HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է պատասխան տալու ՀԾԿՀ-ի անգործության հետեւանքով հասարակության կրած վնասների համար

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է գրել ՀՀ վարչապետին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից անցած յոթ տարիներին գազի սպառման գիշերային սակագին չսահմանելու փաստի վերաբերյալ: Վերոնշյալի հետեւանքով Վերահսկիչ պալատի հավաստմամբ, կարող էին նվազեցվել բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարները, եւ որոշակիորեն կթեթեւացվեր գազը սպառողների սոցիալական բեռը, ինչպես նաեւ` սպասարկման ծառայությունների վճարների հետ կապված հասարակության մեջ հնչող բազմաթիվ դժգոհությունների առիթ չէր տա: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում նամակի բովանդակությունը:

««Հետք» էլեկտրոնային  կայքէջը հունվարի 24-ին,  հղում անելով «Հայացք» թերթի «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողների հաշվին լավություն է արել «ՀայՌուսգազարդին»» հոդվածին, հասարակությանը տեղեկացնում է, որ ՎՊ-ն ստուգումներ է իրականացրել ՀԾԿՀ-ում (08.08.2011-18.11.2011թ.թ.) եւ արձանագրել, որ լիցենզավորված անձանց եւ սպառողների շահերը հավասարակշռելու, ինչպես նաեւ` նրանց փոխհարաբերությունները հստակեցնելու նպատակով հանձնաժողովը 2005 թ. հուլիսի 8-ի թիվ 95-Ն որոշմամբ հաստատել է բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնները, որով գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդը միաժամանակ նախատեսում է սակագների տարբերակում` ըստ սպառման ժամանակի: Ավելին, հիշյալ մեթոդը նախատեսում է, որ սպառողների խմբերը կարող են դասակարգվել նաեւ ըստ տնտեսության ոլորտների` բնակչություն (կենցաղային սպառողներ), ընդհանուր առեւտրային սպառողներ, սեղմված բնական գազի մատակարարներ (ավտոգազալցակայաններ), ջերմային էլեկտրակայաններ, ջերմամատակարարում իրականացնողներ, խոշոր արդյունաբերական սպառողներ:

Վերահսկողությամբ արձանագրվել է, որ, ի տարբերություն էլեկտրական էներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնների, բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններում նախատեսված չեն մատակարարի նկատմամբ կիրառվող տույժեր, որոնք մատակարարը պարտավոր է վճարել սպառողին` կանոններով նախատեսված պահանջները չկատարելու կամ խախտելու համար: Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների համաձայն` բնակչության ներտնային գազամատակարարման համակարգը պետք է ենթարկվի պարբերական տեխնիկական սպասարկման: Հանձնաժողովը 2005 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 154-Ն որոշմամբ սահմանել է բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարները` մեկ, երկու, երեք եւ ավելի գազօգտագործող սարքավորումների համար:

ՎՊ-ի վերահսկողությամբ արձանագրվել է, որ վերը նշված վճարները չեն վերանայվել սահմանման  պահից  ի վեր, մինչդեռ անցել է արդեն շուրջ 7 տարի: Այդ տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել է բնական գազի սպառողների թվաքանակը, փոխվել են բազմաթիվ այլ գործոններ, որոնք  կարող են նվազեցնել բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարները, որը կթեթեւացներ գազը սպառողների սոցիալական վիճակն ու առիթ չէր տա սպասարկման ծառայությունների վճարների հետ կապված հասարակության մեջ հնչող բազմաթիվ դժգոհությունների:

Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տեղեկացնել, թե

  1. ՀԾԿ հանձնաժողովն անցած յոթ տարիներին  ինչո՞ւ չի սահմանել գազի սպառման գիշերային սակագին,
  2. Ինչո՞ւ մինչեւ այժմ չի օգտվել հաստատված մեթոդի ընձեռած հնարավորությունից եւ սպառողների խմբերը չի դասակարգել ըստ տնտեսության ոլորտների:
  3. Ինչո՞ւ մինչ օրս չեն գործում  բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարները` մեկ, երկու, երեք եւ ավելի գազօգտագործող սարքավորումների համար, որոնք սահմանվել են Հանձնաժողովի  2005 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 154-Ն որոշմամբ:
  4. Ինչո՞ւ անցած յոթ տարիների ընթացքում չեն նախատեսվել  մատակարարի նկատմամբ կիրառվող տույժեր, որոնք մատակարարը պարտավոր է վճարել սպառողին` կանոններով նախատեսված պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում:
  5. Ինչո՞ւ  ՀԾԿ հանձնաժողովը 2005 թվականից մինչ օրս այդ սխալը չի ուղղել, ո՞ւմ է ձեռնտու առկա վիճակը եւ ո՞վ է պատասխան տալու այս անգործության  հետեւանքով հասարակությանը պատճառած վնասների համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter