HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի պարզաբանումը «Հետքի» հոդվածի առթիվ

Հունվարի 12-ին հրապարակված «ՊԵԿ-ի «աղջկա» այցի հետևանքները. նորաբաց փոքր բիզնեսը կարող է փակվել, և 6 հոգի գործազուրկ դառնալ» հոդվածի առթիվ «Հետքը» հարցում էր ուղարկել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.

1. 2011թ. դեկտեմբերի 22-ին հարկային տեսուչները Հասմիկ Ավագյան Ա/Ձ-ի մոտ իրականացրել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում: Ըստ ՊԵԿ-ի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության ՀՏ պետ Ռ.Մաշադյանի դեկտեմբերի 8-ի թիվ 2109869 հանձնարարագրի և Քանաքեռ-Զեյթուն ՀՏ դեկտեմբերի 29-ի N 2109869 ակտի՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է 2011թ. մարտի 22-ը: Սակայն Հասմիկ Ավագյանը մարտի 22-ին ՀԴՄ չի ունեցել. նրա ՀԴՄ գործարկման ակտը թվագրված է հունիսի 2-ով: Ինչո՞ւ է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգվող ժամանակաշրջանը սկսվում այն ժամանակ, երբ Ա/Ձ-ն ՀԴՄ-ն դեռ չուներ:

2. Քանաքեռ-Զեյթուն ՀՏ սոցիալական վճարների և եկամտահարկի հավաքագրումների և ստուգումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Էդիկ Պապյանը, հարկային տեսուչներ Անդրանիկ Մկոյանը, Զավեն Ավանյանը, Սուրեն Ջեյրանյանը և ֆիզիկական անձ Արմինե Պետրոսյանը ստուգումն իրականացրել են դեկտեմբերի 22-ին: Մինչդեռ համաձայն ՊԵԿ-ի Քանաքեռ-Զեյթուն ՀՏ պետ Ռ.Մաշադյանի «8» դեկտեմբերի 2011թ. թիվ 2109869 հանձնարարագրի՝ «ստուգման ժամկետը մինչև 10 աշխատանքային օր» է: Դեկտեմբերի 8-ից հաշված՝ «մինչև 10 աշխատանքային օրը» սպառվում է դեկտեմբերի 21-ին, և հետևաբար դեկտեմբերի 22-ին ստուգումն իրականացնելը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում է: Հարկային տեսուչները Ձեզ արդեն բացատրություն ներկայացրե՞լ են՝ օրենքը խախտելու վերաբերյալ:

3. Դուք պատրաստավո՞ւմ եք պատիժ կիրառել Էդիկ Պապյանի, Անդրանիկ Մկոյանի, Զավեն Ավանյանի, Սուրեն Ջեյրանյանի և Արմինե Պետրոսյանի նկատմամբ՝ այն հիմքով, որ վերջինները խախտել են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը: Եթե այո, ապա ի՞նչ պատիժ: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Քիչ առաջ «Հետքը» ստացավ ՊԵԿ-ի պարզաբանումը, որը ներկայացվում է ստորև:

«Ի պատասխան Ձեր` 14.01.2012թ-ի ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին ուղղված գրությունում նշված հարցադրումների հայտնում ենք, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության պետի 08.12.2011թ-ի թիվ 2109869 հանձնարարագրի համաձայն անհատ ձեռնարկատեր Հասմիկ Ավագյանի մոտ կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում և արդյունքում` 2011թ-ի դեկտեմբերի 29-ին կազմվել է համապատասխան ստուգման ակտ:

Ստուգման հանձնարարագրում նշված ամսաթիվը` 2011թ-ի դեկտեմբերի 8-ը հանդիսանում է հանձնարարագրի հրապարակման, այլ ոչ թե ստուգումը փաստացի սկսելու օրը: Հանձնարարագրում ստուգման ժամկետ է սահմանվել մինչև 10 աշխատանքային օր, որի հաշվարկման իմաստով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերության համաձայն ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը, այս պարագայում` 2011թ-ի դեկտեմբերի 22-ը:

Այսպիսով, ստուգող հարկային տեսուչները ձեռնարկատիրոջ մոտ ստուգումը փաստացի սկսել են 2011թ-ի դեկտեմբերի 22-ին և ստուգման ակտը կազմել են մինչև ստուգման ժամկետի ավարտը` 2011թ-ի դեկտեմբերի 29-ը: Վերոգրյալից ակնհայտ է, որ հանձնարարագրում նշված ստուգման ժամկետը ստուգող հարկային տեսուչների կողմից չի խախտվել:

Հանձնարարագրում ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է սահմանվել ձեռնարկատիրոջ պետական գրանցում ստանալու ամսաթիվը` 2011թ-ի մարտի 22-ը, որը ուղղակի կապ չի կարող ունենալ ձեռնարկատիրոջ կողմից հսկիչ-դրամարկղային մեքենան հաշվառելու օրվա հետ, քանի որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի առաջին կետով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ պատասխանատվություն է սահմանված նաև օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար:

Մատուցված ծառայությունների դիմաց կանխիկ գումարը ստացող պատասխանատու անձի պատճառաբանությունների հետ կապված հայտնվում է, որ ՀՀ կառավարության 2004թ-ի օգոստոսի 26-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված` Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների 19-րդ կետի համաձայն պատասխանատու անձը պարտավոր է`

ա) հաշվիչ սարքի միջոցով մուտքագրել դրամական գումարը, որոշել ընդհանուր գումարը և տեղեկացնել գնորդին, պատվիրատուին և այլն,

բ) ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարն (ներառյալ կանխավճարը) ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին տրամադրել դրամարկղային չեկ (կտրոն), իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության (այսուհետ` վիճակահանություն) անցկացման ժամանակահատվածում` ժապավենի դարձերեսին հատուկ համար (համարներ) պարունակող չեկ (կտրոն),

գ) ծառայություններիմատուցմանդեպքում` չեկը (կտրոնը) տրամադրվում է այդ ծառայության դիմաց կանխիկ վճարում (ներառյալ կանխավճար) ստանալու պահին:

Վերոգրյալի արդյունքում ստուգման հարցերի շրջանակներում ստուգում իրականացրած հարկային տեսուչների գործողությունները բխել են ՀՀ օրենսդրության պահանջներից, իսկ ձեռնարկատիրոջ անհամաձայնություններն իր կողմից իրավական ակտերը ոչ ճիշտ մեկնաբանելու արդյունք են:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter