նախկինում գործած քաղաքաշինության տեսչությունից մեր զանգերին չպատասխանեցին:
Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել