HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորաբաց փոքր բիզնեսի տնօրենը բողոք է ներկայացնելու ՊԵԿ. ի՞նչ կորոշի հանձնաժողովը

Վաղը տեղի է ունենալու ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Բողոքարկման հանձնաժողովի նիստը: Նիստում, այլ տնտեսվարողների հետ մեկտեղ, իր նկատմամբ կայացված տուգանքի որոշումն է բողոքարկելու նաև անհատ ձեռներեց, «Ժասմին» գեղեցկության սրահի տնօրեն Հասմիկ Ավագյանը: «Հետքն» արդեն գրել է, թե ինչպես էր ՊԵԿ-ը ստուգում իրականացրել գեղեցկության սրահում և տուգանք նշանակել: Ստորև ներկայացվում է Հասմիկ Ավագյանի վարչական բողոքը, որը նա վաղը ներկայացնելու է ՊԵԿ-ի Բողոքարկման հանձնաժողովին: 

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔ 

ՀՀ ԿԱ ՊԵԿ Քանաքեռ-Զեյթուն ՀՏ պետ` Ռ. Մաշադյանը 08.12.2011թ-ին կայացրել է թիվ 2109869 հանձնարարագիրը, որով հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության սոցիալական վճարների և եկամտահարկի հավաքագրումների և ստուգումների գլխավոր հարկային տեսուչ` Էդիկ Պապյանին, հարկային տեսուչներ Անդրանիկ Մկոյանին, Զավեն Ավանյանին և Սուրեն Ջեյրանյանին Հասմիկ Ավագյան Ա/Ձ-ի մոտ իրականացնել ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասությունների սահմաններում ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի առանձին պահանջների կատարման ճշտությունը պարզելու ստուգում, ավելի կոնկրետ` 

ա/ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության ստուգում,

բ/ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում: 

Ընդ որում, որպես «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջի կատարում, ստուգման ակտում ստուգվող ժամանակաշրջան է սահմանվել 22.03.2011թ-ից մինչև ստուգման ավարտը: Ստուգման ավարտի կապակցությամբ ևս հանձնարարագրում տրվել է կոնկրետացում, այն է` սահմանվել է ստուգմանը ժամկետը մինչև 10 աշխատանքային օր: 

Պետք է նկատել, որ ստուգման հանձնարարագիրը կայացվել է 08.12.2011թ-ին: 

Այդ պահից սկսած հարուցվել է վարչական վարույթ, որի նպատակն է եղել պարզելու վերը նշված հարցերի ճշտությունը: 

Ստուգումը ավարտվել է 22.12.2011թ-ին: Այն եզրափակվել է 29.12.2011թ-ի թիվ 2109869 ստուգման ակտով: 

Նշված ստուգման ակտն իրենից ներկայացնում է անբարենպաստ վարչական ակտ /Այսուհետ` Վարչական ակտ/, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանով անհատ ձեռնարկատեր` Հասմիկ Ավագյանի վրա պարտավորություն է դրվել վճարելու տուգանք 150.000 ՀՀ դրամի չափով: 

Նշված վարչական ակտը կայացվել է ի խախտումն ՀՀ օրենսդրության, որի հիմքով էլ այն անվավեր է: 

Ընդ որում, հիշյալ վարչական ակտը կայացվել է ինչպես օրենքի նորմի սխալ կիրառման, այնպես էլ օրենքի նորմի սխալ մեկնաբանման հետևանքով, որի արդյունքում ստուգման ակտի հասցեատիրոջս վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն: 

Ասվածը կոնկրետացնենք առավել մանրամասնորեն: 

Համաձայն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ oրենքներով:

ՀՀ Սահմանադրության անմիջականորեն գործող նորմն իր կոնկրետացումն է ստացել նյութական օրենսդրության մեջ, հանձինս, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի: Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի սահմանվել է, որ վարչական մարմինները պարտավոր են հետևել oրենքների պահպանմանը: Ավելին, օրենսդիրը հատուկ ընդգծել է, որ վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են oրենքով կամ oրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով: 

Ասվածի պարզեցումը հետևյալն է. 

Վարչական մարմինները պարտավոր են կատարել միայն այնպիսի գործողություններ, իրականացնել այնպիսի իրավասություն, որոնց համար հատուկ լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով, այսինքն այն, ինչ նախատեսված է նորմատիվ իրավական ակտի դիսպոզիցիայով, դա էլ պարտադիր է վարչական մարմնի և վերջինիս պաշտոնատար անձանց համար: Ուստի նշված սահմաններից դուրս իրականացված ցանկացած գործողություն, իրավասություն խախտում է անմիջականորեն վերը նշված սահմանադրական նորմը և դրա հիման վրա նախատեսված նյութական նորմը:

Ավելին, օրենսդիրը հիշյալ իրավական իմպերատիվ պահանջն ամրագրել է մեկ այլ երաշխավորող բնույթ ունեցող նորմով, մասնավորապես, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սահմանվել է, որ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և oրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: 

Ցանկացած գործողություն, այդ թվում անգործություն, որն իրականացվում է իրավունքի կանխանշած սահմաններից դուրս անթույլատրելի է, իրավաբանորեն պարտավորություն և անշահավետ իրավական հետևանք չառաջացնող` դրա հասցեատերերի համար, հակառակը` այն անշահավետ իրավական հետևանքներ է նախատեսում վարչական մարմնի համար, որի դրսևորումն ակնհայտ է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62 և 63 հոդվածների բովանդակությունից: 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մաuին» ՀՀ oրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է: 

Այս մասով, թերևս հանձնարարագրի ընդունումն ուղղված է վարչական ակտ ընդունելու գործությունը սկսելուն, որով էլ սկիզբ է դրվում վարչական վարույթի փուլային ընթացքին: Այս մասին ՀՀ վճռաբեկ դատարանն ամրագրել է, որ ստուգման հանձնարարգիրը որպես այդպիսին վարչական ակտ չէ, այլ ուղղված է վարչական ակտի կայացմանը նախորդող վարչական վարույթի հարուցմանը: 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ oրենքի 20-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: 

Ընդ որում, վարչական վարույթի հարուցման հարցում օրենսդիրը սահմանել է երկու հավաքական սուբյեկտների նախաձեռնություն: Այսպես, վարչական վարույթը հարուցվում է անձի /անձանց/ դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ: 

Նույն oրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` 

ա/ անձի դիմումը, բողոքը,

բ/ վարչական մարմնի նախաձեռնությունը: 

Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը հարուցվում է այն գործողության /գործողությունների/ սկսման oրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանը: 

Այս մասով ակնհայտ է, որ հանձնարարագրի ընդունումը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունման գործընթացի սկսմանը /հարուցմանը/, իսկ տվյալ պարագայում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ oրենքի 34-րդ հոդվածի համաձայն սահմանվել է, որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ oրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ oրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը: 

Մյուս կարևոր հարցադրումն առնչվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ oրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մաuերին, համաձայն որոնց օրենսդիրը սահմանել է ընդհանուր կանոն, այն է` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 oր է: Oրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 oրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: 

Այս դրույթի կապակցությամբ թերևս անհրաժեշտաբար հղումը ստուգման հանձնարարագրում նշված տասն աշխատանքային օրվա ժամկետին առավել քան կարևոր է, քանի որ դա այն ժամանակահատվածն է, որի ավարտից հետո դադարում է վարչական մարմնի հայեցողական լիազորության իրականացման իրավասության ռեալությունը, օրենքով թույլատրելի վարքագծի կանոնի կիրարկումը: 

Առավել քան ընդգծում ենք օրենքի այն իմպերատիվ դրույթը, ըստ որի՝ Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու oրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության oրվանից, իսկ մեր դեպքում նախաձեռնությունը սկսվել և առարկայական իր արտահայտությունն է գտել 08.12.2011թ-ից, որից ևեթ սկսել է հոսել ժամկետի` որպես մեր կամքից անկախ` իրավաբանական փաստի, հոսքը: 

Նշված նորմերի մեկ համատեքստում վերլուծությունից հետևում է, որ վարչական մարմինն oրենքով իրեն վերապահված հայեցողական լիազորությունները իր նախաձեռնությամբ իրականացնելիս վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունը պետք է իրականացնի նախաձեռնության oրվանից սկսած` 10 աշխատանքային oրվա ընթացքում, ինչը պարզ թվաբանական հաշվարկի դեպքում ավարտվում է 21.12.2011թ-ին: 

Գործի փաստերի համաձայն ստուգման հանձնարարագիրը հրապարակվել է 08.12.2011 թվականին, Ընկերությանը հանձնվել է 22.12.2012 թվականին` ստուգումն իրականացնելուց հետո` հաշվի առնելով այն բացառությունը, որ հսկիչ դրամարկղային և օրենքով սահմանված այլ ստուգումների դեպքում ստուգման ակտի կանխավ, մինչև ստուգումը սկսելը նախապես մինչև երեք օր առաջ հանձնելու կանոնը չի կիրառվում: 

Որքան պարզ է, որ օրենսդիրը, ընդհանուր կանոնից նման բացառություն սահմանելով, ընդգծել է, որ նման դեպքերում ստուգումն ավարտելուց հետո է հանձնվում ստուգման հանձնարարագիրը, որով էլ տեղեկացվում է ստուգվող տնտեսվարողը ստուգման մասին: Եթե ստուգումն իրականացնելուց հետո է հանձնվում, ապա պարզ է, որ ստուգումը սկսվել է ստուգման հանձնարարագիրը հանձնելուց շատ ավելի վաղ /ոչ այն օրը` 22.12.2011թ-ը, որով հանձնվել է ստուգման հանձնարարագիրը/ կամ ավելի ճիշտ կլիներ միանշանակ պնդելու, որ ստուգումը ստուգող տեսուչները պարտավոր էին սկսելու հենց 08.12.2011թ-ից ևեթ:

Ինչու, որովհետև, դա դիմողիս ցանկությունը չէ, կամ այլևայլ պատճառաբանությունը, այլ դա ընդամենը օրենսդրի պահանջն է` իր աչքի առաջ ունենալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասը, որը ոչ թե իրավունք է սահմանում, այլ` ուշադրություն, անվերապահ պարտականություն: Դրա մասին է ուղղակիորեն ասում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածը, որը վերնագրված է «Վարչական մարմնի արագ գործելու պարտականություն» վերտառությամբ: Նշված հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Նույն հոդվածի տրամաբանական շարունակությունը սահմանում է, որ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն: 

Ստուգումը սկսվել է ստուգման մասին հանձնարարագիրը հրապարակելու օրը, իսկ ստուգման ակտը կազմվել է 29.12.2011 թվականին: Այuինքն` տվյալ դեպքում uտուգման հանձնարարագրի հրապարակման oրը համարվում է վարչական ակտի ընդունելուն ուղղված գործունեության նախաձեռնության oր: Հաշվի առնելով, որ վարչական ակտ ընդունելուն ուղղված վարչական մարմնի գործունեությունը պետք է իրականացվի 10 աշխատանքային oրյա ժամկետում, uտացվում է, որ հանձնարարագիրը Ընկերությանը հանձնվել և ստուգման ակտը կազմվել է oրենքով նախատեսված ժամկետի ավարտից հետո: 

Եթե չեք հավատում իմ վերը նշված բացատրությունների ու պատճառաբանությունների իրավացիությանն ու անհերքելիությանը, ապա կարող եք որոշակի հասցեագրային տվյալների բովանդակային շեղումներով, սակայն խնդրո առարկայի վերաբերյալ նույնությամբ կարդալ ՀՀ Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով, մասնավորապես, հատուկ ընդգծում եմ իրավունքի միատեսակ կիրառությանն ուղղված ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2009թ-ի թիվ ՎԴ 1/0097/05/08 որոշումը: 

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթներով` 

խնդրում եմ 

անվավեր ճանաչել 29.12.2011թ-ին կայացված թիվ 2109869 ստուգման ակտը: 

Դիմող`
ԱՁ Հասմիկ Ավագյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter